
Ալեքսանդր Վուչիչը վերընտրվել է Սերբիայի նախագահի պաշտոնում
Ալեքսանդր Վուչիչը վերընտրվել է Սերբիայի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Քվեաթերթիկների 90 %-ի հաշվարկի արդյունքում Վուչիչն ստացել է ձայների գրեթե 60 %-ը։ Նրա հիմնական մրցակիցը՝ Սերբիայի գլխավոր շտաբի նախկին պետ Զդրավկո Պոնոշը հավաքել է ձայների շուրջ 17,5 %-ը։ Երրորդ տեղում գտնվող Միլոշ Յովանովիչը հավաքել է 5,82 %-ը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ ընթացող խորհրդարանական ընտրություններում Վուչիչի գլխավորած «Միասին կարող ենք ամեն ինչ» կոալիցիան հավաքել է ձայների 43,5 %-ը և կստանա խորհրդարանի 250 մանդատներից 122-ը։
Վուչիչը Սերբիայի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականից։
Համաձայն Սերբիայի ԿԸՀ տվյալների՝ Սերբիայում ընտրելու իրավունք ունի 6 502 307 մարդ։ Կոսովոյի սերբերը քվեարկելու համար ստիպված են եղել մեկնել Կենտրոնական Սերբիա, որպեսզի օգտվեն իրենց սահմանադրական իրավունքից։
Եվրոպայում Ալեքսանդր Վուչիչին ռուսամետ քաղաքական գործիչ են համարում։ Այդ երկիրը շատ մեծ կախում ունի ռուսական գազից, նրա բանակը զենք է ստանում Ռուսաստանից և համատեղ զորավարժություններ անցկացնում։ Բացի այդ, Մոսկվան և Բելգրադը կապված են տնտեսական խոշոր նախագծերով։
Մոսկվան, աջակցելով Բելգրադին, չի ճանաչում Կոսովոն, որն իր անկախությունը հռչակել է 2008 թվականին։ Այդուհանդերձ, Սերբիան նաև Եվրոպական միությանն անդամակցության թեկնածու երկիր է։
Բելգրադը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, չնայած իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի երկու բանաձևերին, որոնք դատապարտում են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։
Եվրամիությունը Սերբիայից պահանջում է իր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ կուրսին և միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Լուսանկարը՝ Sputnik / Александар Джорович
Մեկնաբանել