HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 30 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 26-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:59

«Միասնական Ռուսաստան» կուսակցությունն իր գրասենյակն է բացել Մարիուպոլում։

21:53

Կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, կիսվել ռուս-ուկրաինական բանակցություններում դիվանագիտական ջանքերի գնահատականներով և քննարկել պարենային ճգնաժամի սպառնալիքը և դրա հաղթահարման ճանապարհները։ 

21:47

Maxar-ը հրապարակել է Բերդյանսկում այրվող «Սարատով» մարտական դեսանտային նավի արբանյակային լուսանկարը։

21:44

«Победа» ավիաընկերությունը որոշել է կրճատել իր ավիապարկը` 41 Boeing 737-800 ինքնաթիռից հասցնելով 25-ի։ Այդ մասին նշվում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Յուրիկովի աշխատակիցներին ուղղված ուղերձում։

21:41

«Украинская правда»-ն հայտնում է, որ Վինիցայում արձակվել է 6 թևավոր հրթիռ։ Նրանց թիրախը եղել է Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարարությունը։

Հրթիռների մի մասը խոցվել են ՀՕՊ-ի կողմից, մյուսներն ընկել մի քանի կառույցների վրա։ 

Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ հրթիռների հարվածների հետևանքները ճշտվում են։

21:36

⚡️Ջո Բայդենն ակնարկել է, որ ամերիկյան զորքերը կարող են մտնել Ուկրաինա

Լեհաստանում հանդես գալով 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողների առաջ և խոսելով ուկրաինացիների մասին` Բայդենն ասել է. «Դուք ինքներդ (ամեն ինչ) կտեսնեք, երբ հայտնվեք այնտեղ»։

Ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ՝ հավանաբար խոսքը գնում է Միջազգային լեգիոնի մասին։

21:34

⚡️Սպիտակ տունը հայտարարել է, որ վաղը նախագահ Ջո Բայդենը կարևոր հայտարարություն կանի Ուկրաինայի վերաբերյալ։

21:29

Սումիի մարզի Տրոստյանեց քաղաքի քաղաքային վարչակազմի ղեկավար Յուրի Բովան հայտարարել է, որ քաղաքն ազատագրվել է ռուսական զորքերից։

ՌԴ զորքերը Տրոստյանեց էին մտել մարտի 1-ին։

21:21

Spotify-ը ևս հեռանում է Ռուսաստանից

Spotify-ը ռուսական շուկայից իր հեռացումը բացատրել է նրանով, որ «վերջերս Ռուսաստանում ընդունված օրենքները, տեղեկատվության հասանելիության լրացուցիչ սահմանափակումներ են դնում, վերացնում են կամարտահայտման ազատությունն ու քրեականացնում են նորությունների որոշ տեսակներ։

Ընկերությունում կարծում են, որ դա կարող է սպառնալ Spotify-ի աշխատակիցներին և, հավանաբար, ունկնդիրներին։ Այդ պատճառով ընկերությունը որոշել է ամբողջությամբ դադարեցնել երաժշտության և փոդքաստների հեռարձակումը Ռուսաստանում։

21:17

Վինիցան հրթիռակոծվում է։ Այդ մասին հայտնել է մարզային վարչության ղեկավար Սերգեյ Բորզովը։

20:34

Չինական Sinopec նավթաքիմիական կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանում իր ներդրումների դադարեցման մասին

Ընկերությունը նախատեսել էր ներդնել 500 միլիոն դոլար։ Reuters գործակալությունը փոխանցում է, որ չինական խոշորագույն նավթաքիմիական ընկերությունը իր ներդրումները դադարեցնում է Չինաստանի կառավարության խորհրդով։

Պարբերականի տվյալներով՝ ասիական տարածաշրջանի ամենամեծ կոնցեռնը Ռուսաստանի տարածքում նախատեսում էր 500 միլիոն դոլար ներդնել նավթային և գազային նախագծերի մեջ։

20:28

ՌԴ ՊՆ. ընդհանուր առմամբ Ուկրաինայում «հատուկ գործողության» առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են

«Էականորեն իջեցվել է Ուկրաինայի զինված ուժերի մարտական պոտենցիալը, ինչը հնարավորություն է տալիս հիմնական ուժերը կենտրոնացնել գլխավոր նպատակի՝ Դոնբաի ազատագրման վրա»,- հայտարարել են նախարարությունում։

20:04

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են բանակցային գործընթացի վեց կետերից չորսի շուրջ փոխհամաձայնությանը։

«Առաջին կետը վերաբերում է ՆԱՏՕ-ի կազմ Ուկրաինայի մտնելուն։ Ի սկզբանե Ուկրաինան պնդում էր Դաշինքին իր անդամակցությունը, սակայն արդյունքում Զելենսկին սկսեց հայտարարել հնարավոր հրաժարման մասին։ Մյուս կետը վերաբերում է Ուկրաինայում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ շնորհելուն։ Զելենսկին սրա հետ էլ է համաձայնվել։ Ռուսերենով փաստացի խոսում են Ուկրաինայի ողջ տարածքում։ Այդ պլանում խնդիր չկա»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Իր հերթին, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Էրդողանի հետ չի համաձայնվել։ Նրա խոսքով՝ չկա որևէ փոխհամաձայնություն Ռուսաստանի հետ՝ Էրդողանի կողմից նշված կետերի շուրջ։ Մասնավորապես, Ուկրաինայում միակ պետական լեզուն եղել է ուկրաիներենը և կլինի ուկրաիներենը։

19:59

⚡️ՌԴ ԳՇ. Ուկրաինայում զոհվել է 1351 ռուսաստանցի զինծառայող

«Ցավոք, հատուկ ռազմական գործողության ընթացքում կան կորուստներ մեր մարտական ընկերների շրջանում։ Այսօրվա դրությամբ զոհվել է 1 351 զինծառայող, 3 825-ը՝ վիրավորվել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԳՇ պետի առաջին տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը։

Մինչ այս, ռուսական ռազմական գերատեսչությունը միայն մեկ անգամ էր նշել ռուսական կողմերի զոհերի թվի մասին։ Մարտի 2-ի դրությամբ, ըստ ռուսական կողմի, զոհերի թիվը կազմում էր 498, վիրավորներինը՝ 1 597։

19:55

Ջո Բայդենը ժամանել է Լեհաստան։ Այցելության օրակարգում լինելու է նաև Լեհաստան ժամանած ամերիկյան 82-րդ օդադեսանտային դիվիզայի հետ հանդիպումը։

19:42

Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների ժամանակ քաղաքական հիմնական հարցերի շուրջ «տեղում դոփում են»։ Այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի օգնական, ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ 

«Բանակցություններն ընթացել են ողջ շաբաթվա ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դրանք կշարունակվեն նաև վաղը։ Բանակցություններն ընթանում են փորձագիտական խմբերի միջև, շաբաթական երկու-երեք անգամ պատվիրակությունների ղեկավարների միջև։ Վերջին անգամ դա եղել է երեկ երեկոյան։ Հիմա երկրորդական նշանակության հարցերում կողմերի դիրքորոշումները մոտենում են, սակայն գլխավոր քաղաքական հարցերում մենք փաստացի տեղում դոփում ենք»,- ասել է Մեդինսկին։

19:39

Ռուսական ուժերը գերի են վերցրել Ուկրաինայի 14 քաղաքապետների

Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։

19:30

Ուկրաինայում, Զելենսկու գրասենյակի հայտարարության համաձայն՝ զոհվել է ՌԴ ռազմածովային նավատորմի 645 մարտիկ

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են ռուսական 200-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ոչնչացման մասին։ Վերջինս Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ափային պաշտպանության զորքերի մարտավարական միավորում է։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ բրիգադը «կենդանի ուժի էական կորուստներ է կրել»։ «648 զինծառայողներին, որոնք ուղարկվել էին մասնակցելու մարտական գործողություններին, զոհվել է 645-ը։ Մնացել են միայն երեքը, որից երկուսը վիրավոր են»,- ասել է Արեստովիչը։

19:21

Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը հայտնել է, որ մարտի 24-ին Ուկրաինան ստացել է ռեկորդային թվով հումանիտար օգնություն՝ ավելի քան 10 000 տոննա։

19:17

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի իր վերահսկողության տակ անցած տարածքների քարտեզը։

19:11

ՌԴ իշխանությունները խոստացել են չխանգարել Ռուսաստանից ծրագրավորողների հեռանալուն

Այդ մասին նշվում է Ռուսաստանի թվային զարգացման նախարարության հայտարարության մեջ։

«Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը չի աջակցի որևէ օրենսդրական սահմանափակման, որը կապված է IT կադրերի տեղաշարժի և աշխատանքի տեղավորման հետ։ Այդպիսի միջոցները կարող են հանգեցնել մասնագետների արտահոսքի մեծացմանն ու ընդհանրապես բացասաբար անդրադառնան արդյունաբերության այդ ճյուղի վրա։

Մեր մասնագետները իրապես բարձր են գնահատվում միջազգային IT շուկայում։ Մենք պետք է նրանց տրամադրենք արժանապատիվ մրցակցային աշխատանքային պայմաններ, այլ ոչ թե դժվարացնենք նրանց տեղաշարժը կամ աշխատանքի տեղավորումն օտարերկրյա ընկերություններում»,- նշվում է հայտարարության մեջ։

17:15

Ուկրաինան հայտարարել է կրթության վերաբերյալ փաստաթղթերի և գիտական աստիճանների Ռուսաստանի հետ փոխադարձ ճանաչումից հրաժարվելու մասին։

17:11

«Լրագրողներ առանց սահմանների». Ուկրաինայում պատերազմի մեկ ամսվա ընթացքում զոհվել է 5 լրագրող, 9-ը վիրավորվել են։

Միջազգային կազմակերպությունը կազմել է մարտական գործողությունների տարածքում լրագրողների հետապնդման դեպքերի ժամանակագրությունը։

16:45

УНИАН-ը հրապարակել է Բերդյանսկի նավահանգստում այրվող «Սարատով» դեսանտային նավի արբանյակային լուսանկարը։

16:42

Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ զոհվել է ռուսաստանցի յոթերորդ գեներալը։

16:16

Ռուսաստանի փոստն իր կայքում փակել է «Новая газета»-ի թղթային տարբերակի առցանց բաժանորդագրությունը։

Ընկերությունում հայտարարել են, որ «եթե կայքում հնարավոր չէ ձևակերպել բաժանորդագրություն, ապա այդպես է որոշել հենց խմբագրությունը»։ «Новая газета»-ն հերքում է այդ տեղեկատվությունը։

16:13

Ռոսկոմնադզորը ՌԴ տարածքում արգելափակել է Delfi ինտերնետ-պարբերականի լատիշերեն տարբերակը։ Ավելի վաղ, արգելափակվել էր Delfi-ի լիտվական տարբերակը։

16:06

Պետդումայում Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Վասիլի Վլասովը խնդրել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին արգելել տելեգրամյան Mash ալիքի գործունեությունը՝ Ժիրինովսկու մահվան վերաբերյալ կեղծ տեղեկատություն տարածելու համար։

15:49

Չհաստատված տվյալներով՝ Մարիուպոլի թատրոնի ավիահարվածների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ

Զոհերի թվի այդպիսի գնահատական տվել են «ականատեսները», նշվում է Մարիուպոլի քաղաքային խորհրդի տելեգրամյան ալիքում։

15:42

Ռազմատեխնիկա Մարիուպոլում։ Մարտի 24, 2022 թվական

15:39

Խարկովում ռուսական զորքերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հրթիռակոծել են քաղաքային պոլիկլինիկան։ Դրա հետևանքով զոհվել է 4 մարդ, 3 մարդ էլ տուժել է։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային ոստիկանությունը։

15:29

Հրթիռակոծության հետևանքով ավերված Խարկովի ազգային համալսարանի տնտեսական ֆակուլտետի շենքը։

15:17

Իտալիայում Ռուսաստանի դեսպանը դատական հայց է ներկայացրել Stampa թերթի դեմ մի հոդվածի համար, որի վերնագրում դրվում է Ռուսաստանի նախագահի սպանության հնարավորության հարցը։

«Իտալիայի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն հանցագործության հրահրման և հանցագործությունը խրախուսելու համար (մինչև 5 տարի)»,- բացատրել է ռուսաստանցի դեսպանը։

15:11

TACC գործակալությունը, հղում անելով Մոսկվայի պատրիարքությանը, գրում է, որ Բելգորոդի ռմբակոծման արդյունքում զոհվել է ռազմական հոգևորական։

14:46

Ռուսաստանցի միլիարդատեր Պետր Ավենը Financial Times-ին պատմել է Մեծ Բրիտանիայում պատժամիջոցների ներքո կյանքի մասին։ Հիմնական մտքերը.

  • «Մեր բիզնեսն ավերվել է։ Ամենը, ինչ մենք կառուցել ենք 30 տարվա մեջ, հիմա ամբողջությամբ ավերված է։ Մենք պետք է ինչ-որ կերպ նոր կյանք ստեղծենք»։
  • «Իրավաբանորեն մենք չենք կարող կպնել բիզնեսին։ Նրանք (գործընկերները) վախենում են նույնիսկ ինձ հետ անձամբ հանդիպել։ Մենք շատ ենք վախենում իշխանություններից»։
  • «Թույլատրվո՞ւմ է ինձ մաքրուհի կամ վարորդ վարձել։ Ես մեքենա չեմ վարում... Կարող է, իմ ենթական վարի։ Մենք չենք հասկանում, թե ինչպես ողջ մնանք»։
  • «Բրիտանացի իրավաբանները չեն ցանկանում աշխատել ռուսաստանցիների հետ։ Ինձ ասեցին, որ ներդրված պատժամիջոցները փոփոխելը գործնականում անհնար է»։
  • «Դա շատ տարօրինակ է։ Պատժամիջոցների տակ հայտնվել միայն նրա համար, որ հանդիպել ես (Ռուսաստանի) նախագահի հետ։ Մենք ձգտում ենք բացարձակապես լինել քաղաքականությունից դուրս։ Պուտինի հետ (հանդիպումների ժամանակ) ես ներկայացրել եմ «Ալֆա-գրուպ»-ը, այլ ոչ թե ինձ»։
  • «Դա (պատժամիջոցների սահմանումը) կարելի է հասկանալ։ Բայց դա անարդար է։ (Բայց) ես չեմ բողոքում, երբ մարդիկ մահանում են»։

14:15

Մեծ Բրիտանիայի ՊՆ. ուկրաինացիները ռուսական զորքերին հետ են մղել Կիևից արևելք

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա վերլոծության մեջ հայտնում է, որ ուկրաինացիները կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել Կիևից մինչև 35 կիլոմետր դեպի արևելք ընկած քաղաքների վերահսկողությունն ու պաշտպանական դիրքերը։

Բրիտանական հետախույզները կանխատեսում են, որ ուկրաինական բանակը կշարունակի նաև  հակահարձակողական գործողությունները Կիևից հյուսիս-արևմուտք ընկած Գոստոմելի օդակայան։

Ուկրաինայի հարավում ռուսական զորքերը փորձում են շրջանցել Նիկոլաևը և շարժվել դեպի Օդեսա, բայց այդ ուղղությամբ նախկինի պես նրանց խանգարում են ուկրաինական դիմադրությունն ու թիկունքային ապահովման հետ կապված խնդիրները։

14:04

Ռուսաստանի առաջին ալիքի նախկին լրագրող Մարինա Օվսյանիկովայի նկատմամբ, որն այդ հեռուստաընկերության լրատվական թողարկման ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա էր իրականացրել, հարուցվել է ևս մեկ վարչական գործ։

Այս անգամ լրագրողը մեղադրվում է ռուսական բանակի վարկաբեկման մեջ։ Նրա նկատմամբ կարող է սահմանվել մինչև 50 000 ռուբլի տուգանք։ Օվսյանիկովան արդեն իսկ տուգանվել է 30 000 ռուբլի՝ չհամաձայնեցված ակցիա կազմակերպելու համար։

13:59

Ֆինլանդիան չեղարկել է դեպի Ռուսաստան քաղաքացիական բոլոր գնացքները

Չեղարկվել է ոչ միայն Պետերբուրգ-Հելսինկի երթուղով արագընթաց գնացքների աշխատանքը, որի մասին գրել էր ֆիննական Helsingin Sanomat պարբերականը։ Կդադարի գործել նաև Ռուսական երկաթուղու Մոսկվա-Հելսինկի երթուղով «Լև Տոլստոյ» գնացքի աշխատանքը։

13:51

Պուտինն անձամբ է հավանություն տվել Ուկրաինայի հետ բանակցություններին Աբրամովիչի մասնակցությանը

Այդ մասին Financial Times-ին պատմել են երկու աղբյուրներ։

Պարբերականի տվյալներով, ստանալով Ռուսաստանի նախագահի թույլտվությունը, Ռոման Աբրամովիչը հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի օգնի կազմակերպել բանակցային գործընթացը։

Ավելի վաղ, The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատժամիջոցներ չսահմանել Աբրամովիչի դեմ՝ հղում անելով նրան, որ ռուսաստանցի գործարարը կարող է օգնել Ռուսաստանի հետ բանակցություններում։

12:30

Ի՞նչ է կատարվել մարտի 25-ի գիշերը` հակիրճ.

  • Մարտի 24-ի երեկոյան բավականին հագեցած էր Բրյուսելում դիվանագիտական հանդիպումների տեսանկյունից, որտեղ ընթանում էր ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Մեծ յոթնյակի առաջնորդների արտահերթ հանդիպումները։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նախկինում երբևէ Հյուսիսատլանտյան դաշինքն այսքան միասնական չի եղել։ Նա կոչ է արել երկար պահպանել միասնականությունն այն բանի համար, որ պատժամիջոցների կիրառումը սկսի ազդեցություն ունենալ Կրեմլի որոշումների ընդունման վրա։
  • Եվ Բայդենը, և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը, և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հրաժարվել են պատասխանել այն հարցին, թե ինչ պատասխան կտա ՆԱՏՕ-ն, եթե Մոսկվան Ուկրաինայում քիմիական զենք կիրառի։
  • ՆԱՏՕ-ն հաստատել է 40 հազար զինծառայողներից բաղկացած չորս գումարտակային զորախմբերի ուղարկումը Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Ռումինիա։
  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել են, որ ռուսական գազի մատակարարման համար չեն վճարի ռուբլով, ինչպես դա պահանջում է Մոսկվան՝ հայտարարելով, որ «ռուսական էներգետիկ շանտաժի ժամանակներն անցել են»։
  • Բորիս Ջոնսոնը BBC-ին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է հաղթել, չնայած նրան, որ Պուտինն Ուկրաինայի քաղաքների հետ վարվում է այնպես, ինչպես ժամանակին Գրոզնու հետ։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը խաղաղության չի ձգտում։
  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձևին, որը պահանջում է ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում։ 140 երկիր կողմ է քվեարկել, 5-ը՝ դեմ, որոնց թվում են Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Բելառուսը, Ռուսաստանը և Սիրիան։ 38 երկիր, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ են մնացել։
  • Ուկրաինայում շարունակվում են տեղային նշանակության մարտական գործողությունները։ Ըստ ուկրաինական կողմի՝ օպերատիվ իրավիճակում էական փոփոխություններ չկան։ 
  • Ուկրաինան հայտարարել է ՌԴ սևծովյան նավատորմի «Սարատով» դեսանտային նավի ոչնչացման մասին, որը կանգնած էր Բերդյանսկի նավահանգստում։ Եվս երկու նավ վնասվել է։ Բրիտանական և ամերիկյան հետախուզական ծառայությունները հաստատել են տեղեկատվությունը։
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նախկինի պես հնարավորություն չունի կենսական անհրաժեշտության դեղամիջոցներ հասցնել ռուսական շրջափակման մեջ գտնվող Մարիուպոլ, ինչպես նաև Նիկոլաևից արևմուտք ընկած տարածքներ։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter