HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրական ընկերությունների շահույթը շեշտակի կրճատվել է

Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը միասին 2021 թվականին կազմել է շուրջ 836 մլն դրամ: 2020 թվականի համեմատ ապահովագրական շուկայի շահույթը կրճատվել է 79%-ով: 

Այս մասին է վկայում ապահովագրական ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը:

Ապահովագրական ընկերությունները եռամսյակը մեկ անգամ հրապարակում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները: Ամենաթարմը 2021 թվականի չորրորդ  եռամսյակի տվյալներն են, որոնցում նախնական ամփոփված են նաև  տարեկան արդյունքները: 

  «Հետք»-ն ուսումնասիրել է հաշվետվությունները, որից պարզ է դարձել, որ 2021 թվականի ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից հաճախորդներին տրվող հատուցումներն ավելի արագ ու մեծ չափով են աճել՝ 30%-ով, քան հաճախորդներից հավաքագրված ապահովագրավճարները՝ 10%-ով: Արդյունքում ոչ միայն կրճատվել է շուկայի ընդհանուր շահույթը, այլև՝ ընկերությունների մի մասը տարին վնասով է փակել։

Վեց ընկերություններից երեքը տարին վնասով է փակել 

Գործող վեց ապահովագրական ընկերություններից երեքը 2021 թվականն ամփոփել է վնասով: 

Նշված տարում «Նաիրի ինշուրանս»-ի զուտ շահույթը կազմել է 692.5 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 48%-ով:

Շահույթի ծավալով հաջորդում է «Ինգո Արմենիա»-ն՝ 616.5 մլն դրամով, որը մեկ տարում կրճատվել է 46%-ով:

Երրորդ ընկերությունը, որը տարին շահույթով է փակել «Արմենիա ինշուրանս»-ն է՝ 322.8 մլն դրամով, որը կրճատվել է 71%-ով:

2021 թվականին վնասով են աշխատել «Սիլ Ինշուրանս», «Ռեսո» և «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունները:

 Համախառն ապահովագրավճարները աճել են 10%-ով

2021 թվականին ապահովագրական ընկերությունների հավաքագրած ապահովագրավճարները աճել են ավելի դանդաղ, քան՝ հատուցումները։ 

Այսպես, գործող վեց ընկերությունների համախառն ապահովագրավճարները (հաճախորդներից հավաքագրված վճարները) միասին կազմել են 47.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 10%-ով: 

Ապահովագրավճարների գծով առաջատարը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն է, որի համախառն ապահովագրավճարները 2021 թվականին կազմել են 13.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 3%-ով:

Հաջորդում  է «Ինգո Արմենիա»-ն՝ մոտ 12 մլրդ դրամով: Ընկերությունը ապահովագրավճարների գծով 14% աճ է գրանցել:

Երրորդ տեղում «Նաիրի ինշուրանս»-ն է՝ 9.4 մլրդ դրամով, աճը՝ 19%:

Առաջին եռյակին հաջորդում են «Սիլ Ինշուրանս»-ը, «Ռեսո»-ն ու «Արմենիա Ինշուրանս»-ը, որոնց համախառն ապահովագրավճարները ևս ավելացել են: 

Հատուցումները աճել են 30%-ով

2021 թվականին ապահովագրական ընկերությունները շուրջ 30 մլրդ դրամի հատուցումներ են կատարել, որը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 30%-ով։

Հատուցումների գծով առաջատարներն են «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն, «Ինգո Արմենիա»-ն ու «Նաիրի ինշուրանս»-ը։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter