
Երևանը խաղաղության օրակարգի առնչությամբ Բաքվին իր առաջարկներն է ուղարկել
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով խաղաղության օրակարգի բանակցությունների առնչությամբ առաջարկներ է հղել Ադրբեջանին: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարի խոսքով` Հայաստանի առաջարկներն ամբողջությամբ բացահայտված են իր` «Արմենպրես» պետական գործակալությանը տված հարցազրույցում:
«Չկա մի բան մեր առաջարկներում, որ ըստ էության բացակայում է այդ հարցազրույցից: Մեր առաջարկների մեխերից մեկն այն է, որ մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և կարգավիճակի հարցը, և հնարավոր չէ որևէ օրակարգն անվանել ամբողջական, քանի դեռ այդ հարցն այնտեղ չի քննարկվում»,- ասաց նա:
Նախարարը հստակեցրեց, երբ հայտարարվեց, թե Հայաստանը պատասխանել է ադրբեջանական կողմի հինգ կետանոց առաջարկին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը թյուր էին:
«Գնահատականն էնպիսին է, որ Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները, ես ուզում եմ ասել, որ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ ըստ էության չկա, այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը, և ահա համապարփակ խաղաղության համար մենք լրացրել ենք մեր առաջարկներով և փոխանցել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանագահությանը: Մինսկի խմբի համանախագողներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին, Բաքվից առայժմ արձագանքեր չունենք»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել