
Արցախի ԱԺ խմբակցությունները խաղաղապահներից ակնկալում են ադրբեջանցիների վերադարձ ելման դիրքեր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում ասվում է հետևյալը․
«Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։
Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։
Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։
Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր»։
«Ազատ Հայրենիք - ՔՄԴ»
«Միասնական հայրենիք»
«Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
Մեկնաբանել