HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Իշխան Սաղաթելյան. «Իշխանությունը խաղաղության դարաշրջան բացելու լոզունգի տակ բացելու է նոր քաոսի ու դժոխքի, կորուստների դարաշրջան»

Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվանալ Արցախից, հրաժարվում է Արցախի ինքնիշխանության, անվտանգության երաշխավորի իր պարտականությունից:

Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցում նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Այս իմաստով, մտահոգությունը շատ խիստ է, իրավիճակը շատ պարզ է, մենք ասում ենք՝ ապագա չկա զիջելով, իրենք ասում են՝ ապագա կա զիջելով, այսինքն՝ մեր բախման գլխավոր պատճառը և հարցի էությունը Հայաստանի վաղվա օրվա մասին մեր պատկերացումների հակադրությունն է, իրենք վաղվա օրը տեսնում են զիջելով, և իրենց պարտվողական քաղաքականության հետևանքով մեր երկիրը հասել է այս օրին»,- ասաց Սաղաթելյանը:

Լրագրողները հարցրին՝ արդյոք ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը քննարկվել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր փաստաթղթի ստորագրման հարցը։ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակն ասաց. «Փակ հանդիպումները նրա համար են, որ բաց հարթակներում չխոսենք, բայց էսպես ասեմ՝ կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված քննարկում չի եղել, էդ մասին չի խոսվել: Մենք ունենք այդ մտահոգությունը, որ նաև Թուրքիայի հետ քննարկվում է փաստաթուղթ, որովհետև ամեն անգամ հավաքվում ինչի՞ց են խոսում: Եթե խոսքը Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, դա ընդամենը մեկ նոտայով, մեկ քայլով կարելի է անել, բայց եթե շարունակ բանակցություններ են ընթանում, ենթադրվում է, որ կա փաստաթուղթ, որը երկու կողմերի միջև համաձայնեցվում է»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ իշխանությունը հերթական անգամ ժողովրդի թիկունքում նոր դավադրություն է պատրաստում:

«Էն հայտարարությունները, որ հնչել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, էս համատեքստում ցանկացած փաստաթուղթ լինելու է ոչ թե հաշտության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ, և դժբախտությունն այն է, որ օրվա իշխանությունը խաղաղության դարաշրջան բացելու լոզունգի տակ մեր ժողովրդի և երկրի համար բացելու է նոր քաոսի ու դժոխքի, կորուստների դարաշրջան»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Դաշնակցական գործիչը հայտարարեց՝ դեմ չեն խաղաղությանը, բոլորի նպատակն է՝ հասնել խաղաղության: «Բայց եթե էդ խաղաղությունը լինելու է հայրենազրկման գնով, դա այլևս խաղաղություն չէ, դա նոր ու վերջնական կապիտուլյացիա կլինի մեզ համար, հետևաբար այդ մտահոգությունը կա»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter