HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը

Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ինչպես հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, դեսպաններ, պաշտպանական եւ անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի  ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին «ԱրմՀայԹեք 2022» միջազգային ցուցահանդեսի կայացման առթիվ եւ տեղեկացրել, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով միջոցառումը 2020-2021թթ. հետաձգվել էր:

«Այսօր կարելի է փաստել, որ միջոցառումը հաջողել է: Ես ցանկանում եմ հատկապես նշել այն ինժեներների, գիտնականնների, ստեղծագործ մարդկանց աշխատանքը, ովքեր գիշեր ու ցերեկ աշխատել են ու ջանքեր ներդրել, որպեսզի Հայաստանն ունենա բավարար չափով պաշտպանական տեխնոլոգիաների արդյունաբերություն՝ զարգացնելով տեսլականն այդ ուղղությամբ»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Խորհրդարանի փոխնախագահը, կարեւորելով ներկայացված բարձր տեխնոլոգիական արտադրանքը, հայրենակիցներին հորդորել է բաց չթողնել ցուցադրությունը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Կառավարության նախանշած կարեւոր ուղղություններից է: Հակոբ Արշակյանը հավելել է, որ պաշտպանական տեխնոլոգիաներին հատկացվող բյուջետային միջոցները 2018 թվականի նկատմամբ բազմապատկվել են:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձինք շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Ցուցահանդեսին մասնակցում է 50 երկիր՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Իրան, Իրաք եւ այլն: Միջոցառման նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու  եւ ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ եւ ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերություններ:

Ցուցահանդեսի կազմակերպիչը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է: Համակազմակերպիչներն են Պաշտպանության նախարարությունը, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» եւ «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter