HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Մոնտենեգրո

Այսօր՝ 20։00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Մոնտենեգրո ֆուտբոլային ընկերական մրցավեճը։ Այս եւ ամսի 29-ին Նորվեգիայի հետ նախատեսված հանդիպումները նախապատրաստական փուլ են մեր ընտրանու համար Ազգերի լիգայի գալիք խաղարկությունից առաջ։ 

Երեկ կայացած նախախաղային ասուլիսում գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշել է, որ Մոնտենեգրոյին եւ Նորվեգիային ընտրել են՝ հաշվի առնելով, թե ում հետ է մրցելու մեր ընտրանին Ազգերի լիգայում՝ Ուկրաինա, Շոտլանդիա, Իռլանդիա։ «Երբ մենք ընտրում էինք մրցակիցներին, հաշվի առանք այն, որ այս հավաքականները իրենց խաղաոճով շատ նման են մեր մրցակիցներին, որոնց կհանդիպենք հունիսին: Մենք պետք է կարողանանք մրցակցել այդպիսի թիմերի դեմ, որոնք առաջին հերթին աչքի են ընկնում շատ ուժեղ ֆիզիկական պատրաստվածությամբ: Այդ թիմերի գրեթե բոլոր ֆուտբոլիստները  հանդես են գալիս Եվրոպայի ուժեղագույն առաջնություններում, եւ այս 2 ընկերական հանդիպումներում մենք ուզում ենք ստուգել եւ հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Նաեւ ցանկություն ունենք տեսնելու նոր տղաներին, որովհետեւ այլ հնարավորություններ շատ չունենք»,- ասել է իսպանացի մասնագետը:

Մեր թիմի հայտացուցակն արդեն հայտնի է։

Ինչպես հայտնի է, նախապես հրավիրվածներից Covid-19-ի պատճառով հավաքականին չի միացել Հովհաննես Համբարձումյանը, Սարգիս Ադամյանն ու Լուկաս Սելարայանն էլ, ըստ տեղեկությունների, վնասվածք են ստացել իրենց ակումբներում։ Կապառոսի փոխանցմամբ՝ վնասվածքների մասին ինֆորմացիան կեղծ չէ։  

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Մոնտենեգրոն մինչ այս մրցել են երկու անգամ պաշտոնական խաղերում։ Դրանք տեղի են ունեցել աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

2016-ի նոյեմբերի 11-ին Երեւանում մերոնք առաջին խաղակեսից հետո զիջում էին 0-2 հաշվով․ 36-րդ եւ 38-րդ րոպեներին հյուրերի կազմում աչքի էին ընկել Դամիր Կոյաշեւիչն ու Ստեւան Յովետիչը։ Սակայն երկրորդ կեսում Արթուր Պետրոսյանի սաները կամային որակներ ցուցադրեցին։ 50-րդ րոպեին հաշիվը կրճատեց Արտակ Գրիգորյանը, 74-րդ րոպեին աչքի ընկավ Վարազդատ Հարոյանը, իսկ խաղին ավելացված 3-րդ րոպեին հեռահար հարվածով թիմին հաղթանակ բերեց Գեւորգ Ղազարյանը՝ 3-2։

Պատասխան հանդիպումը կայացավ 2017-ի հունիսի 10-ին Պոդգորիցայում: Տանտերերին արդեն 2-րդ րոպեին առաջ մղեց Ֆատոշ Բեչիրայը, 28-րդ, 54-րդ եւ 82-րդ րոպեներին էլ հեթ-տրիկ ձեւակերպեց Մոնտենեգրոյի ավագ եւ առաջատար Յովետիչը։ 89-րդ րոպեին մերոնցից Ռուսլան Կորյանը կարողացավ թրջել խաղի հաշիվը, ավելին անել չհաջողվեց. 4-1՝ հօգուտ տանտերերի։ 

Այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 92-րդն է, Մոնտենեգրոն՝ 72-րդը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter