HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վիկտոր Օրբանի կուսակցությունը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չորրորդ անգամն անընդմեջ հաղթել է խորհրդարանական ընտրություններում, չնայած այն հանգամանքին, որ Օրբանի կառավարությունը խիստ քննադատության էր ենթարկվում ԵՄ անդամ մյուս երկրների կողմից՝ Մոսկվայի հետ ունեցած սերտ կապերի պատճառով։ BBC-ի փոխանցմամբ՝ քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքում Օրբանի «Ֆիդես-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը ստացել է ձայների 53,1 %-ը և էականորեն առաջ է անցել ընդդիմադիր «Հունգարիան յուրաքանչյուրի համար» դաշինքից, որին աջակցել է ընտրողների միայն 35 %-ը։

Օրբանի հաղթանակը դեռևս պաշտոնապես չի գրանցվել ԿԸՀ-ում։ Նախնական տվյալներով՝ նրա կուսակցությունը խորհրդարանում կստանա մանդատների ընդհանուր թվի շուրջ ⅔-ը՝ 135 մանդատ։ Ընդդիմությանը բաժին կհասնի 56-ը։

Ինչպես կիրակի օրը խոստովանել է ինքը՝ Օրբանը, իր համար հաղթանակը հաճելի անակնկալ էր։ «Մենք ունեցել ենք այնքան խոշոր հաղթանակ, որ այն նույնիսկ կարելի է լուսնից տեսնել, իսկ Բրյուսելից` առավել ևս։ Մենք պաշտպանել ենք Հունգարիայի ինքնիշխանությունն ու ազատությունը»,- հայտարարել է նա։

Ընդդիմադիր դաշինքի ղեկավար և «Հունգարիան բոլորի համար» հասարակական շարժման առաջնորդ Պետեր Մարկի-Զային ընդունել է Օրբանի հաղթանակը՝ նշելով, որ գործող վարչապետի նկատմամբ ընտրողների համակրանքն ապահովվել է քարոզչամեքենայի և լրատվամիջոցներում իշխող կուսակցության աջակիցների գերակայության հաշվին։ «Մենք ընդունում ենք, որ «Ֆիդես» կուսակցությունը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը, բայց ամեն դեպքում հարցականի տակ ենք դնում անցած ընտրությունների ժողովրդականությունն ու ազատությունը»,- հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։ 

BBC-ն գրում է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն, ինչպես պարզվեց, էականորեն դժվարացրել էր Օրբանի քարոզարշավը, որը ստիպված էր բացատրություններ տալ, թե ինչու այդքան սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Օրբանը քննադատել էր ռուսական ներխուժումը և վետո չէր կիրառել Մոսկվայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների վրա՝ նշելով, որ համաձայն չէ դրանց հետ։ Ընդ որում, նա արգելել էր իր երկրի տարածքով Ուկրաինա զենքի մատակարարումը և շարունակել պնդել, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններն ունեն բազմաթիվ առավելություններ, ներառյալ` գազի մատակարարման հուսալիությունը։ 

Օրբանն իր ընտրազանգվածին կարողացավ համոզել, որ Պետեր Մարկ-Զայիի ընդդիմադիր դաշինքի խոստումները` կարգավորելու Եվրամիության հետ հարաբերությունները, Հունգարիային կարող են ՆԱՏՕ-ի կազմում ներքաշել ռազմական հակամարտության մեջ (ընդդիմությունը հերքում էր այդ մեղադրանքները)։

«Մենք երբևէ այդքան շատ հակառակորդներ չենք ունեցել»,- հայտարարել էր նախօրեին Օրբանը՝ նկատի ունենալով Բրյուսելի բյուրոկրատներին, սեփական ընդդիմադիրներին, միջազգային մամուլը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ 

Ընդդիմության առաջնորդը չէր թաքցնում, որ, իր կարծիքով, Հունգարիան պետք է մասնակցի Ուկրաինա զենքի մատակարարմանը և նույնիսկ զորքեր ուղարկի այնտեղ, եթե որոշումը համաձայնեցվի ՆԱՏՕ-ի շրջանակներում։ 

Հունգարիան, որն ընդհանուր սահման ունի Ուկրաինայի հետ, ընդունել է ավելի քան կես միլիոն ուկրաինացի փախստական, սակայն Զելենսկին քննադատել էր Բուդապեշտին՝ իր տարածքով Ուկրաինա զենքի մատակարարման արգելքի համար: Ի պատասխան` Օրբանը հայտարարել էր, որ այդպիսով ինքը զերծ է պահում իր երկիրը հակամարտության մեջ ներքաշվելուց։ 

Ընդդիմադիր դաշինքն իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր «Օրբանը կամ Եվրոպան» կարգախոսով։ Քննադատներն Օրբանի կառավարությանը մեղադրում են նրանում, որ իշխող կուսակցությունը Հունգարիան մեկուսացրել է Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներից, ինչը սպառնալիքի տակ է դնում հունգարական ժողովրդավարությունն ու արդարադատությունը։

Եվրամիությունում նաև կարծում են, որ Վիկտոր Օրբանն իր երկրում խափանում է ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը։ 12 տարվա ընթացքում, ինչ Օրբանն իշխանության ղեկին է, նա փաստացի վերաշարադրել է Սահմանադրությունը, դատական համակարգում ղեկավար պաշտոնների նշանակել իր մարդկանց և փոխել ընտրությունների անցկացման կարգը։

Լուսանկարը՝ Laszlo Balogh-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter