HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բարոյալքված երկրի բարոյալքված հավաքականը

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իր 30-ամյա պատմության խոշորագույն պարտությունը կրեց՝ ընկերական խաղում 0-9 հաշվով զիջելով Նորվեգիային, երիտասարդական կամ մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 7-րդ խաղում 6-րդ պարտությունը կրեց՝ 0-2 հաշվով զիջելով Սերբիայի հասակակիցներին ու շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը, իսկ մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 3 խաղում 3 պարտություն կրեց նույն 0-4 հաշվով՝ պարտվելով Պորտուգալիային, Անգլիային, Իռլանդիային։

Զրոյական հաշիվները ցույց են տալիս հայկական ֆուտբոլի այսօրվա իրական վիճակը, որը եթե նույնիսկ զրո չէ, ապա շատ մոտ է կամ ձգտում է դրան։

Երբ օրեր առաջ ազգային ընտրանին ընկերական առաջ խաղում 1-0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին, իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում խոսքեր էր շռայլում իր թիմի հասցեին, բայց դե կողքից չեզոք հայացքով նայող մարդուն պարզ էր, որ այդ օրը դաշտում խաղում էին միջակից էլ ցածր (ըստ խաղի որակի) մակարդակի երկու թիմ, որոնցից մեկն (Մոնտենեգրոն) ուղղակի ավելի վատն էր, քան մյուսը։ Իրականում, սակայն, այնպես չէ, որ բալկանյան թիմն ավելի թույլ է Հայաստանից, պարզապես ընկերական խաղում փորձարկումներն ու, թերեւս, տրամադրվածության պակասն իրենց դերը խաղացին։ Բայց դա Մոնտենեգրոյի խնդիրն է, իսկ մերն այն է, որ մինչեւ հիմա աջ ու ձախ զիջում ենք ամենատարբեր բաներում՝ ֆունկցիոնալ պատրաստվածություն, տակտիկական գրագիտություն, բարոյակամային որակներ․․․

Օրինակ՝ Մոնտենեգրոյի հետ խաղից հետո Կապառոսը գովում էր Էրիկ Վարդանյանին, բայց բացի գոլային փոխանցումից ինչո՞վ աչքի ընկավ 23-ամյա ֆուտբոլիստը։ Ֆիզիկական լավ տվյալներ ունեցող խաղացողը ակնհայտորեն թե՛ արագությամբ էր զիջում մրցակցին, թե՛ օգտակար գործողություններն էին քիչ։ Ժամանակին ուրախանում էինք, որ հանձին այս ֆուտբոլիստի՝ լավ խաղացող է հասունանում, բայց մինչ օրս նրա կարիերայի բարձրակետը ռուսական «Սոչի» տեղափոխվելն էր, որտեղ այդպես էլ չամրապնդվելով՝ հետ եկավ Հայաստան։ Ի՞նչն է խանգարում, որ բնատուր լավ տվյալներ ունեցող խաղացողը, որը գտնվում է ուժերի ծաղկման շրջանում, մասնագիտական առումով աճի ու բարձրանա մարզական կարիերայի աստիճաններով։ Շատերը կասեն՝ Էրիկի բարդ բնավորությունը։ Միայն դա՞։

Իր տեսակի մեջ Էրիկը միակը չէ։ Բազմաթիվ դեպքեր կարող ենք նշել, թե ինչպես են առաջին հայացքից հեռանկարային թվացող հայ խաղացողները հայտնվում արտասահմանում, բայց կարճ ժամանակ անց բռնում տունդարձի ճամփան՝ «դարձ ի շրջանս յուր» անելով։ Տեսեք 28-ամյա պաշտպան Արման Հովհաննիսյանի օրինակը, որը ֆուտբոլիստի համար հասուն տարիքում է։ Ուկրաինայում ու Ղազախստանում երկու կարճ շրջան անցկացնելուց հետո նա նորից վերադարձավ մակարդակով ավելի ցածր Հայաստանի առաջնություն։ Այս խաղացողը չի ունեցել եւ չունի եզրային պաշտպանից պահանջվող բարձր արագություն, ինչը տեսանք թե՛ երեւանյան հանդիպմանը, թե՛ Օսլոյում, բայց նրան մարզիչները վստահում են նման գոտի։ Վերջին տարիներին մեր հավաքականի պաշտպանության եզրերում երկու արագավազ ֆուտբոլիստ է եղել՝ Կամո Հովհաննիսյանը, որից այսօր միայն ստվերն է մնացել, չնայած դեռ 29 տարեկան է, եւ 31-ամյա Հովհաննես Համբարձումյանը, որը չնայած Կամոյի չափ արագություն չունի, պայքարող, գրոհների միտված ֆուտբոլիստ է, ինչի շնորհիվ ոչ միայն գոլային փոխանցումների, այլեւ գոլերի հեղինակ է դառնում թե՛ ակումբներում, թե՛ հավաքականում (4 գոլով Համբարձումյանն այսօր հավաքականի ամենաարդյունավետ պաշտպանն է)։ Օսլոյում Համբարձումյանի աջ պաշտպանի գոտում խաղում էր 26-ամյա Մոնրոյ Արարատը, որը 2018-ին առաջին անգամ հավաքական հրավիրվելուց հետո այդպես էլ չկարողացավ դառնալ ազգային թիմի մշտական անդամ, քանի որ չաճեց, ու վետերան Համբարձումյանն այսօր այդ գոտում շատ ավելի լավ տարբերական է, քան Արարատը։

Ընդհանրապես, պաշտպանությունը (ներառյալ՝ դարպասապահը) ազգային թիմի խրոնիկ ամենաթույլ կողմն է։ Ոմանք գուցե ասեն, որ ժամանանակից ֆուտբոլում պաշտպանությունը թիմային աշխատանք է, բայց այդ առումով էլ այն մնում է խրոնիկ թույլ կողմ հավաքականում։ Ընդհանրապես, միակ լուսավոր կետը ներկա ազգային թիմում, մեր համոզմամբ, թիմի ավագ, կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն է։

Եթե ժամանակին հնարավոր չէր հավաքականը պատկերացնել առանց Սարգիս Հովսեփյանի կամ Ռոբերտ Արզումանյանի, ապա հիմա այդպիսին Հարոյանն է։ Այս ֆուտբոլիստը ոչ թե հենասյուն է պաշտպանության օղակում, այլ հենապատ։ Հարոյանով եւ առանց նրա հավաքականն այլ թիմ է։ Բայց մի հոգին, այն էլ պաշտպանը, հարց չի լուծում դաշտում։ Չի կարող Հարոյանը բոլոր հարվածներն իր վրա վերցնել, բոլորի հետեւից հասնել, բոլոր խաղընկերների սխալներն ուղղել։ Այո, տարիներ առաջ նա էլ էր մանկական սխալներ թույլ տալիս, բայց ժամանակի ընթացքում աճեց ու հիմա հասել է Իսպանիայի առաջնություն։ Ափսոս միայն, որ Հարոյանն Օսլոյում երկու տեղից կոտրեց աջ ձեռքն ու դուրս մնաց շարքից։ 

Ինչու՞ Մխիթարյանը դարձավ Մխիթարյան, Հարոյանը՝ Հարոյան։ Խոսում ենք նրանց մասին, ովքեր Հայաստանում են ֆուտբոլային կրթություն ստացել։ Այս տղաները արտասահման մեկնելուց մեկ-երկու տարի անց Հայաստանի առաջնություն չեն վերադարձել, այլ կայուն քայլերով ավելի ուժեղ առաջնություններ են տեղափոխվել։ Ինչու՞ այդքան հայ պատանիների միջից տարիների ընթացքում ֆուտբոլային վառ անհատականություն են դառնում մատների վրա հաշվածները։

Կա երկու գլխավոր պատճառ՝ կրթություն եւ աշխատասիրություն։ Ի՞նչ են սովորում մանկապատանեկան տարիքի ֆուտբոլիստներն իրենց մարզիչներից, ի՞նչ է «մտցվում» նրանց գլուխը վաղ տարիքում, հաջողության հասնելու ի՞նչ առաջնահերթություններ է շեշտում եւ ինչի՞ վրա է աշխատում մարզիչը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայկական ակումբներն ու հավաքականները, ինչպես նաեւ ֆուտբոլասերը քաղում են տարիներ անց՝ ականատես լինելով գերխոշոր հաշիվներով պարտությունների։

Ոմանք գուցե ասեն, թե կարեւոր են նաեւ տաղանդը, գեները եւ այլն, ու եթե երեխան տաղանդ չունեցավ, մարզիչն անզոր կլինի։ Տաղանդն, անշուշտ, կարեւոր է, բայց առաջնային գործոն չէ․ քանի՞ տաղանդավոր պատանի կամ երիտասարդ է խամրել մի քանի տարվա ընթացքում երկրպագուների աչքի առաջ։ Խոսքն ընդհանրապես սպորտի մասին է։ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կերպարը բոլորին է հայտնի, բայց մի հարցում նրա հետ դժվար է չհամաձայնել։ 2011-ին նա ասում էր, որ վերջին 30 տարում հայ խաղացողներից ամենատաղանդավորը Էդգար Մանուչարյանն է (գուցե այդ հարցում Հայրապետյանը մի փոքր չափազանցրել է, ինչպես հատուկ է իրեն), բայց ո՞վ չգիտի, թե ինչ կարիերա ունեցավ Էդգարը, որի անունը պատանի տարիքում վանկարկում էր ամբողջ «Հանրապետականը», որն իր ընկերների հետ խաղում էր մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում, որը «Փյունիկից» գնաց ֆուտբոլային ինկուբատոր «Այաքս» ու․․․ ու վերջ։ «Էդգար Մանուչարյանն ուղեղի խնդիր ունի»,- իր ոճով ասում էր Ռուբեն Հայրապետյանը։ Իսկ հիշու՞մ եք Ժորա Հովհաննիսյանին՝ Խորեն Հովհաննիսյանի որդուն, որը Մանուչարյանի տարեկիցն ու թիմակիցն էր։

Մխիթարյանը դարձել է Մխիթարյան ոչ միայն հորից ժառանգած որակների շնորհիվ (հայկական ֆուտբոլում հայտնի ֆուտբոլիստների որդիներից մինչ այս երեւի միայն Հենոն է գերազանցել հորը), այլեւ առաջին հերթին իր դաստիարակության, ֆուտբոլային կրթության ու ամենագլխավորը՝ աշխատասիրության։ 33 տարեկանում այդ տղան ֆիզիկապես ավելի լավն է, քան իտալական «Ռոմայի» իր ավելի երիտասարդ խաղընկերներից շատերը, քան Հայաստանի այսօրվա հավաքականի 99 տոկոսը։ Էլ չենք ասում Հենոյի տակտիկական, խաղը հասկանալու գրագիտության մասին։ Ինչպես էլ պտտվես, սա է իրականությունը։

Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի ընտրանին դժգույն խաղով, խաղավարտին նույնիսկ ցայտնոտային դրվագներ ցույց տալով՝ հաղթում է մրցակցին 1-0, միստր Կապառոսն անընդհատ կրկնում է, որ թիմում սկսել են հանդես գալ 18-19 տարեկան տղաներ, ինչը շատ լավ է, հընթացս գովում է նաեւ մյուսներին։ Այո, Ստյոպա Մկրտչյանը ցույց տվեց, որ բնավորություն ունեցող տղա է, ֆիզիկապես էլ պինդ է, բայց խաղային կարգապահությամբ զիջում է։ Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը վիճելու եւ մրցակցի մեջքին հարվածելու համար երկու անիմաստ դեղին քարտ ստացավ ու 83-րդ րոպեին հեռացվեց՝ դժվար կացության մեջ թողնելով ընկերներին։ Կասեն՝ դե, երիտասարդ տղա է, առաջին խաղն էր, հուզվում էր։ 28-ամյա Արման Հովհաննիսյանն էլ էր հուզվու՞մ, երբ սեփական վնասվածքի ու կարմիր քարտի գնով Էրլինգ Հոլանին թիկունքից «հնձում էր» ընկերական խաղի մեկնարկից 17 րոպե անց։ Կամ երբ հատկապես առաջին կեսում մերոնք շարունակ հարվածում էին Հոլանի ու ընկերների ոտքերին, այդ թվում՝ 11-մ բերելով սեփական դարպասին, դա նու՞յնպես հուզմունքից էր։

Խաղային կարգապահությու՞ն․ չէ, չենք լսել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ մենք չէինք կարող ո՛չ խաղային կարգապահության սահմաններում, ո՛չ էլ ֆուտբոլային կեղտոտ հնարքներով ինչ-որ դիմադրություն ցույց տալ Նորվեգիայի այսօրվա ընտրանուն։ Պատճառը համակարգային է․ որքան Նորվեգիան է կյանքի որակով, կրթությամբ (այդ թվում՝ մարզական), սպորտով, մարզական ենթակառուցվածքներով առաջ Հայաստանից, այնքան էլ այդ երկրի ֆուտբոլային դրոշակակիր թիմն է ուժեղ մերոնցից։  

Հարցն այստեղ այլ է։ Ազգային թիմի խաղացողները հավաքական են գալիս իրենց ակումբներից, այսինքն՝ նրանց մարզավիճակի եւ մնացածի համար առաջին պատասխանատուն ակումբներն են, բայց հավաքական հրավիրողը Կապառոսն է ու նրա շտաբը։ Այսինքն՝ տեսականորեն նրանք պետք է իմանան, թե ում են հրավիրում, եւ ինչ որակներ ունի տվյալ խաղացողը։ Կապառոսն ասում է՝ Մոնտենեգրոյի եւ Նորվեգիայի հետ ընկերական մրցավեճերը թիմին մրցունակ դարձնելու համար են։ Մոնտենեգրոյի մասով այս միտքն ընդունելի է, քանի որ արագաուժային պայքարում Հայաստանի ներկա հավաքականն էլի կարող է բալկանցիներին ոտք գցել, պայքարել, կռիվ տալ, որոշակի խնդիրներ առաջադրել, բայց նորվեգացիների հետ, որոնք թե՛ ակումբային մակարդակում, թե՛ հավաքականով վերջին շրջանում սրընթաց աճել են, մեր այս թիմն ի՞նչ պիտի աներ, ինչպե՞ս պիտի 4 պաշտպանով սխեման դիմակայեր Հոլանի նման «շնաձուկ» ունեցող թիմի հարձակման գծին։

4 էլ չէ, 5 պաշտպանով խաղը (գումարած՝ հենակետայինները, որ երբեմն զուտ դիտորդի դերում էին) նույնիսկ փրկություն չէր, որովհետեւ չկար թիմային պաշտպանություն։ Հայաստանի տուգանային հրապարակն ու դրա մատույցները միջանցիկ բակ էին թե՛ արագությամբ, թե՛ ուժով, թե՛ ճշգրիտ փոխանցումներով բազմապատիկ գերազանցող մրցակցի համար։

Ի՞նչ են մտածել Կապառոսը կամ ՀՖՖ-ն, երբ այսպիսի հավաքականով որոշել են հանդիպում կազմակերպել Նորվեգիայի հետ։ Ֆիզիկապես ամուր նման թիմի դեմ խաղը, որն ընկերական էր, ու մեզ համար դրա մարզական նշանակությունը մրցունակության ինչ-ինչ հարցեր պարզելն էր, կատարյալ ձախողում էր թե՛ Կապառոսի շտաբի, թե՛ Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀՖՖ-ի համար։ Մրցունակության հարց, իհարկե, չլուծվեց, ինչը հետո խոստովանեց նաեւ Կապառոսը, բայց Վարազդատ Հարոյանն ու Արման Հովհաննիսյանը ծանր վնասվածքներ ստացան, բաժին հասավ նաեւ նորվեգացիներին, դե, 0-9 անունով խայտառակությունն էլ հիշելու ենք այնքան, մինչեւ այն կգերազանցենք նոր հակառեկորդով։

Այսպիսով՝ եթե սովորել, ուրեմն եկեք սովորենք շատ ավելի հզոր՝ թոփ թիմերից, փորձենք մրցակցել։ Կապառոսն իր հայրենի Իսպանիայում լավ կապեր ունի, գուցե մի խաղ էլ իսպանացիների՞ հետ կազմակերպենք։ Ճիշտ է, իսպանացիները նորվեգացիների նման ֆուտբոլային գիգանտներ չեն, բայց ունեն իրենց ուրույն ոճն ու հսկայական փորձ (թեկուզ սերնդափոխության ֆոնին), այնպես որ չի բացառվում եւս մի «միգոլանի» հանդիպում դիտենք ու, ըստ ամենայնի, 0-9 խայտառակ հակառեկորդի թարմացման առիթով նորից գլխիկոր մնանք, ամաչենք, որ նման թիմ ունենք։ Բայց հոգ չէ, միստրը մի անգամ էլ կարող է կեսբերան ներողություն խնդրել հայ երկրպագուներից։

Հիշու՞մ եք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչներ ֆրանսիացի Բեռնար Կազոնիին եւ հոլանդացի Հենկ Վիսմանին, որոնք ֆուտբոլային տուրիստներ էին, իսկ Հայաստանը նրանց համար յուրօրինակ խոպան էր։ Չէ, Կապառոսն, անշուշտ, Կազոնի չէ, ոչ էլ Վիսման, բայց երբ նա իր թիմին գոնե արդարացիորեն քննադատելու կամ սխալների մասին խոսելու փոխարեն մեղքը բարդում է կարմիր քարտ ցույց տված կամ 11-մետրանոց նշանակած մրցավարի վրա (թե՛ Արման Հովհաննիսյանն էր արժանի հեռացման, թե՛ Կամոյի խախտումն էր ակնհայտ սեփական տուգանայինում), մատնանշում հանդիպման մեծ մասը 10 հոգով անցկացնելը կամ այն, թե իբր խաղը մերոնց կողմից կոշտ չէր, շատ եւ շատ հարցեր են ծագում, որոնք տարիներ առաջ ծագում էին նաեւ կազոնիների ու վիսմանների վերաբերյալ։

Քանի դեռ մեզանում ֆուտբոլային կրթությունը մանկապատենական ֆուտբոլից սկսած ավազե հիմքերի վրա է, քանի դեռ առաջին պլան է մղվում ոչ թե լուռ աշխատելու/մարզվելու, նախկին սխալներն ուղղելու գաղափարը, այլ ամենատարբեր սոցցանցերում ծածանվում է պոռոտախոսության ու վայ-հայրենասիրության դրոշը, քանի դեռ ֆուտբոլն ու ընդհանրապես սպորտը Հայաստանում ասոցացվում են առաջին հերթին ոչ թե աշխատասիրության, այլ «ղումարբազության» հետ, որով վարակված են նաեւ իրենք՝ մարզիչները, ֆուտբոլիստները, ֆուտբոլային չինովնիկները, քանի դեռ հայ պատանի կամ երիտասարդ ֆուտբոլիստի համար «զբոռնի» հրավիրվելը կամ «սաստավ լինելը», ինչպես ասում են, վերջն է, շարունակելու ենք տեսնել իրենց օտարերկրացի հասակակիցներին բազմապատիկ զիջող միջակությունների, որոնք ֆիզիկական անզորության, տակտիկական անբավարար գրագիտության ու բարոյահոգեբանական ցածր որակների փնջով 90 րոպե քարշ են գալու մրցակցի հետեւից, իսկ լուսատախտակին արձանագրվելու են նոր հակառեկորդներ։

Գլխավոր լուսանկարում՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter