Մյունխենը դիմավորում է ֆուտբոլասերներին թանկացումներով
Մոտենում է տարվա ամենասպասված ֆուտբոլային իրադարձություններից մեկը. մայիսի 19-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Ամբողջ ֆուտբոլային աշխարհը սպասում է Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը: Իհարկե ավելի հուզումնալից վիճակում են եզրափակիչին մասնակից երկու ակումբների` «Բավարիայի» և «Չելսիի» երկրպագուները: Երկու թիմերն էլ բաղձալի գավաթին սպասում են արդեն շատ երկար, իսկ «Բավարիայի» դեպքում հանդիպումը ավելի սկզբունքային է լինելու. սեփական հարկի տակ կրած պարտությունը չի ներվի գերմանացիներին:
Վերջին անգամ «Բավարիան» լիգայի գավաթակիր է դարձել 2001 թվականին, դրանից հետո չնայած թիմը երկար տարիներ իրար հետևից դառնում էր Բունդեսլիգայի չեմպիոն, բայց նույնը չէր հաջողվում կրկնել եվրոպական մարզադաշտերում: «Բավարիան» գավաթակիր դառնալու հնարավորություն ձեռք բերեց 2009-2010 թթ. մրցաշրջանում, սակայն ցավալի պարտություն կրեց Միլանի «Ինտերից»: Այս տարի Բավարիան, կարելի է ասել, ձախողեց ներքին առաջնությունը և մրցաշրջանը ձեռնունայն չավարտելու հույսը կապում է հենց ՉԼ-ի եզրափակչի հետ: Համարյա թե նույն իրավիճակում են նաև «ազնվականները»: Թիմը, որ երբեք այս մրցաշարում չեմպիոն չի դարձել, Պրեմիեր լիգայի 36-րդ տուրից հետո գտնվում է 6-րդ հորիզոնականում, ինչը նրան հնարավորություն չի տալիս մասնակցելու մյուս տարվա ՉԼ-ին: Առաջնությանը մասնակցելու միակ հնարավորությունը այս եզրափակչում հաղթելն է:
Հատկանշական է, որ «Չելսին» վերջին 8 տարիներին բաց չի թողել ՉԼ-ն: Ավելին՝ թիմի երկրպագուները դեռ ցավով են հիշում 2008 թվականը: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ չեն ուզում հիշել 2008 թվականը, երբ արդեն իրական թվացող գավաթը իրենց հետ տարան «Մանչեսթր Յունայթեդի» ֆուտբոլիստները: «Կապույտները» դեռ երկար կհիշեն ավագ Ջոն Տերրիի ճակատագրական սայթաքումը 11-մետրանոց նշակետի վրա: Այս տարի շատերը հումորով նշում են, որ «թոշակառուները» մեծ շանսեր ունեն հաղթելու, քանի որ եզրափակչին չմասնակցող Ջոն Տերրին չի ձախողի 11-մետրանոցը: Սակայն թիմի երկրապուգուները այդ առիթով այդքան էլ ուրախացած չեն, որովհետև առանց կենտրոնական 2 պաշտպանների, առանց ավագի, որը միշտ փրկում է թիմին այն պահերին, երբ թվում է, թե վիճակը բացարձակ անհույս է, հաղթելը շատ դժվար կլինի: Բացի Տերիից խաղին չեն մասնակցի նաև որակազրկված պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, կիսապաշտպաններ Ռաուլ Մեյրելիշը և Ռամիրեսը: «Բավարիան» ևս ունի կորուստներ: Խաղին չեն մասնակցի պաշտպաններ Հոլգեր Բադշտուբերը և Լուիս Գուստավոն, կիսապաշտպան Դավիթ Ալաբան:
Իսկ այս ընթացում՝ մինչ երկրպագուները և ֆուտբոլիստները սպասում են եզրափակչին, Մյունխենում հյուրանոցների գները գնալով ավելի ու ավելի են թանկանում: Եթե շաբաթներ առաջ այնտեղ միջին կարգի հյուրանոցի գինը մեկ օրվա համար 150-200 եվրո էր, ապա հիմա դրանք տատանվում են 1800-2400 եվրոյի միջև: Նշենք, որ մարզադաշտի տոմսերի նվազագույն գինը 70 եվրո է: Սա վերաբերում է միայն չեզոք ֆուտբոլասերներին: Ակումբների երկրպագուներին տոմսեր վաճառում են հենց թիմերը: Յուրաքանչյուր թիմի երկրպագուները մարզադաշտում կկազմեն 17,5 հազար մարդ: Ընդհանուր առմամբ խաղադաշտում ներկա կգտնվեն մոտ 60 հազար երկրպագուներ: Սակայն, չնայած ամեն ինչին, ֆուտբոլային իսկական ֆանատները ոչինչ չեն խնայում՝ այդ իսկապես ֆուտբոլային տոնին ներկա գտնվելու համար: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, տոմսերի մեծ մասն արդեն գնված է:
Սակայն երկրպագուների մեծ մասը խաղը դիտելու է հեռուստացույցով: Ըստ վիճակագրական տվյալների` խաղը կդիտի մոտ 110 միլիոն մարդ: Հայաստանում ևս ֆուտբոլասերները բավականին խանդավառված են այս առիթով: «Իմ կապույտ գլխարկը, շարֆը ու «Չելսիի» մարզաշապիկը արդեն պատրաստ են: Էս տարի հաստատ մենք ենք հաղթելու»,- ասում է Հայաստանում «Չելսիի» ֆան-ակումբի անդամ Ռուդիկը: «Տանն ենք նայելու խաղը, որ մեր հարևանությունը վեր թռնի գոլի ժամանակ: Մեր շենքը գմփալու ա էդ օրը»,- ասում է «Չելսիի» երկրպագու Դավիթը: «4 տարի առաջ բոլորս Տերրիի հետ լացում էինք, էս տարի էլ ենք լացելու, բայց ուրախությունից»,- ասում է Արմինեն, ով արդեն 8 տարի է, ինչ «Չելսիի» երկրպագու է: «Ես ուզում եմ՝ «Բավարիան» հաղթի, որովհետև «Չելսին» արժանի չէր «Բարսելոնին» հաղթելու»,- ասաց մեզ «Բարսելոնի» մի երկրպագու: «Մենք տան տիրոջ կարգավիճակում ենք լինելու. ո՞նց կարող ենք չհաղթել: Ո՞նց կարող են չհաղթել էդ «հներին», «ծերերին»»,- ասում է «Բավարիայի» երկրպագու Վահագը:
Կարծիքները բավականին տարբեր են և իրար հակասող: Սակայն ֆուտբոլային խաղում կանխատեսումներ անել հնարավոր չէ. սա մեզ սովորեցրել են հենց «Բավարիայի» և «Չելսիի» անդամները: Նրանց հաղթանակին կիսաեզրափակիչ խաղերում ոչ ոք չէր հավատում: Սակայն այսօր նրանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում են, աշխարհում ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաղթանակի թեկնածու: Եվ միակ բանը, ինչում ֆուտբոլասերները կարող են համոզված լինել, այն է, որ նրանք տեսնելու են դիտարժան և գրավիչ խաղ` լի կրքերով, արագությամբ ու դրամատիզմով:
Լուսինե Ոսկանյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել