HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 40 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 5-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:00

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսաստանցի դիվանագետների զանգվածային արտաքսման մասին

Պատճառը Բուչայում տեղի ունեցած դեպքերն են։

Der Spiegel-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Գերմանիայի ԱԳ նախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ դեսպանության 40 աշխատակցի։ Նրանք առաջիկա հինգ օրվա ընթացքում պետք է լքեն Բեռլինը։

20:45

Ուկրաինայի պաշտպանության նախարարություն. Ռուսաստանը պատրաստվում է Խարկովի գրավմանը

«Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է հարձակողական գործողությունների վերսկսման նախապատրաստության համար, որպեսզի Դոնբասում շրջափակեն Միացյալ ուժերի խմբավորումներին և գրավեն Խարկով քաղաքը»,- հայտնել է Ուկրաինայի ՊՆ խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը։

20:38

Ուկրաինայի գլխավոր դատախազ. Բորոդյանկայում իրավիճակն ավելի վատ է, քան Բուչայում

Ինչպես փոխանցում է ուկրաիանական TCH պարբերականը, Իրինա Վենեդիկտովան հայտարարել է, որ Բորոդյանկայում՝ Կիևի մարզի մեկ այլ քաղաքում, որտեղից նահանջել էին ռուսական զորքերը, «զոհերի հետ կապված իրավիճակն ավելի վատ է, քան Բուչայում»։ Վենեդիկտովան այլ մանրամասներ չի ներկայացրել։

20:23

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Բայդենի՝ Պուտինին ռազմական տրիբունալի առաջ կանգնեցնելու վերաբերյալ հայտարարությանը։

20:14

Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը հայտարարել է, որ քաղաքը կրկին ռմբակոծվել է կասետային ռումբերով։

20:09

Գերմանիայի իշխանությունները ժամանակավորապես, մինչև սեպտեմբերի 30-ը, վերահսկողության տակ են վերցրել Gazprom Germania էներգետիկ ընկերությունը, որն ապրիլի սկզբին դուրս էր եկել «Газпром» ռուսական կորպորացիայի կազմից։

Bloomberg-ի տվյալներով՝ Գերմանիայի իշխանությունները փնտրում են «Gazprom Germania»-ի ակտիվների գնորդ և չեն բացառում, որպես ծայրահեղ միջոց, ընկերության մի հատվածի ազգայնացումը։

19:09

⚡️Ջո Բայդենը հայտարարել է, որ Բուչայի իրադարձություններից հետո Վլադիմիր Պուտինը պետք է կանգնի ռազմական տրիբունալի առաջ։

ԱՄՆ նախագահը Ռուսաստանի առաջնորդին կրկին անվանել է «ռազմական հանցագործ» և խոստացել խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

19:02

ՌԴ դատախազությունը սկսել է ուսումնասիրել «Բուչա քաղաքում առկա իրավիճակի վերաբերյալ հրապարակումները»

«Հավաստի հաղորդումների անվան տակ նշված ակնհայտ կեղծ տեղեկատվության ստեղծման ու հրապարակային տարածման հանգամանքները կպարզվեն, և նրանց, անկասկած, կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,-հայտնել են ռուսական գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ ուկրաինական կողմը ռուսաստանցի զինծառայողներին մեղադրում է Բուչա քաղաքի խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մեջ։ Ռուսական կողմը հերքում է իր կապը դրա հետ։

18:52

⚡️Էստոնիան դեռևս չի արտաքսի ռուսական դեսպանին

«Մենք դեռևս ռուսաստանցի դեսպանին չենք արտաքսում, բայց բաց ենք թողնում բոլոր հնարավորությունները հետագա քայլերի համար և կարձագանքենք ու կգործենք իրադարձությունների զարգացման համաձայն»,- հայտարարել է Էստոնիայի ԱԳՆ մամուլի բյուրոյի տնօրենը։

Ավելի վաղ, Լատվիան և Լիտվան հայտարարել էին Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման մասին։

18:44

Համերգ-ակցիա Եկատերինբուրգում ի աջակցություն Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության»։

18:39

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Բուչա կուղարկվեն միացյալ քննչական խմբեր՝ ռազմական հանցագործությունների փաստաթղթավորման համար։ Նրանք կգործեն Ուկրաինայի գլխավոր դատախազության, Եվրոպոլի և Եվրոյուստի հետ փոխգործակցությամբ։

18:36

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն տեսանյութ է հրապարակել Կիևի մարզի Մոտիժինի գյուղի եղբայրական գերեզմանից։ Այսօր այնտեղ էին ժամանել արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Գերաշենկոյի տվյալներով՝ գերեզմանում թաղված են Մոտիժինի գյուղապետ Օլգա Սուխենկոյի, նրա ամուսնու և որդու մարմինները։

❗️Ուշադրությո'ւն, տեսանյութում կան բռնության տեսարաններ։

18:32

⚡️Լատվիան ևս իջեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։

Դա նշանակում է, որ հետ կկանչվի Մոսկվայում Լատվիայի դեսպանը, իսկ այդ երկրում ռուսաստանցի դեսպանը կարտաքսվի։

18:23

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ Ռուսաստանը կարգավորում է Վրաստանի տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների մաքսանենգության ալիքը։

«Ընդորում, վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները քաղաքական ղեկավարությունից հանձնարարական են ստացել չխոչընդոտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանը հերքում է այդ մեղադրանքը։ Խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Կախիանին ուկրաինական հետախուզության հայտարարությունն անվանել է վիրավորական և իրականությանը չհամապատասխանող։

18:19

⚡️Լիտվան արտաքսում է Ռուսաստանի դեսպանին և փակում Կլայպեդայում ՌԴ հյուպատոսությունը։

Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Լիտվայի կառավարության որոշմանը։

Առաջիկայում Մոսկվայում Լիտվայի դեսպանը կվերադառնա Վիլնյուս։

18:11

ԱՄՆ-ն կխնդրի Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ Ըստ նրա՝ այդ որոշումը պայմանավորված է Բուչայի խաղաղ բնակչության զանգվածային սպանություններով։

«Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին զավեշտ է։ Դա ճիշտ չէ և հենց այդ պատճառով մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկի նրա հեռացման օգտին»,- ԱՄՆ մշտական ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Reuters-ը։

18:08

Ռուսաստանը ապրիլի 9-ից կհանի սահմանափակումները նաև Չինաստանի հետ ցամաքային սահմանին։

18:05

Հրապարակվել է այն երկրների ցանկը, որոնց հետ ապրիլի 9-ից Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը։

17:58

Սլավյանսկի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Լյախը քաղաքի բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես դուրս գալ Դոնեցկի մարզի տարածքից։

17:53

Բուչա այցի ժամանակ BBC-ի թղթակիցը Զելենսկուն հարցրել է, թե արդյոք ինքը կարծում է, որ դեռ Ռուսաստանի հետ հնարավոր է խաղաղություն քննարկել։

«Այո, որովհետև Ուկրաինայում պետք է խաղաղություն լինի։ Մենք 21-րդ դարի Եվրոպայում ենք։ Մենք կշարունակենք դիվանագիտական և ռազմական ջանքերը»,- Զելենսկուն մեջբերել է УНИАН-ը։

17:51

Վլադիմիր Զելենսկին այցելել է Կիևի մարզի Բուչա քաղաք, որտեղ հայտնաբերվել են խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների դեպքեր։

17:45

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին. ապրիլի 9-ից հանվում են կորոնավիրուսային սահմանափակումները 52 երկրների հետ ավիահաղորդակցության վրայից, ներառյալ Արգենտինայի, Հնդկաստանի, Չինաստանի, ՀԱՀ-ի և մյուս երկրների։

17:41

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» հայցի ապահովման միջոցների շրջանակներում, ՌԴ-ից պահանջել է չարգելափակել մարդասիրական միջանցքներին հասանելիությունը և չխանգարել խաղաղ բնակչության տարհանմանը։

17:36

Conflict Intelligence Team հետաքննական նախագիծը նշում է, որ ռուսական զորքերը Կիևի մարզից տեղափոխվում են Դոնբաս։

15:55

Պուտինը հրամանագիր է ստորագրել ԵՄ-ի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի հետ վիզաների դյուրացման մասին համաձայնագրերի դադարեցման վերաբերյալ

Փաստաթղթում նշվում է, որ այդ որոշումը կայացվել է «Եվրոպական միության, օտարերկրյա մի շարք պետությունների, նրանց քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, մշտապես բնակվող կամ ժամանակավորապես իրենց տարածքներում գտնվող անձանց ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունից ելնելով»:

15:51

Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ Իրպենում և Բուչայում հայտնաբերվել են մինչև 10 տարեկան սպանված երեխաների մարմիններ, որոնց վրա եղել են բռնության և կտտանքների հետքեր։

15:49

Գերմանիան անհապաղ էմբարգո չի մտցնի ռուսական էներգակիրների վրա

Բեռլինն անհապաղ էմբարգո չի մտցնի ռուսական էներգակիրների վրա, չնայած Ուկրաինայում զանգվածային սպանություններին։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։ 

«Մենք աշխատում ենք էմբարգոյի ուղղությամբ այն միջոցների օգնությամբ, որոնք ամեն օր վնասում են Պուտինին։ Մենք լավ ուղղություն ունենք, և այս շաբաթ մենք կհասնենք այս ուղղությամբ մեծ առաջընթացի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք աշխատում են ռուսական գազից, ածխից և նավթից կախվածությունից ազատվելու ուղղությամբ։

Հաբեքի խոսքով, մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Գերմանիա նավթի 35 %-ը մատակարարվում էր Ռուսաստանից, իսկ հիմա այն հասել է 25 %-ի։

15:42

Wargaming ընկերությունը, որն ստեղծել է World of Tanks-ը, հայտարարել է ՌԴ-ից և Բելառուսից հեռանալու մասին։

Ընկերությունը չի ունենա կամ չի կառավարի իր բիզնեսը երկու երկրներում, նշվում է տարածված հայտարարության մեջ։ Խաղային ողջ բիզնեսը փոխանցվել է տեղական Lesta Studio-ի կառավարմանը, որն այլևս կապված չէ Wargaming-ի հետ։

15:36

Շվեյցարիայի իշխանություններն սառեցրել են անշարժ գույքի առնվազն 10 օբյեկտ, որոնք պատկանում են ռուսաստանցի գործարարներին։

Այդ 10 օբյեկտները՝ առանձնատներ և բնակարաններ, գտնվում են շվեյցարական չորս կանտոններում, ներառյալ Բեռնում և Ժնևում։ Առանձնատներից մեկը, որը գտնվում է Բեռնից արևելք, պատկանում է Альфа-банк-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Պետր Ավենին։

Առկա տվյալների համաձայն՝ Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6,2 միլիարդ դոլար, սակայն անհայտ է, թե այդ գումարի որքան մասն է բաժին ընկնում անշարժ գույքին։

15:32

Промсвязьбанк-ը պաշտոնապես սկսել է աշխատել Ղրիմում։

15:11

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Խարկովի մարզի Իզյումի շրջանի բնակիչները ռուսաստանցի զինվորականներին կերակրել են թունավորված կարկանդակներով։ ՌԴ 3-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 2 զինծառայող մահացել է, ևս 28-ը՝ հայտնվել վերակենդանացման բաժանմունքներում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

14:29

Իսկ սրանք ռուսական թերթերի այսօրվա համարների առաջին էջերն են։

14:20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել Գրեմիում։

14:18

Ապրիլի 4-ի գիշերն ու վաղ առավոտյան հրթիռակոծվել են Օդեսան և Նիկոլաևը։ Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները՝ հավելելով, որ հրթիռակոծության հետևանքները պարզվում են։

14:11

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ

  • Ռուսական զորքերը շարունակում են վերախմբավորումը և կենտրոնացումը, իրենց ուժերն ուղղելով Ուկրաինայի արևելք՝ Դոնբասի վրա հարձակման համար։
  • Այդ շրջան է տեղափոխվում, այդ թվում նաև, ռուսական պետության հետ կապ ունեցող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները։

14:02

Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունները միջազգային մամուլի առաջին էջերին են։

13:56

Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր զոհվել է 161 երեխա, 254-ը՝ վիրավորվել։ Այդ մասին ապրիլի 4-ի առավոտյան հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։ Գերատեսչությունը նշում է, որ ներկայացված տվյալները նախնական են։

13:49

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը պատմել է ապրիլի 4-ին մարդասիրական միջանցքների աշխատանքի մասին։

13:42

Գերմանիան այս շաբաթ կարող է արտաքսել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների մինչև 100 աշխատակցի։ Այդ մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ կանցլեր Օլաֆ Շոլցը հանձնարարել է ուսումնասիրել «մեծ թվով» ռուսական դիվանագետների արտաքսման հարցը։

13:37

Մեծ Բրիտանիան, որն այսպես պահին ՄԱԿ-ի ԱԽ նախագահող երկիրն է, մերժել է Ռուսաստանի դիմումը՝ անցկացնելու «Բուչայում ուկրաինացի արմատականների հրեշավոր սադրանքի» վերաբերյալ նիստ։

Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։ Վերջինիս պնդմամբ՝ Ռուսաստանը կրկին պահանջում է այս հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնել։

13:32

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ի աջակցություն Ուկրաինայի տեսանյութ է հրապարակել

Տեսանյութում Ջոնսոնը նշել է ուկրաիանական ժողովրդի հերոսությունը, որն իր երկիրը պաշտպանում է ռուսական ներխուժումից, ինչպես նաև հիշեցրել, որ Մեծ Բրիտանիան 2015 թվականին օգնում է վերապատրաստել ուկրաինացի զինվորականներին և նրանց տրամադրում տեխնիկական ու այլ աջակցություն։

«Պուտինը երբեք չի կարող կոտրել ուկրաինական ժողովրդի ոգին և գրավել նրանց երկիրը։ Ուկրաինան կվերածնվի և կրկին իր տեղը կունենա ազատ ու անկախ պետությունների շարքում»,- ուղերձի վերջում նշել է Ջոնսոնը։

12:24

Բուչայում եղբայրական գերեզմանների ի հայտ գալու առաջին նախանշանները նկատվել են դեռ մարտի 10-ին

Այդ մասին գրում է «Укринформ»-ը՝ հղում անելով Reuters-ին և Maxar ընկերության արբանյակային լուսանկարների տվյալներին։ Լուսանկարում երևում է եկեղեցու մոտ գտնվող գրեթե 14 մետր երկարություն ունեցող խրամատը։

Ինչպես հայտարարել է Maxar-ը, եղբայրական գերեզմանների ի հայտ գալու առաջին նախանշանները նկատվել են դեռ մարտի 10-ին, երբ Բուչան գտնվում էր ռուսական վերահսկողության տակ։

12:18

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ուժերն զբաղեցրել են Նովոբախմուտովկան, իսկ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ուժերը Նովոտոշկովսկոյե բնակավայրը շրջափակել են հարավից և արևելքից։
  • Գիշերվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի 14 ռազմական օբյեկտ, այդ թվում կառավարման երկու կետ, զինամթերքի երկու պահեստ, ՎՔՆ երեք պահեստ, «Бук-М1» զենիթահրթիռային համալիրների երկու արձակման կայան, ինչպես նաև մարտական տեխնիկայի կուտակման վեց տեղանք ու շրջան։
  • Գիշերը ռուսական ուժերը Լիսիչանսկի մոտ ավիահարվածով ոչնչացրել են ուկրաիանական բանակի 24-րդ առանձին մեխանիզացված բրիգադի կառավարման կետն ու դրա մոտ գտնվող ռազմական պահեստները։
  • Նիկոլաևի արվարձանում գտնվող Բալովնոյեի օդակայանին հասցված հարվածների հետևանքով ոչնչացվել է ուկրաինական զինված ուժերի երեք ուղղաթիռ։

12:12

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հանդես է եկել հայտարարությամբ։ Հիմնական մտքերը.

  • Անհրաժեշտ է դադարեցնել ռուսաստանցիներին տրամադրել շենգենյան վիզա, բացառությամբ մարդասիրական նպատակներով։
  • Լեհաստանի իշխանությունները ձգտում են հասնել Եվրամիությունում «Միասնական Ռուսաստան» կուսակցության բոլոր անդամների դեմ պատժամիջոցների սահմանմանը (խոսքն ավելի քան 2,3 միլիոն մարդու մասին է)։
  • Անհրաժեշտ է ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կհետաքննի Բուչայի իրադարձությունները։

12:09

Bellingcat նախագծի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը թվիթերյան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ, ըստ նրա տվյալների, պատկերված է «Վագներ»-ի խմբի վարձկաններից մեկը։

12:04

Խարկովի մարզի իշխանությունները հայտարարել են, որ Խարկովի Սլոբոդսկու շրջանի գիշերային հրթիռակոծության հետևանքով զոհվել է 7 մարդ, 34 մարդ էլ, այդ թվում 3 երեխա, վիրավորվել։ Իզյումի ուղղությամբ էլ շարունակվում են մարտերը։

Ըստ տեղական իշխանությունների՝ Լուգանսկի և Խերսոնի մարզերը շարունակվում են մշտապես հրթիռակոծման ենթարկվել։ Խերսոնի մարզի 67 բնակավայրեր մնում են առանց էլեկտրականության և ջրամատակարարման, չկան դեղամիջոցներ, իսկ խանութները չեն գործում։

12:00

Ի՞նչ է կատարվել ապրիլի 4-ի գիշերը` հակիրճ.

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Կիևի մարզում խաղաղ բնակիչների սպանությունից հետո անհրաժեշտ է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները պետք է տարածվեն նավթի և ածուխի վրա։
  • Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտնել է Դոնբաս ռուսական ուժերի տեղափոխման մասին, այդ թվում՝ «Վագներ»-ի վարձկաններին։
  • ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Մոսկվայի դեմ։ Եվրոպացիները լրջորեն մտածում են ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին։
  • Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ռուսական ներխուժումն անվանել է «ողջ ժողովրդի համար տանջանք», որը չի ցանկանում ենթարկվել Ռուսաստանին և արդյունքում ոչնչացվում է։
  • Ուկրաինան և Ռուսաստանը պահանջել են հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ՝ Բուչայում սպանությունների պատճառով։
  • ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ իր մարդասիրական շարասյունը դեռևս չի հասել շրջափակված Մարիուպոլ։
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը լրագրողներին պատմել է, որ պատրաստ է մեկնել Կիև։

Լուսանկարը՝ Ivor Prickett for The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter