
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների միության անդամներին
Մարտի 27-ին Դատավորների միության անդամներն ուխտավորաբար այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանքում մասնակցելու Մեծ պահքի Դատավորի կիրակիի Սուրբ Պատարագի արարողությանը:
Մայր Աթոռի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունել է միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի:
Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, նշել է, որ Դատավորների միության անդամներով համախումբ Դատավորի կիրակիին առաջին անգամն են ուխտավորաբար այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Միության նախագահը նաև հույս է հատնել, որ իրենց այս ուխտագնացությունը կդառնա գեղեցիկ ավանդույթ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է փոխանցել ներկաներին և, անդրադառնալով օրվա խորհրդին, նկատել, որ դատավորի առաքելությունը պետք է ուղեկցվի Աստծո նկատմամբ երկյուղով և մարդկանց հանդեպ բարձր պատասխանատվությամբ: Այս առիթով Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ դատավորներն իրենց ծառայության համար ուղենիշ կդարձնեն ավետարանական այն ճշմարտությունը, թե օրենքն է մարդու համար և ոչ թե մարդը՝ օրենքի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև դատավորների հարցերին, որոնք վերաբերում էին Դատավորների միության և Մայր Աթոռի հետագա գործակցության հեռանկարներին, Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերներին։
Մեկնաբանել