HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայկական դիրքերը Փառուխից հետ են քաշվել` ըստ պայմանավորվածության. Փաշինյան

Կառավարության մարտի 31-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ  Անվտանգության խորհրդի մարտի 28-ի հայտարարությանը, համաձայն որի` Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար։

«Ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված այդ հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի։ Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս հայտարարությունը լրացուցիչ հարցեր է առաջացրել, և ինքն ուզում է հանդես գալ մի շարք պարզաբանումներով և հիմնավորումներով, որպեսզի թե՛ հայաստանյան, թե՛ միջազգայինն հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունն առավել պարզ լինի։ 

«Ինչպես 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հյաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն։ Նախ դիվանագիտական և/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ։ Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները, պայմանավորվածությունները չկատարելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով։

Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա, և ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։ Այսօրվա իմ նպատակն այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելն ի ցույց դնելն է»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ հիմա, օրինակ, արևմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ СУ-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար:

«Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է, և մեր СУ-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել: Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց նրանց ներգրավմանը, և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, և այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է։

«Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանության կարիք ունի, այլապես կդառանա ցեղասպանության զոհ։ Նախկինում առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը։ Առաջարկի էությունը հետևյալն է՝ արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի, և պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով»,- հայտնեց Փաշինյանը՝ նշելով, որ այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա։

«Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում։ Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, ռուս խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուոժումը Լեռնային Ղարաբաում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»։

Կառավարության ղեկավարն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժնումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter