HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 39 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 4-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:00

Գերմանիայի պաշտպանության նախարարը ԵՄ-ին կոչ է արել քննարկել ռուսական գազի ներկրման արգելքը

Ինչպես փոխանցում է Reuters-ը, Քրիստինա Լամբրեխտը հարցազրույցում հայտարարել է, որ «այդպիսի հանցագործությունները չպետք է անպատասխան մնան»։ Պատժամիջոցների խստացման մասին հայտարարել է նաև Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը, չնայած նա չի նշել գազի ներկրման արգելքի մասին։

20:45

Էմանուել Մակրոնը Բուչայի խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ.

«Անտանելի է նայել Կիևի մոտ գտնվող ազատագրված քաղաքի՝ Բուչայի նկարները։ Փողոցներում դաժանաբար սպանված հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Մենք ցավակցում ենք զոհերին, համերաշխություն հայտնում ուկրաինացիներին։ Ռուսական իշխանություններն ստիպված կլինեն պատասխան տալ այս հանցագործությունների համար»։

20:39

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտնել է, որ Կիևի մարզի ազատագրված շրջաններից դուրս է բերվել զոհված 410 խաղաղ բնակչի մարմին։ Դատական փորձագետներն արդեն իսկ հետազոտել են 140 մարմին։

20:23

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ եղել է մայրաքաղաքի արվարձաններում, Հոստոմելում և Բուչայում։

«Երեկ եղել եմ Բուչայում, այսօր՝ Հոստոմելում։ Կիևի մոտ գտնվող քաղաքները, որոնք իրենց վրա էին վերցրել մայրաքաղաք շարժվող թշնամու հարվածը, ստիպված կլինենք վերակառուցել փաստացի կրկին։ Իսկ սկզբում կականազերծենք տներն ու փողոցները, կթաղենք ռուսական գազանների կողմից սպանված խաղաղ բնակիչներին»,- գրել է Կլիչկոն։

20:07

Ռամզան Կադիրով. «Պեսկովի առաջնահերթությունների սանդղակը մի տեսակ հասունացած չէ։ Դրա հետ պետք է ինչ-որ բան անել»

Չեչնիայի առաջնորդը տելեգրամյան գրառում է հրապարակել, որտեղ քննադատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին այն բանի համար, որ վերջինս Իվան Ուրգանտին ավելի մեծ հայրենասեր է համարում, իսկ իրեն՝ Կադիրովին, չի շնորհավորել գեներալ-լեյտենանտի կոչման շնորհման համար։ 

«Կարելի էր ինչ-որ ձևով ուրախացնել կամ ինչ-որ կերպ ավելի նուրբ ձևով մեկնաբանել, այլ ոչ թե ձեր այդ «չեմ տեսել հրամանը»»,- գրել է Կադիրովը։

19:38

Վլադիմիր Զելենսկի. «Սա ցեղասպանություն է»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ամերիկյան CBS News-ի եթերում ելույթի ժամանակ, հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հանդիսանում են ցեղասպանական, գրում է CNN-ը։

«Այդպես էլ կա։ Դա ցեղասպանություն է։ Ամբողջ ազգի, մարդկանց ոչնչացում։ Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք։ Մենք ավելի քան 100 ազգություն ունենք։ Խոսքը գնում է այդ բոլոր ազգությունների ոչնչացման մասին»,- ասել է Զելենսկին։

19:18

Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակեցնել։ Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ չեն լինի։ Մենք, մեր թիմը, ելնում ենք մեր երկրի ազգային շահերից, մեր ժողովրդի շահերից»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

19:14

ՌԴ ՊՆ. Բուչայում «հանցագործությունների վկայությունները» հայտնվեցին այն բանից հետո, երբ այնտեղ ժամանեցին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները և ուկրաինական հեռուստատեսության ներկայացուցիչները։

19:11

ՌԴ ՊՆ. Կիևի ռեժիմի կողմից հրապարակված բոլոր լուսանկարները և տեսանյութերը, որոնք, իբր, վկայում են ռուսաստանցի զինծառայողների կողմից Կիևի մարզի Բուչա քաղաքում ինչ-որ «հանցագործությունների» մասին, հանդիսանում են հերթական սադրանք։

19:09

ՌԴ ՊՆ. ռուսական զինվորականները կապ չունեն Բուչայի խաղաղ բնակիչների սպանություններին։ Քաղաքի՝ ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելու ժամանակ, «որևէ տեղացի բնակիչ չի տուժել բռնի որևէ գործողության հետևանքով»։

19:03

Ռուսական ռազմատեխնիկան այսօր նկատվել է Գոմելի ավտո և երկաթուղային ճանապարհներին։ Այդ մասին փոխանցում է բելառուսական «Зеркало» պարբերականը։

18:59

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է Բուչայից լուսանկարներ և դրանք մակագրել. «Խորհուրդ եմ տալիս նայել ռուսաստանցի զինվորականների մայրերին։ Տեսեք, թե ինչ սրիկաների եք դուք մեծացրել։ Մարդասպաններ, կողոպտիչներ, դահիճներ»։

18:43

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բուչայի խաղաղ բնակիչների սպանության մասին.

«Դա դաժանություն է խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպիսին մենք Եվրոպայում չենք տեսել տասնամյակներ։ Այն, որ խաղաղ բնակիչներին սպանում են, բացարձակ անընդունելի է։ Եվ դա միայն ընդգծում է այս պատերազմի ավարտման կարևորությունը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով էլ՝ ԱՄՆ-ն փաստաթղթավորում է ռուսական զորքերի գործողությունները, որպեսզի այդ տեղեկատվությունը փոխանցի համապատասխան կազմակերպություններին։

18:10

Բուչան ռուսական զորքերի հեռանալուց հետո։ BBC-ի ռեպորտաժը։

18:08

Ենս Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն միջոցներ կգտնի իր կազմ «համեմատաբար արագ» ընդունելու Ֆինլանդիային և Շվեդիային, եթե այդ երկրները ցանկանան միանալ Դաշինքին։

18:01

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել է Իզյումի մոտ խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուն։

17:41

«Укравтодор». ավերվել է ուկրաինական ճանապարհների 13 %-ը

«Укравтодор»-ի ղեկավարի տեղակալ Անդրեյ Իվկոն պատմել է, որ պատերազմի ընթացքում վնասվել է 23 հազար կիլոմետր ավտոճանապարհ կամ ճանապարհների 13 %-ը, ավերվել 273 կամուրջ։

Ուկրաինայում ճանապարհների վերականգնման արժեքը գնահատվել է 835 միլիարդ գրիվնա, իսկ ճանապարհային ենթակառուցվածքների ընդհանուր վնասը 874 միլիարդ գրիվնա։

17:35

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հրապարակել է խոցված ինքնաթիռի կադրեր, որը, ինչպես պնդվում է, ռուսական Су-34 ինքնաթիռ է, որը խոցվել էր Խարկովի մարզում։

17:24

Պեսկով. «Ռազմական օպերացիայի նպատակներին կհասնենք ամբողջական ծավալով»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել Россия 1 հեռուստաընկերությանը։ Ահա հիմնական մտքերը.

  • Ուկրաինայում «ռազմական գործողության նպատակներին կհասնենք ամբողջական ծավալով»։ Ընդ որում, Պեսկովը չի հստակեցրել այդ նպատակները։ 
  • Եվրոպան կշարունակի գազի համար վճարել եվրոյով, ինչպես նախկինում, իսկ «վերջնական վճարումը ամեն դեպքում վաճառողին՝ Газпром-ին կհասնի հենց ռուբլով՝ այդ եվրոները ռուբլու վերածման ճանապարհով»։
  • Կրեմլը չէր սպասում, որ պատժամիջոցներ կսահմանվեն Պուտինի դեմ, դա խելամտության սահմանի անցում է։
  • Պեսկովը զարմացած է իր երեխաների նկատմամբ սահմանված պատժամիջոցներից, իսկ նրա երեխաներն ավելի շատ են զարմացած։
  • Եվրոպացիներն ունեն հատուկ «գեն», որը խանգարում է նրանց համագործակցել Ռուսաստանի հետ։ Ընդ որում, Ռուսաստանի ամբողջական մեկուսացումն անհնարին է։

17:15

Ուկրաինայի ԱԳ նախարարը Միջազգային քրեական դատարանի առաքելությանը կոչ է արել ժամանել Բուչա

Դմիտրի Կուլեբան Միջազգային քրեական դատարանին և միջազգային կազմակերպություններին կոչ է արել առաքելություններ ուղարկել Կիևի մարզի ազատագրված քաղաքներ և գյուղեր, որպեսզի «որքան հնարավոր է առավել մանրակրկտորեն հավաքել ռուսաստանցիների ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր ապացույցները»։

17:12

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը Բուչայում զոհվածների մասին.

«Բուչայի լուսանկարներն անհնարին է նայել։ Պուտինի դաժանությունն սահմաններ չունի, այն ոչնչացնում է ամբողջական անմեղ ընտանիքներ։ Ռազմական հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատժվեն։ Մենք կխստացնենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և կշարունակենք աջակցել Ուկրաինայի պաշտպանությանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բերբոկը։

17:09

Խերսոնի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ ռուսական ներխուժման։ Մարդիկ ուկրաինական խորհրդանիշներով և «Խերսոնն Ուկրաինա է» պաստառներով դուրս են եկել Տարաս Շևչենկոյի հրապարակ։

16:58

Նիկոլաև, ապրիլի 3

Ուկրաինայի հարավում գտնվող այս քաղաքն այսօր հրթիռակոծվել է։ Հրշեջները վերացնում են դրա հետևանքները։

16:49

Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը Բուչայում և մյուս քաղաքներում խաղաղ բնակիչների սպանությունն անվանել է ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն։

«Չպետք է լռել։ Չպետք է ներել։ <...> Դա ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն է, որի համար բոլորը պետք է պատասխան տան։ Եվ նրանք, որոնք դա արել են։ Եվ նրանք, որոնք հրամայել են դա անել։ Եվ նրանք, որոնց լուռ համաձայնությամբ դա տեղի է ունեցել։ Եվ նրանք, որոնք կոչ են արել խաղաղեցնել ագրեսորին»։

15:15

ՌԴ ՊՆ-ն գրառում էր վերատարածել, որտեղ նշվում էր, որ Բուչայից հրապարակված տեսանյութում «մարմինը շարժում է ձեռքը»։ Տեսանյութում հստակ երևում է, որ դա լուսաստվեր է ապակու վրա։

14:54

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Բուչա քաղաքում հայտնաբերվել է 260 մարմին։

14:48

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Ուկրաինայի ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Այնտեղ փաստաթղթավորված են փետրվարի 27-ից մարտի 14-ը Չեռնիգովի, Կիևի և Խարկովի մարզերում տեղի ունեցած պատահարների վերաբերյալ ականատեսների վկայությունները։

Մասնավորապես, զեկույցում նշվում է այն մասին, որ մարտի 4-ին Բուչայում ռուսաստանցի զինծառայողները շրջափակել են հինգ տղամարդկանցից բաղկացած խմբին և կրակելով մեկի ծոծրակին, սպանել նրան։ Նաև ներկայացվում է փետրվարի 27-ին Չեռնիգովի մարզի Ստարի Բիկով գյուղում վեց մարդկանց սպանության էպիզոդները, ինչպես նաև մարտի 13-ին Խարկովի մարզի Մալայա Ռոգան գյուղում կանանցից մեկի բռնաբարությունը։

14:36

Վլադիմիր Զելենսկին ֆոտոլրագրող Մաքսիմ Լևինին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։

14:21

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը Բուչայի, Իրպենի, Հոստոմելի զոհված խաղաղ բնակիչների մասին

«Պոստապոկալիպտիկ պատկեր, ինչպես սարսափ ֆիլմերից։ Զոհերի թվում կան բռնաբարված կանայք, որոնց փորձել են այրել, տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, երեխաներ, տարեցներ, տղամարդիկ, որոնց շատերի ձեռքերը կապված են, երևում են տանջանքների հետքեր, մարդիկ սպանված են ծոծրակին արձակված գնդակներից։

Որևէ հանցագործություն անպատիժ չի մնա։ Այսօր այլ լուրեր չեն լինի։ Աշխարհը պետք է սարսափի»։

14:12

Ուկրաինայի դեսանտագրոհային զորքերի հրամանատարությունը լուսանկար է հրապարակել, որտեղ ուկրաինացի զինվորականը Ուկրաինայի դրոշը ձեռքին կանգանծ է Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի ֆոնին։ 

«Այսօր՝ ապրիլի 3-ին, Ուկրաինայի զինված ուժերի դեսանտագրոհային զորքերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Պրիպյատ քաղաքի հարակից շրջանների վերահսկողությունը և Բելառուսի Հանրապետության հետ Ուկրաինայի պետական սահմանի հատվածը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

13:39

«Եթե ամերիկացիները մեզ խնդրեին Լեհաստանում տեղակայել միջուկային զենք, մենք բաց կլինեինք դրա համար։ Դա էականորեն կուժեղացներ Մոսկվային զսպումը»,- հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին՝ գերմանական Welt am Sonntag-ին տված հարցազրույցում։

ՌԴ Դաշնային խորհրդում արդեն պատասխանել են, որ այդ ժամանակ Լեհաստանից «ուղղակի ոչինչ չի մնա»։ «Ես գնահատում եմ այդ հայտարարությունը որպես անխոհեմ և սադրիչ։ Լեհաստանում միջուկային զենքի տեղակայումը ուղիղ առճակատում է»,- հայտարարել է սենատոր Վլադիմիր Ջաբարովը։

13:33

ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի մեկնաբանել Բուչա քաղաքում սպանված խաղաղ բնակիչների վերաբերյալ լուրերը, որոնք հայտնաբերվել էին ռուսաստանցի զինծառայողների քաղաքը լքելուց հետո։ Սակայն հիմա գերատեսչության տելեգրամյան ալիքը տարածել է «Война с фейками» էջի հրապարակումը։

Այդ գրառման մեջ Բուչայի զոհերի վերաբերյալ կադրերն անվանում են բեմադրություն։ «Բուչայի վերաբերյալ գրառումները միանգամից հայտնվեցին արտասահմանյան մի քանի պարբերականներում, որը նման է պլանավորված մեդիաարշավի։ Հաշվի առնելով, որ զորքերը քաղաքը լքել են մարտի 30-ին, որտե՞ղ են այդ կադրերը եղել 4 օր։ Դրանց բացակայությունը միայն հաստատում է ֆեյքը»,- գրում են ալիքի հեղինակները։ Նրանք նաև պնդում են, որ զոհերի մարմինները տեսանյութում շարժվում են։

13:16

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի կեսգիշերից Մարիուպոլից Բերդյանսկ մարդասիրական միջանցք է բացել՝ օտարերկրյա քաղաքացիների տարհանման համար։ Դա արվել է Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով։

13:11

Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում դիմել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

«Ուզում եմ դիմել ևս մեկ մարդու, որը, ինչպես երևում է, ամբողջությամբ չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում և ինչ է կատարվում ոչ միայն Ուկրաինայում, այլև ողջ Եվրոպայում։ Հունգարիայի վարչապետին, որը Եվրոպայում միակն է բացահայտորեն աջակցում Պուտինին։

Չէ՞ որ մենք ոչ մի հատուկ բան չենք պահանջել պաշտոնական Բուդապեշտից։ Մենք նույնիսկ չենք ստացել այն, ինչ անում են մյուս բոլորը։ Չենք ստացել կենսական անհրաժեշտություն ունեցող պաշտպանական օգնության փոխանցում, չենք տեսել բարոյական առաջնորդություն։ Չենք տեսել որևէ ջանք, ինչն ուղղված կլինի պատերազմի կանգնեցմանը...

Քաղաքականությունը հեռանում է։ Իսկ չէ՞ որ ճշմարտությունը մնում է։ Ահա, թե ինչի մասին եմ ես խոսում․ ճշմարտության մասին։ Եվ ես միշտ ասում եմ, ինչ մտածում եմ... Եթե սա պատերազմ է, ապա ես այն անվանում եմ պատերազմ, այլ ոչ թե «հատուկ գործողություն»։ Եթե սա սպառնալիք է ողջ Եվրոպայի համար, ապա ես դա անվանում եմ սպառնալիք ողջ Եվրոպայի համար։ Դա կոչվում է ազնվություն, որը պակասում է պարոն Օրբանին։ Հնարավոր է՝ նա այն կորցրել է Մոսկվայի հետ շփումներում ինչ-որ մի տեղ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

13:07

Ռուս-ուկրաինական բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը դեռևս պատրաստ չէ։

13:03

Խերսոնի մարզի Բերիսլավ քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Շապովալովը, որին առևանգել էին ռուսաստանցի զինվորականները, ազատ է արձակվել գերությունից։

«Դրանք 16 երկար և բարդ օրեր էին բոլորի համար։ Հիմա Ալեքսանդր Նիկոլաևիչը գտնվում է տանը և փորձում վերադառնալ նորմալ կյանքին։ Նրա առողջությանը ոչինչ չի սպառնում»,- նշվում է քաղաքային խորհրդի կայքէջում։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկի տվյալներով՝ ապրիլի 3-ի դրութամբ ռուսական գերության մեջ են մնում Կիևի, Խերսոնի, Խարկովի, Զապորոժյեի, Նիկոլաևի և Դոնեցկի մարզերի 11 քաղաքների քաղաքապետեր։

12:57

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Բուչայի մահացած բնակիչների կադրերն անվանել է «գազանություն»։

«Վրդովված եմ Բուչայում և Ուկրաինայի մյուս քաղաքներում գազանություններով։ Խաղաղ բնակիչների վրա ռուսական զորքերի հարձակման հաղորդագրությունները նողկալի են։ Մեծ Բրիտանիան աշխատանքներ է իրականացնում ապացույցների հավաքման ուղղությամբ և կաջակցի միջազգային քրեական դատարանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննությանը։ Մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լիզ Թրասը։

12:51

Խերսոնի մարզի Կախովկա քաղաքում տեղացիները դուրս են եկել բողոքի ցույցի։ «Страна» պարբերականի տվյալներով՝ ռուսաստանցի զինվորականները կրակ են բացել և կիրառել նռնակներ՝ ցուցարարների ցրման համար։

12:41

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն՝ Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ.

  • Նախորդ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի հարավ-արևելքում նկատվել է ռուսական ավիացիայի ակտիվության մեծացում, որն առաջացել է, հավանաբար, այն բանից հետո, երբ Ռուսաստանն իր ռազմական գործողությունները կենտրոնացրել է այս շրջանում։
  • Չնայած ուկրաինական ՀՕՊ-ի ոչնչացման ռուսական ջանքերին, Ուկրաինան շարունակում է լուրջ խնդիրներ ստեղծել ռուսական օդային և հրթիռային գործողությունների համար։ Ռուսական ինքնաթիռները նախկինի պես խոցել են փոքր և միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր։
  • Ռուսաստանի ջանքերը՝ օդի վրա լայն վերահսկողություն հաստատելու, լրջորեն տապալված են, ինչն էականորեն ազդել է ռազմաճակատի տարբեր հատվածներում նրա ցամաքային զորքերի առաջխաղացման աջակցման կարողության վրա։
  • Ռուսական ռազմածովային ուժերը շարունակում են արգելափակել Սև և Ազովի ծովերի ուկրաինական ափերը՝ խանգարելով ծովային ճանապարհով ուկրաինական պաշարների համալրմանը։
  • Ռուսաստանը նախկինի պես կարող է փորձել իջեցնել ծովային դեսանտ, սակայն գործողությունը կարող է ուղեկցվել մեծ ռիսկով՝ ուկրաինական զինվորականների պատրաստության պատճառով։

12:37

AFP-ի թղթակիցները պատմել են, որ Կիևի մարզի Բուչա քաղաքի փողոցներից միայն մեկում տեսել են առնվազն 20 խաղաղ բնակչի մարմին։ Նրանց մահվան պատճառներն անհայտ են, նշում են լրագրողները։ Նրանցից առնվազն մեկի մոտ եղել է գլխի շրջանում լուրջ վնասվածք։ Լրագրողները կարծում են, որ մարմինները փողոցում ընկած են արդեն մի քանի օր։

Սպանվածներից մեկի մոտ, որի ձեռքերը կապված են եղել սպիտակ կտորով, լրագրողները գտել են ուկրաինական անձնագիր։ Բուչայի բնակչուհիներից մեկի խոսքով, որը զրուցել է Reuters-ի հետ, ռուսաստանցի զինծառայողները բնակիչներին հրամայել են կրել այդպիսի կապեր։

12:32

«Бабель» պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Կիևի մարզի Դմիտրովկա գյուղից, որտեղից դուրս են եկել ռուսական ուժերը։ Գյուղի մոտ ճանապարհին լուսանկարիչը ֆիքսել է բազմաթիվ այրված և գնդակոծված մեքենաներ, որոնց մոտ ընկած են խաղաղ բնակիչների մարմինները։ Նրանցից ոմանց ձեռքերը կապված են։

❗️Ուշադրությո՛ւն, լուսանկարներում սպանված մարդկանց դիակներ կան։

12:27

Իզյումում ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել է բնակելի կառույցների մոտ 80 %-ը։ Այդ մասին հայտարարել է Իզյումի փոխքաղաքապետ Վլադիմիր Մացոկինը։

Քաղաքային իշխանությունների հաշվարկներով՝ Իզյումում և հարակից գյուղերում արգելափակված է և հումանիտար օգնության կարիք ունի 15-20 հազար մարդ։

12:23

CNN: Պուտինը Դոնբասում հաղթանակի մասին ցանկանում է հայտարարել մայիսի 9-ին

Ռուսաստանը վերանայել է Ուկրաինայի նկատմամբ իր պատերազմական ռազմավարությունը և հիմա մտադիր է կենտրոնանալ Դոնբասի վրա։ Այդ մասին CNN-ին հայտնել են ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները, որոնք ծանոթ են հետախուզական տվյալներին։

Հեռուստաընկերության աղբյուրների հաղորդմամբ՝ Կրեմլի համար կարևոր է մինչև մայիսի 9-ը վերահսկողություն սահմանել Դոնբասի և Ուկրաինայի արևելքի մյուս շրջանների վրա, քանի որ Հաղթանակի օրը խորհրդանշական կարևոր նշանակություն ունի և «Պուտինն այդ օրը ցանկանում է իր պատերազմում ինչ-որ բան տոնել»։

«Պուտինը մայիսի 9-ին, անկախ պատերազմի կարգավիճակից կամ խաղաղության բանակցություններից, շքերթ կկազմակերպի»,- CNN-ին հայտարարել է ԵՄ անդամ երկրներից մեկի ՊՆ ներկայացուցիչը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստվում է երկարատև և ձգձգված պատերազմի, ինչպես դա եղել է չեչենական պատերազմների ժամանակ։

12:16

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Բուչայում տեղի ունեցածն անվանել է «21-րդ դարի դժոխք»։

«Կապված ձեռքերով գնդակահարված տղամարդկանց և կանանց մարմիններ։ Նացիզմի սարսափեցնող հանցագործությունները դարձյալ Եվրոպայում են։ Սա մտածված արել է Ռուսաստանը։ Տնտեսական պատժամիջոցներ սահմանեք էներգակիրների վրա, փակեք նավահանգիստները։ Կանգնեցրեք սպանությունները հիմա»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պոդոլյակը։

❗️Ուշադրությո՛ւն, լուսանկարներում սպանված մարդկանց դիակներ են։

12:10

Նշվում է, որ հրապարակված կադրերում երևում է Օդեսայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով առաջացած հրդեհը։ 

12:06

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Ապրիլի 3-ի առավոտյան Օդեսայում ճշգրիտ հրթիռներով ոչնչացվել են նավթավերամշակման գործարանն ու վառելիքաքսուքային նյութերի երեք պահեստ։ 
  • ՀՕՊ միջոցներով Կուդրյաշովկա և Շուրովկա գյուղերի շրջանում խոցվել են ուկրաինական երկու անօդաչու։
  • Գիշերվա ընթացքում խոցվել է Ուկրաինայի 51 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ չորս հրամանատարական կետ, «Оса-АКМ» զենիթահրթիռային համալիր 2 արձակման կայան, 2 հրետանային մարտկոց, համազարկային կրակի 2 ռեակտիվ համակարգ։
  • «Հատուկ գործողության» մեկնարկից ի վեր ոչնչացվել է ուկրաինական 125 ինքնաթիռ և 88 ուղղաթիռ, 383 անօդաչու, զենիթահրթիռային 221 համալիր, 1903 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 207 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետերի 805 միավոր, ինչպես նաև 1781 միավոր հատուկ ռազմական ավտոտեխնիկա։

12:03

Ռուսական զորքերը պայթեցրել են Սեյմ գետի վրա գտնվող կամորջը։ Այդ մասին հայտարարել է Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։

Կամուրջը Սումի քաղաքը կապում էր Պուտիվլին։

12:00

Ի՞նչ է կատարվել ապրիլի 3-ի գիշերը` հակիրճ.

  • Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ Կիևի մարզում այլևս չկան ռուսական զորքեր։
  • Կիևի մարզի բնակավայրերում ռուսական զորքերի հեռանալուց հետո հայտնաբերվել են բազմաթիվ մարմիններ։ Ուկրաինական իշխանությունների և ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք խաղաղ բնակիչներ են, որոնք սպանվել են ռուսաստանցի զինվորականների կողմից։
  • Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը AFP-ին հայտնել է, որ «արդեն իսկ եղբայրական գերեզմաններում թաղել են 280 մարդու»։
  • Կիևի մարզում սպանվածների թվում կա գյուղապետերից մեկի ողջ ընտանիքը։
  • Human Rights Watch-ը հայտարարել է, որ Բուչայում ռազմական հանցագործությունների իրականացման ապացույցներ ունի։ ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանում այս տեղեկատվությունը։
  • Ռուսաստանը բանավոր կարգով ընդունել է խաղաղության կարգավորման շուրջ պայմանագրի Կիևի առաջարկները՝ բացառությամբ Ղրիմի վերաբերյալ առաջարկությանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան։
  • Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրներ համաձայնվել են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր․ դրանք են՝ Թուրքիան, Գերմանիան և Իտալիան։
  • Լիտվան, Լատվիան և Էստոնիան հրաժարվեցին ռուսական գազի ներկրումից։
  • Վաղ առավոտյան Օդեսայում հնչել են մի քանի պայթյուններ։ Տեղական իշխանությունները հայտնում են քաղաքի որոշ շրջաններում հրդեհների մասին։
  • Մարիուպոլում զոհվել է լիտվացի կինովավերագիր Մանտաս Կվեդարավիչյուսը։

Լուսանկարը՝ Vadim Ghirda/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter