HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավճիռ կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավճիռ կայացնելու: Ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանությունից 7 տարուց ավելի է անցել: Դատարանը շուրջ վեց ու կես տարի է՝ քննում էր սպանության գործը, որով ամբաստանյալի աթոռին  ռազմական ինստիտուտի 4 կուրսանտ է:

Սպանության գործի քննության ընթացքում վկաներից մեկը պատմել էր, որ Հայկազ Բարսեղյանը առավոտյան շուտ արթնանալու բնավորություն ուներ, 2015  թվականի հունվարի 29-ին, սակայն, Հայկազը կուրսանտներին չէր արթնացրել: Հայկազի մարմինը հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել էր ռազմական ինստիտուտի բակում գտնվող պտտաձողից  կախված վիճակում: Սպանության գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել 4 անձ՝ բոլորը ինստիտուտի կուրսանտներ:

Այսօր ամբաստանյալները վերջին խոսք ասացին: Նրանցից Վաչե Սահակյանը ասաց, որ եթե թեկուզ աննշան մասնակցություն ունենար Հայկազի մահվան մեջ, ապա կընդուներ մեղքն ու առաջինը նրա ծնողներից ներողություն կխնդրեր, հետո՝ իր մորից, որը հիմա ստիպված կրում է այն տանջանքները, որի միջով անցնում են իրենք՝ բոլորը:

«Բայց հիմա ես ուզում եմ ներողություն խնդրել Հայկազի ծնողներից, որ այնքան թույլ հրամանատար էի, որ չկարողացա  կանխատեսել ու կանխարգելել այդ դեպքերը, որոնք հանգեցրին Հայկազի մահվանը: Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ փաստաբան Արմեն Նադիրյանին, որ հավատաց ինձ ու մինչև վերջ կանգնեց իմ կողքին: Ես հաստատ գիտեի, որ եթե թեկուզ 1% մեղավորություն ունենայի, նա չէր պաշտպանի ինձ: Ես 7 տարի պատժվում եմ չարածիս համար: Խնդրում եմ Ձեզ իմ և ընկերնեիս անունից՝ լինել անաչառ, այս համատարած անարդարության մեջ վերականգնել մեր անմեղությունը»,- դատավոր Դավիթ Հարությունյանին դիմելով՝ ասաց Վաչե Մարգարյանը:

Ամբաստանյալ Նորիկ Սահակյանը հիշեցրեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքից հետո երկարուձիգ տարիներ քննվել է քրեական գործը, ինքը այս ընթացքում երբևէ չի  խոչընդոտել գործի քննությանը՝ հույսով սպասելով այս օրվան, որ վերջիվերջո արդարություն կլինի և կլսի արդարացի դատավճիռ:

«Այսքան խառնիխուռն վկաների ցուցմունքների և իմ մեղավորությունը չապացուցող փորձաքննությունների մեջ միայն ես և իմ Աստված գիտենք իմ մեղավորության և անմեղության բաժինը, քանզի իմ խիղճը մաքուր է, և ես մարդ չեմ սպանել և ոչ մի կապ չեմ ունեցել անդառնալի մարդկային կորստի հետ: 7 տարի շարունակ ես գտնվել եմ կալանքի տակ՝ հանրության առաջ մարդասպանի պիտակով: Ճիշտ է, ետ չեմ կարող բերել կյանքիս ամենաթանկ տարիները, որոնք պետք է օգտագործեի իմ կյանքը կառուցելու համար, բայց հույսով սպասել եմ այս օրվան, որ կլսեմ արդարացի դատավճիռ: Պարո՛ն դատավոր, խնդրում եմ Ձեզ, եթե արդարացի և անաչառ եք, 7 տարին արդեն իսկ շատ-շատ է՝ չարածս հանցանքի համար ճաղերի ետևում գտնվելու համար: Հույսով սպասում եմ արդարացի դատավճռի»,- ասաց Նորիս Սահակյանը:

Ամբաստանյալ Գնել Թևոսյանը, դիմելով դատարանին, ասաց, որ 7 տարի դատախազությունը փորձել է ամեն ինչ անել, իրենց դատապարտել չարած բանի համար:

«Որպես հիմնական ապացույց բերվում է մի վկայի ցուցմունք, ով 12 անգամ իր խոսքը փոխել է: Ոչ մի ապացույց չկա, որ ես հանցանք եմ գործել: Լրիվ զրպարտություն են դատախազության կողմից բերված հակասական ցուցմունքները»,- ասաց Գնել Թևոսյանը: Ամբաստանյալ Մովսես Ազարյանը վերջին խոսք չասաց:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի ապրիլի 1-ին կամ 4-ին՝ կախված նրանցից, թե երբ դատարանը ավարտած կլինի դատական ակտի կազմումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter