Վերահսկիչ պալատը Կոտայքում պետբյուջեի միջոցների վատնում է արձանագրել
Վերահսկիչ պալատն իր կայքէջում հրապարակել է 2011թ.-ի դեկտեմբեր ամսին Կոտայքի մարզում իրականացրած ստուգումների արդյունքները: Կոտայքի մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման արդյունավետությունն ընտրանքային կարգով ստուգվել է մարզի թվով 10 օբյեկտներում, որոցում իրականացվել են հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքներ: Ստուգման արդյունքում արձանագրվել է 22,496.63 հազար դրամի խախտում, որից 4,431.93 հազ. դրամը բաժին է ընկնում արձանագրված ծավալային հավելագրումներին, իսկ 18.064.70 հազար դրամը` անորակ աշխատանքին:
Նշվում է, որ հիմնանորոգված դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերում չեն պահպանվել պետական ստանդարտով սահմանված շինարարական գծագրերի մշակման միասնական կանոնները եւ նորմերը: Պարզվել է, որ Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցի շենքի հիմնանորոգման նախագիծը կատարված է թերի կազմով եւ բովանդակությամբ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով համաձայնեցված չեն: Տանիքի փայտե կոնստրուկցիաների գծագրերը կատարված են թերի: Տանիքը իրականացված է նախագծային շեղումներով, որոշ հատվածներում` նախկինում օգտագործված փայտանյութից: Անորակ են կատարվել տանիքի փայտյա կոնստրուկցիաների տեղադրման, ալյումինա-պոլիկարբոնատե միջնորմերի պատրաստման աշխատանքները: Երկաթ-բետոնյա գոտու գործիքային ստուգումներից պարզվել է, որ տեղում բետոնի մակնիշը ավելի ցածր է պահանջվող նախագծային մակնիշից:
Չարենցավանի թիվ 1 դպրոցում անորակ են կատարվել ասֆալտբետոնե ծածկույթի կառուցման, պատերի առաստաղների լատեքսային եւ յուղաներկով ներկման, պատերի գաջե սվաղի աշխատանքները:
Արզաքանի միջնակարգ դպրոցում անորակ են կատարվել խողովակների եւ մարտկոցների յուղաներկման, առաստաղների եւ պատերի լատեքսային ներկման, վինիլային հատակների իրականացման, տանիքի ծպեղների եւ կանգնակների ամրացման, ջրհորդանների տեղադրման, մետլախե հատակների կառուցման, առանձին տեղերում պատերի, առաստաղների գաջե սվաղի աշխատանքները:
«Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոց», «Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում առկա են անհամատեղելի հաստիքներ` լաբորանտին, գրադարանավարին, օպերատորին իրենց դրույքներից բացի հատկացվել են նաև 0.5 դրույք հավաքարարի հաստիք: «Հրազդանի թիվ 11 մ/դ», «Եղվարդի թիվ 3 հիմն. Դպրոց», «Լեռնանիստի մ/դ» ՊՈԱԿ-ներում գանձապահի պարտականությունները կատարել են տնօրենները, որը «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3 մասի պահանջների խախտում է:
Կոտայքի մարզի սոցիալական ծառայությունների չորս տարածքային գործակալություններում 189 ընտանեկան նպաստի տրամադրման գործերում հայտնաբերված խախտումների արդյունքում 82 ընտանիքներ կորցնում են նպաստի իրավունքը: Պետական բյուջեին պատճառված վնասի չափը կազմում է 21,501.0 հազար դրամ, որից ենթակա է վերականգնման 11,608.0 հազար դրամ, այդ թվում Հրազդանում` 7,560.0/5,997.5 հազար դրամ, Աբովյանում` 5,964.0/2,004.0 հազար դրամ, Չարենցավանում` 2,476.5/1,263.5 հազար դրամ և Եղվարդում` 5,500.5/2,343.5 հազար դրամ:
Վերահսկիչ պալատը Կոտայքի մարզպետին առաջարկել է միջոցներ ձեռնարկել վերահսկողությամբ արձանագրված խախտումները եւ բացթողումները վերացնելու, ՀՀ պետական բյուջեին հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ, Կառավարությանն առաջարկվել է մարզպետարանների կողմից իրականացվող շինարարական ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի որակի ապահովման, ինչպես նաեւ ուղղակի պատասխանատվություն կրելու նպատակով, այսուհետ որպես այդ աշխատանքների պատվիրատու ճանաչել մարզպետարաններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել