HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 32 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 28-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:04

Հրապարակվել է Վլադիմիր Զելենսկու հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին։

20:44

Ռոսկոմնադզորը պահանջել է, որպեսզի ռուսական լրատվամիջոցները չհրապարակեն Meduza-ի, Дождь-ի, Коммерсант-ի, Новая газета-ի և գրող Միխայիլ Զիգարի հարցազրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

20:23

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն չի պատրաստվում իրականացվել հենց հիմա։

19:49

Ճապոնիայի երեք խոշորագույն բանկերը դադարեցնում են դոլարային գործառնությունները «Сбербанк»-ի հետ։

19:36

Ինչքան կտևի այս պատերազմը. ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի տեսակետը

«Ինձ անձամբ միշտ թվացել է, որ այս կոնկրետ զինված հակամարտությունը խելագարություն է (որի համար մենք դեռ շատ ենք ամաչելու սերունդների առաջ), որը կարելի էր ավարտել երեք շաբաթ առաջ՝ խելամիտ բանակցությունների ճանապարհով։ Բայց հիմա ընթանում է ինչ-որ դժոխային գաղափարախոսական մոբիլիզացիա բոլոր կողմերից։

Ես ոնց հասկանում եմ, այս բոլոր մարդիկ պատրաստվում են ևս մի քանի տարի պատերազմել։ Չէր որ հակամարտության բոլոր մասնակիցները դեռ առնվազն երկուական տարի ունեն մինչև հաջորդ ընտրություններ (եթե հաշվի չառնենք արտահերթը)։ Խելագար շրջադարձ»։

19:27

⚡️Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մարտի 28-30-ը, Թուրքիայում։

Այդ մասին հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ նշել է, որ բուն բանակցությունները տեղի կունենան մարտի 29-30-ը։

19:10

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի ճեպազրույցը: Հիմնական մտքերը։

  • Ուկրաինական զորքերը հակահարձակման են անցել Խարկովի, Սումիի մարզերում, ինչպես նաև դա շարունակում են անել Կիևի և Խերսոնի մարզերում։
  • ՌԴ բանակը փորձում է ուկրաինական զորքերին շրջափակել ՄԶՕ գոտում և պահել Խերսոնի պաշտպանությունը։
  • Համացանցում հայտնված տեսանյութից հետո, որտեղ ուկրաինական կողմը դաժան է վերաբերվում ռուսական ռազմագերիների հետ, Արեստովիչը ուկրաինական զինվորականներին կոչ է արել կոպիտ չվերաբերվել ռուսաստանցի գերիների հետ։

18:30

The Insider. Ռուսաստանը մարտի 26-ին իրականացրել է ռեկորդային թվով հրթիռների միաժամանակյա արձակում Ուկրաինայի տարածքի ուղղությամբ

Պարբերականի տվյալներով՝ 52 հրթիռ արձակվել է Սևծովյան նավատորմի Սևաստոպոլի մոտ գտնվող նավերից, ևս առնվազն 18-ը՝ Բելառուսի տարածքից։ Դրանցից թիրախին հասել է միայն 8-ը։ Մյուսներն օդում ոչնչացվել են։

18:18

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել բոյկոտել Auchan, Decathlon, Leroy Merlin խանութները։ 

18:14

«Океана Ельзи» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը ժամանել է Խարկով։ Երաժիշտը հանդես է եկել CNN-ի եթերում՝ ցույց տալով հրթիռակոծված քաղաքի ավերածությունների մասշտաբները։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Святослав Вакарчук (@sviatoslav.vakarchuk)

17:42

Չեռնոբիլի գոտում այրվում է ավելի քան 10 000 հեկտար անտառ

Ճառագայթման գոտում մշտական մարտական գործողությունների պատճառով հրդեհ է առաջացել։ Մարտի 27-ի դրությամբ՝ կրակը ընդգրկել է ավելի քան 10 000 հեկտար տարածք։

17:23

Իվանո-Ֆրանկովսկի քաղաքապետ Ռուսլան Մարցինկիվը հայտարարել է, որ Չեռնիգովի մարզում ընկել է ռուսական զորքերի ռմբակոծության տակ։

Նրա խոսքով՝ նա ուղեկցում էր շրջափակված քաղաք մարդասիրական բեռները։ Նրա ուղեկիցներից մի քանիսը վիրավորվել են։

17:10

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս չի աջակցել Ջո Բայդենին, որը հայտարարել էր, որ Պուտինը «չպետք է մնա իշխանության ղեկին»

France 3-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ անձամբ ինքը «չէր կիրառի նման բառեր», գրում է The Guardian-ը։ Մակրոնի խոսքով՝ հիմա պետք է անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի թույլ չտալ սրումը, «եթե կա ինչ-որ շանս կանգնեցնելու Ուկրաինա ռուսական ներխուժումը»։

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ներկայումս նա իր խնդիրը տեսնում է նրանում, որ «սկզբում հասնի հրադադարի, այնուհետ դիվանագիտական միջոցներով ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման»։

«Եթե մենք դա ուզում ենք անենք, ապա չպիտի իրավիճակը հրահրենք ոչ բառերով, ոչ էլ գործողություններով»,- հայտարարել է Մակրոնը։

16:53

Ուկրաինայի իշխանությունները մեկնաբանել են Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ «ԼԺՀ»-ն կարող է միանալ Ռուսաստանին

«Աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչում մեր պետության միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխությունը։ Փոխարենը Ռուսաստանն էլ ավելի վճռական պատասխան կստանա միջազգային հանրության կողմից, որը կարագացնի նրա անկումը գլոբալ մեկուսացման անդունդ»,- Hromadske-ին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

16:39

Դմիտրի Պեսկով. Ռուսաստանում չկան օլիգարխներ, իսկ ԱՄՆ-ն «թալանել է բացարձակ ազնիվ ձեռնարկատերերի»։

16:31

Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տալիս ռուսաստանցի լրագրողներին։

16:23

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ կեսօրի տեղեկագիրը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական զորքերի մի մասը տեղաշարժվում են Բելառուսի տարածքում։ Դրանք կիրառվում են ստորաբաժանումների ռոտացիայի, սննդի, վառելիքի և սպառազինության համալրման համար։
  • Պոլեսյեում ռուսական զորքերը, հրետանու և ավիացիայի կրակի օգնությամբ, շարունակում են ամրանալ իրենց վերահսկողության տակ անցած հատվածներում և պատրաստվում ռոտացիայի իրականացման։ 
  • Շարունակվում է Սլավուտիչի շրջափակումը և Չեռնիգովի նկատմամբ վերահսկողության հաստատման փորձերը։
  • Ուկրաինայի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Տրոստյանեց և Գուսարովկա բնակավայրերի նկատմամբ։
  • Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերը փորձում են վերահսկողության տակ վերցնել Պոպասնայա, Ռուբեժնոյե, Սևերոդոնեցկ և Մարիուպոլ քաղաքները՝ չունենալով հաջողություններ։

16:16

Մեծ Բրիտանիայի կառավարությունը, Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնին, հայտարարել է Ռուսաստանի համալսարանների և ընկերությունների հետ գիտական համագործակցության շրջանակներում սահմանափակումների ներդրման մասին։

«Այդ գործողություններն ուղղված են Պուտինի ռեժիմի դեմ, այլ ոչ թե ռուսաստանցի առանձին հետազոտողների և ուսանողների, որոնք հաճախ կարող են հանդես գալ Կրեմլի գործողությունների դեմ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի գիտության նախարար Ջորջ Ֆրիմանը։

16:13

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինան, ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր, լքել է 3,8 միլիոն մարդ։

16:11

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ռուսաստանցի լրագրողներին։ Պատերազմից մեկնարկից ի վեր առաջին անգամ։

«Медуза»-ի գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովը, «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադզկոն, լրագրող և գրող Միխայիլ Զիգարը, «Коммерсант»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովն այսօր հարցազրույց են վերցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց, որը գտնվում է Կիևում։ 

Զրույցը շարունակվել է գրեթե երկու ժամ։

16:02

Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Նադհիմ Զահավին հայտարարել է, որ Ռուսաստանի ժողովուրդը պետք է որոշի, թե ով իրեն կկառավարի։ Այդպես է բրիտանացի նախարարը մեկնաբանել նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, որի ընթացքում ամերիկացի նախագահը, խոսելով Պուտինի մասին, հայտարարել էր, որ «այդ մարդը չպետք է մնա իշխանության ղեկին»։

Ավելի վաղ, Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենի հայտարարությունը չպետք է ընկալել այնպես, որ ԱՄՆ-ն պահանջում է Ռուսաստանում իշխանափոխություն։

15:57

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ։ Այս մասին գրում է ուկրաինական Pravda կայքը։

«Այն բանից հետո, երբ այսօր (խմբ. մարտի 26) Լեռնային Ղարաբաղը իր տարածքում մտցրեց ռազմական դրություն, կարող եմ ասել, որ այնտեղ իսկապես դեպքեր են տեղի ունենում։ Բայրաքթարները ոչ միայն մեր տարածքում են արդուկում օրքերին, նրանք աշխատել են Լեռնային Ղարաբաղում։ Եվ այնտեղ Հայաստանն այսօր դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ զորքերով օգնելու համար։ Բայց նրանք այնտեղից զորքերը հանել ու անցյալ շաբաթ ուղարկել են մեր երկիր։ Մենք հետևում էինք այդ շարասյուների շարժին: Եվ մենք հասկանում ենք, որ օգնությունը, որը Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, դժվար թե այնտեղ հայտնվի»,- նշել է Դանիլովը։

«Թե ինչպես կավարտվի այս իրավիճակը, դեռ հայտնի չէ։ Բայց եթե Ռուսաստանի Դաշնության համար բացվեն երկրորդ ճակատներ, որը նա արհեստականորեն ստեղծեց սեփական գործողություններով իր կարճ պատմության ընթացքում, ապա դրանք մեզ որակապես շատ կօգնեն»,- հավելել է նա։

15:49

Ռոսկոմնադզորն արգելափակել է ադրբեջանական երրորդ կայքը՝ oxu.az-ը։

15:41

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել է ռուսական մշակութային գործիչների ցանկը, որոնք նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։

Նախարարների կաբինետը, ինչպես նշվում է հրապարակման մեջ, արդեն հաստատել է պատժամիջոցների ցանկի ընդլայնումը։ Հիմա այն պետք է հաստատեն նաև Ազգային անվտանգության խորհուրդն ու նախագահը։

Պատժամիջոցների ցանկում հայտնվել են Նիկոլայ Բասկովը, Դմիտրի Բիլանը, Տիմատին, Նիկիտա Միխալկովը, Վլադիմիր Մաշկովը, Ալեքսանդր Դուգինը և Նաիլյա Ասկեր-զադեն։

15:19

Ռուսաստան հագուստի մատակարարման խափանումներ չեն լինի, շուկայում կան բավարար թվով հայրենական արտադրողներ։ Այդ մասին «Россия-1» հեռուստաընկերությանը հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

14:47

Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատուն՝ Ռուսլան Գերեմեևը, գտնվում է Մարիուպոլում։ Նրա մասին տեսանյութ է հրապարակել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը։

14:46

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ուկրաինայի մայրաքաղաքն անցկացրել պատերազմի մեկ ամիսը։

14:43

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինան ռուսական ներխուժումից հետո լքել է ավելի քան 3,8 միլիոն մարդ։ Գրեթե 2,3 միլիոն ուկրաինացի ժամանել է միայն Լեհաստան։

14:39

РИА Новости-ն Մարիուպոլի օդանավակայանից տեսանյութ է հրապարակել։

«Օդանավակայանը հիմա ամբողջությամբ դատարակ է․ ո՛չ զինվորականներ կան, ո՛չ քաղաքացիներ։ Միայն սոված կատուներն են վազում դատարկ շենքում։ Ինքնաթիռներ ևս չեմ տեսել։ Մոտակայում ինչ-որ տեղ լսվում են հրաձգային զենքից կրակոցների ձայներ։ Հավանաբար, տեղի է ունենում մոտակա գյուղերի մաքրում»,- ասել է օպերատորը։

14:34

Ի աջակցություն Ուկրաինայի՝ բողոքի խաղաղ ակցիա Երևանի կենտրոնում։ Մասնակցում է մոտ 100 մարդ։ Տեսանյութից և լուսանկարներից երևում են, որ հիմնականում մասնակցում են սլավոնական արտաքինով անձինք, հավանաբար ուկրաինացիներ և ռուսներ։

14:30

Ռուսաստանցի զինծառայողները կրկին փորձել են զենքի միջոցով ցրել Սլավուտիչում բողոքի ակցիան, որը նախօրեին անցել էր նրանց վերահսկողության տակ։ BBC-ի ռեպորտաժը։

14:27

«Украина Сейчас»-ը հայտնում է, որ մոտ երկու ժամ առաջ Նիկոպոլում և Կրիվոյ Ռոգում հայտարարվել է օդային տագնապ։

14:22

ՌԴ դաշնային խորհրդի սենատոր Անդրեյ Կլիշասը հայտարարել է, որ Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններն իրավունք ունեն որոշելու մտնել Ռուսաստանի կազմ, եթե այն չի հակասում իրենց սահմանադրություններին, իսկ Մոսկվան արդեն ճանաչել է նրանց ինքնիշխանությունը։

14:19

⚡️Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ առաջիկայում ինքնահռչակ հանրապետությունում կարող է անցկացվել Ռուսաստանի կազմը մտնելու մասին հանրաքվե։

14:15

Ռովենի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալը հայտարարել է, որ Դուբնո քաղաքի նավթաբազան ավերվել է ռուսական զորքերի հրթիռակոծությունից հետո։

«Փառք Աստծո, առանց մարդկային կորուստների, բայց բազան ամբողջությամբ ավերվել է»,- Կովալի խոսքերը մեջբերում է «Украинская правда»-ն։

14:03

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ «ՌԴ կազմ ԼԺՀ-ի մտնելու հարցով հանրաքվեի անցկացման համար հիմա ճիշտ ժամանակը չէ», հայտնում է ТАСС-ը։

Կալաշնիկովը Կոմկուսի մյուս պատգամավորների հետ միասին ՌԴ նախագահին ուղղված կոչի հեղինակներից մեկն էր, որով կոչ էր արվում ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ինչպես մյուս պատգամավորները, որոնք կողմ էին քվեարկել դրան, Կալաշնիկովը ևս պատժամիջոցների տակ է։

13:58

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հնարավորություն տալ տեսակապով ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, որը կկայանա առաջիկա գիշերը։ Հակառակ պարագայում, Փենը կոչ է անում բոյկոտել այն։

13:49

Ռոսկոմնադզորը ՌԴ տարածքում արգելափակել է գերմանական Bild պարբերականի, ինչպես նաև լրագրող ու հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովի կայքերը։

www.bild.de և nevzorov.tv կայքերին հասանելիությունը սահմանափակվել է ՌԴ գլխավոր դատախազության մարտի 26-ի պահանջով։

12:30

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ Ուկրաինայում պատերազմական գործողությունների մասին

  • Ռուսական զորքերը իրենց ուժերը կենտրոնացնում են, որպեսզի փորձեն շրջափակել ուկրաինական ուժերին, որոնք կանգնած են երկրի արևելքում՝ անջատողական շրջանների դեմ։ Ռուսական զորքերը հյուսիսից շարժվում են Խարկովի կողմից, իսկ հարավից՝ Մարիուպոլի։
  • Ուկրաինայի հյուսիսային մասում ուժերի դասավորվածությունը հիմնականում չի փոխվել։ Ուկրաինական ուժերը հակահարձակումներով կանխում են ռուսական զորքերի վերախմբավորման փորձերը։

12:27

Новая газета-ի հատուկ թղթակիցը ռեպորտաժ է հրապարակել ռուսական վերահսկողության տակ անցած Խերսոնից։

12:25

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կադրեր է հրապարակել Լվովի հրթիռակոծման հետևանքով փրկարարների աշխատանքից։

12:09

Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է մարտի 26-ի գիշերը Տրոստյանեց քաղաքում, որը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կողմը, ազատագրվել էր ռուսաստանցի զինծառայողներից։ Տեսանյութում երևում է լքված ռազմական տեխնիկա, ինչպես նաև ավերված շենքերն ու վնասված ենթակառուցվածքները։ Քաղաքի տուժած բնակիչների և նյութական վնասների չափերը ճշտվում են։

12:06

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն հեռուստաեթերում հայտարարել է, որ ռուսական զորքերն սկսել են ոչնչացնել վառելիքի և մթերքի պահեստները, հայտնում է Reuters գործակալությունը։

Դենիսենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանն իր ուժերը կենտրոնացնում է Կիևի ուղղությամբ, ինչը կարող է նշանակել, որ ռուսական բանակը նոր փորձեր կձեռնարկի առաջ շարժվելու ուկրաինական տարածքի խորքեր։

12:02

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովի ուղղությամբ։ Հարվածները հասցվել են ՎՔՆ բազայի և ռադիովերանորոգման գործարանի ուղղությամբ, որը, մասնավորապես, զբաղվում էր զենիթահրթիռային համալիրների վերանորոգմամբ և արդիականացմամբ։
  • Մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի 67 ռազմական օբյեկտ։
  • Ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 18 անօդաչու։
  • ՌԴ ԶՈւ-ն Կիևի մոտ ոչնչացրել է С-300-ի և «Бука»-ի հրթիռների պահեստ։

12:00

Ի՞նչ է կատարվել մարտի 27-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը մի քանի հրթիռ են արձակել Լվովի ուղղությամբ։ ՌԴ ՊՆ-ն հաստատել է Լվովի հրթիռակոծումը՝ հայտարարելով, որ մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի 76 ռազմական օբյեկտ։
  • Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտարարել է, որ շրջափակված քաղաքից տարհանվել է բնակչության կեսը։ Մինչև պատերազմը, Մարիուպոլում բնակվում էր 540 հազար մարդ։
  • «Аuchan» հիպերմարկետների ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ մթերային խանութների ցանցը կշարունակի Ռուսաստանում իր աշխատանքը, քանի որ գործում է քաղաքացիական բնակչության շահերից ելնելով։ Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին ընկերությանը կոչ էր արել հեռանալ ռուսական շուկայից։
  • Վլադիմիր Զելենսկին արգելել է ուկրաինացիներին զորքերի տեղաշարժի վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել։
  • Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 139 երեխա, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter