
ԱՄՆ-ն հայտարարել է, որ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժմամբ
Միացյալ Նահանգներն իր լուրջ մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի կապակցությամբ և կարծում, որ այդ և սրմանը միտված մյուս միջոցներն անպատասխանատու և սադրիչ են։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով։ Զորքերի տեղաշարժը և էսկալացիոն մյուս միջոցները հանդիսանում են անպատասխանատու և ստեղծում են ոչ անհրաժեշտ սադրանք»,- ասել է նա։
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը հավելել է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է շփման գծի երկայնքով առկա իրավիճակին։ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կիրառեն հաղորդակցման ուղիղ ալիքները, որպեսզի անմիջապես իրականացնեն ապասրումը»,- նշել է ամերիկացի դիվանագետը։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ամերիկյան կողմի հայտարարությանը։ Մասնավորապես, Բաքուն Վաշինգտոնին մեղադրել է, որ ԱՄՆ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, «որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիային վերջ տալու համար»։
Հիշեցնենք, որ Փառուխում և հարակից դիրքերում ադրբեջանական զորքերի տեղաշարժն ավելի վաղ դատապարտել էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
Իրավիճակը բավականին լարված է Արցախում՝ Ասկերանի շրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը հատել էին շփման գիծը և գրավել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ հայկական կողմն ունի 3 զոհ և 14 վիրավոր։
Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images
Մեկնաբանել