
Առուշանյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից, Քարահունջի ղեկավարն ամբողջությամբ արդարացվեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, քիչ առաջ հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի և մյուսների գործով դատավճիռը:
Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հոդվածներով:
Դատավճռով Առուշանյանը մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելուց զրկելը` 5 տարի ժամկետով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որի համար նրա նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով: Պատժի մեջ հաշվարկվել է Առուշանյանի` արգելանքի տակ գտնվելու ժամկետը` 8 ամիս 12 օրը։
Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաև ինքնիրավչության հոդվածով և նրա նկատմամբ նշանակվեց տուգանք` 700 հազ․ դրամի չափով:
Նշանակված պատիժների լրիվ գումարի արդյունքում Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց՝ 6 ամիս 18 օր ազատազրկում, 700 հազ․ դրամ տուգանք և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն չզբաղեցնելը 5 տարի ժամկետով։
Առուշանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվեց, և սահմանվեց 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան։ Առուշանյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից:
Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը արդարացվեց ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, հավաքների անցկացնելուն կամ դրանց իրականացնելուն խոչընդոտելու հոդվածներով, այսինքն` իրեն վերագրվող բոլոր արարքներում:
Ամբաստանյալ Հարութ Լալազարյանը և Էրիկ Աղաջանյանը մեղավոր ճանաչվեցին Արթուր Գյուրջյանի դիտավորությամբ առողջությանը միջին վնաս պատճառելու հոդվածով, նրանց նկատմամբ որպես պատիժ 1 տարի ազատազրկում նշանակվեց, և այն պայմանականորեն չկիրառվեց. դատարանը նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակեց 1 տարի 3 ամիս ժամկետով։
Ամբաստանյալ Սամվել Դինունցն ու Հրայր Բաղդասարյանտ անմեղ ճանաչվեցին ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, այսինքն` իրենց վերագրվող բոլոր արարքներում:
Լուսանկարը՝ Գորիսի համայնքապետարանի
Մեկնաբանել