HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարկեր՝ Viber-ով և WhatsApp-ով․ ինչպես են արտերկրից խաբում մարդկանց

«Հետքը» պարզել է, թե ինչպես են արտերկրից Viber և WhatsApp հավելվածների միջոցով խաբում մարդկանց՝ խոստանալով ցածր տոկոսադրույքով վարկեր։

------------------------------------------------------------------------------------------------------------------------

Պատկերացրեք, որ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները ձեզ այլևս վարկեր չեն տրամադրում, քանի որ չեք կարողացել դրանք վճարել և հայտնվել եք «սև ցուցակում»։

Ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ տեսնում եք մեկնաբանություն, թե հնարավոր է տարեկան 3%-ով վարկ ստանալ միջազգային բանկից, Viber-ի միջոցով։

Այդ մեկնաբանությունների բովանդակությունը գրեթե նույնն է։ Դրանք գրող օգտատերերը նշում են, որ ստացել են վարկ, որի համար հարկավոր է ընդամենը գրել Viber-ի համարին և ծանոթանալ պայմաններին։

Տասնյակ հազարավոր անդամներ ունեցող խմբերում վարկերի հետ կապ չունեցող գրառումների տակ նմանատիպ մեկնաբանություն-գովազդը մեզ կասկածելի թվաց։ Որոշեցինք նշված համարով կապ հաստատել, Viber հավելվածի միջոցով։

Շատ արագ պատասխան նամակ ստացանք, մեզ միանգամից ուղարկեցին վարկի տրամադրման պայմանները։ Դրանք հետևյալն էին.

  • վարկառուն պետք է լինի 20-60 տարեկան,
  • պետք է ունենա որևէ մասնագիտություն,
  • վարկի տոկոսադրույքը՝ տարեկան 3%,
  • վարկառուն կարող է արագ մարել վարկը՝ առանց բանկային տույժի,
  • առաջին վճարումը կարելի է կատարել վարկը ստանալուց 3 ամիս անց,
  • հնարավոր է ստանալ մինչև 60 000 ԱՄՆ դոլար կամ ավելի,
  • բանկը պատրաստ է վարկ տալ, նույնիսկ եթե վարկառուն իր երկրում «սև ցուցակ»-ում է։

Բացի այդ, մեզնից պահանջեցին ուղարկել անձնական և բանկային տվյալներ (անձնագիր կամ սոցիալական քարտ, բնակության հասցե, բնակարանի սեփականաշնորհման վկայական կամ կոմունալ վճարումների կտրոն, հեռախոսահամար, էլ. հասցե, բանկային հաշվեհամար և այլն)։

Սկզբում նրանց գրել էինք լատինատառ հայերեն, սակայն մեզ խնդրեցին գրել հայատառ, քանի որ «իրենք այս լեզուն չեն հասկանում» և օգտագործում են ավտոմատ թարգմանություն։

Մեզ տեղեկացրին, որ մինչև վարկը ստանալն անհրաժեշտ էր որոշակի գումար վճարել՝ պայմանագրային ծախսերի համար։

Հետաքրքրվեցինք, թե որքան նախնական գումար պետք է վճարենք վարկը ստանալու համար։ Ասացին՝ 5-10 հազար ԱՄՆ դոլար ստանալու համար պետք է վճարել 300 եվրո, իսկ 10-15 հազարի դեպքում՝ 400 եվրո, սակայն վարկի գումարից այս վճարները հանել չէր կարելի։

Սկզբում կարծում էինք, որ մեկնաբանություններ գրող հայ օգտատերերին վճարել են, որպեսզի նրանք գովազդը տեղադրեն մեծ խմբերում։ Որոշեցինք կապ հաստատել նաև նրանց հետ։

«Ֆեյսբուք»-ում ավելի խորքային որոնում կատարելով՝ պարզեցինք, որ մեկնաբանություն գրող անձինք ունեն ևս մեկ կամ երկու ֆեյսբուքյան հաշիվ։ Գրեցինք նրանց բոլոր հաշիվներին՝ ասելով, որ ուզում ենք վարկ ստանալ։ Որևէ պատասխան չստացանք։ Ավելին, դրանք վաղուց չէին թարմացվել, նկարներն ու գրառումները բավական հին էին։

Բայց նույն մարդկանց երկրորդ՝ իրական հաշիվներից պատասխան ստացանք։

Նրանք ասացին, որ ժամանակին փորձել են գովազդվող բանկից միջազգային վարկ ստանալ, դիմել են Viber-ով, նրանց ուղարկել են հղում, որտեղ լրացրել են իրենց ֆեյսբուքյան մուտքանունն ու գաղտնաբառը (սա կոչվում է phishing), ինչից հետո կոտրել են իրենց հին ֆեյսբուքյան էջերը։ Այս մարդիկ այլևս որևէ կապ չունեին իրենց այն էջերի հետ, որոնցից հիմա անհայտ մարդիկ մեկնաբանություններ են գրում և գովազդում վարկը։

Կապանից Անուշ Հովհաննիսյանը, որի հաշիվներից մեկով տարբեր խմբերում ակտիվորեն մեկնաբանություն են գրում և գովազդում վարկի տրամադրման հնարավորությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ վարկ ստանալու համար ևս Viber-ով գրել է բանկին։ Իրեն հղում են ուղարկել, որտեղ տվյալները լրացնելուց հետո իր ֆեյսբուքյան հաշվի գաղտնաբառը փոխել են, և նա այլևս չի կարողացել մուտք գործել։

Ավելի շատ տեղեկություն ստանալու համար «Հետքի» փոխխմբագիր Լիանա Սայադյանը Viber-ով զրուցեց բանկի անունից ներկայացող անձի հետ։

Մեր առաջին մի քանի զանգերն անպատասխան մնացին։ Այդ օրը երեկոյան մեզ գրեցին, որ չեն կարողացել պատասխանել, քանի որ շատ դիմումներ են ունեցել և զբաղված են եղել։ Միայն հստակ օր ու ժամ պայմանավորվելուց հետո մեզ հաջողվեց կապ հաստատել նրանց հետ։

Փորձեցինք ճշտել, թե ում հետ ենք խոսում, սակայն մեզ հետ զրուցող անձը չներկայացավ։ Ասացինք, որ Ֆրանսիայում ապրող ծանոթ ունենք, որը կկարողանա այցելել բանկ, տեղում ծանոթանալ պայմաններին և վարկը ստանալ, սակայն մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ բանկ այցելելու անհրաժեշտություն չկա, որ իրենք վարկը տալիս են միայն օնլայն։

Ըստ զրուցակցի՝ բանկը մեր երկրում մասնաճյուղ չունի, քանի որ դիմել են Հայաստանի ֆինանսների նախարարությանը լիցենզիա ստանալու համար, սակայն նրանց մերժել են: Նրա խոսքով՝ մերժման պատճառը եղել է այն, որ իրենց տոկոսադրույքները ցածր են, իսկ հայաստանյան բանկերն ավելի բարձր տոկոսադրույքներով են վարկեր տրամադրում։

Ֆինանսների նախարարություն․ Casden բանկը Հայաստանում գործունեություն ծավալելու լիցենզիա չունի

Գրավոր հարցմամբ դիմել էինք նաև Ֆինանսների նախարարություն՝ ճշտելու, թե արդյոք Casden բանկը դիմել է Հայաստանում գործունեության լիցենզիա ստանալու։

Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ CASDEN Banque Populaire-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու դիմում չեն ստացել։

Ֆրանսիական բանկը Հայաստանի քաղաքացիներին վարկ չի տրամադրում

Չնայած արդեն պարզ էր, որ սա խաբեություն է, գրավոր հարցմամբ դիմեցինք նաև Casden Banque Populaire-ին՝ նշելով, որ իրենց անունից Հայաստանում Viber-ով օնլայն «վարկեր են տրամադրում» և հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենք այդ հավելվածի միջոցով օնլայն վարկեր տրամադրում են։

Բանկից մեզ պատասխանեցին, որ իրենք վարկեր տալիս են բացառապես Ֆրանսիայի քաղծառայողներին, և որ Viber-ով օնլայն վարկեր չեն տրամադրում։ 

Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը կասեցվել է

Այս խաբեության զոհերից մեկը՝ Սպիտակում բնակվող Ադելինա Միրիջանյանը, (վարկը ստանալու համար նա տարբեր միջազգային հաշիվների ուղարկել է ընդհանուր առմամբ մոտ 5 հազար ԱՄՆ դոլար) դիմել է ոստիկանություն։ Նրա դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով)։

Որոշ ժամանակ անց քրգործի վարույթը կասեցվել է։ Քննչական կոմիտեն դա բացատրում է նրանով, որ որևէ մեղադրական կողմ չի հայտնաբերվել, այսինքն՝ այդպես էլ չի բացահայտել, թե ով կամ ովքեր են կանգնած այս խարդախության հետևում։

Նշենք, որ այս խումբը ներկայանում է ոչ միայն Casden բանկի անունից, այլև մեկ այլ ֆրանսիական բանկի՝ Natixis-ի անունից։

Ե՛վ Casden-ը, և՛ Natixis-ը ֆրանսիական Group BPCE-ի դուստր ձեռնարկություններն են։ Group BPCE-ն Ֆրանսիայում չորրորդ խոշոր բանկն է, որն ունի շուրջ 8200 մասնաճյուղ և 70 միլիոն հաճախորդ, ստեղծվել է 2009 թ.-ին CNCE (Caisse nationale des caisses d'épargne) և BFBP (Banque fédérale des banques populaires) միավորման արդյունքում։

Հգ.

Քննչական կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Ադելինա Միրիջանյանի գործով դիմել է WhatsApp-ին` խաբեության հետևում կանգնած անձին հեռախոսահամարով բացահայտելու համար։

Չնայած WhatsApp-ից դեռ պատասխան չեն ստացել՝ քրգործն արդեն կասեցվել է։

Ֆրանսիայում աշխատող մեր գործընկերոջ միջոցով ևս մեկ անգամ կապ հաստատեցինք Casden բանկի հետ։ Բանկը սկզբում նույն պատասխանը տվեց, ինչ մեզ՝ «մենք կապ չունենք այդ խմբի հետ և Viber-ով վարկ չենք տրամադրում»։ Սակայն խաբեությունը բացահայտելու եւ իրենց համբավը պաշտպանելու կարևորության մասին մեր ֆրանսիացի գործընկերոջ պնդումներից հետո բանկը խոստացավ զբաղվել այս հարցով։

Հավելյալ տեղեկություն ստանալու դեպքում կտեղեկացնենք մեր լսարանին։

Մեկնաբանություններ (1)

Աննա
Բարև ձեզ այս հարցով ես էլ եմ ուզում դիմել ինձանից էլ պոկել են 600 եվրո իրենց խաբեությամբ լավ կլինի գտնեք մի լավ պատժեք դրանց մեր գումարներն էլ հետ վերադարցվեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter