HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը 23 օր հացադուլի մեջ է, իսկ գործի քննությունն առաջ չի գնում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Հրայր Սաֆարյանն արդեն 23 օր՝ մարտի 7-ից, հացադուլի մեջ է: Պահանջում է գործը դատարանից հետ ուղարկել նախաքննական մարմին՝ նոր քննության, քանի որ մեղքը չի ընդունում և կարծում է, որ  նախաքննությունը սխալ է ընթացել:

Հրայրի եղբայրը՝ Սարգիս Սաֆարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Հրայրի հետ նույն գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև այլ անձ, որի նկատմամբ կիրառվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը և ազատության մեջ է, իսկ եղբայրն արդեն 1 տարի 8 ամիս կալանավորված է:

«Հրայրը դատախազություն դիմում է ներկայացրել, ես նույնպես դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանին դիմումներ եմ ներկայացրել, պահանջում ենք, որ գոնե դատախազությունից մարդ գնա իր մոտ, լրացուցիչ հաղորդում ունի տալու: Գործն ակնհայտ սխալ է քննվել: Պաշտպանի գրասենյակից գնացել, հետը զրուցել են, սակայն ոչ մի շարժ չկա»,-հավելեց Սարգիս Սաֆարյանը:

Սարգիսի խոսքերով՝ եղբայրը մտավախություն ունի, որ դատարանում ևս արդարադատություն չի իրականացվի՝ հաշվի առնելով նախաքննության ոչ ճիշտ ընթացքը:

«Եղբայրս նախկինում դատապարտված է եղել, ինձ թվում է, քննչականը հենց այդ կանխավարկածով էլ առաջնորդվել է և ամեն ինչ բարդել եղբորս վրա: Դե, նախկինում դատապարտվել է, ուրեմն հաստատ ինքն է, իրենց մոտ այդ սկզբունքն է»,- ասում է Սարգիս Սաֆարյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրայր Սաֆարյանը նախապես ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելուն օժանդակելու վերաբերյալ համաձայնության գալով ընկերոջ հետ, վերջինիս պատկանող՝ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով 2020թթ. հունիսի 16-ին՝ ժամը 13:54-ին գնացել են Երևան քաղաքի Կոմիտաս 51 ա շենքի դիմացի հատված: Ավտոմեքենան կայանել են մայթեզրին և քայլելով գնացել Կոմիտաս 54-րդ շենքի շքամուտք, որտեղ պայմանավորվածության համաձայն ընկերն օժանդակել է՝ հսկել տարածքը՝ ապահովելով Հրայր Սաֆարյանի կողմից անարգել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը: Իսկ վերջինս նախապես իր հետ վերցրած հարմարեցված բանալիով մուտքի դռան ներդիր փականը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել բնակարաններից մեկը և այնտեղից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 3 մլն 950 հազար դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր: Դրանց վաճառքից 100.000 դրամ գումարը, ըստ մեղադրանքի, Հրայրը տվել է ընկերոջը։

Նշենք, որ վերը նշված քրեական գործը դատարան է ուղարկվել 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին: Սակայն մինչ օրս պատշաճ քննություն չի իրականացվել:

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին և այն վարույթ է ընդունել 2020թ.-ի սեպտեմբերի 23-ին:

Խափանման միջոցի հարցը որոշելու նպատակով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 1-ին, սակայն, դրանից հետո նշանակված դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ամբաստանյալի աթոռին հայտնվածը կալանքի տակ է:

Մասնավորապես, ըստ «Դատալեքս» տեղեկատվական պարտալի, 2020թ. հոկտեմբերի 16-ի նիստը չի կայացել, քանի որ գործով անցնող և ազատության մեջ գտնվող ամբաստանյալը «չի ներկայացել դատական նիստին»: Հաջորդ նիստը նշանակվել է մոտ 5 ամիս անց՝ 2021թ.-ի մարտի 5-ին, սակայն այդ նիստն էլ չի կայացել և «Դատական նիստը հետաձգվել է դատախազի ներկայացրած դիմումի հիման վրա, համաձայն որի՝ չի կարող ներկայանալ դատական նիստին աշխատանքային ծանրաբեռվնածության պատճառով»:

Ապրիլին և հունիսին նշանակված մեկական նիստերը կայացել են, իսկ հուլիսի 2-ի նիստը չի կայացել. «Դատական նիստը հետաձգվել է՝ քանի որ դատախազ Վ. Ասատրյանը հեռախոսազանգի միջոցով դատարանի աշխատակազմին հայտնել է, որ տեղափոխվել է այլ վարչական շրջան, ուստի չի կարող ներկայանալ սույն դատական նիստին»: Երկու ամիս անց նշանակված դատական նիստը չի կայացել և «դատավորի՝ արձակուրդում գտնվելու հետևանքով դատական նիստը հետաձգվել է»: 2021թ.-ի նոյեմբերի 26-ի նիստը ևս հետաձգվել է «դատավորի վատառողջ լինելու պատճառով»:

Դրանից հետո հաջորդ դատական նիստը նշանակվել է 4 ամիս անց՝ 2022թ. մարտի 31-ին: Հարց է՝ այդ նիստը կկայանա, թե՞ ոչ:

Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից հայտնեցին, որ Հրայր Սաֆարյանն առողջական վիճակից գանգատներ չի ներկայացրել, գտնվում է դինամիկ հսկողության տակ։ Սարգիսն էլ փոխանցում է, որ եղբայրն արդեն հյուծվել է:

«Վերջինիս հետ պարբերաբար, յուրաքանչյուր աշխատանքային օր կատարվել են ընդունելություններ։ Տարվել են բացատրական զրույցներ և խորհրդատվական աշխատանքներ՝ հացադուլի դադարեցման ուղղությամբ, սակայն Հրայր Սաֆարյանի մոտ դիրքորոշման փոփոխություն տեղի չի ունենում»,- ասում է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ հացադուլի պատճառը առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չլինելն է:

Գլխավոր դատախազությունից էլ հայտնեցին, որ հացադուլի մեջ գտնվող Հրայրի եղբոր՝ Սարգիս Սաֆարյանի դիմումը դատախազությունը ստացել է, ուսումնասիրվում է, և արդյունքների մասին կտեղեկացնեն դիմումատուին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter