
Բաց խոսել պատերազմի մասին
Պետությունը պետք է բաց տեքստով քաղաքացիների հետ խոսի պատերազմի մասին: Պետությունը պետք է ազնիվ լինի իր քաղաքացիների հանդեպ՝ ասելով ողջ ճշմարտությունը, եթե անգամ այն ցավալի է: Տեղեկացված լինելը կօգնի ճիշտ պատկերացնել մարտահրավերներն ու դրանց համարժեք արձագանքել:
Կարևոր է հասկանալ, որ պատերազմը կարող է լինել ոչ միայն ռազմական լուրերի հեռավորությամբ, այլ անմիջապես մեր հարևանությամբ, մեր բակում:
Ամենաանհավանական սցենարները, ինչպես Ուկրաինայի դեպքում տեսանք, հավանական են:
Մարդիկ, որպես կանոն, չափազանց բարդ են հավատում այն ամենին, ինչը կարող է իրենց ստիպել փոխել տարիներով ձևավորված առօրյան, թերագնահատում են վտանգները՝ հույս ունենալով, թե մահը յուրաքանչյուրիս դեպքում բացառություն կանի:
Պետությունն այսօր խուսափում է ուղիղ խոսել պատերազմին պատրաստվելու մասին. խոսքը ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին չէ, այլ քաղաքացիների հետ կոնկրետ աշխատանքի:
Յուրաքանչյուրի գիտակցությանը կամ երևակայությանն է թողնված՝ պատկերացնել հնարավոր վտանգի մասշտաբը: Իբրև թե՝ չե՞ք տեսնում, որ վտանգ կա: Եթե տեսնում եք, ուրեմն ինքներդ մի բան մտածեք՝ ձեր հնարավորությունների սահմանում:
Կա՞ լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք, թե՞ լոկալ բախումների հաշվարկներ են արված, մարդիկ պետք է իմանան՝ պատերազմը բացառված չէ: Անգամ եթե Գլխավոր շտաբի պետ չունենք:
Ի՞նչ պիտի անենք օդային տագնապի դեպքում: Որտե՞ղ պետք է անմիջապես ապաստանեն նրանք, ովքեր նախևառաջ պետք է ապահով լինեն՝ երեխաները, տարեցները, հիվանդները, հղի կանայք:
Թեև ապաստարաններն ինչպես եղել են նախկինում, այդպես էլ մնացել են՝ չադապտացված պատերազմական վիճակում գտնվող պետության կարիքներին:
Ի՞նչ պետք է ունենանք հենց այսօր պատրաստած, որ վաղը անակնկալի չգանք:
ԶԼՄ-ներով՝ սերիալների ու խաղամոլությունը խրախուսող գովազդների արանքում գոնե պիտի անընդհատ, ԱՆԸՆԴՀԱՏ ներկայացվի պատերազմի դեպքում յուրաքանչյուր խմբի գործողությունների ծրագիրը:
Պետական մակարդակով քաղաքացիներին կարևոր է հորդորել՝ անցնել խնայողության ռեժիմի՝ բոլոր առումներով. խուսափել ոչ անհրաժեշտ գնումներից, խնայողաբար օգտագործել հոսանքը, ջուրը…
Պետությունը պետք է խնդիրներ դնի յուրաքանչյուր խմբի առաջ՝ ինչպե՞ս կարող է օգտագործվել յուրաքանչյուրի ներուժը՝ ֆիանսական, գիտական, ֆիզիկական՝ այս կամ այն իրավիճակում:
Ի՞նչ պիտի անի մարտունակ բնակչությունը:
Ինչպե՞ս անմիջապես պետք է այս կամ այն արտադրությունները վերապրոֆիլավորվեն ու ռազմական դրությանն անհրաժեշտ արտադրանք տան:
Պատերազմի մասին լռելով ու խաղաղության կոչերով պատերազմի հավանականությունը չի փոքրանում:
Պատերազմին անուղղակիորեն սպասելով, սակայն կոնկրետ գործողություններ չանելով` էմոցիոնալ հյուծվում ենք ու դառնում անգործունյա՝ կարևորություն չտալով փոքր, բայց օգտակար գործերին: Բոլորիս օրակարգն ու ապագայի մասին պատկերացումները 2020-ի սեպտեմբերի 27-ից փոխվել են: Ապագան հաջորդ մեկ րոպեն է, հաջորդ օրը, ցավոք՝ ոչ ավելին:
Աշխարհի պատմությունը պատերազմների պատմություն է, և ապոկալիպտիկ, հոգեվարքի տրամաբանությունը, որի մեջ շատերս ենք, վերանայման անհրաժեշտություն ունի:
Լարված, անօգնական նստե՞լ համակարգչի առջև, թե՞ որևէ օգտակար, կամավորական կամ հանրային նշանակության գործ անել:
Պետությունը պետք է դիմի քաղաքացիներին՝ ձեռքի տակ ունենալ առաջին անհրաժեշտության պարագաները՝ սնունդ, դեղորայք, առաջարկի անձնական փաստաթղթերը այս կամ այն ձևով ապահովագրել հնարավոր վնասից՝ ունենալով դրանց՝ էլեկտրոնային տարբերակը:
Սրանք մի քանի մտքեր են միայն:
Պետությունն այս ամենը համակարգված, մասնագիտական տեքստերով ու մատչելի պետք է ներկայացնի իր քաղաքացիներին:
Շատերս ենք օրն անցկացնում այնպես, որ կարծես՝ այն մեր կողքով է անցնում: Պատերազմի վտանգը վախճանաբանական մտքեր է ծնում:
Ի՞նչը կարող է օգնել՝ դուրս գալ նման վիճակից:
Նախ՝ ընդունել, որ մահն անխուսափելի է բոլորի համար:
Մահն անխուսափելի է պատերազմի, խաղաղության, հիվանդության, երջանիկ կյանքի ու երկարակեցության դեպքում:
Իհարկե, մահանալ մաքուր անկողնում՝ չզգալով անժամանակ, անակնկալ մահվան վտանգը` շրջապատված թոռներով ու ծոռներով, վիճակված է քչերին:
Աշխարհում քիչ են ապահով վայրերը: Բայց ընդունենք, որ մինչև այդ վայրերի՝ ապահով դառնալը, դրան նախորդել են պատերազմները, քաղաքացիների պայքարը, զրկանքները:
Կարող ենք ընտրել այդ տարբերակը՝ մեզ ապահովագրել հնարավոր վտանգներից ու հեռանալ Հայաստանից՝ ուրիշների կյանքերի, պատերազմների գնով ձեռք բերված խաղաղ վայրեր: Սա ևս ընտրություն է: Կարող ես գնալ երկրից, բայց այդ դեպքում քո բաժին պատասխանատվության բեռը մնում է մեկ այլ մարդու ուսերին: Հայաստանում հիմա ապահով չէ: Սակայն եթե փոխենք մեր վերաբերմունքն իրականության հանդեպ, ամեն ինչ ահավոր չի թվա:
Իմաստ տալ մեր կյանքին. սա կարևոր ուղերձ է, որ կարող ենք յուրաքանչյուրս ուղղել ինքներս մեզ: Ինչի՞ համար ենք ապրում: Բա՞րդ է Հայաստանում, վտանգավո՞ր: Բայց քո ներկայությունը Հայաստանում հնարավորություն է տալիս մի ուրիշի ուսերից վերցնել պատասխանատվության մի մասը: Այդպես թեթևանում է թե՜ քո, թե՜ մյուսի բեռը:
Հայաստանում կյանքի ու մահվան հավանականությունը մոտեցել է, այո: Բոլորս անհանգստանում ենք մեր երեխաների, հարազատների, պետության համար: Ինչպե՞ս վարվել:
Ուզու՞մ ենք պետականություն, ինքնիշխանություն ունենալ: Եթե այո, հաջորդ հարցն է՝ որքա՞ն է մեզնից յուրաքանչյուրի ուղղակի ներդրումը այդ ցանկության մեջ:
Չի կարող հայրենիք ունենալու պատասխանատվությունը դրված լինել զինվորի վրա: Այդպես Հայրենիքն անհավասար է բաշխվում:
Յուրաքանչյուրիս ակնկալիքը մյուսներից պիտի լինի ճիշտ այնքան, ինչքան մեր պատրաստակամությունն է ինչ-որ բան անել ընդհանուր գործի համար:
Ընդհանուր գործն այսօր Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելն է: Պետականությունը չկորցնելը:
Ուղիղ տեքստով իշխանությունն այդ մասին շատ ցածրաձայն ու ռեբուսներով է խոսում, քանի որ այդ ձայնը խլացնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան վերանորոգումից եկող չխկչխկոցը:
Մեկնաբանել