HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 35 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 31-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

20:00

«Պետք է հստակ հասկանալ, թե ում հետ գործ ունենք». Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը պատերազմի մասին

19:53

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի «Восток» օդային հրամանատարությունը պնդում է, որ Սլոբաժանշինայի ուղղությամբ մեկ օրվա ընթացքում խոցվել է ռուսական երեք կործանիչ և մեկ անօդաչու։

19:48

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Հեռախոսազրույցի մանրամասներն ըստ Կրեմլի.

  • Կողմերը պայմանավորվել են, որ ՌԴ և Գերմանիայի փորձագետները հավելյալ բանակցություններ կվարեն գազի վճարման հարցի շուրջ։ Ավելի վաղ, Ռուսաստանը պահանջել էր անցում կատարել ռուբլով վճարման։ G7-ի և Եվրամիության երկրները, ավելի վաղ, հրաժարվել էին կատարել Ռուսաստանի պահանջը։
  • Մտքեր են փոխանակվել Ստամբուլում նախօրեին կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների շուրջ։
  • Դիտարկվել են «մարտական գործողությունների շրջաններից, նախևառաջ Մարիուպոլից, խաղաղ բնակիչների անվտանգ տարհանման ապահովման» խնդիրները։

19:44

ՌԴ ՊՆ երեկոյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Կիևի և Չեռնիգովի ուղղություններով ՌԴ զինված ուժերի բոլոր հիմնական խնդիրները կատարված են։
  • Ռուս զինվորականները, զարգացնելով հարձակումը, ճեղքել են հակառակորդի լավ ամրացված պաշտպանությունը, անցել են Դոնեցկի մարզի Շայտանկա գետը։ Ընթանում է Զոլոտայա Նիվա բնակավայրի մաքրումը։
  • ԼԺՀ ուժերը շարունակում են հարձակումը դեպի Սևերոդոնեցկ, մարտեր են ընթանում Ժիտլովկա բնակավայրի մաքրման ուղղությամբ։

19:39

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Սև ծովում լողացող ականների տեղադրման մեջ։

19:29

Ուկրաինայի ՊՆ. Ռուսաստանը չի հրաժարվել Կիևը և Չեռնիգովը գրավելու և շրջափակելու փորձերից

«Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ընդգծում է Կիևի, ինչպես նաև Չերնիգովի ուղղություններից առանձին ստորաբաժանումների որոշակի մասնակի տեղաշարժը»,- հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը։

Սակայն, նրա խոսքով, այդ շրջաներից ռուսական զորքերի զանգվածային դուրսբերում չի նկատվում։ «Ակնհայտ է, որ հակառակորդը հետ է քաշում ստորաբաժանումներին, որոնք կրել են մեծ կորուստներ, որպեսզի դրանք համալրի»,- նշել է Մոտուզյանիկը։

19:21

Վլադիմիր Պուտինն արգելել է կրիտիկական ենթակառուցվածքների պետական մարմիններին և պետական պատվիրատուներին կիրառել արտասահմանյան ծրագրային ապահովումներ։ Համապատասխան հրամանը հրապարակվել է մարտի 30-ին։

19:16

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել Նորվեգիայի խորհրդարանի առաջ։ Նա խնդրել է զենք մատակարարել Ուկրաինային, նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, օգնել Եվրոպային ապահովելու էներգառեսուրսներով։

18:54

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը լուսանկար է հրապարակել Սումիի մարզի Տրոստյանեց քաղաքից։ Քաղաքի ազատագրման մասին ուկրաինական կողմը հայտարարել էր չորս օր առաջ։

18:27

CNN և NBC. ԱՄՆ-ում կարծում են, որ Պուտինի խորհրդականները նրան չեն հայտնում ճշմարտությունը, քանի որ շատ են վախենում նրանից

ԱՄՆ-ում կարծում են, որ Պուտինը ռազմական ղեկավարության կողմից իրեն խաբված է զգում։ Այդ մասին հայտնել է CNN-ը և Սպիտակ տանը NBC News-ի ավագ թղթակից Փիթեր Ալեքսանդրը՝ հղում անելով ամերիկյան իշխանության անանուն ներկայացուցչին։

«Ներկայումս Պուտինի և Ռուսաստանի ՊՆ միջև գոյություն ունի մշտական լարվածություն, որը կապված է նախարարության ղեկավարության նկատմամբ Պուտինի անվստահության հետ»,- հայտարարել է Ալեքսանդրի աղբյուրը։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունում կարծիք կա, որ Պուտինի խորհրդականները ապատեղեկացնում են նրան Ուկրաինայում ռուսական բանակի խնդիրների և ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների հետևանքների մասին, այդ իսկ պատճառով «շատ են վախենում նրան ճիշտն ասել»։

18:05

Ուկրաինան պատերազմի մեկնարկից ի վեր լքել է 4 միլիոն փախստական։ Նրանց կեսը երեխաներ են։

Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, ինչպես նաև UNICEF-ը։

18:01

Միխայիլ Պոդոլյակը ևս մեկնաբանել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները

«Ստամբուլյան արդյունք։ Իրավաբանական երաշխիքները, որոնք ապահովում են Ուկրաինայի անվտանգային նոր ուրվագիծը (ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի նման)։ Ղրիմի խնդրի վերադարձ բանակցային օրակարգ։ Ուկրաինական պետականության կենսագործունեության ապացույց։ Անվտանգության գլոբալ սկզբունքների և ինստիտուտների դերի վերանայման սկիզբ»։

17:53

Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը հայտնել է զոհերի նախնական տվյալների մասին։

Նրա խոսքով՝ քաղաքում կարող էր զոհվել մինչև 300 քաղաքացիական, տարածքային պաշտպանության 16 մարտիկ և մինչև 50 զինվորական։

17:49

Էլ ինչ է հայտարարել Վլադիմիր Մեդինսկին

  • Ռուսաստանը 2014 թվականից մեկ անգամ չէ, որ Ուկրաինային առաջարկել է բանակցել և համաձայնագրեր կնքել, բայց այդ առաջարկները անտեսվել են։ ՆԱՏՕ-ն Ուկրաինայից ստեղծել է հակառուսական պլացդարմ։
  • Կիևն աշխատատել է կենսաբանական զենքի ստեղծման ուղղությամբ, ցեղասպանություն իրականացրել Դոնբասում և պատրաստվում էր հարձակվել «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի վրա։ Այդ պայմաններում Ռուսաստանը ստիպված էր սկսել ռազմական գործողություն։
  • Ուկրաինան երեկ առաջին անգամ հայտարարել է Ռուսաստանի սկզբունքային պահանջների կատարման պատրաստակամության մասին։ Եթե դրանք իրագործվեն, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի պլացդարմի ստեղծման սպառնալիքը կվերանա։ 
  • Աշխատանքը շարունակվում է։ Ղրիմի և Դոնբասի հարցով մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։

17:40

Դատարանը մերժել է RT France-ի հեռարձակման արգելքի չեղարկման վերաբերյալ հայցը

Եվրոպական դատարանը հայտնել է, որ հեռուստաընկերության հայցը մերժվել է։

«Դատարանի նախագահը մերժել է RT France-ի հայցը, որը հետապնդում էր Եվրամիության խորհրդի պատժամիջոցների դադարեցում»,- նշվում է դատարանի մամլո հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցների շրջանակներում, որը հաջորդել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, Եվրամիությունը արգելել էր RT հեռուստաընկերության և Sputnik գործակալության հեռարձակումը։ 

17:30

Վլադիմիր Մեդինսկի. Ուկրաինան երեկ առաջին անգամ ցուցաբերել է պատրաստակամություն Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման շուրջ կարևորագույն պայմանների իրականացման համար։

17:27

Vogue ամսագրի լեհական համարի ապրիլ ամսվա շապիկը։

17:24

Reuters գործակալությունը հայտնում է, որ արտասահմանում գտնվող հարուստ ռուսաստանցիները դժվարություններ ունեն փողերին հասանելիություն ունենալու ժամանակ, եթե նույնիսկ չեն գտնվում պատժամիջոցների տակ։

17:10

Ֆինլանդիան վերսկսել է Ռուսաստանի հետ բեռնատար երկաթուղային հաղորդակցությունը

Ֆիննական VR Transpoint օպերատորը մարտի 27-ից դադարեցրել էր բեռնափոխադրումները, ինչը կապված էր Ռուսական երկաթուղու նկատմամբ բրիտանական պատժամիջոցների հետ։

3 օր անց ընկերությունում նշել էին, որ այդ պատժամիջոցները չեն տարածվում բեռնափոխադրողների հետ կնքված պայմանագրերի վրա։ Գործընթացը կվերսկսվի արդեն այսօր՝ մարտի 30-ին։

17:06

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 22,5 հազար ուկրաինացի փախստականների տրվել է մուտքի արտոնագիր։

17:00

Ռուս-ուկրաինական բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը դեռևս գտնվում է Թուրքիայում։

Նրա խոսքով՝ այսօր նախատեսված են հանդիպումներ թուրք քաղաքական գործիչների հետ՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության քննարկման համար։

Դրանից հետո պատվիրակությունը կվերադառնա Ուկրաինա։

16:52

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն ուկրաինական կառավարությանը մեղադրել է կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա ազդեցության փորձի մեջ

Սիյարտոն հայտարարել է, որ այդ մասին, իբր, խոսք է գնացել Ուկրաինայի ԱԳ նախարարի և Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանի միջև հեռախոսազրույցի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբնա մի քանի օր առաջ զանգահարել է Հունգարիայում Ուկրաինայի դեսպանին, «որպեսզի խորհրդակցի հունգարական ընտրությունների արդյունքների վրա ազդեցության հնարավորության շուրջ»։

Սիյարտոն մանրամասներ չի նշել, թե որտեղից իրեն ուկրաինական պաշտոնյաների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ 

«Մամուլում տեղ գտած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Այդ պատճառով հունգարական ձախերը տգեղ կերպով ձախողվեցին։ Ձախողվել են, որ նման բանակցություններ կան։ Մշտական բանակցություններ Հունգարիայի ձախերի և Ուկրաինայի կառավարության միջև»,- ասել է Սիյարտոն։

Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս լուրը։

16:41

⚡️Մեծ Բրիտանիան հրաժարվում է ռուսական ապրանքների համար ռուբլով վճարել

Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը։

16:35

Դնեպրոպետրովսկի մարզում արգելել են անտառ գնալ

Անտառային տարածքներ մուտքի արգելքը վերաբերում է քաղաքացիական բոլոր անձանց։ Անտառներ կարող են այցելել միայն զինվորականները, անտառապանները, իրավապահներն ու այն անձինք, որոնք հատուկ ծառայողական նպատակներից ելնելով մուտքի իրավունք ունեն։

Այդպիսի արգելք արդեն իսկ գործում է Ուկրաինայի մի քանի այլ մարզերում։

16:18

Դանիական JYSK կահույք արտադրող ընկերությունը հայտարարել է, որ որոշել է ամբողջությամբ փակել Ռուսաստանում իր խանութները, որոնց աշխատանքն ավելի վաղ ժամանակավորապես դադարեցվել էր։

15:55

Ուկրաինա ուղարկված պետերբուրգցի ժամկետայինները վերադարձել են տուն

Սանկտ Պետերբուրգի երկու բնակիչներ, որոնք գտնվում էին ժամկետային ծառայության մեջ և ուղարկվել էին Ուկրաինա, վերադարձել են Ռուսաստան։

Ինչպես հայտարարել է Պետերբուրգում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Սվետլանա Ագապիտովան, պատերազմի մեկնարկից ի վեր, իր մարմինն ստացել է յոթ նման դիմում. վեցը՝ մայրերից, մեկը՝ զինծառայողի կնոջից։

15:33

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ կեսօրի տեղեկագիրը.

  • Բռնազավթիչների զինվորական հրամանատարությունը շարունակում է Ուկրաինայի դեմ պատերազմի ուղարկել ապահովման զորամասերի զինվորականների, մասնավորապես ուսումնական հաստատություններից։
  • Հակառակորդի փորձերը հավաքագրելու «կամավորների»՝ բնակչության շրջանում աջակցություն չունի։ Մասնավորապես, Կալինինգրադի մարզում հաջողվել է հավաքագրել միայն 17, այսպես կոչված, «կամավորի»։
  • Պոլեսկի ուղղությամբ, Չեռնոբիլի ԱԷԿ-ի, «Укрытие» օբյեկտի և ճառագայթման գոտու ողջ շրջանում, օկուպացիոն զորքերի կուտակումը շարունակվում է։
  • Հյուսիսային ուղղությամբ հակառակորդն իր ներուժը կենտրոնացրել է հետախուզական գործունեության, դիրքերի ինժեներական սարքավորումների և Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների դիրքերին ու Չեռնիգովի ենթակառուցվածքներին հրետանային հարվածներ հասցնելու վրա։
  • Բրովարի ուղղությամբ գրանցվել է ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներից դեպի ՌԴ սահման ռուսական ստորաբաժանումների մասնակի նահանջ։
  • Սլոբաժանսկի ուղղությամբ բռնազավթիչները շարունակում են արգելափակել Խարկովը և հրետանային հարվածներ հասցնել քաղաքի բնակելի թաղամասերին։

15:04

Աշխարհում ալյումինի առաջատար արտադրողներից մեկը՝ «Русал»-ը հայտնել է պատժամիջոցների պայմաններում իր բիզնեսի համար առկա ռիսկերի մասին

Մարտի 30-ին ընկերությունը ներկայացրել է 2021 թվականի ֆինանսական արդյունքները։

Հաշվետվություններին կից ծանոթագրություններում նշվում է, որ ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև դրա էական զարգացումը, կարող է հարվածել բիզնեսին, ֆինանսական վիճակին և ընկերության գործունեության արդյունքներին:

Հիմնական խնդիրը կայանում է արտասահմանյան շուկաների կորստի մեջ, որոնց հնարավոր չէ փոխարինել։

14:59

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իրանը դեմ է հանդես գալիս հակառուսական միակողմանի պատժամիջոցներին։

14:48

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այսօր հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Այդ մասին հայտնում է Իտալիայի վարչապետի աշխատակազմը։

Ավելի վաղ, Կրեմլը հայտարարել էր, որ օրվա երկրորդ կեսին նախագահը միջազգային մի քանի հեռախոսազրույցներ կունենա։

14:41

Լեհաստանը նախատեսում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից։

Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մինչև տարեվերջ հրաժարվենք ռուսական նավթից»,- ասել է Մորավեցկին։

Նա չի նշել, թե ինչպես է Լեհաստանը պատրաստվում այդքան կարճ ժամկետներում հասնել այդպիսի արդյունքների՝ հաշվի առնելով, որ երկիրն այդքան կախված է ռուսական նավթից։

14:10

Ռուսական զորքերն առավոտյան Լուգանսկի մարզի Լիսիչանսկի հրթիռակոծության ժամանակ հրթիռակոծել են նաև մանկապարտեզը։ Այդ մասին պնդում է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Տուժածների վերաբերյալ նա տվյալներ չի հայտնել։

12:25

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Հարավուկրաինական ԱԷԿ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին ժամանել է Հարավուկրաինական ԱԷԿ։ Տեղում նա կքննարկի, թե տեխնիկական ինչ օգնություն է անհրաժեշտ էլեկտրակայանին։ Կողմերը նաև կխոսեն այն մասին, թե ինչպես ապահովել երկրի ատոմային օբյեկտների անվտանգությունն ու պահպանությունը։

12:20

Նիկոլաևում արդեն 14 զոհ կա

Նախօրեին Նիկոլաևի մարզային վարչակազմի շենքի հրթիռակոծման պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի։ Փրկարարները փլատակների տակից հանել են 13 մարդու դի, ևս 1-ը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։

36 մարդ էլ մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է։

12:13

Այսպիսի տեսք ունի հիմա Կիևի մարզի Իրպեն քաղաքը։ Տեսանյութը 18+:

12:04

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Խմելնիցկի և Ստարոկոնստանտինովի շրջաններում ոչնչացվել են ՎՔՆ խոշոր պահեստներ։
  • Ոչնչացվել է Դոնեցկի մարզի Կամենկա բնակավայրում գտնվող հրթիռահրետանային սպառազինության երկու խոշոր պահեստ։
  • Ռովնոյի մարզում, ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ, խոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Су-24 ինքնաթիռ։
  • Ոչնչացվել է ուկրաինական 10 անօդաչու թռչող սարքավորում։
  • Օպերատիվ-մարտավարական ավիացիան և հրթիռային զորքերը խոցել են Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ։

12:01

Ռուսաստանում կշարունակեն փակ մնալ Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։

11:59

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդֆորդը Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու մասին.

«Մենք ուրախ կլինենք ստանձնելու այդ դերը, եթե ուկրաինական կառավարությունը խնդրի մեզ այդ մասին»։

11:56

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ մարտի 30-ի առավտյան ռուսական զորքերը ծանր սպառազինությունից հրթիռակոծել են Լիսիչանսկի բնակելի հատվածները։

Նրա խոսքով՝ կան զոհեր։ Նրանց թիվը ճշտվում է։

11:53

Տեսանյութ է հրապարակվել Դոնեցկի բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքներից։

11:49

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը 

«Ճիշտ կլինի այնտեղ, որտեղ երկրի համար շահեկան է, ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը. պարարտանյութեր, հացահատիկ, կարագ, նավթ, ածուխ, մետաղներ, փայտ և այլն»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Վոլոդինը։

11:44

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը հանգեցրել է այդ երկրում սննդամթերքի սուր պակասի և ստեղծում է նախադրյալներ գլոբալ պարենային ճգնաժամի համար։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը։

11:39

Ահա այս տեսքն այս օրերին ունի Մարիուպոլը։ Առաջին լուսանկարում Դրամատիկական թատրոնի ավերված շենքն է, երկրորդում՝ սուպերմարկետի մոտ ահռելի հերթերը, իսկ երրորդ լուսանկարում երևում է ռազմական տեխնիկան, որը կանգնած է բնակելի շենքերի մոտ։

11:34

Գերմանիան ակտիվացրել է արտակարգ իրավիճակի վաղ նախազգուշացումը «Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման դեպքում»։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի էկոնոմիկայի նախարարը։

11:30

Ի՞նչ է կատարվել մարտի 30-ի գիշերը` հակիրճ.

  • Ռոսավիացիան մինչև ապրիլի 7-ը երկարաձգել է Ռուսաստանի կենտրոնական և հարավային հատվածների օդանավակայաններ թռիչքների արգելումը։
  • Բելգորոդի մարզի նահանգապետը հայտնել է, որ Բելգորոդի մոտ պայթյունների պատճառը եղել է զինամթերքի պահեստում սկսված հրդեհը։
  • Մեծ Բրիտանիան համաձայնվել է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։
  • Գերագույն ռադայում օրենսդրական նախագիծ է շրջանառվել, որով առաջարկվում է Ուկրաինայի տարածքում արգելել Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը։
  • Առավոտյան Կիևի արվարձաններում դարձյալ պայթյուններ են հնչել։ Տվյալներ են ստացվում Հոստոմելի, Բուչայի և Իրպենի շրջաններում մարտերի և ռմբակոծության մասին։
  • Կիևի ժամանակով մոտ 08:30-ին Դոնեցկում հրթիռն ընկել է բազմահարկ շենքի վրա։ Նշվում է երկու զոհի մասին։
  • Հրթիռակոծության վերաբերյալ տվյալներ են ստացվում նաև Լիսիչանսկից, Ավդեևկայից, Մարինկայից, Կրասնոգորովկայից։ Բացի այդ, նշվում է նաև Նովոմիխայլովկայի ուղղությամբ ավիահարվածների մասին։
  • Շարունակվում են Խերսոնի մարզի որոշ շրջաններում պայթյուններն ու ռմբակոծությունը։
  • Մարիուպոլում իրավիճակը չի փոփոխվել։ Շարունակվում են շրջափակումն ու փողոցային մարտերը։ Քաղաքում մնում են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։
  • Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ստորաբաժանումները վերախմբավորման նպատակով ստիպված են վերադառնալ Ռուսաստան և Բելառուս։ Գերատեսչության գնահատականներով՝ տեղում ուժերի կրճատումը կարող է նշանակել հրթիռային հարվածների և ռմբակոծության թվի աճ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter