HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՌԴ ՊՆ․ խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն եղել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին ասվում է խաղաղապահ զորախմբի մարտի 28-ի տեղեկագրում։

ՌԴ պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ 27 դիտակետերում խաղաղապահները իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժմի պահպանման վերահսկողություն են իրականացնում։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Արցախի Ասկերանի շրջանի սահմանային հատվածում իրավիճակը լարված է։

2022թ․ մարտի 25-ի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը  հայտնեց, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, հատելով շփման գիծը, գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Բացի դրանից, Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ է կիրառել Պաշտպանության բանակի զինծառայողների դեմ։ 

Մարտի 25-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներից վիրավորվել է 14 զինծառայող, իսկ քիչ ավելի ուշ Պաշտպանության բանակը հաղորդեց 3 զոհի մասին՝ հրապարակելով նրանց անունները։ 

Մարտի 26-ի առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ 

Մարտի 26-ի երեկոյան էլ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանցիները փորձել են գրոհել ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Նույն օրը՝ ավելի ուշ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը զորքերի հետքաշման կոչ է ուղարկել Ադրբեջանի զինված ուժերին։ 

Խաղաղապահների մարտի 27-ի տեղեկագրում արդեն ասվում էր, որ ադրբեջանական կողմն իր զորքերը դուրս է բերել Փառուխ գյուղի շրջանից։ Բացի այդ, Ադրբեջանը խախտել էր հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով երկու կողմից 2-ական վիրավորներ կային։

Մարտի 28-ի առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Միևնույն ժամանակ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը, սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

Մարտի 28-ին հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ շեշտելով, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ակնկալում է, որ խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական կողմի ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:

Լուսանկարը՝ արխիվային / © Նարեկ Ալեքսանյան, Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter