HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՊՆ-ն ոչ հաստատում, ոչ էլ հերքում է Դավիթ Գալստյանից ուղղաթիռների գնման լուրը

Դեռ երկու ամիս առաջ՝ հունվարի վերջին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։

Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար, թե որ ընկերությունից են ձեռք բերվել ուղղաթիռները։ Մինչդեռ «Հետք»-ը տեղեկատվություն ուներ, որ այդ ուղղաթիռները ձեռք են բերվել Դավիթ Գալստյանից (առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ), որը Պաշտպանության նախարարությանը, ենթադրյալ, անորակ զենքերի մատակարարման համար անցնում է մի քանի քրեական գործով։

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով հերքել կամ հաստատել մեր այն տեղեկությունները, որ ուղղաթիռները ձեռք են բերվել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունից, որովհետև մեր աղբյուրները նշել էին հենց այդ ընկերության մասին։ 

Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան, որը ստորագրված էր ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի անունով, մերժել է որևէ տեղեկատվություն տալ ձեռք բերված նոր ուղղաթիռների մատակարար ընկերության վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ ընկերության հետ կնքված պայմանագրի դրույթների համաձայն՝ պայմանագրում առկա տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել երրորդ անձի։

Մինչդեռ, Պաշտպանության նախարարությունից մենք ոչ թե տվյալներ էինք ուզել պայմանագրի բովանդակության ու դրա մանրամասների վերաբերյալ, այլ խնդրել էինք հերքել կամ հաստատել, որ այն ձեռք է բերվել վերոնշյալ անձին պատկանող ընկերությունից։

Միևնույն հարցման մեջ մենք պաշտպանության նախարարությանը հարցրել էինք, թե ինչու ՊՆ-ն ուղիղ գնում չի կատարում արտադրող ռուսական ընկերությունից, այլ փոխարենն օգտվում է միջնորդ կազմակերպություններից։ Հարցն ուղղել էինք, որովհետև տվյալներ ունենք, որ ՊՆ-ն դրանք ձեռք է բերել շուկայականից ավելի բարձր գնով։ Այս հարցին ևս պաշտպանական գերատեսչությունը որևէ պատասխան չի տվել։

ՊՆ-ի պատասխանին մեր գրավոր արձագանքից հետո, որտեղ մատնանշել էինք հանրային շահի տեսանկյունից հայցվող տեղեկատվության տրամադրման նպատակահարմարությունը, ՊՆ-ն դարձյալ բացասական է պատասխանել՝ մերժելով տրամադրել որևէ տեղեկատվություն։ 

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter