HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 29 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 25-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:00

«Эхо Москвы»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պատմել է, որ իր բնակարանի դռան մոտ խոզի գլուխ են թողել, իսկ դռան վրա կպցրել Ուկրաինայի զինանշանը։ Եռաժանու վրա գրված է եղել «Judensau» (հրեաների վիրավորական անվանումը), որը բառացի նշանակում «հրեա խոզ»։

20:56

Խարկովը հրթիռակոծությունից հետո, մարտի 24

20:50

Չեռնիգովում զոհվել է գրեթե 200 խաղաղ բնակիչ։ Ռուսական բանակը ռմբակոծում է ոչ թե ռազմական, այլ բնակելի օբյեկտները։

Այդ մասին Liga.net-ին տված հարցազրույցում հայտարարել է մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։

20:42

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Մարիուպոլի վարչակազմի շենքը գրավվել է և դրա վրա բարձրացվել ռուսական դրոշը

«Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Անդրեյ Տուրչակն էլ իր հերթին նշել է, որ «հատուկ գործողության» ավարտից հետո Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ վերականգնել քաղաքը։

20:33

Լուգանսկի, Դոնեցկի, Չեռնիգովի և Սումիի մարզերի բռնազավթված հատվածների գրադարաններում ռուսական ռազմական ոստիկանությունը որոնում և ոչնչացնում է ուկրաինական պատմական և գեղարվեստական այն գրականությունը, որը «չի համընկնում կրեմլյան քարոզչության պոստուլատների հետ»։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը։

Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մայդանների պատմության, Դոնբասի հակամարտության և ուկրաինական ազատագրական շարժմանը վերաբերող գրքերը։ Գրքերում հիշատակման համար արգելված անունների ցանկում են Մազեպան, Պետլյուրան, Բանդերան, Շուխևիչը, Չերնովոլը։ Բացի այդ, «ծայրահեղական գրականության» դասին են պատկանում նաև Ուկրաինայի պատմության դպրոցական դասագրքերը։

20:19

Վլադիմիր Զելենսկու ուղերձը Մեծ յոթնյակի առաջնորդներին

«Ավելի լավ է հիմա Ուկրաինային օգնել զենքով, որի կարիքը մենք իրոք ունենք, այլ ոչ թե հետո զենք փնտրել մյուս երկրների՝ Վրաստանի, Մոլդովայի, Բալթյան երկրների, Լեհաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Ինչքան շուտ այնպես լինի, ինչպես մենք խնդրում ենք, այնքան ավելի շուտ Եվրոպայի արևելքում խաղաղություն կլինի։ Դա մեր շահերից է բխում։ Դա ձեր շահերից է բխում։ Դա ողջ ժողովրդավարության շահերից է բխում։ Ազատությունը պետք է զինված լինի։ Կյանքը պետք է հաղթի մահվան»։

19:57

Լրատվամիջոցները կասկածներ ունեն, որ ՌԴ անվտանգության խորհրդի ժամանակ Շոյգուի հայտնվելը կարող է մոնտաժված լինել։ 

19:34

ՆԱՏՕ-ն արտակարգ գագաթնաժողովի ժամանակ պահանջել է, որ Ռուսաստանն անմիջապես հրադադար հայտարարի Ուկրաինայի հետ

Բացի այդ, Դաշինքը հավելյալ 40 հազար զինծառայող կուղարկի իր արևելյան սահմաններ, մասնավորապես Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա և Սլովակիա։

19:02

Медуза-ն մի տեղ է հավաքել մեկ ամիս առաջ սկսված ռուս-ուկրաինական պատերազմի լավագույն կադրերը։

18:44

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով։

18:32

ԱՄՆ-ն կընդունի Ուկրաինայից մինչև 100 000 փախստականների և այլ անձանց, որոնք «փորձում են փրկվել Ռուսաստանի ագրեսիայից»։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը։

18:24

ԱՄՆ պետքարտուղարությունը հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել «Совкомбанк»-ի կառավարման 17 անդամների նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

18:18

Ուկրաինայի գերագույն ռադան կողմ է քվեարկել ուկրաինական տեխնիկայի տեղաշարժի ֆոտո և տեսանկարահանումների համար քրեական պատասխանատվության ենթարկվելու օրենքին։

18:11

Philip Morris-ը դիտարկում է Ռուսաստանից հեռանալու տարբերակները

Ընկերությունը, որի ապրանքանիշներից են Marlboro-ն, Parliament-ը, Bond-ը, Chesterfield-ը, L&M-ը, հայտարարել է Ռուսաստանում իր բիզնեսի վերակազմակերպման տարբերակների մասին, գրում է Reuters-ը։

Արտադրողն իր որոշումը կապել է լոգիստիկ դժվարությունների և շրջապատող աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների հետ, ինչը կապված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ։

17:56

ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները Ռուսաստանին զգուշացրել են քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին

«Ռուսաստանի կողմից քիմիական կամ կենսաբանական զենքի ցանկացած կիրառում անթույլատրելի կլինի և կհանգեցնի ծանր հետևանքների»,- նշվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Դաշինքն Ուկրաինային կհատկացնի կենսաբանական, քիմիական, միջուկային սպառնալիքներից պաշտպանության համար նախատեսված սարքավորումներ։

  • Իր հայտարարության մեջ ՆԱՏՕ-ն կոչ է արել բոլոր երկրներին, այդ թվում Չինաստանին, «ձեռնպահ մնալ Ռուսաստանին ռազմական աջակցության ցանկացած փորձից և ցանկացած գործողությունից, որոնք կօգնեն Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները»։
  • ՆԱՏՕ-ն կստեղծի չորս նոր մարտավարական խմբավորումներ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում։
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները պայմանավորվել են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը երկարաձգել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի լիազորությունների ժամկետը։ Վերջինս հրաժարական է տվել Նորվեգիայի ԿԲ ղեկավարի պաշտոնից՝ այդպես էլ չստանձնելով այն։

17:37

Ռուսաստանը սկսել է 10 հազարական ռուբլի միանվագ վճարել Ուկրաինայի տարածքում գտնվող թոշակառուներին և բյուջետային ոլորտի աշխատակիցներին, որոնք գտնվում են ռուսական վերահսկողությանը տակ գտնվող տարածքներում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ-ին։

17:28

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել՝

  • Պետդումայի 328 պատգամավորի նկատմամբ, որոնք աջակցել են «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի նկատմամբ։
  • ռուսական տասնյակ պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ,
  • «Сбербанк»-ի նախագահ Գերման Գրեֆի նկատմամբ,
  • Պետդումայի՝ որպես իրավաբանական անձի։

Բացի այդ, գործող պատժամիջոցները հիմա տարածվում են նաև ոսկով ցանկացած գործառնության վրա, եթե դրանք կապված են ՌԴ ԿԲ-ի հետ։

17:17

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ամբողջ Պետդումայի դեմ՝ որպես իրավաբանական անձի։

17:06

Մարիուպոլի քաղաքային խորհուրդը պնդում է, որ ռուսական ուժերը քաղաքում Օդեսայի գրավման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում։

17:01

The Insider-ի լրագրող Օքսանա Բաուլինային, որը մարտի 23-ին զոհվել էր Կիևում, ուղեկցում էին Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու աշխատակից և երկու ոստիկան։ Այդ մասին հայտարարել է պարբերականի նորությունների ծառայության գլխավոր խմբագիր Թիմուր Օլևսկին։

16:48

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտարարել է, որ ռուսական բանակը հաջողություն չունի Իզյումի ուղղությամբ

Գերատեսչության տվյալներով՝ ռուսաստանցիները «կորուստներ են կրել և նահանջել քաղաքի հարավային հատված»։

ՌԴ ՊՆ-ն առավոտյան հայտարարել էր, որ Իզյումն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։

16:35

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է սխեմա, որը ցույց է տալիս, թե ինչպես է ԱՄՆ-ն իբր իրականացնում Ուկրաինայում բիոլաբորատորիաների վերահսկողությունը։

Սխեմայում առկա են Ջորջ Սորոսը, Հանթեր Բայդենը, ինչպես նաև լաբորատորիա, որը մշակել է «Մանհեթենի նախագիծը»։

Այդ գործունեությունը համակարգում են Պենտագոնը և Պետքարտուղարությունը։

16:23

Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին.

«Ուկրաինան ինքնաթիռների համար դիմել է ձեզ, որպեսզի մենք այսքան մարդ չկորցնենք: Դուք ունեք  հազարավոր մարտական ​​ինքնաթիռներ: Բայց մեզ ոչ մի ինքնաթիռ չտրվեց։ Մենք դիմել ենք տանկերի համար։ Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի 1 %-ը տալ կամ վաճառել: Բայց մենք չենք ստացել հստակ պատասխան»

16:19

UNICEF. Ուկրաինայի երեխաների կեսից ավելին փախստական է դարձել

Կազմակերպության տվյալներով՝ իրենց տները ստիպված են եղել լքել 7,5 միլիոն ուկրաինացի երեխաներից 4,3 միլիոնը։ Նրանցից 1,8 միլիոնը լքել է երկիրը, ևս 2,5 միլիոնը տեղափոխվել երկրի ներսում։

16:02

Խարկով. Բորիս Ռոմանչենկոյի թաղումը

Բուխենվալդի և գերմանական համակենտրոնացման այլ ճամբարների նախկին բանտարկյալ Բորիս Ռոմանչենկոն զոհվել էր մարտի 18-ին Խարկովի իր բնակարանում այն բանից հետո, երբ շենքը հրթիռակոծվել էր ռուսական ուժերի կողմից։

Ռոմանչենկոն ապրել է Հյուսիսային Սալտովկայում. շրջան, որը պատերազմի առաջին իսկ օրերից հրթիռակոծվում է ռուսական ուժերի կողմից։

15:54

Շոյգուն մասնակցում է Պուտինի խորհրդակցությանը։

15:36

Սերգեյ Շոյգուն, որը հանրության առաջ չի հայտնվել 13 օր, գտնվել է։

Համենայն դեպս, այդպես է պնդում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Շոյգուն ներկա է եղել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ Վլադիմիր Պուտինի օպերատիվ խորհրդակցությանը։

Ինչպես հայտարարել է Պեսկովը, «պաշտպանության նախարար Շոյգուն զեկուցել է հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ինչպես նաև զինվորականների կողմից մարդասիրական օգնության տրամադրման ձեռնարկումների, ազատագրված տարածքներում կենսական կարևոր ենթակառուցվածքների վերականգնման և անվտանգության ապահովման մասին»։

Խորհրդակցության տեսագրությունը չի հրապարակվել։

15:24

Ուկրաինայի զանգվածային տեղեկատվություն ինստիտուտ. ռուսական զորքերը 148 հանցագործություն են իրականացրել լրագրողների և մեդիայի դեմ

5 լրագրող սպանվել է, 7-ը՝ վիրավորվել, ևս 6-ը առևանգվել են։ Այդ մարդկանցից ոմանց տանջել են։ Առնվազն 70 տեղական լրատվամիջոց ստիպված դադարեցրել է աշխատանքը՝ ռուսաստանցիների սպառնալիքների պատճառով։

Ռմբակոծվել է 10 հեռուստաաշտարակ, որոնք հանդիսանում են քաղաքացիական օբյեկտներ։ Ուկրաինայի 8 շրջաններում դադարեցվել է հեռուստա- և ռադիոհեռարձակումը։ Այն վերականգնել ոչ բոլոր վայրերում է հաջողվել։

14:54

Խորհրդային միության տարածքում բացված առաջին McDonald's-ից որևէ հետք չի մնացել։

14:25

Լատվիան սև ցուցակում ներառել է 25 ռուսաստանցիների

Նրանց թվում են Վլադիմիր Մաշկովը, Թինա Կանդելակին, Պոլինա Գագարինան, Նիկոլայ Ռաստորգուևը, Նիկիտա Միխալկովը, Վալերի Գերգիևը, Ստաս Միխայլովը, Դենիս Մացուևը։

Նշված անձանց մուտքը Լատվիա արգելվել է։

13:58

Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնեցրել են Դոնեցկի, Զապորոժյեի և Կիևի մարզերից խաղաղ բնակչության տարհանման մարդասիրական 7 միջանցք։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ Դրանք կգործեն մարտի 24-ին։

Նրա խոսքով՝ Մարիուպոլից տարհանման համար համաձայնեցվել է մարդասիրական մեկ միջանցք՝ Բերդյանսկից Զապորոժյե, ինչը նշանակում է, որ շրջափակված քաղաքի կենտրոնից կազմակերպված հեռացում չի ստացվի։ 

Մարիուպոլի շրջափակումը շարունակվում է։ Քաղաքում դեռևս մնում է մոտ 100 000 մարդ։

13:54

Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկի. «Խաղաքարտին այսօր Ռուսաստանի՝ որպես ռուսական քաղաքակրթության գոյությունն է։ Ես քիչ համեմատականներ եմ տեսնում այս իրադրության վերաբերյալ պատմության ընթացքում։ Աղոտ ժամանակներ, 1917 թվականի նախաշեմ, 1989 թվական՝ ԽՍՀՄ փլուզում։ Ահա, թե ինչի է մեզ դրդում հավաքական Արևմուտքը։ <...> Մեզ դրդում են քաղաքական համակարգի և երկրի կործանման»։

Հիշեցնենք, որ Մեդինսկին ռուս-ուկրաինական բանակցություններում գլխավորում է ռուսական պատվիրակությունը։

13:48

Գրում են, որ տեսանյութում ռուսական «Орск» դեսանտային նավի խոցումն է։

13:44

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը քրեական գործ է հարուցել ռուսաստանցի լրագրող Օքսանա Բաուլինայի մահված կապակցությամբ, որն զոհվել էր հրթիռակոծության պատճառով։

13:37

Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցների ցանկերը. այնտեղ հայտնվել է ևս 59 ֆիզանձ և կազմակերպություն

Նոր պատժամիջոցների ցանկում հայտնված մարդկանց թվում են Сбербанк-ի ղեկավար Գերման Գրեֆն ու գործարար Օլեգ Տինկովը։

Կազմակերպությունների թվում են «Совкомфлот»-ը, «Русгидро»-ն, Ռուսաստանի երկաթուղին, Газпромбанк-ը, Альфа-банк-ը, Россельхозбанк-ը։

13:33

Օդեսա. տարածքային պաշտպանության ջոկատների շարքերը համալրելու դասընթաց

13:30

Լեհաստանն արգելափակել է ռուսական դեսպանության բանկային հաշիվները՝ «ահաբեկչության ֆինանսավորման» պատճառով։ Այդ մասին հայտնում է Լեհաստանում Ռուսաստանի դեսպանը։

Նախօրեին էլ Լեհաստանի սեյմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնապես ճանաչել էր «ռազմական հանցագործ»։

12:33

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին Washington Post-ին հայտնել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Մոսկվան հրաժարվում է կազմակերպել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցները Պենտագոնի ղեկավարության հետ։

Ինչպես գրում է թերթը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև շփումները խիստ հազվադեպ են դարձել։ Փորձագետները մտավախություն ունեն, որ դա կարող է ցանկացած պատահարի պատճառով է'լ ավելի սրել իրավիճակը։

12:32

Apple-ն արգելել է Apple Pay-ում կիրառել ռուսական «Мир» քարտերը։

12:27

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ ռուսաստանցի զինծառայողները գիշերը Ռուբեժնոյե քաղաքը ռմբակոծել են ֆոսֆորային զինամթերքով։

Գայդայը հայտարարել է, որ հրթիռակոծվել են Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը, Կրեմեննայան, Նովոդրուժեսկը և Վոյեվոդովկան։

Նախնական տվյալներով՝ զոհվել է չորս մարդ, որից երկուսը երեխաներ են։

12:23

ՌԴ ՊՆ նոր ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը։
  • Ռուսական ավիացիան գիշերվա ընթացքում խոցել է Ուկրաինայի 60 ռազմական օբյեկտ, ներառյալ՝ հրամանատարական երկու կետ։
  • Գիշերվա ընթացքում ռուսական զորքերը խոցել են ևս երկու անօդաչու։
  • ՌԴ ԶՈւ-ն «հատուկ գործողության» ժամանակ ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ 257 անօդաչու, 202 զենիթահրթիռային համալիր, 1 572 տանկ և այլ զրահամեքենա։
  • ՌԴ ԶՈւ փորձագետները հայտնաբերել են նոր փաստեր, որ ԱՄՆ-ն մասնակցություն է ունեցել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակմանը։
  • Ռուսաստանցի զինծառայողները գերճշգրիտ զենքով Ուկրաինայում ոչնչացրել են զենիթահրթիռային համալիրների արձակման ևս 13 կայանքներ։

12:19

Եվս մեկ տեսանյութ մարտական գործողությունների ժամանակ ամբողջությամբ ավերված Մարիուպոլից։

12:14

Սպիտակ տունը հավաքել է պաշտոնյաների հատուկ խումբ, որոնք մշակում են Վաշինգտոնի պատասխան գործողությունների հնարավոր սցենարները, եթե Մոսկվան Ուկրաինայում միջուկային կամ քիմիական զենք կիրառի։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

Դրա հավանականությունը ներկայումս ցածր է գնահատվում։

Բացի այդ, փորձագետների խումբը մշակում է սցենարներ այն դեպքերի համար, երբ Ռուսաստանը ռազմական գործողությունները կարող է ծավալել դեպի հարևան երկրներ, ինչպես, օրինակ, Մոլդովա կամ Վրաստան։

12:08

Նոր լուսանկար և տեսանյութ Բերդյանսկի նավահանգստից, որը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Դեռևս անհայտ է, թե ինչ է այնտեղ կատարվում է։ УНИАН գործակալությունը պնդում է, որ նավահանգստում ռուսական նավ է խորտակվել։

12:01

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ առավոտյան տեղեկագիրը.

  • Ուկրաինական զորքերը շարունակում են պաշտպանվել արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում։ Դրանցից որևէ մեկում ռուսական բանակը հաջողություն չի ունեցել։
  • Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է ռուսական ավիացիայի ավելի քան 250 թռիչք (60-ով ավելի, քան մեկ օր առաջ)։ Հիմնական թիրախները եղել են Կիևի, Չեռնիգովի և Խարկովի մարզերի ռազմական և քաղաքացիական օբյեկտները։
  • Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը խոցել են ՌԴ ԶՈւ 11 թիրախ. 7 ինքնաթիռ, 1 անօդաչու, 1 ուղղաթիռ և 2 թևավոր հրթիռ։ Վերջնական տեղեկատվությունը ճշտվում է։
  • Խերսոնի մարզի ռուսական ժամանակավոր վերահսկողության տակ անցած տարածքներում ռուսական ուժերը Ռոսգվարդիայի ստորաբաժանումների օգնությամբ ճնշում են բնակիչների բողոքի ցույցերը։
  • Ռուսական բանակը բոլոր ուղղություններով շարունակում է կորցնել կենդանի ուժ և տեխնիկա։

11:57

Տեսանյութում, ենթադրաբար, Բերդյանսկի նավահանգստի շրջանում տեղի ունեցած պայթյունն է, որը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։

11:51

Մինչև ապրիլի 1, Ռոսավիացիայի կողմից սահմանված սահմանափակումները տարածվում են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների վրա։

Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի և Ստավրոպոլի օդանավակայաններն աշխատում են։

11:48

Ավերված դպրոց Ժիտոմիրում

11:45

Ի՞նչ է կատարվել մարտի 24-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ Բերդյանսկի նավահանգստում ոչնչացվել է ռուսական «Орск» դեսանտային նավը։ ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը։
  • Ռոսավիացիան դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումները երկարացրել է մինչև ապրիլի 1-ը։
  • Ռոսկոմնադզորը կրկին արգելափակել է «Медуза»-ն, «Бумага»-ն և TJournal-ը։
  • Fitch-ը չեղարկում է ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների վարկանիշները։
  • Renault ավտոարտադրողը հայտարարել է Ռուսաստանում իր գործունեության դադարեցման մասին և փակում է Մոսկվայի գործարանը։
  • Western Union-ը դադարեցնում է Ռուսաստանից արտասահման փոխանցումները։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter