
Արմավիրի մարզում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում. «Երկար չենք կարող թույլ տալ և չենք կարող հանդուրժել»
Այսօր հրավիրված Արմավիրի մարզխորհրդի նիստի ժամանակ օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր համայնքների աղբահանությանը: Հատկապես համայնքների խոշորացումից հետո համայնքներում ու բնակավայրերում վատթարացել է աղբահանությունը:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ այցելելով համայնքներ՝ նկատել է, որ այն համայնքներում, որտեղ աղբահանության ծառայությունը պատվիրակված է, աղբահանությունը պատշաճ է իրականացվում: Նա պահանջեց, որ բոլոր համայնքներում ուշադրություն դարձնեն այդ հարցին և բարձ մակարդակով կարգավորեն աղբահանությանը վերաբերող հարցերը:
«Հասկանալի է՝ անցումային ժամանակահատվածում ենք գտնվում: Խոշորացված համայնքները նոր են կարգավորվում, և համակարգը նոր է ձևավորվում որպես ինստիտուտ: Հնարավոր է՝ կարճ ժամանակ պահանջվի դրա համար, բայց մենք երկար չենք կարող թույլ տալ և չենք կարող հանդուրժել»,- ասում է Արմավիրի մարզպետը:
Նշենք, որ աղբահանության և սանիտարական մաքրման կարգավորման հիմնական պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմիներն են։ Սա է թերևս պատճառը, որ այս բնագավառում համայնքի ղեկավարին վերապահված են սեփական և ոչ պատվիրակված լիազորություններ։
Արմավիրի մարզում առկա է 46 օրինական աղբավայր, սակայն մարզում աղբավայրերի իրական թիվն ավելին է: Գրեթե ամեն բնակավայրի տարածքում նոր աղբավայրեր են ձևավորվել: Համայնքների ճանապարհների երկայնքով աղբ է լցրած: Նույն վիճակն է նաև պետական նշանակության ճանապարհներին:
Օրինակ՝ Մեծամոր խոշորացված համայնքի մոտ՝ Երևան-Արմավիր պետական նշանակության ճանապարհի երկայնքով, երկու մեծ շինարարական աղբավայր է ձևավորվել: Դրանցից մեկը նույնիսկ երևում է Մեծամորի համայնքապետարանի պատուհաններից:
Շինարարական աղբավայրի վրա ավելանում է նաև կենցաղային աղբը, և շոգերն ընկնելուն պես տարածքը վերածվելու է սողունների ու կրծողների համար բարենպաստ միջավայրի:
«Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է, որ նույն պատկերն է նաև այդ ճանապարհի Էջմիածնի հատվածում: Իսկ Խոյ խոշորացված համայնքում «հույսը» դրել են շաբաթօրյակների վրա:
Այդ աղբակույտերի մոտով անցնում են և՛ մարզպետարանի պաշտոնյաները, և՛ մարզկենտրոն եկող յուրաքանչյուր անձ, սակայն ամիսներ շարունակ աղբի մաքրման որևէ աշխատանք չի իրականացվել: Հետաքրքիր է, թե քա՞նի ամիս է հարկավոր, որպեսզի գոնե բանուկ հատվածների աղբը մաքրեն համայնքապետերը:
2021թ. մարզում աղբահանությունից պլանավորված եկամուտը կազմել է 310 մլն 418 հազար դրամ, սակայն հավաքագրված եկամուտը կազմել է 271 մլն 174 հազ. դրամ: Պլանավորած ծախսերն ամբողջությամբ նույնպես չեն կատարվել: Աղբահանության նպատակով 2021թ. պլանավորվել էր ծախսել 733 մլն 825 հազ. դրամ, սակայն ծախսվել է 696 մլն 567 հազ. դրամ:
Մեկնաբանել