HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղերձների փոխանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում անշեղորեն զարգացել են երկու երկրների եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու փոխօգնության ամուր հիմքի վրա՝ առանձնանշելով դրանք խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ դեպի 21-րդ դար միտված դաշնակցային  փոխգործակցության ոգուն համահունչ:

Միրզոյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը՝ այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ երկու երկրների դիվանագիտական ծառայությունների սերտ փոխհամագործակցությունը հետայսու ևս միտված է լինելու միջպետական հարաբերությունների ոլորտներում ՀՀ և ՌԴ դաշնակցության առավել խորացմանը, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շնորհավորանքներ հղելով Հայաստանի ԱԳ նախարարին, իր հերթին նշել է, որ 30-ամյա հոբելյանը կարևոր հանգրվան է երկու երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման համար: Երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն, որն ընդգրկում է ուղղությունների ամենալայն շրջանակ: Ստեղծվել է երկկողմ համագործակցության իրավապայմանագրային պատկառելի հենք, ձևավորվել են վերջինիս հետևողական առաջմղման արդյունավետ մեխանիզմներ: Նախարար Լավրովը վստահություն է հայտնել, որ այս հոբելյանը նոր խթան կհաղորդի արգասաբեր գործընկերության հետագա ընդլայնմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter