HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քննարկվում է ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելու տարբերակը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հիշեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը, թե ռուս-ուկրաինական պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային համակարգի փլուզման: Պատգամավորը հետաքրքրվեց՝ Սևանից ջրառի հարց քննարկվելո՞ւ է և արդյոք որոշ պարենային ապրանքների արտահանման քվոտավորում չպե՞տք է նախատեսել:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ասելով, որ թվարկված բոլոր գործողությունները պետք է իրականացնել ու պատրաստվել մարտահրավերներին:

«Մենք ԵԱՏՄ խորհրդի նիստ ենք ունեցել ու բավականին երկար քննարկվել է այս հարցը, որովհետև միայն լոկալ արտադրությամբ բոլոր խնդիրները հնարավոր չի լինի լուծել, օբյեկտիվ ու ֆիզիկապես հնարավոր չէ, մենք որքան էլ, որ մտածենք, ինչքան էլ պահուստների կոնֆիգուրացիա փոխենք, այնուամենայնիվ, ապրանքների շարժ առնվազն ԵԱՏՄ տարածքում պետք է տեղի ունենա, որպեսզի լիարժեք խնդիրները լուծվեն, ու դա միայն Հայաստանին չի վերաբերվում: Կա հստակ պայմանավորվածություն, որ մինչև մարտի 25-ը հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի ու սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ բոլոր հնարավոր խթանները պետք է աշխատեցնել, որպեսզի առաջին անհրաժեշտության տեղական ապրանքների արտադրությունը խթանվի, որովհետև տարածաշրջանում ակնհայտ է, որ պակասուրդ է լինելու:

«Ոչ թե արտադրության պակասուրդի հետևանքով, այլ՝ լոգիստիկ ու տրանսպորտային խնդիրների, բայց ես կարծում եմ, որ խնդիրը կառավարելի ու լուծելի է, ու այս պահի դրությամբ կարող եմ վստահ ասել, որ ԵԱՏՄ երկրները շատ կոնսոլիդացված են այդ հարցը քննարկում»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց` կա՞ արդյոք հնարավորություն քննարկելու ռուսական գազի վճարումը ռուբլիով վճարելու տարբերակը, ինչին փոխվարչապետը դրական պատասխան տվեց:

«Այո՛, քննարկվում է, որովհետև նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները, ու բնականաբար երկրները առաջարկություններ են ներկայացնում, որ լուծվեն ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը: Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պայմաններ, բայց այսօր այդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում ու ինչ-որ պահի կդառնա օրակարգային»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter