HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». բնակչության առողջությունն է վտանգի տակ դրվել

Գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակը, ի թիվս այլ բնագավառների, ընդգրկում է նաև սննդամթերքի անվտանգությունը: Սակայն 2011 թվականի հունվարին ստեղծված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` վերջերս հրապարակված 2011 թ. տարեկան զեկույցի, պատշաճ ուշադրություն և հսկողություն չի իրականացրել մսամթերքի վաճառքի նկատմամբ, ինչի հետևանքով վտանգի տակ են դրվել բնակչության առողջությունն ու կյանքը: Ինչպես իրավացիորեն նշել է ՄԻ պաշտպանը, հսկողական ստուգումների հաճախականությունն ու թիվը պետք է մեծացնել:

2011 թ. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «ԳՈՒՄ»-ի շուկային հարակից տարածքում սանիտարահիգիենիկ պայմանների առնչությամբ իրականացված ստուգայցի ժամանակ փակվել են մսի վաճառքով զբաղվող մի քանի կետեր: Հետագա ստուգումները ցույց են տվել, որ վաճառվող մսի մեջ առկա են աղիքային ցուպիկի մանրէներ, մեզոֆիլ աերոբներ, ֆակուլտատիվ անաերոբներ և մարդու առողջության համար վնասակար մի շարք այլ տարրեր: Չնայած նման ստուգումների իրականցմանն ու խախտումների հայտնաբերմանը` այնուամենայնիվ, շարունակում են հանդիպել այդպիսի դեպքեր:

Ըստ ազգային փորձագետների կարծիքի` օրինակ, անորակ մսի իրացումը կանխելու և սպառողների իրավունքները լիարժեք պաշտպանելու համար անհրաժեշտ է ստեղծել սպանդանոցային ցանց, քանի որ բակային մորթը հղի է տարատեսակ վտանգներով: Գործնականում չեն կատարվում «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջները, քանի որ, բացառությամբ մի քանի մասնավոր սպանդանոցների, Հայաստանում չկա սպանդանոցների ցանց: Օրենսդրության կիրառումը կլիներ ավելի արդյունավետ, եթե մորթը սպանդանոցներում իրականացնելն ամրագրվեր օրենքում որպես պարտադիր պահանջ:

Նախարարությունը փաստել է, որ մշտադիտարկումների և ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած և անհայտ ծագման սննդամթերքի վաճառքի դեպքեր, որոնք իրական վտանգ կարող էին ներկայացնել սպառողի կյանքին ու առողջությանը: Ըստ ծառայության, հայտնաբերված ապրանքի հետագա իրացումը կասեցվել է, սակայն ծառայությունը չի նշել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել թերությունների վերացման ուղղությամբ:

Դարձյալ ըստ ՄԻ պաշտպանի տարեկան զեկույցի, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատշաճ կամ բավարար հսկողություն չի իրականացրել նաև հաց արտադրող ընկերությունների գործունեության նկատմամբ, ինչը նույնպես մտահոգիչ է:

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով մասնավորապես սահմանված է, որ սննդամթերքը պետք է լինի փաթեթավորված, ունենա համապատասխան մակնշում, որտեղ նշված լինեն արտադրողի անունը, արտադրության հասցեն, բաղադրությունը, քաշը և այլն: Սակայն պրակտիկայում գրեթե բացառիկ դեպքերում են այդ կանոնները պահպանվում, և ստացվում է, որ սպառողները օգտագործում են իրենց համար անհայտ բաղադրություն և ծագում ունեցող արտադրանք: Բացի դրանից` մոնիտորինգի արդյունքներով պարզվել է, որ որոշ դեպքերում հացի քաշը նորմայից պակաս է եղել: Ի թիվս այլ առաջարկների` ՄԻ պաշտպանն առաջարկել է նաև մեծացնել սննդամթերքի (մասնավորապես հացի և մսի) որակի, պիտանելիության ժամկետների, մակնշման ապահովման նպատակով իրականացվող հսկողության պարբերականությունն ու արդյունավետությունը, ինչը կնպաստի սպառողների իրավունքների պաշտպանությանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է տուգանքի ձևով վարչական պատասխանատվության բավականին ցածր չափեր, ինչն իրավախախտումների կանխարգելումը չի խթանում: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2011 թ. ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման 24 դեպք:

Ուշագրավ է Պաշտպանի այն դիտարկումը, որ ոլորտին վերաբերող բացթողումներն ու խնդիրները, որոշ դեպքերում գործող օրենսդրական դաշտի անկատարությամբ պայմանավորված լինելով, այլ դեպքերում պայմանավորված են օրենսդրության ոչ բավարար կիրառմամբ:

Պաշտպանն առաջարկել է նաև պատշաճ հսկողություն սահմանել ՀՀ ներկրվող տարբեր տեսակի սերմացուների որակի նկատմամբ: Մեր կողմից հավելենք, որ այդ հսկողությունն անհրաժեշտ է ոչ միայն որակի, այլև անվտանգության նկատմամբ, որովհետև ինչ-ինչ ճանապարհներով Հայաստան են ներկրվել գենետիկորեն ձևափոխված լինելու առումով առնվազն կասկածելի սերմեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter