HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Ղահրամանյան

«Մեկն եմ լինելու այն կանանցից, որը մնալու և պայքարելու է մինչև վերջ». խաղաղ ցույց՝ ի պաշտպանություն Արցախի

Այսօր՝ մարտի 26-ին, «Արցախի կանայք հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության ներկայացուցիչների կողմից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման խնդիրը բարձրացնելու, Արցախի Հանրապետության ինքնության ճանաչման նպատակով:

Նախաձեռնող խմբի անդամ Ալյոնա Սարգսյանն ասում է, որ հիմնական նպատակը միջազգային հանրությանը Արցախում տիրող իրավիճակը ներկայացնելն է։

«Ադրբեջանի հայատյաց իշխանությունները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր կետերը և հարձակվել մեր սահմանների վրա։ Մենք ունենք զոհեր, վիրավորներ, ինչպես նաև՝ խաղաղ բնակչության կյանքն է վտանգված։ Եթե այսօր լռենք, վաղը կորցնելու ենք Արցախը։ Ես չեմ ցանկանում, որ Արցախը հայաթափվի։ Մեկն եմ լինելու այն կանանցից, որը մնալու և պայքարելու է մինչև վերջ։ Այս հողի համար հազարավոր զինվորներ են իրենց կյանքը զոհել, մենք նրանց հայրենիք ենք պարտք»,- ասել է նա։

Ելույթն ամբողջությամբ՝ 

Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրերին վճռվում է Արցախի լինելիության հարցը, Ադրբեջանի իշխանությունները հայերի էթնիկ զտման և ոչնչացման ծրագիր են իրագործում։ Արցախը հայաթափելու, մեզ բնաջնջելու վտանգն առավել շոշափելի է դարձել։ Մենք խաղաղություն չենք մուրում ահաբեկիչ Ալիևից, մենք գազամատակարարում չենք ուզում տարածքների դիմաց։

Առաջնագծում մեր տղաները հերոսաբար դիմադրում են, ոմանք նաև՝ զոհվեցին հանուն մեր ապագայի։ Խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հիմնարար կետերը՝ Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական հարձակումներ են գործում մեր սահմանների վրա։ Եվ, ինչպես միշտ, աշխարհը լռում է, սա համամարդկային ողբերգություն է։

Մեզ սպառնում են ցեղասպանել հենց մեր հողում։ Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել, մի բռունցք դառնալ, կանգնել արցախահայության կողքին։ Մեր մարդկային իրավունքները ոտնահարված են, կյանքը՝ վտանգված։ Մենք չենք մոռանում, որ ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի ժողովուրդը սատարել է մեզ։

Մենք երախտապարտ ենք ենք ձեզ։ Բայց այսօր պահն օրհասական է, կա՛մ պետք է պայքարենք կա՛մ մեր հայրենիքը, որի համար հազարավոր քաջորդիներ են նահատակվել, պիտի մնա թշնամուն։ Միացե՛ք մեր արդար պահանջին, փրկենք Արցախը հայաթափումից և նոր ցեղասպանությունից։ 

Գայանե Առուստամյանի ելույթը

Ես սօր դիմումըմ բոլոր մարդկանց, ովքեր ինձ լսում են, կամ էլ հետո կլսեն: Նայեք ձեր ոտքերի տակ այնտեղ, որտեղ դուք ապրում եք։ Այն, հինչ տուք կտեսնաք` դա է ՁԵՐ հողը։

Սա իմ հողըսա, սա մեր հողնա, որովհետև եսըմ ստեղ ապրում, ստեղըն ապրալ իմ պապերը և պապերիս պապերը և ստեղըն ապրելու իմ խոխերքը, իմ թորները, ծոռները, կորները։ Ես սօր դիմումըմ մարդկությանը` տուք կուզեիք վեր ծեզ պատկանող երկիրը ինի մի պետության կազմում, վերը ընդունակա իլյալ Սումգաիթ, Բաքու և Մարաղա կատարելու։

Վերը ծերուկներին աշկերը հանալա և բռնազավթաց Շուշիում հրապարակումը գլխատալ։ Վորի հերոսը Ռամիլ Սաֆարովն է։ Եվ եթե տուք քաղաքակիրթ աշխարհիցըք այլ ոչ թե դժոխքի արարած, տուք ասելուվըք` ՈՉ։ Մունք սօր ստեղ հվաքվալըք որպեսզի հայատյաց, ռասիստ, տեռորիստ ադրբեյջանին ՆՈՐԻՑ ասինք` ՈՉ։

Մունք դիմումընք միջազգային հանրությանը` ՃԱՆԱՉԵՔ ԱՐՑԱԽԸ` ՓՐԿԵՔ ԱՐՑԱԽԸ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter