HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 34 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 30-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:00

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իր «սիրելի ԵՂԲԱՅՐԸ՝ Ռուսլան Գերեմեևը» վիրավորվել է Մարիուպոլի մարտերի ժամանակ

«Այսօր Մարիուպոլի ճանապարհին ես այցելեցի իմ սիրելի ԵՂԲՈՐԸ և անձամբ համոզվեցի, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Նա հաջողությամբ ապաքինվում է և պատրաստ է առաջիկայում նորից շարք վերադառնալ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Կադիրովը։

«Հյուսիս» գումարտակի նախկին հրամանատարի տեղակալ Ռուսլան Գերեմեևը կասկածվում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպման մեջ։

20:56

Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցն ավարտվել է։ Այն տևել է մոտ 1 ժամ։

20:49

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ ինքնահռչակ հանրապետությունը կմտածի Ռուսաստանի կազմ մտնելու հարցի մասին՝ «հանրապետության ողջ տարածքի ազատագրումից հետո»։

20:42

ՄԱԿ. Ուկրաինայում պատերազմական գործողություններից ի վեր զոհվել է 1 179 մարդ, ներառյալ 104 երեխա։ 1860 մարդ էլ վիրավորվել է, այդ թվում 134 երեխա։

Ըստ ՄԱԿ-ի՝ իրական ցուցանիշները շատ ավելի մեծ են։

20:33

Խմելնիցկի մարզի Ստարոկոնստանտինով քաղաքի քաղաքապետ Նիկոլայ Մելնիչուկը հայտնել է, որ ռուսական զորքերը հրթիռակոծել են տեղի օդակայանը։

Մելնիչուկի խոսքով՝ ամբողջությամբ ոչնչացվել են վառելիքաքսուքային նյութերը, որոնք հավաքվել էին քաղաքային իշխանությունների կողմից։ Քաղաքապետը նշել է, որ նախնական տվյալներով մարդկային զոհեր չկան։

20:13

«Известия»-ն հայտնել է, որ Մարիուպոլի մոտ վիրավորվել է իր թղթակից Ռոդիոն Սևերյանովը։ Ըստ նախնական տվյալների՝ նա վիրարավորվել է դիպուկահարի կրակոցից։

20:04

Բրիտանական կառավարությունը «այլ բան չի ակնկալում, քան Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում»։

Այդ մասին, ըստ The Guardian-ի, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։

19:55

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ինքը չի տեսել նախանշաններ այն բանի, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «ընթանում են արդյունավետ կերպով»։

Բլինքենի խոսքով, որը մեջբերում է CNN-ը, ԱՄՆ-ն չի տեսնում Ռուսաստանի կողմից «լուրջ մտադրությունների նախանշաններ»։

«Կա այն, ինչ Ռուսաստանն ասում է, և կա այն, ինչ Ռուսաստանն անում է։ Մենք կենտրոնացած ենք վերջինի վրա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենը նաև հայտնել է, որ Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ կրճատում է Կիևի շուրջ ռազմական ակտիվությունը, կարող է լինել «հերթական անգամ մարդկանց ուշադրությունը շեղելու և խաբելու փորձ՝ ստիպելով նրանց հավատալ, որ նա չի անում մի բան, ինչն իրականում անում է»։

19:26

Ելիսեյան պալատը հայտնում է, որ այս պահին ընթանում է Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

19:23

Ռամզան Կադիրով. «հատուկ գործողությունը» կանգնեցնել չի կարելի, պետք է վերցնել Կիևը

Այդ մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, Չեչնիայի առաջնորդը հայտարարել է Գրոզնիում ռազմական ուժերի մասշտաբային հավաքի ժամանակ։

«Ես հայտարարում եմ, որ պետք է ավարտել սկսածը, չկանգնել։ Պետք է մտնել Կիև և վերցնել Կիևը։ Եթե մեզ թողնեին Կիևի մոտ, ապա ես ավելի քան վստահ եմ, որ մենք կմտնեինք Կիև և կարգուկանոն կհաստատեինք։ Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ պատրաստ ենք մեկնել ցանկացած վայր, որպեսզի իրականացնենք ցանկացած բարդության ցանկացած հրաման»։

19:11

Մեդինսկի. Կիևի և Չեռնիգովի ուղղություններով ապասրումը չի նշանակում հրադադար

Ապասրման հայտարարությունը կապված է այդ թվում նրա հետ, որ Կիևում գտնվում են մարդիկ, որոնք պետք է որոշումներ կայացնեն, ասել է Մեդինսկին։

Ռուսական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է դեռ մեծ ճանապարհ անցնել, որպեսզի պատրաստվի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև փոխընդունելի պայմաններ։ Կիևի պահանջների դիտարկումից հետո, Մոսկվան կառաջադրի իր պահանջները։

19:00

Ստամբուլում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիայի ճեպազրույցը.

«Ուկրաինայի դիրքորոշումը չի փոխվում։ Մենք ճանաչում ենք Ուկրաինայի միջազգային սահմանները. այն սահմանները, որոնք եղել են 1991 թվականի դրությամբ։ Այստեղ չկա որևէ փոխզիջում, կարմիր գծեր... Մենք միայն այդպիսի ձևակերպման տակ կստորագրենք։ Ռուսաստանում, իհարկե, կարող է այդ դեպքերի սեփական վարկածը լինել, ինչպես նրանք արդեն Ղրիմը ռուսական են ճանաչել։ Դա նրանց իրավունքն է. անել այդպիսի հայտարարություններ և ունենալ այդպիսի դիրքորոշում։ Սակայն ուկրաինական դիրքորոշումը հստակ է և մշտական, և դա որևէ քննարկման ենթակա չէ»։

18:49

OBI-ը հերքում է, որ վերադառնում է ռուսական շուկա։

18:41

Johnson & Johnson ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստան անձնական հիգիենայի միջոցների մատակարարումը, ինչը պայմանավորված է Ուկրաինայում առկա իրավիճակով։

Սակայն կշարունակվի ռուսական շուկա դեղամիջոցների և սարքավորումների մատակարարումը։ Ավելի վաղ, ընկերությունը դադարեցրել էր Ռուսաստանում ներդրումների իրականացումը, գովազդն ու կլինիկական հետազոտությունները։

18:30

Ամերիկյան հետախուզությունը արդեն իսկ նկատում է Կիևից ռուսական զորքերի մի մասի դուրսբերում

Ինչպես գրում է CNN-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աղբյուրներին, ռուսական գումարտակային մարտավարական խմբերը լքել են Ուկրաինայի մայրաքաղաքին հարակից որոշ շրջաններ։ Հետախուզությունը դա բնորոշել է որպես «մարտական լուրջ առաջընթաց»։

Հեռուստաընկերության զրուցակիցները հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է նահանջը կոծկել Կիևի օդային և հրետանային ռմբակոծություններով։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները զգուշացնում են, որ ռուսական զորքերը կարող են հետ շրջվել, եթե հնարավորություն տան մարտական պայմանները։

18:21

Արևմտյան երկրները շարունակում են արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին։ Նշվում է, որ Իռլանդիան կարտաքսի 4, իսկ Չեխիան՝ 1 դիվանագետի։

18:12

Նիդերլանդները, լրտեսության մեղադրանքով, արտաքսում է ռուսաստանցի 17 դիվանագետի, իսկ Բելգիան՝ 21։

17:09

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականներն առևանգել են մոտ 30 ուկրաինացի ակտիվիստների, լրագրողների և քաղաքային իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև 40 հազար ուկրաինացու հարկադրաբար տեղահանել Բելառուս և Ռուսաստան։

17:00

РИА Новости: ռուսական պատվիրակությունն այսօր կլքի Ստամբուլը, վաղը ռուս-ուկրաինական բանակցություններ չեն սպասվում։

16:49

⚡️Վլադիմիր Մեդինսկի. Ռուսաստանը դեմ չէ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելուն

Ռուսական պատվիրակության ղեկավարի մյուս հայտարարությունները.

  • Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները չեն տարածվում Ղրիմի և Դոնբասի վրա։
  • Ուկրաինան հրաժարվում է ռազմական ճանապարհով Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու ձգտումից։

16:38

⚡️Խաղաղության պայմանագրի շուրջ Ուկրաինայի առաջարկները։ Մանրամասներ.

  • Ապագա պայմանագրի սկզբունքային պայմանների մեկն այն է, որ Ռուսաստանը չի խանգարի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
  • Սկզբում պայմանագրի դրույթները կդրվեն հանրաքվեի, հետո այն կվավերացնեն երաշխավոր երկրների խորհրդարանները և Ուկրաինայի խորհրդարանը։
  • Եվ հանրաքվեն, և պայմանագրերի ստորագրումը պետք է տեղի ունենան լիակատար խաղաղության պայմաններում։ Ռուսաստանը պետք է դադարեցնի կրակը։
  • Ուկրաինայի առանցքային պահանջը հստակ իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ են, որոնք պետք է համանման լինեն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին։ Եթե Ուկրաինան ենթարկվի ռազմական ագրեսիայի, ապա իրավունք կունենա երեք օրվա ընթացքում խորհրդակցություններ պահանջել երաշխավոր երկրների հետ։ Եթե այդ խորհրդակցությունները չհանգեցնեն դիվանագիտական որոշման, երաշխավոր երկրները պետք է ռազմական օգնություն տրամադրեն Ուկրաինային։
  • Եթե այդ դրույթներն ամրագրվեն, Ուկրաինան պատրաստ կլինի ամրագրել իր կարգավիճակը որպես չեզոք ոչ միջուկային և արտադաշինքային պետություն։ Այդ դեպքում երկիրը իր տարածքում չի տեղակայելու օտարերկրյա ռազմակայաններ, օտարերկրյա ռազմական զորակազմեր և չի մտնելու ռազմաքաղաքական դաշինքների մեջ։ Զորավարժություններն Ուկրաինայի տարածքում հնարավոր կլինի անցկացնել երաշխավոր երկրների համաձայնությամբ:
  • Պայմանագրում Դոնբասի հարցերը նույնպես առանձին կետով են նշված և պետք է քննարկվեն երկու երկրների նախագահների կողմից։
  • Երաշխավոր երկրների հետ խորհրդակցություններն արդեն սկսվել են։ Երկու շաբաթից կարող են բազմակողմանի բանակցություններ կայանալ այդ պետությունների մասնակցությամբ։

16:19

⚡️Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանին պայմանավորվել, որ 15 տարվա ընթացքում Ղրիմի հարցը չի լուծվի ռազմական ճանապարհով։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ 

Նրա խոսքով՝ առաջարկվում է 15 տարվա ընթացքում անցկացնել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի շուրջ երկկողմ բանակցություններ։ Այդ ժամկետի ընթացքում Ուկրաինան առաջարկել է չօգտագործել զորքերը Ղրիմի հարցի լուծման համար։

16:15

⚡️Իսկ ահա, թե ինչ է ճեպազրույցի ժամանակ հայտարարել ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան

  • Բանակցային հարթակը Բելառուսից Թուրքիա տեղափոխելը մեր առաջին հաղթանակն է։
  • Մենք առաջարկել ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր միջազգային պայմանագիր։ Երաշխավորների շարքում են ՄԱԿ-ի ԱԽ երկրները, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը, Իսրայելը։ Նրանցից մի քանիսի կողմից արդեն իսկ ստացվել են նախնական համաձայնություններ։
  • Չենք կարգավորել Դոնբասի և Ղրիմի հետ կապված հարցերը, այդ իսկ պատճառով երաշխավոր երկրները չեն աշխատի այդ տարածքներում։ Բայց մենք ճանաչում ենք Ուկրաինայի միայն այն սահմանները, որոնք ճանաչված են աշխարհի կողմից։
  • Բացի այդ, երաշխավոր երկրները պետք է օգնեն Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին։

16:04

⚡️Վլադիմիր Մեդինսկու ճեպազրույցը Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո.

  • Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել։
  • Ռուսաստանը երկու քայլ է արել Ուկրաինայում հակամարտության ապասրման ուղղությամբ։ Մեկը ռազմական, մյուսը՝ քաղաքական ասպեկտներում։
  • Ռուսաստանը դիտարկում է խաղաղության պայմանագրի շուրջ ուկրաինական առաջարկը, դրա մասին կզեկուցվի Պուտինին։
  • Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է՝ ԱԳ նախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրման հետ համաժամանակյա։

15:56

⚡️ՌԴ պաշտպանության փոխնախարար. որոշում է ընդունվել կտրուկ կրճատել Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ ռազմական ակտիվությունը

«Մենք երկու քայլ ենք անում դեպի հակամարտության ապասրում»,- Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Ավելի վաղ, Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտարարել էր ռուսական որոշ ստորաբաժանումների Կիևի և Չեռնիգովի մարզերից դուրս գալու մասին։

15:50

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանակից Տյոտկինո գյուղի ռմբակոծման մասին։

15:44

Ֆրանսիական Decathlon սպորտային ապրանքների խանութների ցանցը հայտարարել է Ռուսաստանում գործունեության դադարեցման մասին

Երկրում գործում էր Decathlon-ի 57 խանութ։

Ավելի վաղ, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ էր արել բոյկոտել խանութ սրահի գործունեությունը։

15:30

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ. պատերազմից մեր կորուստները գերազանցում են երեք միլիոն դոլարը

Շմիգալի խոսքով՝ դա անուղղակի հաշվարկ է, որն իր մեջ ներառում է Ուկրաինայի արդեն իսկ կրած և ապագայի կորուստները։ 

Նախօրեին, Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել էր գրեթե 565 միլիարդ դոլարի վնասի մասին։

15:17

⚡️Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին օրը։ Այն տևել է մոտ 3 ժամ։

15:15

Ռուսաստանը որոշել է արտաքսել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի 4 դիվանագետի, ի պատասխան այդ երկրներից ռուսաստանցի 10 դիվանագետի արտաքսման։

15:12

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Նիկոլաևի մարզային վարչակազմի շենքի ուղղությամբ ավիրահարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ։

15:08

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ ցերեկային տեղեկագիրը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական բանակը առանձին ստորաբաժանումներ է դուրս բերում Կիևի և Չեռնիգովի մարզերից։ Ընդ որում, պահպանվում է ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու բարձր սպառնալիքը։
  • Հակառակորդը գործող խմբավորումների ռոտացիայի և հոգնածության վերացման խնդիր ունի։ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի անձնակազմը հրաժարվում է պատերազմ մեկնել։
  • Պոլեսկի ուղղությամբ հակառակորդը սահմանափակվում է հրետանային կրակով, ստորաբաժանումների վերախմբավորմամբ և Բելառուսի տարածք դրանց մասնակի դուրսբերումով։ 
  • Ռուսական զորքերը շարունակում են շրջափակել Չեռնիգովը, փորձում ոչնչացնել ռազմական և քաղաքացիական օբյեկտները։ Բրովարի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթանում։ 
  • Խարկովի մոտ մարտերի ժամանակ հակառակորդի 200-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը կորցրել է երկու գումարտակա-մարտավարական խմբեր (ավելի քան 1500 մարդ) և բրիգադի հրամանատար, գնդապետ Դենիս Կուրիլոյին։ 
  • Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը ակտիվացրել է գրոհային հարձակումները։ Բերդյանսկում ռուսական զորքերը փորձում են վերականգնել մերձնավահանգստային ենթակառուցվածքները։

15:00

Ռամզան Կադիրովը դեմ է խաղաղության բանակցություններին

«Իմ կարծիքն է, որ այդ բանակցություններից որևէ օգուտ չի լինի։ Ես կարծում եմ, որ պետք է ամբողջությամբ ավարտել սկսածը։ Վերացնել բանդերականներին, նացիկներին (խմբ. նացիստներին) և շայթաններին (խմբ. սատանաներին)։ Միայն այդ ժամանակ պետք է որոշում կայացնել, թե հաջորդիվ ինչ անել»,- նշվում է աուդիոձայնագրության մեջ, որը հրապարկվել է Չեչնիայի առաջնորդի տելեգրամյան ալիքում։

14:56

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հայտարարել էին, որ վերջին 40 օրվա ընթացքում, «ուկրաինական զորքերի գործողությունների պատճառով, զոհվել է ինքնահռչակ հանրապետության 67 խաղաղ բնակիչ, 742 մարդ էլ վիրավորվել է։

14:52

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Ուկրաինա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսին ժամանել է Ուկրաինա, որպեսզի հրատապ տեխնիկական աջակցություն տրամադրի ատոմային օբյեկտների անվտանգության ապահովման ուղղությամբ, հայտարարել է կազմակերպությունը։

14:47

Վարշավայում Ռուսաստանի դեսպանության վրա նախօրեին ներկ են լցրել։ Մի քանի օր առաջ նման ձևով վնասել էին նաև Պրահայում ՌԴ դեսպանության ցանկապատը։

14:38

Շոյգու. «հատուկ գործողության» առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են, կարելի է կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ Դոնբասի «ազատագրման» վրա։

14:27

Մարիուպոլ, մարտի 28

14:24

Հրթիռակոծված Իրպենը

14:14

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Ռոման Աբրամովիչը օգնում է ապահովել «կոնկրետ շփումներ» ռուսական և ուկրաինական կողմերի միջև։ Նա չի հանդիսանում որևէ պատվիրակության պաշտոնական անդամ։
  • Աբրամովիչի թունավորման վերաբերյալ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։ Դա տեղեկատվական դիվերսիաների մի մասն է։ 
  • Բանակցությունների ճակատագիրը հետաքրքրիր հարց է։ Այսօր-վաղը մենք կհասկանանք, թե կա արդյոք որևէ խոստումնալից արդյունք։
  • Կրեմլը տվյալներ չունի Ուկրաինայում լրագրողների անհետացման կամ Ուկրաինայի պաշտոնատար անձանց ձերբակալության վերաբերյալ։
  • Տեղեկություններն այն մասին, որ Մարիուպոլի բնակիչներին հարկադրաբար տեղափոխում են Ռուսաստանի տարածք, սուտ է։
  • Սոցիոլոգիական բոլոր կազմակերպությունները պնդում են, որ «հատուկ գործողությանն» աջակցությունը ու Պուտինի գործողություններին ռուսաստանցիների աջակցությունն աննախադեպ աճում են։

14:09

Պատերազմի մեկնարկից ի վեր Չեռնիգովում զոհվել է ավելի քան 350 խաղաղ բնակիչ

Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշենկոն։ Նրա խոսքով՝ այդ տվյալները դեռ վերջնական չեն։ 

Ներկայումս Չեռնիգովում գործում է երկու հիվանդանոց, որոնք յուրաքանչյուրն ամեն օր ընդունում է 30-40 վիրավոր, հիմնականում քաղաքացիականներ։ Հիմա հիվանդանոցներում գտնվում է մոտ 400 մարդ, հավելել է Ատրոշենկոն։

14:02

Ստամբուլում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների միջանկյալ ճեպազրույցը.

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ.

«Քննարկման հիմնական թեման Ուկրաինայի համար անվտանգության միջազգային երաշխիքների պայմանագիրն է։ Հարցերի երկրորդ խմբի մեջ է հրադադարը, որպեսզի հնարավոր լինի լուծել կուտակված հումանիտար խնդիրները։ Եվս մեկ խնդիր, որը գնալով ավելի սուր է դառնում, ատելության սրումն է, ոչ միայն պատերազմի դաշտում, պատերազմի վարման կանոնների խախտումը։ Եվ ուղիղ եթերում երբեմն հնչում են կոչեր, որ ոչնչացվի այս կամ այն ազգը, ինչը հանգեցնում է հակամարտության, գերիների հետ դաժան վերաբերմունքի»։

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի.

«Հույս ունեմ, որ մի քանի ժամ անց մենք հանդես կգանք բանակցությունների արդյունքների վերաբերյալ մի քանի հայտարարություններով։ Դեռևս մենք բողոք ենք հայտնել համացանցում հայտնված տեսանյութի վերաբերյալ, որտեղ ծաղրում են գերեվարված ռուսաստանցի զինծառայողներին։ Այդ բողոքն ուկրաինական կողմն ընդունել է։ Նրանք խոստացել են ընդունել ամենակոշտ միջոցները։ Եթե նրանց առաջինը հասցնեն բռնել։ Եթե բռնեն մերոնք, ապա ինքներդ հասկանում եք։ Մեզ լսեցին։»

12:29

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը ժամանել է Լվով՝ CORE բարեգործական կազմակերպության տնօրեն Էն Լիի հետ միասին։ Նրանք հանդիպել են Լվովի մարզի ղեկավար Մաքսիմ Կոզիցկու հետ և քննարկել փախստականներին օգնության ծրագրերի իրականացումը։

Փենի բարեգործական հիմնադրամը Լվով կհասցնի հումանիտար բեռներ։

12:25

Ռուս-ուկրաինական ընդլայնված կազմով բանակցություններին նախորդել է երկու երկրների պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկու և Դավիթ Արախամիայի առանձնազրույցը։

12:21

Ռուսաստանի օդային տարածքի փակման պատճառով աշխարհում կարող է հայտնվել նոր ամենաերկար ուղևորատար ավիաերթուղին, գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ հոնկոնգյան Cathay Pacific ավիաընկերությունը նախատեսում է Հոնկոնգ-Նյու Յորք թռիչքի ժամանակ շրջանցել Ռուսաստանի օդային տարածքը։ Երթուղու երկարությունը կկազմի 16 618 կիլոմետր, իսկ ճանապարհը` մոտ 17 ժամ։

12:15

Տարվա սկզբից մինչև պատերազմի մեկնարկը ռուսական տուրօպերատորները վաճառել են դեպի արտասահման 40 միլիարդ ռուբլու զբոսաշրջային փաթեթ։ Սակայն զբոսաշրջիկներին այդ ընկերությունները չեն կարող վերադարձնել միջոցները։ Գումարի մեծ մասը մնացել է արտասահմանյան գործընկերների մոտ։

ՌԴ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը կառավարությանը խնդրել է տուրօպերատորներին, մինչև 2023 թվականի վերջ, ժամանակ տալ, չկայացած ուղևորությունների փոխհատուցման համար, գրում է «Коммерсант»-ը։

12:12

Նոր լուսանկար Ստամբուլում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններից։

12:08

Բիաթլոնիստների միջազգային միությունը (IBU), Ուկրաինայում առկա իրավիճակի պատճառով, դադարեցրել է Ռուսաստանի և Բելառուսի ֆեդերացիաների անդամակցությունը։

Ավելի վաղ, IBU-ն ռուսաստանցի և բելառուսցի բոլոր մարզիկներին հեռացրել էր իր մրցաշարերից։

12:05

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն և գործարար Ռոման Աբրամովիչը Ստամբուլի Դոլմաբահչե ամրոցում։ 

Հիշեցնենք, այնտեղ ընթանում են ռուս-ուկրաինական բանակցությունները։

12:01

Նիկոլաևում ավերվել է մարզային վարչակազմի շենքը

Լուսանկարն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Նրա խոսքով՝ շենքից հնարավոր է եղել փրկել 50-100 մարդու։ Հիմա որոնում են ութ քաղաքացիականի և երեք զինվորականների։

11:57

Մելիտոպոլում առևանգել են քաղաքային վարչակազմի կրթության բաժնի ղեկավար Իրինա Շերբակին։ Այդ մասին հայտարարել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը։

Ավելի վաղ, նա պնդել էր, որ ռուսաստանցի զինվորականներն ստիպում են Մելիտոպոլի ուսուցիչներին ապրիլի 1-ից ուսուցումն սկսել ռուսերենով։

11:47

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան բոլոր երկրներին կոչ է արել քրեականացնել Z տառի կիրառումը՝ որպես ռուսական ագրեսիային աջակցության արտահայտում։

Ավելի վաղ, այդ խորհրդանիշի ցուցադրումն արգելել էր Գերմանիան։

11:42

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակ. պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 144 երեխա, ավելի քան 220-ը՝ վիրավորվել։

11:39

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • ՌԴ ԶՈւ-ն թևավոր հրթիռներով ոչնչացրել է Ռովնենի մարզի ՎՔՆ խոշոր բազա։
  • Փետրվարի 24-ից ի վեր ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ 123 ինքնաթիռ, 311 անօդաչու, 1 738 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 181 ռեակտիվ համակարգ։
  • Գիշերվա ընթացքում ռուսական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական 68 ռազմական օբյեկտ, ներառյալ «Бук-М1» զենիթահրթիռային երեք համալիր։
  • Գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ-ը Չեռնոբաևկայի շրջանում ոչնչացրել է ուկրաինական երեք անօդաչու։

11:35

Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձած Տրոստյանեց քաղաքը

11:33

⚡️Ստամբուլում մեկնարկել է ռուսական-ուկրաինական բանակցությունների նոր փուլը։

11:30

Ի՞նչ է կատարվել մարտի 29-ի գիշերը` հակիրճ.

  • Թուրքիայում մեկնարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հերթական փուլը։ TACC գործակալության տվյալներով՝ Ստամբուլ է ժամանել բանակցային գործընթացի ոչ պաշտոնական մասնակից, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը։
  • Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը պատրաստ է հրաժարվել իր նախնական մի քանի պահանջներից, այդ թվում՝ Ուկրաինայի «ապանացիֆիկացումից»։ 
  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «բարեգործությամբ զբաղվել», եթե «ոչ բարեկամ» երկրները հրաժարվեն գազի համար ռուբլով վճարել։ Թե ինչ կձեռնարկի Ռուսաստանը, դեռևս հայտնի չէ։
  • Ռուսական նավթային տանկերները սկսել են երկու անգամ ավելի հաճախ անջատել իրենց գեոլոկացիոն համակարգերը, ինչը կարող է վկայել պատժամիջոցները շրջանցելու փորձերի մասին։
  • Ուկրաինայի մի շարք քաղաքներում դարձյալ հնչում են օդային տագնապի ազդանշանները։ Օդային հնարավոր հարձակման վերաբերյալ զգուշացումներն այսօր միացվել են արևածագից առաջ։ 
  • Ռոման Աբրամովիչին մոտ կանգնած աղբյուրը BBC-ին հաստատել է, որ մի քանի շաբաթ առաջ՝ խաղաղության շուրջ բանակցությունների ժամանակ, Կիևում թունավորման ախտանիշներ է ունեցել։ Wall Street Journal-ը պնդում է, որ համանման ախտանիշներ ունեցել են նաև ուկրաինական պատվիրակության անդամները։ Սակայն Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ իրեն անհայտ է տեղի ունեցածի մասին։
  • Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ռուսական, այսպես կոչված, «Վագներ»-ի մասնավոր ռազմական ընկերությունը, Ուկրաինայի արևելք է ուղարկել ավելի քան 1000 նոր մարտիկների։ 
  • Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է Կիևի այն պնդումները, որ Ուկրաինային հաջողվել է Սումիի մարզում իր վերահսկողության տակ վերադարձնել Տրոստյանեց քաղաքը։ Պենտագոնում կարծում են, որ Կիևի ուղղությամբ Ռուսաստանի հարձակումը դանդաղել է և Մոսկվան, թվում է, ուշադրությունը կենտրոնացնում է Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մարտական գործողություններին։ 

Լուսանկարը՝ AP Photo/Vadim Ghirda

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter