HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղցրավենիք գողացած աղջիկների ծնողներից 1000 դոլար են պահանջել. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 4-ին Բազումի բաժնում շորթման վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել. քաղաքի սուպերմարկետներից մեկի 30-ամյա մենեջերը փետրվարի 13-ին բռնել էր խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների, բռնություն գործադրելով տարել սուպերմարկետի պահեստ և ապօրինի զրկելով ազատությունից՝ նրանց կամքին հակառակ պահել էր այնտեղ։

«Տղամարդը զանգել ու կանչել էր անչափահասների մայրերին։ Նրանցից պահանջել էր 1000 դոլար՝ ոստիկանություն չհայտնելու և նրանց երեխաների մասին արատավորող տեղեկություններ չտարածելու համար:

Կանայք հայտնել էին, որ սոցիալական ծանր վիճակում են, ապա համաձայնության էին եկել, որ յուրաքանչյուրը մենեջերին ամսական մաս-մաս կվճարի 100 000 դրամ: Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել նաև, որ 30-ամյա մենեջերը պարբերաբար զանգում էր կանանց և փողը պահանջում։

Մարտի 4-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կանանցից մեկը փորձագետների կողմից նախապես մշակված 60 հազար դրամը փոխանցել է սուպերմարկետի 29-ամյա տնօրենին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում սուպերմարկետի տնօրենն ու նրա հայրը բերման են ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին:

Վանաձորի Շինարարների փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև մենեջերը:

Տնօրենի անձնական խուզարկությամբ, ուլտրամանուշակագույն լույսի կիրառման արդյունքում, նրա ձեռքերի և հագուստի վրա հայտնաբերվել են քիմիական փոշու հետքեր:

Մենեջերի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչներ, գաղտնի փականով դանակ և ծխախոտի տուփ, որի մեջ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ էր։

«Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է «շորթում» գրառմամբ 60 հազար դրամը։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter