HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աղաջանյան. «Խոսքը շատ կոնկրետ էսկալացիոն գործընթացի մասին է, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերն ուղղված են մեր ռուս գործընկերներին»

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է՝ ռուսական կողմից ակնկալում են պարզաբանում, թե ինչպես են ադրբեջանական ստորաբաժանումներն անարգել ներխուժել ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածք, ապա շրջանցել նրանց՝ գրավել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Առաջնագիծ եղել է, բայց կարևոր հանգամանք է պետք արձանագրել, խոսքը գնում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում գտնվող տարածքի մասին, և այստեղ մեր հիմնական հարցը, և աշխատանքը տվյալ պարագայում մեր ռուս գործընկերների հետ է: Մենք պետք է հասկանանք՝ ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև փաստացի այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական ստորաբաժանումները հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում՝ շրջանցելով նրանց»,- ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանն ադրբեջանական սադրանքը որակեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտում, քանի որ ըստ հայտարարության կողմերը պարտավորվում են մնալ զբաղեցրած դիրքերում:

Հայկական կողմը, պատգամավորի խոսքով, ակնկալում է ռուս գործընկերներից ստանալ պատասխան, թե ինչ պայմաներում և ինչի արդյունքում է տեղի ունեցել այս առաջխաղացումը:

«Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետում այս խնդիրը կվերացվի և ադրբեջանական ստորաբաժանումները կվերադառնան իրենց ելման դիրքեր, որտեղից որ առաջխաղացումը տեղի է ունեցել: Ուզում եմ տեղեկացնել, որ այս առաջխաղացմանը հետևել են գիշերը և այսօր կոնկրետ տեղային ռազմական գործողություններ, Ադրբեջանի կողմից կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր, որքանով տեղեկացված եմ բայրաքթարներ, որոնք խոցել են որոշ ՊԲ դիրքեր: Խոսքը շատ կոնկրետ էսկալացիոն գործընթացի մասին է, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերն ուղղված են մեր ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ այս գործընթացները տեղի են ունենում, ենթադրում է, որ ռուս խաղաղապահների միջոցով պետք է բացառվեր»,- ասաց Աղաջանյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ չնայած խաղաղապահների առաքելությունն է Արցախում բնակիչների անվտանգությունը երաշխավորել, սակայն արդեն մի քանի անգամ նման միջադեպեր են գրանցվել, քննարկվո՞ւմ է արդյոք այլընտրանքային տարբերակ, որպեսզի արցախահայության անվտանգությունը երաշխավորվի, Աղաջանյանը պատասխանեց.

«Ձեր գնահատականը, որ Ադրբեջանը հետևողականորեն սադրանքներ է իրականացնում, ու ռուս խաղաղապահների ներկայությունն ըստ էության որևէ ազդեցություն գործնականում չի ունենում, տպավորություն ունեմ, առնվազն, սոցցանցներին հետևելով, որ այս մտայնությունը առկա է մեր հանրության բավականին լայն շերտերի համար: Կարծում եմ՝ կան հարցադրումներ նաև առ այն, որ արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների ու խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունքում: Ես անձամբ չէի ուզենա այդպես կարծել և որևէ հիմք ու ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածել, բայց կարծում եմ՝ սա ևս մի խնդիր է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից կոնկրետ գործողության գործադրման արդյունքում»:

Ինչ վերաբերում է այլընտրանքային մեխանիզմներին Էդուարդ Աղաջանյան ընդգծեց՝ ըստ հայկական կողմի՝ ռուս գործընկերների հետ համագործակցությունը սպառված չէ, և գործնականում աշխատանքները շարունակվում են: Աղաջանյանը հիշեցրեց՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների՝ երեկ կայացած հեռախոսազրույցը՝ ասելով, որ կողմերը մշտապես հաղորդակցվում են միմյանց հետ:

«Ես որպես պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ակնկալում եմ քաղաքական արդյունք և կոնկրետ գործնական արդյունք, որով կարձանագրվի ռուս խաղաղապահների մանդատի իրացումը գործնականում և որով այսուհետ կբացառվի վերջիններիս պատասխանատվության ներքո տարածքում նմանտիպ սադրանքները»,- ասաց նա:

Աղաջանյանը հիշեցրեց, որ մինչ այս պահը ռուսական կողմը որևէ պաշտոնական պարզաբանմամբ հանդես չի եկել: Հայաստանն ակնկալում է, որ պաշտոնական արձագանքը կլինի խնդիրը լուծելուց հետո, և ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան այն ելակետերը, որտեղից սկսվել է այս գործընթացը:

«Մեզ համար, անկեղծ ասած, հարցը հետևյալն է՝ արդյոք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման կետեր, թե ոչ, սա թերևս ամենակարևոր հարցն է: Հայկական կողմի շահերից է բխում, որ ռուս խաղաղապահներն ապահովեն արցախահայության անվտանգությունը և թույլ չտան նմանատիպ սադրանքներ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter