
Լիցենզիայից զրկված Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը դատարանում վիճարկում է նախարարի հրամանը
Մի քանի օր է՝ ուսանողները հավաքվում են Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի դիմաց՝ պահանջելով իրենց փաստաթղթերը: Ազգությամբ հնդիկ Ուտկաշ Արյան այդ ուսանողներից մեկն է: Նա սովորում է ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետում: Ավարտական կուրսի ուսանող է, և հայտնվել է անելանելի դրության մեջ: Ուտկաշն ավարտելուց հետո պետք է վերադառնար Հնդկաստան, սակայն չի կարող ավարտական փաստաթուղթ ստանալ, քանի որ համալսարանը զրկվել է լիցենզիայից:
Համալսարանը լիցենզիայից զրկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար 2022թ. փետրվարի 18-ի հրամանով՝ մի շարք պահանջներ չբավարարելու պատճառաբանությամբ:
Վահրամ Դումանյանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիայից զրկելու իր հրամանը պատճառաբանել է այն հանգամանքով, որ համալսարանը թույլ է տվել պարտադիր պայմանների և պահանջների խախտումներ: Մասնավորապես՝ անհամապատասխանություններ են արձանագրվել պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության, ուսումնամեթոդական ապահովության, ուսումնական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման պահանջներին:
Նախարարը հանձնարարել է նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ՝ նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:
Ստեղծված իրավիճակում անելանելի դրության մեջ են հատկապես ավարտական կուրսերի ուսանողները: Նրանց ավարտելուն 3-4 ամիս էր մնացել, և համալսարանը զրկվում է լիցենզիայից: Թե քանի ուսանող է տուժել համալսարանին լիցենզիայի զրկելու գործընթացից՝ հայտնի չէ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից խորհուրդ են տալիս ուսանողների թվի վերաբերյալ տեղեկություն ստանալ համալսարանից: Իսկ համալսարանից հեռախոսազանգերին պատասխանող չկա:
Այսօր եղել ենք նաև Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում, սակայն պարզաբանում ստանալ այդպես էլ չհաջողվեց: Անվտանգության աշխատակիցները պարզապես թույլ չտվեցին առաջին հարկից վերև բարձրանալ:
Բակում հավաքված էին մի քանի հնդիկ ուսանողներ: Վերջիններս փոխանցեցին, որ տուժածների թվում մոտ 120 հնդիկ ուսանող կա, սակայն ընդհանուր ուսանողների թվի վերաբերյալ տեղեկություն չունեին:
Մեզ հետ զրուցած ուսանողները խուսափում էին իրենց անունները նշել: Պատճառաբանում էին, թե պայքարից մոտ մեկ ամիս անց վերջապես իրենց հաջողվել է համալսարանից ստանալ փաստաթղթեր՝ այս տարիներին անցած առարկաների, ստացած գնահատականների, կրեդիտների վերաբերյալ: Դրանք հնարավորություն կտան տեղափոխվել այլ բուհ: Ուսանողները նշում էին, որ քանի գործընթացը չի ավարտվել, չեն ցանկանում իրենց անունից խոսել:
Նախարարության առաջարկած համալսարանները, որտեղ լիցենզիայից զրկված համալսարանի ուսանողները կարող են շարունակել իրենց ուսումը, 1-2 տարով ցածր կուրսերում են պատրաստ տեղավորել նրանց: Ստացվում է, որ ոչ իրենց մեղքով՝ պետք է 1-2 տարի էլ ուսման վարձ վճարեն ավարտական դիպլոմ ստանալու համար:
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը դիմել է վարչական դատարան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը՝ համալսարանը լիցենզիայից զրկելու վերաբերյալ, անվավեր ճանաչելու պահանջով:
Դատական գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին: Դատավորը մարտի 7-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և առաջին դատական նիստը նշանակել ապրիլի 11-ին:
«Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ն դատարանին միջնորդել էր կասեցնել Վահրամ Դումանյանի՝ համալսարանը լիցենզիայից զրկելու մասին հրամանի կատարումը: Դատարանը մերժել է համալսարանի պահանջը, քանի որ «լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցվորը չի կարող ներկայացնել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, ուստի այդպիսի միջնորդությունը ենթակա է մերժման»:
Մեկնաբանել