HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արման Սահակյանը չընդունեց մեղադրանքը, Տարոն Մարգարյանն ասաց, որ իրեն պարզ չէ մեղադրանքի էությունը

Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի ու քաղաքապետարանի ևս 7 անձի վերաբերյալ գործով այսօր դատախազ Գուրգեն Մադոյանն ընթերցեց ամբաստանյալների մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

Գործը վերաբերում է Երևանի երեք կրթական հաստատություններին պատկանող հողատարածքները իրական չափերից նվազ ներկայացնելուն, դրա արդյունքում «առաջացած» հողատարծքները ցածր գներով աճուրդի դնելուն և դրանք վաճառելուն:

Տարոն Մարգարյանն, ըստ մեղարդանքի, 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.

Ըստ Տարոն Մարգարյանին վերագրվող մի դրվագի՝ վերջինիս և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է Տարոն Մարգարյանի սանիկին և նույն դպրոցի տնօրեն Կարինե Նորեկյանի ամուսնուն՝ դպրոցին զրկելով փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից:

Ըստ մեղադրանքի՝ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը և Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինություն ՓԲԸ գեոդեզիական բաժնի պետ Տարոն Գրիգորյանը, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության համաձայն, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հանձնարարել են Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն » ՓԲ ընկերության գեոդեզիստ Միքայել Հակոբյանին և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետ Հայկ Կյուրեղյանին կատարել թիվ 16 հատուկ դպրոցի կողմից զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմված նոր սահմանների հատակագծում դպրոցի տարածքում չներառել և դուրս թողնել 3693,12 քմ. մակերեսով դպրոցին պատկանող հողակտորը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետ Հայկ Կյուրեղյանը վարչության պետ Անդրանիկ Քասարյանի հանձնարարությամբ և ցուցումով, առանց տարածքի տեղազննում իրականացնելու, Անդրանիկ Քասարյանի կողմից նշված ուրվագծով կազմել և վերջինիս է ներկայացրել ձևակերպման ենթակա սահմաններով հողամասի սխեմաները և եզրակացությունը, համաձայն որի՝ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի կրկնակի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող դպրոցի հողամասի մակերեսը կազմում է 9478,88 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 13.172 քմ փոխարեն:

Անդրանիկ Քասարյանը 2011թ. դեկտեմբերի 15-ի գրություն-եզրակացությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին է փոխանցել կազմված սխեմաները, ով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կազմել Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որում, հիմք ընդունելով վերը նշված եզրակացությունը, սահմանել է, որ Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող դպրոցի հողամասի մակերեսը կազմում է 9478,88 քմ:

Այսինքն, ըստ մեղադրանքի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ թողարկվել է նոր հատակագիծ, որով դպրոցի հողամասի մակերեսն արհեստականորեն նվազեցվել է 3693,12 քմ մակերեսով:

Քաղաքապետի նշված որոշումը և նոր հատակագիծը ներկայացվել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրելու համար: Այդ ժամանակ կոմիտեի պետը եղել է Արման Սահակյանը: Այնուհետև, Տարոն Մարգարյանը  դպրոցի հողամասի սահմաններից դուրս թողնված 3693,12 քմ մակերեսով հողատարածից 3569,8 քմ մակերեսով, Մ. Բաբաջանյան փողոց 8/2 հասցեում գտնվող հողամասը 2012թ. հուլիսի 13-ի  որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում այն 22.659.900 դրամով, ձեռք է բերել Կարեն Ռոստոմյանը, ով հողամասը ձեռք բերելուց ընդամենը 20 օր անց հողամասը բաժանել է երկու հավասար հողամասերի և համապատասխանաբար 4.000.000 և 3.000.000 դրամով օտարել է Տարոն Մարգարյանի սանիկ, Երևանի քաղաքապետարանի աշխատակից Արա Ճորուխյանին, իսկ մյուսը հողակտորը՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Նորեկյանի ամուսնուն՝ Լյուդվիգ Ասատրյանին:

Այսինքն, Տարոն Մարգարյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ հաջորդ դրվագով մեղադրանքի՝ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած 6452,9 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածքներ, Երևանի քաղաքապետի իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի և Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության պաշտոնատար անձանց հետ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի 2012թ. սեպտեմբերի 4-ի գրության հիման վրա նախաձեռնել է «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու գործընթաց:

Անդրանիկ Քասարյանը և Տարոն Գրիգորյանը, կրկին գործելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հանձնարարել են Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիստ Արամ Ենգոյանին և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետ Էդուարդ Վարդանյանին կատարել «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմված հողամասի նոր հատակագծում ուսումնական հաստատության տարածքում չներառել և դուրս թողնել 580,63 քմ. մակերեսով հողակտորը:

Գեոդեզիստ Արամ Ենգոյանի կողմից իրականացված գեոդեզիայի արդյունքում պարզվել է, որ ուսումնական հաստատության հողատարածքի մակերեսը կազմում է 6452,9 քմ, սակայն քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետ Էդուարդ Վարդանյանը և գեոդեզիայի բաժնի պետ Տարոն Գրիգորյանը հայտնել են, որ վերադաս ղեկավարության հանձնարարությամբ կատարվել է ուսումնական հաստատության հողամասի սահմանների փոփոխություն և անհրաժեշտ է ստորագրել հողամասի նոր հատակագիծը, համաձայն որի՝ ուսումնական հաստատության հողամասի մակերեսը նվազեցվել է 580,63 քմ-ով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետ Էդուարդ Վարդանյանը, առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, կազմել և Անդրանիկ Քասարյանին է ներկայացրել ձևակերպման ենթակա սահմաններով նշագրված տարածքի սխեմաները և անհիմն եզրակացությունը, համաձայն որի՝ ուսումնական հաստատության զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 5872,27 քմ՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 6452,9 քմ փոխարեն:

Անդրանիկ Քասարյանն, ըստ մեղադրանքի, գործելով ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, 2012թ. սեպտեմբերի 12-ի գրություն-եզրակացությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին է փոխանցել ձևակերպման ենթակա սահմաններով նշագրված տարածքի սխեմաները, ով էլ իր հերթին, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, կազմել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որում, հիմք ընդունելով վերը նշված եզրակացությունը, սահմանել է, որ Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 5872,27 քմ: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ թողարկվել է նոր հատակագիծ, որով սահմանվել  է, որ  թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 5872,27 քմ, այդպիսով հողամասի մակերեսը արհեստականորեն նվազեցնելով 580,63 քմ-ով:

Երևանի  քաղաքապետի նշված որոշումը և նոր հատակագիծը ներկայացվել են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրելու համար: Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված 580,63 քմ մակերեսով հողատարածից 575 քմ մակերեսով, Տիտոգրադյան 17/1 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013թ. հունվարի 15-ի որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը 5.433.800  դրամով ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Արմինե Իսրայելյանի հայրը՝ Սասունիկ Իսրայելյանը:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Մարգարյանը մտադրվել է թիվ 64 ուսումնական հաստատության հողատարածքից կրկին իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածք և կրկին նախաձեռնել սահմանների  ճշտման գործընթաց: Այս անգամ, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Քադարյանն ու Տարոն Գրիգորյանը, գործելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Քաղաքաշինություն»  ՓԲ ընկերության գեոդեզիստ Տիգրան Փոթիկյանին և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետ Էդուարդ Վարդանյանին են հանձնարարել կատարել 64 նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմված հողամասի նոր հատակագծում ուսումնական հաստատության տարածքում չներառել և դուրս թողնել 863,34 քմ. մակերեսով հողակտորը, ինչն արվել է, այնուհետև անհիմն նվազեցված 863,34 քմ հողամասը 8.442.063  դրամով կրկին օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ Սասունիկ Իսրայելյանին:

Հետագայում Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի 27.02.2015թ. թիվ 495-Ա որոշմամբ՝ Տիտոգրադյան 17/1 և Տիտոգրադյան 17/3 հասցեներում գտնվող վերը նշված հողամասերը, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են Սասունիկ Իսրայելյանին պատկանող Տիտոգրադյան 17 հասցեին:

Այսպիսով, Տարոն Անդրանիկի Մարգարյանին մեղսագրվում է երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարում:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև դրանց ենթադրյալ առնչություն ունեցող անձանց, որոնց անունները մատնանշված են Տարոն Մարգարյանի մեղադրանքում:

Արման Սահակյանը դատարանի հարցին ի պատասխան ասաց, որ ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Տարոն Մարգարյանը հայտնեց, որ իրեն պարզ չէ իր մեղադրանքի էությունը և  դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել չի կարող, մինչև այն իրեն պարզաբանված չլինի:

Դատավոր Ռոբերտ Պապոյանը  դիտարկեց, որ մեղադրանքը պարզաբանելու պարտականությունն այս փուլում դատարանի վրա է դրված, սակայն դատարանը կարող է միայն պարզաբանել այն, ինչ գրված է մեղադրական եզրակացության բովանդակության մեջ, եթե դատարանն այդ շրջանակներից դուրս գա, ապա կդառնա կողմ:

Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը նշեց, որ մեղադրանքում տեղ գտած անորոշ ձևակերպումները թույլ չեն տալիս արդյունավետ պաշտպանություն իրականացնել, ինչով խախտվում է իր պաշտպանյալի էական իրավունքը:

Ըստ պաշտպանի՝ անձին մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման համար, բայց մեղադրանքի որոշման մեջ չի հստակեցվում, թե ինչ գործողություն է կատարել Մարգարյանը կամ ինչ անգործություն դրսևորել, չի հստակեցվում նրան վերագրվող հանցավոր արարքի կատարման ժամանակը, պարզ չէ անգամ, թե մեղադրանքում նկարագրված կոնկրետ ո՞ր գործողություններն են ապօրինի դիտարկվել, ո՞ր հանգամանքն է հանրային վտանգավոր հետևանք առաջացրել և ո՞րն է հանրային վտանգավոր արարքի և առաջացած հետևանքի պատճառահետևանքային կապը:

Դատավոր Ռոբերտ Պապոյանը դիտարկեց, որ պաշտպանի կողմից բարձրացված հարցերը մեղադրանքը լրացնելուն միտված, այլ ոչ թե այն պարզաբանելուն միտված  գործողություններ են ենթադրում, ինչի հետ, սակայն, Գալստյանը համաձայն չէ:

Նկատի ունենալով, որ դատական նիստերի դահլիճում այլ դատական նիստ էր նշանակված, Մարգարյանի և մյուսների գործի քննությունն այսօր ավարտվեց:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց երկու ամիս անց՝ մայիսի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter