HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2021թ. Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները. թվեր և ցուցանիշներ

2020թ․  բարդ ու ծանր տարի էր ողջ աշխարհի համար: COVID-19 համավարակի տարածմանը կանխելուն ուղղված տնտեսական և հաղորդակցման սահմանափակումներն էական ազդեցություն էին ունեցել աշխարհի տարբեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացումների վրա․ կրճատվել էին փոխադարձ ուղևորափոխադրումները, համաշխարհային առևտրային հարաբերություններին մեծ հարված էր հասցվել, իսկ համաշխարհային տնտեսության մինչև 10 տոկոս մասնաբաժին ունեցող զբոսաշրջային ոլորտը հայտնվել էր խոր ճգնաժամի մեջ:

2020թ․ մարտ ամսից Հայաստանի Հանրապետությունում ևս COVID-19 համավարակի տարածումը, 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախյան 2-րդ պատերազմը լրջորեն սկսեցին ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության վրա, և 2019թ․ համեմատ այն նվազեց  13.2 տոկոսով։ 

2021թ․ COVID-19 համավարակի տարածման դանդաղեցման և պատվաստումների աճին զուգահեռ նկատվեց համաշխարհային առևտրատնտեսական կապերի որոշակի աշխուժացում և սպառման ծավալների աճ, որն իր դրական ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ավելացման վրա, ընդ որում, 2021թ․ արտահանման ցուցանիշն առաջին անգամ հատեց 3 մլրդ դոլարի շեմը․ աճը 2020թ․ համեմատ կազմեց  19.1 տոկոս և 3 մլրդ 22 մլն դոլար։ 

2021թ․ Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության հիմնական գործընկերների շարքում կրկին ԵԱՏՄ անդամ երկրներն են, որոնց հետ առևտրաշրջանառությունը 2020թ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 20.6 տոկոսով՝ 2 մլրդ 629 մլն դոլար: Ինչպես և նախորդ տարիներին, 2021թ․ ևս Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի 31.4 տոկոսը: 2021թ․ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 629 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 20.9 տոկոս: Բելառուսի Հանրապետության հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 7.8 տոկոսով և կազմել 86.1 մլն դոլար: Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 48.6 տոկոսով և հասել 18,3 մլն դոլարի:

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2021թ․, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ավելացել է  12,4 տոկոսով և կազմել 177,1 մլն դոլար: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետության առաջնային առևտրային գործընկերն Ուկրաինայի Հանրապետությունն է, որի հետ 2021թ․ ապրանքաշրջանառությունը կազմել է 168,8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 12.4 տոկոս: ԱՊՀ երկրներից ապրանքաշրջանառության աճ է գրանցվել նաև Ուզբեկստանի  և Թուրքմենստանի հետ՝  63.2  տոկոս և 14.8 մլն դոլար և 2.8 անգամ և 14.2 մլն դոլար։ 

COVID-19 կորոնավիրուսի համավարակի ու տնտեսական հարաբերությունների աշխուժացումն ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև արձանագրված ապրանքաշրջանառության վրա: 2021թ․ Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ  աճել է 23,9 տոկոսով և կազմել 1 մլրդ 587 մլն դոլար: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշորագույն գործընկերը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է, որի հետ 2021թ․ կտրվածքով փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է 289․8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ գրանցվել է 2.5 տոկոս անկում: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերներից են նաև Բուլղարիան, որի հետ 2021թ․ ապրանքաշրջանառությունն ավելացել է 32.3 տոկոսով՝ կազմելով 227.5 մլն դոլար, Իտալիայի և Նիդերլանդների հետ աճը կազմել է համապատասխանաբար՝ 24.0 և 79.6 տոկոս և 287․7 ու 228.5 մլն դոլար: 

Այլ երկրների շարքում Ռուսաստանի Դաշնությունից հետո Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերը Չինաստանի Հանրապետությունն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2021թ․ կազմել է 1 մլրդ 260 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 30.7 տոկոս: Ապա հաջորդում են Իրանի Իսլամական Հանրապետությունը` 502.8, Շվեյցարիան՝ 385.3, ԱՄՆ-ը՝ 207.4,  Իրաքը՝ 182.0 և Վրաստանը՝ 190.2 մլն դոլար: 2021թ․ Վրաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է համապատասխանաբար՝ 45.9, 35.9 և  25.2 տոկոսով։ Շվեյցարիայի դեպքում գրանցվել է լուրջ անկում, որը կազմել է 18.4 տոկոս։ 

Ինչ վերաբերում է արտահանմանը և ներմուծմանը, ապա Հայաստանի Հանրապետության համար սեփական պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական շուկան մնում է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ 2021թ․ իրացվել է 847.3 մլն դոլարի արտադրանք՝ 24.5 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը ևս ավելացել է 20.5 տոկոսով և կազմել է 1 մլրդ 993 մլն դոլար: ԵԱՏՄ երկրներից Բելառուսի Հանրապետություն Հայաստանից արտահանվող ապրանքների հանրագումարը կազմել է 28,3 մլն դոլար, և աճը կազմել է 18,7 տոկոս, իսկ ներմուծումը՝ 59,5 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս: Դեպի Ղազախստան արտահանումը 2021թ․ բավականին տպավորիչ աճ է արձանագրել՝ 59.5 տոկոս և հասել է 10.5 մլն դոլարի։ 

2021թ․ Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ երկրներ արտահանումն  աճել է 37.4 տոկոսով և կազմել է 47.3 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալն ավելացել է 11.9 տոկոսով և հասել է 163.2 մլն դոլարի։ ԱՊՀ երկրներից ամենամեծ արտահանում իրականացվում է դեպի Ուկրաինա, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 25.2 մլն, իսկ ներմուծումը՝ 147.5 մլն։ Մոտ 4.3 անգամ արտահանման ծավալների աճ է գրանցվել դեպի Թուրքմենստան՝ 8.1 մլն դոլար։ 

Չնայած 2021թ․ Եվրոպական Միության երկրներ արտահանման ցուցանիշների էական բարելավմանը, որը 2020թ․ համեմատ ավելացել է 52.9 տոկոսով, սակայն դոլարային արտահայտությամբ այն էականորեն զիջում է ԵԱՏՄ երկրներ Հայաստանի արտահանման ցուցանիշին։ 2021թ․ Եվրոպական Միության երկրներ է արտահանվել 656.0 մլն դոլարի արտադրանք, իսկ ներմուծումը տվյալ ժամանակահատվածում ավելացել  է 10.1 տոկոսով և հասել է 1 մլրդ 29 մլն դրամի։

Եվրոպական Միության երկրների շարքում 2021թ․ Հայաստանի Հանրապետությունն ամենաշատ արտահանում իրականացրել է դեպի Բուլղարիայի Հանրապետություն՝ 198.4 մլն, որին հաջորդում են Նիդերլանդները՝ 191.2, Գերմանիան՝ 77.5 և Իտալիան՝ 63.5 մլն դոլար։ Հայաստան ապրանքների ներմուծման առումով Եվրոպական Միության երկրներից  առաջատարը Գերմանիան է՝ 222.8 մլն, որին հաջորդում են Իտալիան՝ 195.7, Նիդեռլանդները՝ 85.0 և Ֆրանսիան՝ 68.3 մլն դոլար ցուցանիշով։ 

Բավականին բարելավվել է արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ․  աճը կազմել է 20,6 տոկոս և 67,8 մլն դոլար: Ի տարբերություն արտահանման՝ ներմուծման աճն ավելի էական է՝ 76 տոկոս և 137.2  մլն դոլար։

Հայաստանի Հանրապետությունը 2021թ․ ավելի մեծ ծավալի ներկրումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 438․9 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա համեմատ՝ 38.1 տոկոս։  Միևնույն ժամանակ դեպի Իրան արտահանումը նվազել է 22.5 տոկոսով և կազմել է 65.5 մլն դոլար:

Նույն իրավիճակն է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում․ դեպի Հայաստան ներմուծումը 2020թ․ համեմատ աճել է 26.9 տոկոսով և հասել է 121.0 մլն դոլարի, իսկ արտահանումը նվազել է, աճը կազմել է 67 տոկոս կամ 95,6 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 22.4 տոկոսով և կազմել է 74.4 մլն դոլար:

2021թ․ ընթացքում նախորդ տարվա համեմատ Հայաստանը գրեթե 36 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Չինաստանի Հանրապետություն՝  հասցնելով 393 մլն դոլարի, իսկ ներմուծումն աճել է 28.6 տոկոսով և կազմել 876.0 մլն դոլար:

Վերջին տարիներին հայկական արտադրանքի համար լավ շուկա հանդիսացող Իրաքի Հանրապետություն հայկական արտադրանքի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ աճել է 8.2 տոկոսով և հասել 177,3 մլն դոլարի, իսկ հարևան Վրաստան արտահանումն աճել է 18.9 տոկոսով և կազմել 68.3 մլն դոլար:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների շարքում ամենամեծ չափաբաժինը ձևավորել է հանքահումքային արտադրանքը, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 982.2 մլն, իսկ Հայաստանից արտահանման կառուցվածքում նրա կշիռը կազմել է 32,4 տոկոս: 2021թ․ հանքահումքային արտադրանքի դոլարային արտահայտությամբ ծավալն աճել է 20,6 տոկոսով, որն էլ իր հերթին կապված է համաշխարհային շուկաներում պղնձի պահանջարկի մեծացման արդյունքում տեղի ունեցած կտրուկ թանկացմամբ։ 2021թ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պղնձի գինը գրեթե կրկնապատկվել է, և 2022թ․ էլ այդ աճը շարունակվում է։ 

Երկրորդն այս խմբում պատրաստի սննդի արտահանումն է, որը 2020թ․ COVID-19 համավարակով պայմանավորված լուրջ անկում էր գրանցել։ 2021թ․ պատրաստի սննդի արտահանման ծավալն ավելացել է 10.8 տոկոսով և կազմել է 623,9 մլն դոլար: Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից ավելացել է կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը, որի աճը կազմել է 36.8 տոկոս՝ 107.0 մլն դոլար, իսկ բուսական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է 37 տոկոսով և կազմել 186,5 մլն դոլար:

Հայաստանի Հանրապետությունից մանածագործական իրերի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ աճել  է 37.4 տոկոսով և հասել է 183,4 մլն դոլարի: Հայաստանից արտահանման կառուցվածքում բավականին մեծ տեղ ունեցող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանումը  2021թ․ նախորդ տարվա համեմատ կրճատվել է 9.8 տոկոսով և կազմել 333.0 մլն դոլար, իսկ  ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն աճել է 59 տոկոսով և հասել 365.4 մլն դոլարի։

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter