Կապահովվի 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորումը
Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնական կայքի համաձայն՝ քննարկվել են հետևյալ օրակարգային հարցերը և կայացվել որոշումներ.
Հնարավորություններ են ստեղծվել կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կապիտալ ծախսերը բարձր կարգապահությամբ իրականացնելու կարևորությանը
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերին և ընդգծել դրանք բարձր կարգապահությամբ իրականացնելու կարևորությունը՝ տնտեսական պատշաճ ակտիվություն ապահովելու նկատակով: Վարչապետը նշել է նաև, որ այս պահի դրությամբ, նախորդ տարվա արդյուքներով հնարավորություններ կան ի վերջո կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021 թ. արդյունքներով արձանագրվել է 218 մլրդ դրամ կամ ճշտված կապիտալ ծախսերի նկատմամբ 92,3 տոկոս կատարողական: «Դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է, և ամեն ինչ անում ենք, որ այս տարվա համար աշխատանքները լինեն ոչ պակաս կատարողականով: Մեկ հարց, որ առաջացել է հատկապես մակրոտնտեսական անորոշությունների և դրան առնչվող հնարավոր հարկային նվազումների հետ կապված. մենք պարզաբանել ենք մեր բոլոր գործընկերներին, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամին և մյուս բոլոր ֆինանսական կառույցներին, որոնք աշխատում են մեզ հետ տարվա ծրագիրը հասկանալու ուղղությամբ, որ եթե այդպիսի հարկային նվազումներ լինեն, մենք ներգրավելու ենք լրացուցիչ միջոցներ, և դա որևէ կերպ չի ազդելու մեր ծախսային պարտավորությունների կատարման վրա: Այսինքն՝ ծախսերը կատարելու ենք նախատեսված ամբող ծավալով»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր ուղերձ է մեր տնտեսական դաշտին. «Ընդ որում, կրկին աննախադեպ չափի կապիտալ ծախսեր ենք նախատեսել ՝ 350 մլդր դրամի: Այսպիսի ցուցանիշ երբեք չի եղել, և անկախ ամեն ինչից մենք այդ կապիտալ ծախսերն իրականացնելու ենք»:
Կառավարության ղեկավարն արձանագրել է նաև, որ առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է. «Գոնե այս պահին, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների և մեր լարվածության, բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք»:
Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանն էլ նշել է, որ առաջին եռամսյակի բյուջետային եկամուտների ցուցանիշներն առաջիկայում կամփոփեն. «Խոսքը գնում է առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդով գերակատարելու մասին»:
Կապահովվի 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորումը
Գործադիրը վերաաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորման ապահովելու նպատակով։ Որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 5-րդ կետի պահանջներից, ըստ որի 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից է։ Հիմնավորման համաձայն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել է պրոթեզավորման համար անհրաժեշտ նյութեր, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օժանդակ պարագաներ և այլ նյութեր։ Զինվորի տան կողմից իրականացված պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թ. հունվարի 31-ը ֆինանսավորվել են բարերարների աջակցությամբ։ Սակայն այս պահին ֆինանսական ֆոնդը սպառված է։ Ներկա դրությամբ 38 վիրավոր զինվորների 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ են նյութեր՝ ընդամենը 13,530,0 հազար դրամ արժեքով:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ անապահով ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի մատչելիությունն ապահովելու և գործող ընթացակարգերի պարզեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է դյուրինացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների և ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը՝ թղթային ցուցակներն էլեկտրոնայինով փոխարինելու միջոցով: Նախատեսվում է սահմանել համապատասխան իրավակարգավորումներ՝ անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում նույնպես հնարավորինս նվազ սակագներ կիրառելու համար տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման համար: Առաջարկվում է վերանայել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը:
Միջազգային համագործակցություն. կկարգավորվեն ԱՄԷ-ում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունները
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ փոխըմբռնման հուշագրի կնքումը կնպաստի Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում- երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի թիվ 5 փոփոխության ստորագրման առաջարկությանը: Փոփոխությամբ նախատեսվում է վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետի երկարաձգում մինչև 2022թ. դեկտեմբերի 28-ը` ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Ծրագրի շրջանակներում իրականացվել են մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ: Ծրագրի գլխավոր և ամենամեծ բաղադրիչն է «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքները», ըստ որի` Երևանի մետրոպոլիտենի գոյություն ունեցող դրենաժային թունելը պետք է հորատանցման եղանակով երկարացվի 930 մետրով:
Հավանության է արժանացել նաև 2022թ. մարտի 4-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «Կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Ծրագրի հիմնական նպատակներից է հանրային նշանակության թվով 20 շենքերում՝ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ*ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցմանը: Աջակցություն է նախատեսվում էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացման և և զարգացման համար: Նախատեսվում է նաև նվազագույնը 20 մարզային վարչական մարմինների ներկայացուցիչների շրջանում էներգախնայողության վարկերի ներգրավման մեխանիզմների և էներգախնայողության արդյունավետության մասին իրազեկվածության աճ:
Այլ որոշումներ
Գործադիրը սահմանել է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը: Ըստ այդմ՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարները ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետական բյուջե կարող է վճարել՝ բանկային փոխանցման միջոցով, վճարային քարտերով՝ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգում վճարումների ապահովման նպատակով ներդրված գործիքների միջոցով: ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը փոխանցումներ կարող է կատարել կամ ՀՀ բանկերի միջոցով, կամ օտարերկրյա բանկերի միջոցով: Ընդ որում, որոշմամբ կարգավորվում է նաև օտարերկրյա բանկի միջոցով ԱԱՀ-ի գումարների փոխանցման դեպքում այդ գումարները միասնական հաշվին մուտքագրվելու հետ կապված գործընթացը: ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային պարտավորությունների մարմանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պահպանել հավասար մրցակցային պայմանները ծխախոտային արտադրանքի ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեություն համար: Նախադրյալներ կստեղծվեն ծխախոտային արտադրանքների շրջանառության ոլորտում ներառվող ապրանքային շուկաներում մասնակիցների քանակի կրճատումը և կենտրոնացվածության բարձրացումը բացառելու համար, կապահովվեն ակնկալվող հարկերի վճարումը պետբյուջե:
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների գծով վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է: Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություններ կատարել ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումների (պակասեցումների) մասով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել