HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է Հայոց ցեղասպանության ուսուցման համար 10 մլն դոլար ապահովելու ուղղությամբ

ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Հիմնվելով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման զույգ բանաձևերի վրա՝ օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Մասնավորապես, կրթական ծրագրերը պետք է անդրադառնան Օսմանյան Թուրքիայի կողմից դիտավորյալ ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված՝ հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը 1915-1923 թթ։

«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալ է կոնգրեսականներ Մալոնիին և Բիլիրակիսին, ողջունում է այս խոհեմ և ճիշտ ժամանակին ներկայացված օրինագիծը, որն առաջ է քաշվել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցեղասպանությունն ավարտին հասցնելու ջանքերի ետնապատկերի վրա։ Դաշնային այս օրենսդրությունը պատասխանատու հաջորդ քայլն է, որը հիմնված է ամերիկյան հիշողության վրա և կզգուշացնի ամերիկացիներին ցեղասպանության շարունակական սպառնալիքի մասին՝ երաշխավորելով, որ ապագա սերունդները կօգտվեն այս հանցագործության դասերից: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը լիովին աջակցում է այս օրինագծին և անհամբեր սպասում է Կոնգրեսի կողմից դրա ընդունմանն ու նախագահի կողմից՝ ստորագրմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Գրասենյակի փոխանցմամբ՝ հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter