HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում. ինչպես են փոխհարաբերվելու մատակարարներն ու բաժանորդները

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումն էական ազդեցություն կունենա արդյունաբերական սպառողների վրա և ավելի փոքր ազդեցություն` բնակիչ-սպառողների վրա:

Այս կարծիքին է ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանը: Վերջինս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած դասընթացին լրագրողներին ներկայացնում էր էլեկտրաէներգիայի ազատականացման ծրագիրը և պատասխանելով մեր հարցին, թե այս փոփոխություններն ինչ ազդեցությունն են ունենալու սովորական բնակիչ-սպառողների վրա, հաստատեց, որ գոնե առաջիկա 10 տարում այն էապես չի ազդի:

«Այո, եթե նույնիսկ նայում ենք այն շուկաներին, որոնք բացվել են վաղուց, ասել, որ այնտեղ 100%-ը գնացել և նոր մատակարարի է ընտրել, այդպես չէ: Բնակչության ավելի փոքր հատվածն է նախընտրում գնալ մատակարար ընտրել, սովորաբար, բիզնեսներն են ընտրում: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ բնակիչ-սպառողների որոշակի հատված կլինի, որը շուկայում կնախընտրի այլ մատակարարի մոտ տեղափոխել, օրինակ կանաչ` վերականգնվող էներգիա օգտագործելու առումով»,-ասում է Ա. Բուդաղյանը:

Վերջինս կարծում, է, որ ազատականացման դեպքում սակագնի միջինացումը, որ կա այս պահին, սկսում է վերանալ, գները վերադառնում են իրենց իրական մակարդակին, և համակարգն, ընդհանուր առմամբ, ճիշտ ազդակներ է տալիս սպառողներին և սկսում է ճիշտ ուղղությամբ զարգանալ:

Քաղաքացին կամ տնտեսվարողը կարող է հրաժարվել իր ընտրած մատակարարից և կրկին օգտվել ՀԷՑ-ի ծառայությունից, սակայն ինչպիսին կլինեն ՀԷՑ-ի հետ հետագա փոխհարաբերությունները տվյալ սպառողի համար, դեռևս պարզ չէ, գուցե ՀԷՑ-ը նոր պայմաններ առաջադրի իրենից հրաժարված, այնուհետև կրկին իր ծառայություններին վերադարձած սպառողին: Այսինքն` վերադարձած սպառողին ավելի թանկ վաճառի էներգիան:

Ինչպես հավաստիացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը, դեռևս որևէ քաղաքացի կամ տնտեսվարող չի դարձել նոր մատակարարներից որևէ մեկի բաժանորդ:

Միաժամանակ, նոր մատակարարները պետք է այնպիսի պայմաններ առաջարկեն սպառողներին, որոնք ավելի նախընտրելի կլինեն, քան գործող սակագները կամ ծառայությունները: Ինչպես համեմատեց Սեդա Շահինյանը, էլեկտրաէներգիայի մատակարարներն աշխատելու են գրեթե նույն սկզբունքով, ինչ ինտերնետ մատակարարները, երբ բաժանորդներն իրենք են ընտրում` ում կապից օգտվել, ումից հրաժարվել և ինչու:

Մեր դիտարկմանը, թե հաշվի առնլեով մատակարարների մեծ մասի նորաստեղծ լինելու հանգամանքը` արդյոք լիցենզիա ստանալու համար կան սահմանված պահանջներ, որոնց պետք է համապատասխանի մատակարարը կամ թրեյդերը, Աբգար Բուդաղյանն ասաց, որ առայժմ տվյալ կազմակերպությունները պետք է գրասենյակ ունենան, կայք և տեղեկություններ հաղորդեն:

«Ողջ առևտուրը մեծածախ շուկայում երաշխավորված է բանկային երաշխիքով: Ընդհանուր առմամբ, պետք է թողնել մուտք գործեն շուկա, հետո պահանջները խստացվեն, եթե կարիքը լինի: Այս պահին շուկա մուտքը շատ պարզ է, բայց առևտուրը շատ խիստ է, և դու չես կարող առևտուր անել, եթե գումար չունես: Բայց բազմաթիվ սպառողներ նայելու են, թե ով է այդ մատակարարը, ինչ-որ բան անու՞մ է, թե չի անում, և դա որոշիչ է լինելու»,-նշեց Աբգար Բուդաղյանը:

«Այսօր վաճառքի միակ էներգիան շուկայում կանաչ էներգիան է, քանի որ միակ գործող արտադրողները ժամկետները լրացած հէկերն են»,- ասում է ՀԾԿՀ-ի անդամ Սերգեյ Աղինյանը:

Սեդա Շահինյանը մանրամասնեց, որ մատակարարները պետք է գտնեն նրանց, քանի որ գիտեն, որ այլևս պետությունն այդ հէկերի նկատմամբ պարտավորություն չունի` ՀԷՑ-ին ստիպել գնել հէկերից նրանց արտադրած էներգիան: Օրինակ` ենթադրենք, ՀԷՑ-ին 15 դրամով վաճառելու փոխարեն, մատակարարները հէկերից գուցե 16 դրամով գնեն և վերավաճառեն սպառողներին: Կամ գուցե մատակարարը գնա Վրաստան, այնտեղից այդ սեզոնին գտնի ավելի էժան էներգիա, բերի, հետո ինչ-որ այլ ժամանակահատվածում Հայաստանից տանի հէկերի էներգիան Վրաստան:

«Իրենք մաքսիմալ օպտիմալացնելու են սպառողների պահանջը, տեսնեն` արտադրողներից ինչ են կարողանալու ձեռք բերել, ինչպես են կարողանալու սպառող գտնել և օպտիմալ բաշխել էլեկտրաէներգիան»,-նշեց Սեդա Շահինյանը:

Վերջինիս կարծիքով, այսուհետ վերականգնվող էներգետիկան ևս մրցակցային փուլում է: Այն եկամտաբերությունը, որ իրենք հաշվարկել են, արդեն ստացել են, երկիրը փոքր հէկերի նկատմամբ իր պարտավորությունն արդեն կատարել է, նրանք վաղուց արդեն հետգնում ունեն: Հայաստանյան շուկան փոքր է, հույս ունեն, որ կինտեգրվեն Վրաստանի շուկա:

«Օտարերկրյա ընկերությունները կարո՞ղ են մատակարար կամ թրեյդեր դառնալ» մեր հարցին Սեդա Շահինյանը պատասխանեց, որ օրենսդրորեն որևէ սահմանափակում չկա. «Մենք պատմականորեն մի քիչ ավանդաբար ենք այդ հարցերին մոտենում, բայց օրենսդրորեն թույլատրվում է: Կան որոշակի պահանջներ, օրինակ` երաշխիքներ պետք է ներկայացնեն, եթե այդ ամենը կա, օրենսդրությունը դա չի արգելում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter