HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ես սպասում եմ, որ հայրս մի օր կգա...

Հերմինեն հազիվ 10 տարեկան էր, երբ դպրոցում հանձնարարեցին շարադրություն գրել «Մանկությունս հիշելիս» թեմայով: Աղջիկը առաջին անգամ նկատեց, որ ոչ մի միտք, ոչ մի հիշողություն չունի: Շարադրության պատճառով հաջորդ օրը նա դպրոց չգնաց, ամաչում էր ընկերներից:

Այսօր արդեն 22-ամյա Հերմինեն խոստովանում է, որ իր մանկությունը սկսում է 6 տարեկանից, իսկ մինչ այդ դատարկություն է: Այդ տարիների և հատկապես հոր մասին ինքը իմացել է մոր և հարազատների պատմածներից:

Մինչ Արցախյան շարժումը Հերմինեի հայրը` Արմեն Ավագյանը, մի օր փողոցում հանդիպում է իր ֆիզիկայի ուսուցչին` Էմիլ Բալայանին: Վերջինս, իմանալով, որ Արմենը տանը ծածուկ զենքեր է պատրաստում, հորդորում է դադարեցնել ինքնաշեն զենքեր պատրաստելը, քանի որ Մոսկվան Արցախի հարցը կլուծի խաղաղ ճանապարհով: Ի պատասխան` Արմենը միայն ասում է` ես այս օդից վառոդի հոտ եմ առնում: Այն ժամանակ ուսուցիչը լուրջ չընդունեց նախկին աշակերտի խոսքերը:

«Մայրս պատմել է, որ հայրս 1990 թ. Մարտունու շրջանի Աշան գյուղում 10 հոգանոց կամավորական ջոկատ է ստեղծել և մինչև զոհվելը եղել է այդ ջոկատի հրամանատարը: ՕՄՕՆ-ականների ձերբակալումից խուսափելու համար պատսպարվում էին գյուղի անտառներում: Ինչ վերաբերում էր զենքին, ապա սկզբից հիմնականում հայրս էր պատրաստում, իսկ միակ գնդացիրը ռուս զինվորներից էր վերցրել` փոխանակելով օղու հետ, որը գյուղացիներից էր հավաքել»,- ասում է Հերմինե Ավագյանը:

Ինչ-որ մեկը մատնել էր տղաներին և նրանց անունները հայտնել ՕՄՕՆ-ականներին, որոնք հրաման էին ստացել ձերբակալել կամ գյուղի կոլտնտեսության նախագահին, կամ էլ ջոկատի հրամանատարին` այդ կերպ ճնշելով հասունացող ըմբոստությունը: Հերմինեն մոր պատմածներից հիշում է, որ հայրն այդ ժամանակ Ստեփանակերտում էր, գնացել էր զենք բերելու, իսկ նախագահ Էմիլ Բալայանը, իմանալով դավադրության ու ձերբակալելու հրամանի մասին, թաքնվել էր:

«ՕՄՕՆ-ականները գյուղն էին խուզարկում` ստացած հրամանը կատարելու և գյուղացիների ապօրինի զենքերն առգրավելու նպատակով: Հայրս մինչ այդ ապահովության համար տնեցիներին խնդրել էր, որ ինձ շատ դուրս չտանեն, որ չիմանան` տանը երեխա կա: Վտանգ կար, որ կարող էին ինձ առևանգել և հորիցս պահանջել տղաների հետ հանձնվել: Այդպես ամեն խուզարկման ժամանակ տատս ինձ գյուղի Ոսկի Խաչ տարածքում գտնվող մեր հողամասի լոբու մարգերում էր թաքցնում: Ձեռս էլ մի կտոր հաց էր տալիս, որ չլացեմ ու չմատնեմ մեր տեղը»,- հիշում է Հերմինեն:

Հերթական խուզարկության ժամանակ չհասցրին Հերմինեին թաքցնել և որոշեցին զուր կասկած չառաջացնելու համար հանգիստ կանգնել դրսում: Երբ մոտեցան զինված ՕՄՕՆ-ականները, երեխան, տեսնելով նրանց զենքը, սկսեց լաց լինել ու թաթիկները մեկնեց զենքի ուղղությամբ: Զինվորներից մեկը, ադրբեջաներենով մյուսին ասաց` երևի տանը շատ է տեսել ու խաղացել:

Աղջկա տատը ադրբեջաներեն լավ գիտեր և խաբելով, թե երեխան սոված է, հարսին ասաց, որ մանկանը տուն տանի: Այդ օրը ՕՄՕՆ-ականներին հաջողվեց ձերբակալել կոլտնտեսության նախագահ Էմիլ Բալայանին: Արմենը նախագահի հարազատներին խոստացավ, որ ամեն ինչ կանի իր նախկին ուսուցչին ազատելու համար:

Փոխանակման համար երկու ադրբեջանցի էր գերի վերցրել: Նրանց բերելով տուն` մորը խնդրեց հաց տալ: Մայրը դժգոհությամբ սեղան դրեց, բայց գերիներն իրար հետ հայացքներ փոխանակեցին ու իրենց լեզվով ասացին, որ ուտելիքը կարող է թունավորված լինել:

Հերմինեն պատմում է, որ հայրը ադրբեջաներեն չգիտեր, բայց տատը լավ էր հասկանում և թարգմանեց գերիների ասածները: «Ի պատասխան` հայրս ասաց, որ եթե սպանելու միտք ունենար, չէր բերի իր տանը թունավորեր: Եվ որպեսզի կասկած չմնար, վերցրեց նրանց ափսեից մի-մի գդալ ապուր կերավ: Տեսնելով դա` թուրքերն ուտելիքին վրա տվին»,- պատմում է Հերմինեն:

Գերիների մեջ Սարդար անունով մի ազդեցիկ մարդ կար, որի որդին նույնպես գերի էր և գտնվում էր Մարտունու հոսպիտալում: Բաց թողնելով այդ մարդուն` Արմենը խոստացավ ազատել նաև որդուն, եթե վերջինս ազատել տա իր ուսուցչին` Էմիլ Բալայանին և ևս երկու գերու:

Սարդարի որդին շատ էր հյուծված ու մահացավ: Արմենը իր նոր հագուստը հագցրեց երիտասարդին, դրեց դագաղը և տարավ փոխանակման: Պայմանավորված ժամից բավականին ուշ եկավ Սարդարը և, տեսնելով որդու դագաղը, ծնկի եկավ ու սկսեց արտասվել: Բացելով ու տեսնելով որդու խնամված դին` գրկեց Արմենին:

Մինչ փոխանակումը Արմենը թիկունքում հետևող մարտընկերոջն ասել էր, որ եթե տեսնեն` թուրքերն ուզում են կրակել, իրենք թիկունքից իր վրա անպայման կրակեն, որպեսզի գերի չվերցնեն: Բայց ամեն ինչ հարթ անցավ. Սարդարի որդու դիակի դիմաց ադրբեջանցիները վերադարձրին Էմիլ Բալայանին և ևս երկու հայի:

 Արմենը հազվադեպ էր տուն գալիս. որքան անսպասելի հայտնվում էր, նույնքան անսպասելի էլ անհետանում: Հազիվ հասցնում էր միակ դստեր հետ մի քիչ խաղալ, մի բաժակ թեյ խմել. նորից գնում էր դիրքեր:

«Ոչ ոք չէր հավատում, որ հորս կարող է թշնամու գնդակը վնասել: 1992 թ. մայիսին Գյուլաբլուում թուրքերը անընդհատ հարձակվում էին, հետո, չդիմանալով հայերի գրոհներին, նահանջում էին: Հետախույզները տեղեկացրել էին, որ Աղդամից նոր ուժեր են գալիս օգնության: Այդ ժամանակ էլ թուրքական մի ինքնաթիռ էին խփել, և հայրս տեսել էր, թե ինչպես օդաչուն օդապարիկով ցատկեց: Նա տղաներին հրամայեց նահանջել, իսկ ինքը գնաց այդ օդաչուի հետևից: Մարտընկերները կատարեցին հրամանը, բայց միևնույն ժամանակ երկու ազատամարտիկ հետևից գնացին»,- ասում է Հերմինեն:

Տղաները օրեր շարունակ լուր չունեին Արմենից, բայց, համոզված լինելով, որ հրամանատարը ուր որ է` կհայտնվի, սկզբում այդքան էլ չէին անհանգստանում: Արմենի անհետանալուց մի քանի օր անց կինը երազ է տեսնում` իբր Արմենը կնոջն ասում է, որ ինքը կենդանի է և գտնվում է ինչ-որ մութ տեղ ու չի կարողանում գալ, թող տղաները գան օգնության: Երբ կինը` Մարինեն, տնեցիներին պատմում է, ասում են, որ ուղղակի անհանգիստ է, դրա համար էլ նման երազներ է տեսնում: Հաջորդ օրը նույն երազը տեսնում է նաև Արմենի հորաքույրը, որի հետ Արմենը շատ էր կապված: Վախեցած զարթնելով` կինը վազում է դուրս ու տղաներին աղաչում գնալ Արմենին օգնության:

Դուստրը պատմում է, որ միայն 15 օր անց բանակցություններ սկսվեցին ադրբեջանցիների հետ: Արմեն Ավագյանն անհետացել էր մի չեզոք տարածքում, որը ոչ հայերի, ոչ էլ ադրբեջանցիների վերահսկողության տակ չէր: Պայմանավորվածություն ձեռք բերելով` խուզարկեցին տարածքը և երեք դիակ գտան: Արմենին հայրը ճանաչեց միայն զրահաբաճկոնից: Այդ օրերի ընթացքում դիակներն անճանաչելի էին դարձել: Մինչև հիմա այդպես էլ անհայտ է, թե ինչպես է զոհվել Արմեն Ավագյանը:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ հայրս կենդանի է: Ու նրա մասին խոսելով` չեմ հուզվում, քանի որ սրտի խորքում հավատում եմ, որ կենդանի մարդու մասին եմ պատմում: Միշտ սպասում եմ, որ նա մի օր կգա: Միգուցե դա իմ ներքին զգացողությունն է, իմ ցանկությունը... չեմ կարող բացատրել, բայց հույսով սպասում եմ»,- ասում է դուստրը:

Հերմինե Ավագյանը Արմենուհի գրական անունով երիտասարդ բանաստեղծուհի է: Նրա ստեղծագործություններում իրենց ուրույն տեղն ունեն հորը` Արմեն Ավագյանին նվիրված բանաստեղծությունները: Բանաստեղծություներում կարոտ է և սպասում, իսկ նոթատետրում հոր` զինվորական հագուստով սև ու սպիտակ լուսանկարն է, որը միշտ Հերմինեի հետ է:

Այսօր կապրեմ
աչքերիդ հետ
և աչքերիդ հետ
Կփորձեմ ապրել...
Երկար, շատ երկար
Կխորհեմ այսօր
քո աչքերի հետ
և չեմ խոսի,
Չեմ բարբառի
Ես ոչ մի բառ,
Ես կլռեմ,
Ես կլարվեմ,
Որ լավ լսեմ լռությունդ...
Այսօր կլսեմ
Աչքերիդ երգը
և այդ երգի մեջ
Կփնտրեմ կորած,
Չապրած հնչյուններ,
Կփորձեմ ապրել
Չապրած հեքիաթով,
Որ իմն էր միայն,
Բայց իմը չեղավ...
Այսօր աչքերիդ մեջ
Գարուն կփնտրեմ
և չեմ թարթի աչքերս,
Որ երազս ցած չգլորվի,
Որ հավաքեմ,
շա¯տ հավաքեմ
աչքերիդ փայլը
և արևանամ,
այնպես արևանամ,
Որ չմրսեմ,
Որ չդողամ,
Որ արևին էլ չնայեմ
Անհագ կարոտով,
Որ կարոտն էլ արևանա...
Այսօր կապրեմ
աչքերիդ հետ
Ու ոչ մի պահ չեմ խոնարհի
իմ աչքերը,
Որ պահպանեմ համբույրը
քո անմահության...

Մեկնաբանություններ (11)

RAFAYEL
Hermine jan, ete voreve xndir kunenas iravabanakan harceri shurj, es patrast em ognelu qez. Yes partq em zgum qo araj. www. [email protected]:
Gayane
Shat huzich er,nuynisk xosqer chem gtnum gelu,ete hrashqner lineyn u Hermineyi erazanq@ iragorcver....
Elen Zakar
Uqani qo nmanner kan voronc hayrer@ mer kyanqi hamar zohvecin
`Karen Hndkastanits
Parq nrants..Haverj parq...Shnorhakal em nyuti hamar...Hajeli e imanal vor mer herosnerin chenq moranum. Pordzenq nman nyuter aveli hajax tpenq- Brat Pitis u Anjelina joliyits karevor en mer [email protected] Hay [email protected] Hayastan..
Artur
Khosker chunem aselu, shat huzich e!
vahe
Շատ հուզիչ պատմություն էր ,ապրեք...
Gohar
shat huzich patmnutyn e,,,chem uzum inch vor meknabanutyun anel,im qerin nuynpes azatamartik e,,,,Xarabaxi paterazmum e zohvel,ete hetaqrqir lini HETQin es karox em patmel,karcum em nmanatip herosutyunner@ petq e imacven,,,,,
Սերգեյ Բաբայան
Кнар джан,молодец!
Քնար Բաբայան
Էդգար ջան ես կփոխանցեմ Հերմինեին ձեր էլ.հասցեն, եթե դուք այն ինձ ուղարկեք [email protected]
Քնար Բաբայան
Շնորհակալություն ջերմ խոսքերի համար...
Պարույր
հուզիչ էր շատ, նաև տաղանդավոր, շատ ապրես, շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter