HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն մերժեց Արցախում ստեղծված հումանիտար վիճակի թեմայով հայտարարության նախագիծը

Խորհրդարանը չընդունեց «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը:

Հիշեցնենք, որ այս հարցով խորհրդարանում դռնփակ քննարկում էր, որին ներկա էին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փակ նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ նախագիծը քննարկել են խմբակցությունում:

«Մեծամասնությամբ կիսում ենք այն դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ: Թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարության և Կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե՛ խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով: Բոլոր օղակներում, նաև միջազգային կառույցներում մենք օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք»,- ասաց նա:

Կոնջորյանը, սակայն, հույս հայտնեց, որ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարանական դիվանագիտության դաշտ:

«Ելնելով այն հանգամանքից, որ մենք օգտագործում ենք դիվանագիտության բոլոր խողովակներն ու գործիքակազմերը՝ այս պահին հասցեագրելու այս խնդիրները, ապա գտնում ենք, որ այս պահին բավարար են գործիքները՝ այս հարցով զբաղվելու համար»,- ասաց նա` հավելելով, որ ՔՊ-ն չի մասնակցի այդ հարցի քննարկմանը:

Քվեարկությամբ հայտարարության նախագիծը մերժվեց 30 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով:

Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ ինքը՝ որպես ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության անդամ, մասնակցել է վեհաժողովի երկու նստաշրջանին էլ և ելույթ ունեցել:

«Ես և Էլինար Վարդանյանը նաև դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ պահանջելով Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններին և վանդալիզմին տալ գնահատական և անմիջապես այնտեղ ուղարկել մոնիթորինգային աշխատախումբ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter