HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 38 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 3-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

19:58

Գերմանիան, ռազմական օգնության տեսքով, Ուկրաինա է ուղարկել 58 ՀՄՄ-1։

19:56

The Times. Ուկրաինական զինվորականները ռուսական ուղղաթիռը խոցել են բրիտանական Starstreak-ի օգնությամբ

Times-ի աղբյուրի խոսքով՝ Startreak-ը, բրիտանական գերժամանակակից շարժական հրթիռային համալիր է, որն Ուկրաինա է մատակարարվել մեկ շաբաթ առաջ։

19:44

⚡️Լիտվան հայտարարել է ռուսական գազից ամբողջական հրաժարման մասին։

Տեղեկությունը TACC գործակալությանը հաստատել են Լիտվայի էներգետիկայի նախարարությունից։

19:24

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Դնեպրոպետրովսկի մարզում պայթյունների մասին։

19:19

Վերջին մեկ օրվա ընթացքում Լվովի մարզով ավելի շատ մարդ է ժամանել Ուկրաինա, քան Ուկրաինայից մեկնել։ Այդ մասին հայտարարել է Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինա ժամանածների թիվը կազմում է 19 հազար, իսկ մեկնածներինը՝ 14 հազար։

Ընդհանուր առմամբ, պատերազմի մեկնարկից ի վեր, Լվովի մարզով Ուկրաինան լքել է 1,38 միլիոն մարդ կամ երկիրը լքածների մոտ մեկ երրորդը, իսկ ժամանել՝ մոտ 556 հազար մարդ։

19:12

Այն ամենը, ինչ մնացել է աշխարհի ամենամեծ ինքնաթիռից՝ «Мрия»-ից։ 

Ан-225 բեռնատար ինքնաթիռը ոչնչացվել է փետրվարի 27-ին, երբ ռուսական դեսանտն իջել էր Հոստոմելի օդակայան։ 

АН-225 «Мрия»-ն կորոնավիրուսի համավարակի թեժ պահերին մարդասիրական թռիչքներ էր իրականացնում և բժշկական նյութեր ու սարքավորումներ տեղափոխում աշխարհի տարբեր երկրներ։

Հիմա օդակայանը վերադարձել է ուկրաինական վերահսկողության տակ։

19:07

Մելիտոպոլում, որը փետրվարի 26-ից գտնվում է ռուսական վերահսկողության տակ, կազակները ձևավորել են դրուժինա (ջոկատ), որը կօգնի ապահովել իրավական կարգը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ատաման Իգոր Լիսենկոն։

18:36

Ռուսական խորհրդարանում ստեղծվել է Ուկրաինայում «բիոլաբորատորիաների գործունեության հետաքննության» հանձնաժողով։ Մարտի 31-ին այն սկսել է իր աշխատանքը։ Եվ գրեթե միանգամից «ԼԺՀ» դպրոցներից մեկում հայտնաբերել «մանրէաբանական դիվերսիաների հնարավոր նախանշաններ»։

18:04

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ռուսական բանակը հեռացել է Ուկրաինայի հյուսիսից։

«Ամենայն հավանականությամբ, բռնազավթիչները ընդհանրապես կհեռանան կամ կթողնեն փոքր քանակությամբ ուժեր։ Հիմա ՌԴ-ն իր հիմնական ուժերին տեղափոխում է Ուկրաինայի արևելք»։

17:57

Խարկովի մարզի Սվյատոգորսկ քաղաքում արգելապատնեշի վնասման հետևանքով Սևերսկի Դոնեց գետն սկսել է դուրս գալ ափերից։

17:48

Яндекс ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինան լքել է իր պաշտոնը։

17:34

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չեչեն մարտիկները սկսել են գրոհել Մարիուպոլի գործարանի ուղղությամբ։ Հավանաբար, խոսքը «Азовсталь»-ի մասին է, որը դիմադրության գլխավոր հենակետերից մեկն է։

16:54

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ կեսօրի տեղեկագրում նշվում է, որ ռուսաստանցի զինվորականները «մտադիր են շրջափակել ուկրաինական ուժերի միացյալ խմբավորմանը և դուրս գալ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի վարչական սահմաններ»։

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ուժերը, որպեսզի խանգարեն ուկրաինական զորքերի գործելուն, «կշարունակեն պահել Կիևի և Չեռնիգովի մարզերի առանձին հատվածներ, որոնք սահմանակից են, համապատասխանաբար, Բելառուսին և Ռուսաստանին»։

Ըստ ուկրաինական կողմի՝ սահմանակից շրջաններում ընթանում է ռուսական ՀՕՊ միջոցների կուտակում։

Պոլեսկի ուղղությամբ, ռուսական զորքերը շարունակում են իրենց առանձին ստորաբաժանումները տեղափոխել Բելառուսի տարածք։

16:29

Նախնական տվյալներով՝ Էներգոդարում ի աջակցություն Ուկրաինայի տեղի ունեցած ակցիայի ցրման ժամանակ վիրավորվել է չորս մարդ։ Այդ մասին հայտնում է «Суспильне»-ն՝ հղում անելով Զապորոժյեի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխային։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ ցույցը ցրելու համար ռուսաստանցի զինծառայողները օդ են կրակել և կիրառել լուսաձայնային նռնակներ։

16:17

Իտալիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի չեզոքության երաշխավոր

Այդ մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն։

«Կողմերի միջև բանակցությունների շարունակումը և մարդասիրական զինադադարն առաջնահերթություն են։ Մենք ընդգծում ենք առաջընթացը, որը երկու պատվիրակությունների միջև ձեռք է բերվել Թուրքիայում հանդիպումից հետո։ Իտալիայի կառավարությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում և հանդես գալ Ուկրաինայի չեղոքության երաշխավոր»,- ասել է դի Մայոն։

16:12

Մերձդնեստրի իշխանությունները հերքել են Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ ինքնահռչակ հանրապետության տարածքում նկատվում է ռազմական ակտիվություն։

«Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարելու այն մասին, որ Ուկրաինայի գլխավոր շտաբի տարածած տեղեկատվությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Մերձդնեստրի մոլդովական հանրապետության զինվորական բոլոր ստորաբաժանումները գտնվում են մշտական տեղակայման վայրերում և իրականացնում իրենց գործունեությունը սովորական աշխատանքային ռեժիմով։ Ընդ որում, նրանք նպատակաուղղված նվազագույնի են հասցրել նույնիսկ իրենց պլանային միջոցառումները՝ մեր ուկրաինացի հարևանների հանգստությունը պահպանելու համար»,- նշվում է ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

16:01

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության սպառնալիքների բացակայության մասին, որոնք որոշակիորեն առաջացել էին լողացող ականների հայտնաբերման պատճառով։

15:58

Թուրքիան նավեր է առաջարկում շրջափակված Մարիուպոլից մարդկանց տեղահանման համար։

Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որին մեջբերում է Anadolu գործակալությունը։

«Անկարայի պատրաստակամությունն աջակցելու տարհանման գործընթացին ներկայացվել է Թուրքիայում ՌԴ ռազմական կցորդի ուշադրությանը»,- ասել է թուրք նախարարը։

15:51

Դոնեցկի մարզում, հրետակոծության արդյունքում, վնասվել է 500 մմ տրամագծով մագիստրալային գազատարը։ Գրեթե ողջ մարզը մնացել է առանց գազի։

15:37

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բելգորոդի նավթաբազայի վրա հարձակման գործով։ Քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («ահաբեկչական գործողություն»), նշվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ։

15:06

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը լուսանկար է հրապարակել ուկրաինացի զինծառայողներից, որոնք նախօրեին, ռուսական կողմի հետ գերիների փոխանակման արդյունքում, փոխանցվել էին ուկրաինական կողմից։

«Շուտով կլինեն տանը հարազատների հետ»,- գրել է Վերեշուկը։

14:52

Լվովի մարզ են ժամանել Մարիուպոլում վիրավորում ստացած բնակիչները

«Հիմա մեր բուժաշխատողներն անում են ամեն ինչ, որպեսզի օգնենք մարդկանց, որոնք անցել են դժոխքի միջով»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։

14:39

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վրա դարձյալ ծածանվել է ուկրաինական դրոշը:

Ինչպես նշվում է ՉԱԷԿ-ի պաշտոնական էջում, կայանի օպերատիվ անձնակազմը այն բարձրացրել է այսօր՝ ապրիլի 2-ին։

14:22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդականը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունների գնահատականներով, մարտական գործողություններից Կիևի կորուստները կազմում են շուրջ մեկ տրիլիոն դոլար։

Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները հույս ունեն երկրի վերականգնման հիմնադրամի հաշվին ստանալ 400 միլիարդ դոլար, որը կվճարվի ռուսական սառեցված ակտիվներից։

14:18

Նիդերլանդները մասնակի դադարեցնում է Մոսկվայում իր դեսպանության և Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքները։

14:13

Ֆոտոլրագրող Մաքսիմ Լևինը, որը մարտի 13-ից անհետ կորած էր, զոհվել է։

Լևինի մարմինը ապրիլի 1-ին հայտնաբերվել է Կիևի մոտ գտնվող Վիշգորորդի շրջանի Գուտա Մեժիգորսկայա գյուղի շրջանում, հայտնում է LB.ua-ն։

14:04

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ դիտարկում է Կիև այցելելու հրավերը։ Հրավերի նամակը դեռ մարտի կեսերին ուղարկել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

13:59

Էներգոդարում, Զապորոժյեի ԱԷԿ-ի մոտ կառուցված քաղաքում, ռուսական զորքերը բերման են ենթարկել ի աջակցություն Ուկրաինայի հավաքված բողոքի ցույցի մասնակիցներին։ Այդ մասին հայտնում են քաղաքային իշխանությունները։ Քաղաքում լսվում են կրակոցների և պայթյունների ձայներ։

13:53

Ռուսական զորքերը լքել են Չեռնիգովի մարզի Գորոդնյա քաղաքը։ Այդ մասին հայտարարել է քաղաքային խորհրդի ղեկավար Անդրեյ Բոգդանը։

Նրա խոսքով՝ քաղաքից հեռանալուց առաջ ռուսական զինվորականները պայթեցրել են անցակետը, համայնքի մի մասը կտրել Չեռնիգովի հետ կապից։

Բոգդանը հայտարարել է, որ քաղաքի մատույցներում ռուսական զորքերը թողել են ոչնչացված տեխնիկան, որոնք կօգտագործվեն կամուրջը և մարզկենտրոնի հետ կապը վերականգնելու համար։

13:50

Ուկրաինայի նախագահը ռուսաստանցիներին կոչ է արել բոյկոտել գարնանային զորակոչը

Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում, որը հրապարակվել է ապրիլի 2-ի գիշերը, հայտարարել է. 

«Զգուշացրեք յուրաքանչյուր այդպիսի զորակոչիկի, նրա հարազատներին, որ մեզ այստեղ նոր սպանված մարդիկ պետք չեն։ Պահպանեք ձեր երեխաներին, որպեսզի նրանք չարագործ չդառնան։ Մի տվեք նրանց բանակին, արեք ամեն ինչ, ինչ կարող եք, միայն թե նրանք տանը ապրեն։ Իրենց տանը»,- իր ռուսերեն կոչում հայտարարել է Զելենսկին։

13:45

Նիկոլաևի մարզային պետական վարչակազմի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Այդ մասին հայտնել է մարզի ղեկավար Վիտալի Կիմը։

Արդեն մի քանի օր է վերացվում են հրթիռակոծության հետևանքները։

13:41

УНИАН-ի տվյալնելով՝ ռուսաստանցի զինծառայողներն առևանգել են Խերսոնի մարզի Տավրիյսկա քաղաքի քաղաքապետ Նիկոլայ Ռիզակին։ Երեկվանից նրա գտնվելու վայրն անհայտ է։

13:37

Ուկրաինայի Լուգանսկի մարզում մեկ օրվա ընթացքում ռմբակոծման են ենթարկվել Սևերոդոնեցկ, Ռուբեժնոյե, Լիսիչանսկ, Կրեմեննայա, Գորնոյե քաղաքները և Բերեզովո ու Տոշկովա բնակավայրերը։

13:34

Դմիտրի Մեդվեդևը գրառում է արել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ

13:29

Ուկրաինական վերահսկողության տակ վերադարձած Իրպենում և Ռոմանովկայում հնարավոր է եղել Starlink-ի միջոցով վերականգնել մոբայլ կապը։

Սա համանման առաջին դեպքն է Ուկրաինայում և երկրորդը՝ աշխարհում։

13:23

Մարիուպոլի քաղաքային խորհուրդը տելեգրամյան իր ալիքում կադրեր է հրապարակել Զապորոժյե ժամանող տեղահանվածների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում, ըստ քաղաքային իշխանությունների, Մարիուպոլից տարհանվել է երկու հազար մարդ։

13:21

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ապրիլի 2-ի առավոտյան հայտարարել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 158 երեխա, ևս 254-ը՝ վիրավորվել։

13:17

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում մարտական գործողությունների ընթացքի մասին

  • Կիևի մերձակայքում ուկրաինական ուժերը շարունակում են հարձակվել հեռացող ռուսական զորքերի վրա։ Հյուսիսարևմտյան ուղղությամբ շարունակվում են ուկրաինական զորքերի փորձերն առաջ շարժվել Իրպենից դեպի Բուչա և Հոստոմել։
  • Նշվում է, որ ռուսական զորքերը դուրս են բերվել Հոստոմելի օդակայանից, որը հակամարտության առաջին իսկ օրերին մարտական գործողությունների օբյեկտ էր դարձել։ Արևելյան ուղղությամբ Ուկրաինան իր վերահսկողության տակ է վերադարձրել մի քանի գյուղ։ 
  • Արևելքում ուկրաինական զորքերը, կատաղի մարտերից հետո, գրավել են Խարկովի արևելյան հատվածում գտնվող կարևոր պլացդարմը։ Դա հաջորդել է Տրոստյանեցի ազատագրմանը, որը գտնվում է Սումիից ոչ շատ հեռու։

13:09

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով Ուկրաինային սպառազինություն կմատակարարի նաև Մեծ Բրիտանիան

Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը հայտարարել է, որ «սպառազինության ցանկացած մատակարարում ունի ապակայունացնող բնույթ, հատկապես նրանք, որոնց մասին խոսել է (Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն) Ուոլեսը։ Դրանք սրում են իրավիճակը՝ այն դարձնելով առավել արյունալի։ Դա, ամենայն հավանականությամբ, նոր, բավականին ճշգրիտ սպառազինություն է»։

«Իհարկե դրանք կլինին մեր զինված ուժերի համար օրինական թիրախներ այն դեպքում, եթե հատեն Ուկրաինայի սահմանը»,- դեսպանի խոսքերը մեջբերել է TACC գործակալությունը։

13:04

ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային ստանալու խորհրդային արտադրության տանկեր, որոնք պահվում են Եվրոպայի իր դաշնակիցների մոտ

Այդ մաիսն գրում է The New York Times-ը՝ հղում անելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցչին։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ խորհրդային զրահատեխնիկան, որին ծանոթ են ուկրաինացի զինվորականները, կօգնեն ամրացնել Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներին, որոնք պաշտպանում են Դոնբասը։

Տանկերի մատակարարումը կսկսվի առաջիկա ժամանակահատվածում։ Սպիտակ տան ներկայացուցիչը չի նշել, թե քանի միավոր զրահատեխնիկա կփոխանցվի Ուկրաինայի և որ երկրներից դրանք կմատակարարվեն։ 

Ինչպես նշում է The New York Times-ը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգները մասնակցում է ուկրաինական զորքերին տանկերի մատակարարմանը։

12:59

Զելենսկին կարծում է, որ եթե Ուկրաինան անդամակցեր ՆԱՏՕ-ին, Դաշինքն ավելի ուժեղ կլիներ։

Այդ մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ ընդունել։ Ես կարծում եմ, որ դա սխալ է, որովհետև, եթե մենք միանայինք ՆԱՏՕ-ին, մենք Դաշինքն առավել ուժեղ կդարձնեինք։ Մենք թույլ պետություն չենք։ Մենք չենք առաջարկում ուժեղացնել մեզ նԱՏՕ-ի հաշվին։ Մենք հավելյալ ուժ ենք, առաջ մղող ուժ։ Կարծում եմ, որ Ուկրաինական եվրոպական մայրցամաքի կարևոր բաղկացուցիչն է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ եթե Ուկրաինային չեն ընդունում ՆԱՏՕ-ում, ապա թող անդամ երկրները նրան օգնեն ծանր սպառազինությամբ։

12:45

Ի՞նչ է կատարվել ապրիլի 2-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտարարել է «Մերձդնեստրում ռուսական զորքերի ակտիվացման մասին, որոնք պատրաստվում են սադրանքներ ձեռնարկել Ուկրաինայի հետ սահմանին կամ, հավանաբար, մարտական գործողություններ սկսել»։
  • Ապրիլի 2-ի գիշերը հրթիռակոծվել են Կրիվոյ Ռոգը, Կրեմենչուգը, Դնեպրը, Պոլտավան և Լուգանսկի մարզի մի քանի բնակավայրեր։
  • ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Պոլտավայի և Կրեմենչուգի ռազմական օդակայաններին, ինչպես նաև Կրեմենչուգի նավթամշակման գործարանին հարվածներ հասցնելու մասին։
  • Ուկրաինայի նախագահը Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրամիության անդամակցության հարցի «կոնկրետության» մասին։ Ըստ նրա՝ Մետսոլան խոստացել է, որ Ուկրաինային «արագ» կճանաչեն ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից և Բելառուսից 120 կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապ ունեն պաշտպանական, օդատիեզերական և ծովային հատվածների հետ։
  • Պենտագոնը խոստացել է 300 միլիոն դոլարի զինամթեքր և տեխնիկա ուղարկել Ուկրաինա։
  • Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել բոլոր այն ռուսաստանցիների գույքի բռնագրավմանը, որոնք բացահայտորեն աջակցում են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter