
Պատերազմ Ուկրաինայում, օր 33 (առցանց լուսաբանում)
«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 29-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։
21:00
ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ գնալու փոխզիջումների, որպեսզի վերջ դրվի պատերազմին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Ուկրաինական պաշտոնյաները վերջերս ենթադրել էին, որ Ռուսաստանը կարող է պատրաստ լինել բանակցություններում համաձայնության։ Սակայն Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի նախագահը հիմա «չի ուզում գնալ փոխզիջման»։
20:51
Մոսկվան կարտաքսի Սլովակիայի դեսպանության երեք դիվանագետների։ Այդ մասին հայտնում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։
20:45
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարել է, որ փակում է իր գրասենյակները Մոսկվայում և Մինսկում։
20:41
Ռուսաստանը գրավել է Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շրջակա տարածքը, ինչը պարզ է դառնում է РИА Новости-ի տեսանյութից, որը նկարահանվել է թատրոնի մոտ։ Ուստի, հավանաբար, Մարիուպոլի կենտրոնն անցել է ռուսական վերահսկողության տակ։
Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ այդ թատրոնի հրթիռակոծության հետևանքով զոհվել է մոտ 300 խաղաղ բնակիչ։ Ռուսական կողմը պնդում է, որ թատրոնը պայթեցրել են «Ազովի» գնդի մարտիկները։
20:33
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ երեկոյան տեղեկագիրը.
- Ռուսական զորքերը ուժերը կենտրոնացրել են, որպեսզի զբաղեցնեն Դոնեցկի և Լուգանսկի մարզերն ու վերահսկողությունը պահպանեն Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքների վրա։
- ՌԴ-ում զինկոմիսարիատները շարունակում են կամավորական ստորաբաժանումներ քաղաքացիների հավաքագրումը։
- Ռուսաստանը մեծացնում է զորքերը Կիևի շուրջ։
- Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են Մարիուպոլ քաղաքի պաշտպանությունը։ Բռնազավթիչները շարունակում են մեծ կորուստներ կրել։
- Հարավային Օսիայում իրականացնում են Ուկրաինայում պատերազմի համար գաղտնի զորահավաք։ Մոտ 150 մարդու Հարավային Օսիայից տեղափոխել են Ղրիմ։
- Ռուսական պաշտպանական գործարանները, որոնք արտադրում են հրթիռներ, անցել են աշխատանքի շուրջօրյա գրաֆիկի, ինչը վկայում է հրթիռային արսենալի էական կրճատման մասին։
20:21
ՌԴ ՊՆ երեկոյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.
- Օրվա ընթացքում ռուսական ավիացիան և ՀՕՊ-ը օդում խոցել են ուկրաինական բանակի երկու Су-24 և մեկ Су-25։
- ՌԴ ԶՈւ-ն, Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր, ոչնչացրել է 309 անօդաչու, 1 721 տանկ և համազարկային կրակի 172 ռեակտիվ համակարգ։
- Ռուսական զորքերը, «Калибр» հրթիռների միջոցով, Ժիտոմիրի մարզում ոչնչացրել են զինամթերքի խոշոր պահեստներ։
- Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 41 ռազմական օբյեկտ, այդ թվում համազարկային կրակի երկու ռեակտիվ համակարգ։
- Մարիուպոլի շրջանում, Ազովի ծովի վրա, խոցվել է ուկրաինական Ми-8 ուղղաթիռ, որը շարժվում էր տարհանելու «Ազով» ազգայնական գումարտակի հրամանատարներին։
20:04
Ռուսաստանում բռնագրավել են շվեյցարական լյուքս դասի, միլիոնավոր դոլարների արժողությամբ, Audemars Piguet ժամացույցների խմբաքանակը։ Այդ մասին պնդում են շվեյցարական լրատվամիջոցները։
20:02
Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ, բրիգադի գեներալ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինան իմացել է Ռուսաստանի կողմից հարձակման նախապատրաստման մասին դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին։
«Ռազմական գործողությունների մեկնարկից առաջ և հետո Ռուսաստանում մեր աղբյուրները ուկրաինական հետախուզությանն են ներկայացրել բազմաթիվ տեղեկություններ Ռուսաստանի պլանների մասին»,- ասել է Բուդանովը՝ նշելով, որ խոսքը գնում է նաև Կրեմլում աղբյուրների մասին։
«Մենք ունենք աղբյուրներ, բազմաթիվ աղբյուրներ, որոնք աշխատում են մեզ համար։ Բանակում, քաղաքական շրջանակներում, ինչպես նաև նախագահի աշխատակազմում։ Շնորհիվ Ուկրաինայի կիբերհետախուզության հաջողված օպերացիաների՝ նաև հնարավոր է եղել հասանելիություն ստանալ Ռուսաստանի բոլոր ռազմական պաշտպանական համալիրներին։ Շնորհիվ ստացված տվյալների հնարավոր է եղել կոտրել Կրեմլի պլանները»,- հայտարարել է նա։
19:54
ԱՄՆ 2023 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Ուկրաինային տրամադրել 682 միլիոն դոլարի օգնություն։
19:50
⚡️Կայացել է Իլհամ Ալիև-Վլադիմիր Զելենսկի հեռախոսազրույց
Համաձայն Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Զելենսկին Իլհամ Ալիևին տեղեկացրել է Ուկրաինայում առկա իրավիճակի մասին։ «Երկու երկրների նախագահները «ընդգծել են հումանիտար միջանցքների ստեղծման հարցը և խաղաղ բանակցությունների շարունակումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
19:38
Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կմեկնարկեն մարտի 29-ին Երևանի ժամանակով 10:30-ին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Բանակցությունները կկայանան Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։
Ռուսական պատվիրակության ինքնաթիռը դեռ մարտի 28-ի ցերեկն է ժամանել Ստամբուլ։
19:34
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։
19:29
РИА Новости-ն լուսանկար է հրապարակել, որտեղ պնդվում է, որ Կադիրովը գտնվում է Մարիուպոլում։
19:23
Ռամզան Կադիրովը ժամանել է Մարիուպոլ
Այդ մասին РБК-ին հայտնել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, տպագրության և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։ Նրա խոսքով՝ Կադիրովը ժամանել է քաղաք, որպեսզի «շփվի, բարձրացնի տղաների մարտական ոգին, տեխնիկական լրացուցիչ շտկումներ անի, ճշգրտի և մշակի առաջիկա մի քանի օրվա հետագա գործողությունների ռազմավարությունը, որպեսզի ազատագրվի Մարիուպոլը»։
Այսօր Կադիրովը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել ավերված Մարիուպոլից։
19:19
Մարիուպոլում, ըստ քաղաքային իշխանությունների տվյալների, զոհվել է ավելի քան 5 000 խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։ Զոհերի թվում 210-ը երեխաներ են։
19:07
Կիևի մարզի Իրպեն քաղաքը վերադարձել է ուկրաինական վերահսկողության տակ։ Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը։
Նա ընդգծել է, որ հիմա ընթանում է քաղաքի վերջնական մաքրումը ռուսական ուժերից, այդ իսկ պատճառով բնակիչները դեռևս չպետք է վերադառնան, քանի որ անվտանգ չէ։
19:02
Ռուսաստանում ստեղծում են Instagram-ի սեփական տարբերակը՝ «Россграм»-ը, որն իր արտաքին տեսքով Instagram-ի կրկնությունն է։
18:48
Դանիական գարեջրագործական Carlsberg Group-ը հայտարարել է, որ վաճառում է Ռուսաստանում իր բիզնեսը
«Ուկրաինայում պատերազմը և ահագնացող մարդասիրական ու միգրացիոն ճգնաժամը ցնցում են մեզ բոլորիս։ Մենք շարունակում ենք վճռականորեն քննադատել ռուսական ներխուժումը, որը հանգեցրել է այդքան շատ մարդկային կորուստների, ավերածությունների և ողբերգրությունների։»
<…>
Մենք դժվար և հրատապ որոշում ենք ընդունել Ռուսաստանում մեր բիզնեսի ամբողջական վաճառքի վերաբերյալ, ինչը, մեր կարծիքով, հանդիսանում է ճիշտ որոշում ստեղծված պայմաններում։ Գործարքի ավարտից հետո մենք որևէ ներկայություն չենք ունենա Ռուսաստանում»։
Հիշեցնենք, որ Carlsberg-ին է պատկանում նաև Балтика գարեջուրը։
18:19
Արաբական Միացյալ Էմիրությունների պետական Mubadala հիմնադրամը դադարեցնում է Ռուսաստանում բոլոր ներդրումները։ Հիմնադրամի տվյալներով՝ ավելի վաղ նա ներդրել է 3,6 միլիարդ դոլար՝ Ռուսաստանի և ԱՊՀ-ի ավելի քան 45 նախագծերում, ներառյալ «Սիրբուր»-ում և En+-ում։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում նախատեսվում էր ներդնել 6 միլիարդ դոլար։
17:21
Լուգանսկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է Սևորոդենցկի ուղղությամբ ռուսական նոր հարվածների մասին։
16:58
⚡️Մեծ յոթնյակի երկրները մերժել են Ռուսաստանի պահանջը՝ գազի համար վճարել ռուսական ռուբլով
Այդ մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի փոփոխության խնդիրների հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը։
Նրա խոսքով՝ G 7-ի երկրների ներկայացուցիչները համաձայնվել են, որ ռուբլով վճարման պահանջը «միակողմանի է և հանդիսանում է գազի գոյություն ունեցող պայմանագրերի էական խախտում»։
16:31
«Փառք Աստծո, ողջ են». Մարիուպոլի բնակիչներն այցելել են իրենց ավերված տները. BBC-ի ռեպորտաժը
16:28
Լավրով. նախապատրաստվում է վիզային բնույթի պատասխան միջոցների մասին հրամանը, որը կսահմանափակի դեպի Ռուսաստան «ոչ բարեկամական երկրների» քաղաքացիների մուտքը։
16:24
Ռուսական վերահսկողության տակ անցած Էներգոդարի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանք երգել են Ուկրաինայի օրհներգը և պահանջել ազատ արձակել փոխքաղաքապետ Իվան Սամոյդյուկին, որի առևանգման մասին հայտարարվել էր մարտի 20-ին։
16:17
⚡️«Новая газета»-ն հայտարարել է աշխատանքի դադարեցման մասին
«Մենք ևս մեկ զգուշացում ենք ստացել Ռոսկոմնադզորից։ Դրանից հետո մենք դադարեցնում ենք համացանցում և թղթային տարբերակով թերթի թողարկումը, մինչև «Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության» ավարտը»։
Մարտի 28-ին Ռոսկոմնադզորը մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ զգուշացում էր տվել «Новая газета»-ին արտասահմանյան գործակալ ճանաչված լրատվամիջոցի մակնշումը չանելու համար։ Ըստ ռուսական օրենսդրության՝ մեկ տարվա մեջ երկրորդ նման զգուշացումը կարող է պարբերականի լիցենզիայի հետ կանչի գործընթացի սկսման պատճառ դառնալ։
16:11
Ուկրաինացի փախստականները Լեհաստանի Պշեմիսլ քաղաքում։ Լուսանկարն արվել է մարտի 28-ին։ Ընդհանուր առմամբ Լեհաստանում, ըստ այդ երկրի կառավարության տվյալների, փետրվարի 24-ից ժամանել է գրեթե երեք միլիոն ուկրաինացի։
15:58
Bloomberg-ը ապրիլի 3-ից իր տերմինալներից կանջատի ռուսաստանցի բոլոր հաճախորդներին։ Այդ մասին հայտնում են Frank Media-ի и РБК-ի աղբյուրները։ Պաշտոնապես այդ մասին դեռևս չի հայտարարվել։
Bloomberg-ի տերմինալը համակարգչային համակարգ է, որը ներդրողներին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ ֆինանսական տարբեր տվյալների և գործարքներ անել։
Ավելի վաղ, տեղեկատվական գործակալությունը հայտարարել էր, որ կդադարեցնի իր լրագրողների աշխատանքը Ռուսաստանի տարածքում՝ կապված ֆեյքերի հայտնի օրենքի հետ։
15:32
Հյուսիսային Մակեդոնիան հայտարարել է ռուսաստանցի հինգ դիվանագետների պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին։ Այդ մասին հայտնում է MIA գործակալությունը։
15:14
Հյուսիս-ղրիմական ջրանցքն ութ տարվա մեջ առաջին անգամ ամբողջությամբ լցվել է ջրով։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ ջրային տնտեսության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալբերտ Կանգիևը։
Ղրիմի Ռուսաստանին միանալուց հետո՝ Ուկրաինան փակել էր ջուրը, որը Հյուսիս-ղրիմական ջրանցքով թերակղզի է հասնում Խերսոնի մարզից։ Այն ապահովում էր Ղրիմի ջրի պահանջների 90 %-ը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո՝ ռուսական զորքերը վերսկսել էին ջրանցքով ջրի մատակարարումը։
14:55
Պետդումայում շրջանառության մեջ է դրվել ռուսաց լեզվին բոլոր տիրապետողներին համերկրացու կարգավիճակ տրամադրելու օրենսդրական նախագիծը։
Օրենսդրական նախագծով նաև առաջարկվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն բնակվում են Ռուսաստանի տարածքում։
14:48
Պատերազմից Ուկրաինայի կորուստները հասել են 564,9 միլիարդ դոլարի
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Այսպես, 119 միլիարդ դոլարը կազմում է ենթակառուցվածքների կորուստները (ճանապարհներ, կայարաններ, օդանավակայաններ), 112 միլիարդը՝ 2022 թվականի ՀՆԱ-ի կորուտները, 90,5 միլիարդը՝ քաղաքացիական բնակչության կորուստները (տներ, ավտոմեքենաներ և այլ սեփականություն), 80 միլիարդը՝ ձեռնարկությունների և կազմակերպությունների կորուստները, 54 միլիարդը՝ ուկրաինական տնտեսության մեջ ուղիղ ներդրումների կորուստը, 48 միլիարդը՝ պետբյուջեի կորուստը։
14:32
Խարկովի բնակչության մոտ մեկ երրորդը լքել է քաղաքը։ Այդ մասին հայտարարել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
14:29
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Deutsche Welle-ն ներառել է արտասահմանյան գործակալների ռեեստրում։
14:27
14:17
Մարիուպոլում շարունակում է մնալ մոտ 160 հազար մարդ։ Այդ մասին հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։
⚡️Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կսկսվի վաղը, ժամը 10:00-ի, Ստամբուլում։ Այդ մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
14:08
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ. ամեն օր Ռուսաստանը տալիս է 510-530 զոհ
Щодня РФ втрачає вбитими 510-530 осіб. Це свідчить про надзвичайно високу інтенсивність боїв і мотивацію 🇺🇦 військових. Щоб подвоїти/потроїти для РФ кількість безповоротних втрат, необхідно різко збільшити обсяг постачання снарядів до важких і далекобійних артилерійських систем.
— Михайло Подоляк (@Podolyak_M) March 28, 2022
14:03
Զելենսկի. ուկրաինական քաղաքների առևանգված քաղաքապետների մի մասին մահացած են հայտնաբերել
Այդ մասին Զելենսկին հայտարարել է The Economist-ին տված հարցազրույցում։
«Նրանք առևանգում են մեր քաղաքների քաղաքապետներին։ Նրանք սպանել են նրանցից մի քանիսին։ Նրանցից ոմանց չենք կարողանում գտնել։ Նրանցից մի քանիսին մենք արդեն գտել ենք և նրանք մահացած են»։
Մարտի 25-ին Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել էր, որ ռուսական գերության մեջ է Ուկրաինայի 14 քաղաքապետ։
13:58
Իվանո-Ֆրանկովսկի քաղաքապետ Ռուսլան Մարցինկիվը «Настоящее время» հեռուստաընկերությանը պատմել է, որ հումանիտար օգնության շարասյունը, որին ինքն ուղեկցում էր Չեռնիգով, ընկել է գնդակոծման տակ։ Մի քանի մարդ վիրավորվել է։
13:54
Վլադիմիր Զելենսկին եվրոպական առաջնորդների մասին.
The Economist պարբերականին տված հարցազրույցում Զելենսկին խոսել է այն մասին, թե արդյոք եվրոպական երկրները պատրաստ են աջակցել Ուկրաինային։
Զելենսկին կտրուկ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն բանի համար, որ վերջինս ռազմական աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային։ «Որովհետև նրանք վախենում են Ռուսաստանից։ Եվ վերջ»:
Զելենսկին ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առավել ակտիվորեն է զենք ուղարկել։ «Այո, անկեղծ ասած, Ջոնսոնն առաջնորդ է, որն ավելի շատ է օգնել»:
Գերմանիան, Զելենսկու խոսքով, դեռևս սպասում է։ «Նրանք փորձում են բալանս գտնել։ Նրանք վաղուցվանից հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ և նրանք իրավիճակը նայում են տնտեսության պրիզմայով»:
13:52
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Ռուսաստանը մեկուսացված չէ։
13:49
Այսօրվանից Կիևում և Կիևի մարզում պարետային ժամը կսկսվի մեկ ժամ ուշ, իսկ կավարտվի մեկ ժամ շուտ։ Այսպիսով, պարետային ժամը կսկսվի 21:00-ին և կավարտվի 06:00-ին։ Այդ մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
13:44
«Агентство» պարբերականը հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների մասնակիցներից մեկը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը թունավորվել է։ Վերջինս պնդում է, որ իր հետ ամեն ինչ կարգին։
Ումերովը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել «մինչև ճաշ չկարդալ խորհրդային թերթերը»։
12:37
Կարմիր խաչը նախկինի պես չի կարողանում օգնել Մարիուպոլում գտնվող մարդկանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ նախկինի պես չի կարող օգնություն տրամադրել շրջափակված Մարիուպոլին, քանի որ դա Ռուսաստանից և Ուկրաինայից պահանջում է անվտանգ մուտք։
«Կողմերը պետք է հասնեն համաձայնության, որպեսզի ապահովեն անվտանգ մուտքը։ Նրանք պետք է մշակեն երթուղին և մարդկանց տան բավարար ժամանակ, որպեսզի լքեն քաղաքը։ Այս պահին մենք չունենք խումբ, որն այնտեղ հասանելիություն ունի»,- BBC-ին ասել է կոմիտեի ներկայացուցիչ Մեթ Մորիսը։
12:33
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բուլղարիայի սահմանից ոչ հեռու Սև ծովում ականի հայտնաբերման մասին։ Երկու օր առաջ թուրքական իշխանությունները ժամանակավոր փակել էին Բոսֆորի նեղուցը՝ մեկ այլ ականի պատճառով։
12:25
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ այսօր մարդասիրական միջանցքները չեն գործի։ Նրա խոսքով՝ ուկրաինական հետախուզությունը տեղեկացել է տարհանման երթուղիների վրա «հնարավոր սադրանքների մասին»։
11:39
Ռուսական շուկայում իրեց մատակարարումները սահմանափակած ընկերությունների տեխնիկայի պաշարները բավարար են երկու-երեք ամսվա համար։ Այդ մասին РБК-ին հայտնել են երկու առևտրային կենտրոնների ներկայացուցիչներ։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ռուսական կառավարությունը դիտարկում է զուգահեռ ներկրումը թույլատրելու տարբերակը, այսինքն՝ ներմուծում առանց իրավատիրոջ թույլտվության։ Այդպիսի ապրանքանիշների ցանկում է նաև Apple-ը։
11:35
Ուկրաինական «Ազով» գունդը հրապարակել է Մարիուպոլի լուսանկարները։ Թե երբ են արվել լուսանկարները, հայտնի չէ։
11:28
Ուկրաինայի փոխվարչապետ. Ռուսաստանը շարունակում է ռազմականացնել Չեռնոբիլի ատոմակայանի ճառագայթման գոտին
Ռուսական զորքերը շարունակում են փոխադրել և զգալի քանակությամբ զինամթերք պահել Չեռնոբիլի ատոմակայանի անմիջական հարևանությամբ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։
Նրա խոսքով՝ դա վտանգ է ստեղծում 1986 թվականին տեղի ունեցած պայթյունից հետո կայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված մեկուսացման կառույցների վնասման եւ ռադիոակտիվ փոշու մթնոլորտ հայտնվելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ատոմակայանի մոտ անտառային հրդեհների մասին։ Վերեշուկը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ էր արել ատոմակայան ուղարկել հատուկ մասնագետների առաքելություն՝ «Չեռնոբիլի աղետի կրկնման ռիսկի վերացման համար»։
11:21
ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.
- Մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 19 անօդաչու, 4 Су-24 ինքնաթիռ և 1 Су-27:
- ՌԴ ԶՈւ-ն Խերսոնի մարզի օդակայանի շրջանում օդում խոցել է ուկրաինական համազարկային կրակի «Смерч» ռեակտիվ համակարգի 5 հրթիռ։
- ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և հրթիռային զորքերը մեկ օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի 36 ռազմական օբյեկտ, այդ թվում երկու զենիթահրթիռային համակարգ և համազարկային կրակի ռեակտիվ մեկ համակարգ։
11:17
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն. վերջին օրերի ընթացքում ռուսական զորքերի դիրքերը չեն փոփոխվել
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ հերթական թարմացումը։ Բրիտանական հետախուզության տվյալներով՝ «ռուսական ուժերի դիրքերում էական փոփոխություններ չեն եղել»։
Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ բանակը շարունակում է կրել «լոգիստիկ դժվարություններ, որոնք ուղեկցվում են հարձակման տեմպերի անբավարարությամբ»։ Բրիտանական հետախուզությունը նաև նշում է Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակից ռուսական զորքերի շրջանում մարտական ցածր ոգու մասին։
Բրիտանացիների կարծիքով՝ Ռուսաստանն ամենամեծ հաջողությունների հասել է Մարիուպոլում, որտեղ շարունակվում են կատաղի մարտերը։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 28 March 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) March 28, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/7lfm6YBINs
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/RlINL4mY0l
11:13
Հոլանդական Heineken ընկերությունը РИА Новости-ին հայտնել է, որ հեռանում է Ռուսաստանից՝ իր ռուսական բիզնեսը փոխանցելով նոր սեփականատիրոջ։
11:09
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ առավոտյան տեղեկագիրը
- Շարունակվում են մարտերը Խարկովի մարզի Տոպոլսկոյե, Կամենկա և Սուխայա Կամենկա բնակավայրերի շրջանում։
- Ուկրաինական զորքերը պահում են հակառակորդի առաջխաղացումը Զապորոժյեի մարզի Գուլյայպոլյա և Զապորոժյե բնակավայրերի ուղղությամբ։
- Կիևի պաշտպանության ուժերը զսպում են հակառակորդին, որը փորձում է հյուսիս-արևմուտքում և արևելքում ճեղքել պաշտպանությունը, որպեսզի վերահսկողության տակ վերցնի հիմնական ավտոճանապարհներն ու բնակավայրերը։
- Հարավում հիմնական ուժերը կենտրոնացված են Կրիվոյ Ռոգի, Զապորոժյեի և Նիկոլաևի պաշտպանությունների վրա։
- Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով հետ է մղվել հինգ հարձակում, հակառակորդը կրել է տեխնիկայի և մարդուժի կորուստներ։
- Նախորդ օրվա ընթացքում ուկրաինական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ռուսական չորս ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, երկու անօդաչու և երկու թևավոր հրթիռ։
11:00
Ի՞նչ է կատարվել մարտի 28-ի գիշերը` հակիրճ.
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուսական իշխանությունների փորձերը կանխարգելելու ռուսական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցի տարածումը։ «Դա ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ»,- հայտարարել է Զելենսկին։
- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է հանդես եկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահների ուղարկմանն ու այդ երկրի վրա ոչ թռիչքային գոտի հայտարարելու գաղափարին։
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի արել՝ ասելով, որ Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»։
- Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 143 երեխա։
- «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Ուկրաինայում զոհերի հիշատակը։
Լուսանկարը՝ EPA Photo-ի
Մեկնաբանել