HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 41 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 6-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:00

NBC News. ԱՄՆ նոր պատժամիջոցները կներառեն Ռուսաստանում նոր ներդրումների նկատմամբ արգելքը։

20:51

Ուկրաինական դատախազություն. Նիկոլաևի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12 մարդ։

20:44

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Հիմնական մտքերը.

  • Ռուսաստանցի զինծառայողների հասցեին ուղղված մեղադրանքները անապացույց են և անհիմն։ Դրանք չեն հաստատվում որևէ ականատեսի կողմից։
  • Աշխարհը տեսնում է միայն այն, ինչ ուզում է և չի տեսնում ուկրաինական ու արևմտյան ԶԼՄ-ներում առկա անհամապատասխանությունները։
  • Տեսանյութերում մարմինները «ընդհանրապես նման չեն երեք-չորս օր փողոցներում մնացած դիակների»։
  • Հարյուրավոր մարդիկ պատրաստ են վկայություններ տալ ուկրաինացի նեոնացիստների հանցագործությունների վերաբերյալ։
  • Ռուսաստանը հարվածներ չի հասցնում քաղաքացիական օբյեկտներին, այդ իսկ պատճառով ՌԴ զորքերը այդքան արագ առաջ չեն գնում, որքան շատերը սպասում էին։ Մենք այնպես չենք գործում, ինչպես Իրաքում ամերիկացիները։

20:38

⚡️Ռումինիան հետ չի մնում ԵՄ մյուս երկրներից։ Նա կարտաքսի ռուսաստանցի 10 դիվանագետների։

20:33

Եվրամիության նոր պատժամիջոցների տակ կարող են հայտնվել նաև Վլադիմիր Պուտինի երկու դուստրերը։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ի թղթակից Լոուրենս Նորմանը։

20:24

⚡️Եվրամիությունը Բրյուսելում ՌԴ մշտական ներկայացուցչությունից արտաքսում է 19 ռուսաստանցի դիվանագետների։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այն անպատասխան չի մնա։

20:19

⚡️Սլովենիայի ԱԳՆ-ն հայտնել է ռուսաստանցի 33 դիվանագետների արտաքսման մասին։

20:02

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Վլադիմիր Զելենսկու ելույթի հիմնական մտքերը.

  • Բուչայում չկա մի հանցագործություն, որը նրանք չեն իրականացրել։ Նրանք սպանել են ամբողջական ընտանիքներ՝ տարեցների ու երեխաների, փորձել այրել մարդկանց։ Նրանք երկիրը թողնում են ավերակների մեջ։
  • Դուք գիտեք, թե այդ առիթով ինչ կասի Ռուսաստանը։ Նրանք արդեն դա ասել են, երբ Դոնբասի վրա խոցվեց Բոինգը, նրանք դա ասել են Սիրիայում։ Նրանք առաջարկում են տեղի ունեցածի ամենատարբեր վարկածներ, նույնիսկ խոսում են բեմադրված կադրերի մասին։
  • Ռուսական ղեկավարությունն իրենց պահում է ինչպես հին գաղութարար։ Նրանք ցանկանում են ուկրաինացիներին վերածել լուռ ստրուկների։ Չի կարելի, որ դա անպատիժ մնա։
  • Ռուսաստանը պարենային ճգնաժամ է հրահրել, որը կարող է Ասիայում և Աֆրիկայում սովի հանգեցնել։ Բացի այդ, նաև քաղաքական քաոս, որի արդյունքում շատ երկրների անվտանգության համակարգեր կարող են վերանալ։
  • Պետք է անհապաղ բարեփոխել ՄԱԿճը, որպեսզի ԱԽ-ում վետոր իրավունքը չլինի մահվան իրավունք։

19:55

Financial Times-ը, հղում անելով իր երեք աղբյուրներին, գրում է, որ Բայդենը շուտով կհայտարարի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի՝ հիպերձայնային զենք մշակելու համատեղ պլանների մասին։

19:36

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանն ստիպված կլինի արտասահման սննդամթերքի մատակարարմանը ավելի ուշադիր վերաբերվել, հատկապես այն երկրներ, որոնք վարում են թշնամական քաղաքականություն»։

19:23

Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

19:14

Սկսվել է Բուչայի իրադարձությունների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստը։ Այնտեղ ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

19:06

⚡️Սլովակիան կկրճատի ՌԴ դեսպանության դիվանագիտական և վարչատեխնիկական աշխատակիցների թիվը

Դեռևս հայտնի չէ, թե ռուսաստանցի քանի դիվանագետ ստիպված կլինի լքել այդ երկիրը։

18:32

Էստոնիան արտաքսում է ռուսաստանցի 14 դիվանագետների և փակում Նարվայում ՌԴ հյուպատոսությունն ու Տարտուի գրասենյակը

17:59

⚡️Լատվիան արտաքսում է ռուսաստանցի 13 դիվանագետների և փակում Լիեպայայում ու Դաուգավպիլսում ՌԴ հյուպատոսությունները։

17:34

⚡️Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ներկայացրել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները։

  • Ռուսաստանից 4 միլիարդ եվրո գումարից ավել ածուխի ներկրման արգելք։
  • Ռուսական չորս հիմնական բանկերի, այդ թվում ВТБ-ի հետ գործառնությունների ամբողջական արգելք։
  • ԵՄ նավահանգիստներ ռուսական նավերի մուտքի արգելք և ԵՄ-ում Ռուսաստանի ու Բելառուսի ավտոտրանսպորտային օպերատորների աշխատանքի արգելք։
  • Կարևորագույն ոլորտներում տարեկան 10 միլիարդ եվրոն գերազանցող արտահանման արգելք։ Դրանց թվում են կիսահաղորդիչները, մեքենաշինությունը և տրանսպորտը։
  • Տարեկան 5,5 միլիարդ եվրոյից ավելի ապրանքների ներկրման արգելք։
  • Կարգելվի ԵՄ պետական գնումներում ռուսական ընկերությունների մասնակցությունը և կբացառվի ռուսական պետական մարմիններին ցանկացած տիպի ֆինանսական աջակցությունը։
  • Լրացուցիչ սահմանափակումներ ֆիզիկական անձանց նկատմամբ։

16:49

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել դադարեցնել Ռուսաստանից նավթ, գազ ու ածուխ գնել, որպեսզի «չլինեն նոր բուչաներ»։

16:42

Reuters գործակալությունը մանրամասներ է ներկայացնում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ առաջիկա պատժամիջոցներից.

  • ՌԴ-ից ածխի, փայտանյութի, քիմիական նյութերի և այլ արտադրանքի ներմուծման արգելք, որը տարեկան կազմում է 9 մլրդ եվրո։
  • Արգելք Ռուսաստան կիսահաղորդիչների, համակարգիչների, գազային արդյունաբերության համար նախատեսված տեխնոլոգիաների, տրանսպորտի և մյուս ոլորտների մատակարարման վրա։
  • Ռուսական բեռնատարների և նավերի համար սահմանների փակում, բացառությամբ էներգետիկ ապրանքների, սննդամթերքի և դեղամիջոցների։
  • ВТБ-ի և ևս երեք բանկերի նկատմամբ պատժամիջոցներ, որոնք անջատված են SWIFT-ից։
  • սահմանափակումներ օլիգարխների նկատմամբ։

16:29

Ուկրաինական «Auchan»-ը հայտնել է, որ ընկերությունը «կմեկուսացնի» ռուսական գրասենյակը, կդադարեցնի ներդրումներն ու մատակարարումները Ռուսաստան։ Այդ մասին հաղորդագրությունը տարածվել է auchan.ua կայքում։

16:23

Reuters գործակալության աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական Danone ընկերությունը դիտարկում է Ռուսաստանից հեռանալու տարբերակը։ Ընդ որում, գործակալության զրուցակցի խոսքով, ընկերությունը ցանկանում է պահպանել իր ակտիվները և խուսափել իր աշխատակիցների համար անհարմար իրավիճակից։

Ընդ որում, РИА Новости-ին ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանում գործունեության վերաբերյալ ընկերության դիրքորոշումը չի փոխվել։

15:45

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն առաջիկա օրերին ևս կայցելի Կիև։

15:43

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Իսպանիան կարտաքսի մոտ 25 ռուսաստանցի դիվանագետների, «որոնք սպառնալիք են հանդիսանում մեր երկրի անվտանգության շահերին»։ Նրա խոսքով՝ արտաքսման ենթակա դիվանագետների ցանկը դեռևս մշակվում է։

15:40

Դմիտրի Պեսկով. «Բուչայի ողբերգությանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները «բեմադրված շոու» են»

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է.

  • Բուչայի ողբերգությանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները «բեմադրված շոու» են:
  • ԵՄ անդամ երկրներից ռուսաստանցի դիվանագետների արտաքսումն անհեռատես քայլ է, որն անպատասխան չի մնա։
  • Կրեմլում չեն հերքում Զելենսկու ու Պուտինի բանակցությունների հնարավորությունը։
  • Մոսկվան չի պատրաստվում կիսվել Կիևի հետ բանակցությունների մանրամասնություններով։

15:31

Ֆրանսիայի հակաահաբեկչական ազգային դատախազությունը երեք նոր հետաքննություն է սկսել ռազմական հանցագործությունների փաստով, որոնք Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումից հետո իրականացվել են Ֆրանսիայի քաղաքացիների դեմ։ Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունները տեղի են ունեցել Մարիուպոլում, Հոստոմելում և Չեռնիգովում։

15:27

РИА Новости-ն հաշվել են, որ փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում, արևմտյան երկրներն արտաքսել են մոտ 250 ռուսաստանցի դիվանագետի։

15:18

Bloomberg գործակալությունը գրում է, որ Եվրամիությունը դեռևս չի նախատեսում պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի և գազի նկատմամբ։

ԵՄ երկրների միջև պահպանվում են տարաձայնությունները ռուսական նավթի և գազի վերաբերյալ։ Այսպես, ԵՄ որոշ երկրներ հայտարարել են, որ պատրաստվում են կրճատել ռուսական նավթի ներկրումը։ Գերմանիան և Հունգարիան դեմ են հանդես գալիս ռուսական էներգակիրների շուկայի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման օգտին։

15:06

Վլադիմիր Զելենսկի. «Բուչայում տեղի ունեցածը ցեղասպանություն է»։

15:02

14:57

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այս շաբաթ կայցելեն Կիև։

14:48

Մարիուպոլի նավահանգստում այրվում է թուրքական «Ազբուրգ» նավը, որի տախտակամածին գտնվում է Ուկրաինայի 12 քաղաքացի։ Այդ մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Նրա խոսքով՝ «ուկրաինացի ազգայնականները, որոնք պահում են Մարիուպոլի նավահանգիստը, ոչնչացնում են նավահանգստի ենթակառուցվածքները և անտեսում օտարերկրյա վեց նավերի տարհանման դիմումները»։

14:32

Շվեդիան հայտարարել է, որ կարտաքսի ռուսաստանցի երեք դիվանագետների։ Ավելի վաղ, այդ մասին հայտարարել էին նաև Գերմանիան, Իտալիան և Դանիան։

14:18

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած պատժամիջոցների փաթեթը կներառի.

  • Ռուսաստանից ածխի ներկրման արգելք,
  • Ռուսաստան նոր տեխնիկայի մատակարարման արգելք,
  • Ռուսաստանցի բեռնափոխադրողների համար ծովային և ցամաքային սահմանների փակում։

Առաջարկվող պատժամիջոցները պետք է ստանան Եվրամիության բոլոր երկրների հավանությունը։

14:04

⚡️Իտալիան հայտարարել է ռուսաստանցի 30 դիվանագետների արտաքսման մասին

«Ռուսաստանը համարժեք պատասխան կտա»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

14:01

Լուգանսկի մարզի Ռուբեժնոյե քաղաքում արկն ընկել է ազոտային թթվի ցիստեռնի մեջ։ Այդ մասին հայտարարել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նա բնակիչներին կոչ է արել է դուրս չգալ թաքստոցներից, փակել դռներն ու լուսամուտները և կիրառել դեմքի պաշտպանիչ դիմակներ։

13:54

Եվրոպական միությունն ապրիլի 5-ին կդիտարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը։ Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել ապրիլի 6-ին։

13:47

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնագետները Կիևի մարզում վերացնում են զինամթերքի մնացորդները, որոնք, ինչպես նշում է գործակալությունը, իրենցից հետո թողել էին ռուսական զորքերը։

13:39

⚡️Դանիան հայտարարել է ռուսաստանցի 15 դիվանագետների արտաքսման մասին։ Ռուսաստանը խոստանում է պատասխան միջոցներ ձեռնարկել։

12:22

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն՝ Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ.

  • Ուկրաինական զինվորականներն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Ուկրաինայի հյուսիսում գտնվող կարևոր տարածքները՝ ստիպելով Ռուսաստանին իր դիրքերը թողնել Կիևից հյուսիս և Չեռնիգովի շուրջը։
  • Այդ տարածքներում կարող են շարունակվել փոքր բախումներ, սակայն դրանց թիվն էականորեն կրճատվել է այս շաբաթ ռուսական զորքերի դուրսբերումից հետո։
  • Ռուսական բազմաթիվ ստորաբաժանումներ (նաև՝ ռազմատեխնիկան), որոնք նահանջում են Ուկրաինայի հյուսիսից, լուրջ վերազինում և վերակառուցում են պահանջում, մինչև Ուկրաինայի արևելք նրանց տեղափոխումը։

12:19

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։

12:11

Ապրիլի 5-ին նախատեսված է հումանիտար 7 միջանցք, այդ թվում՝ Մարիուպոլից և Բերդյանսկից, որոնք կիրականացվեն սեփական ավտոմեքենաներով և տարհանման ավտոբուսներով։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ 

Հումանիտար միջանցքներ կբացվեն նաև Զապորոժյեի մարզի Տոկմակ քաղաքացին, Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ, Պոպասնայա և Գորնոյե քաղաքներից։

12:09

Մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանում «Мир» քարտերով վճարումները 18 %-ից հասել են 26 %-ի։

12:05

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ապրիլի 4-ի երեկոյան Ուկրաինական 72-րդ հոգեբանական գործողությունների գլխավոր կենտրոնի զինծառայողները Կիևի մոտ «իրականացրել են իբր ռուսաստանյան զորքերի բռնի գործողություններից զոհված խաղաղ բնակչության հերթական բեմադրված նկարահանումը»։

Ինչպես հայտնում է ռուսական կողմը, նկարահանումներն իրականացվել են Կիևի մարզի Բուչայի շրջանի Մոշուն գյուղում։ ՌԴ ՊՆ-ն նշում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները նման գործողություններ են նախապատրաստում նաև Սումիում, Կոնոտոպում և մյուս քաղաքներում։

Ավելի վաղ, ռուսական պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ Բուչայում խաղաղ բնակչության սպանությունների լուսանկարներն ու տեսանյութերը բեմադրված են։

12:04

Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը տեղական պատգամավորներին, կոմունալ ծառայությունների աշխատակիցներին, ինչպես նաև բժշկական և սոցիալական աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ քաղաք։

12:02

Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 4 միլիոն մարդ

Ներկայիս ճգնաժամն արդեն իսկ դարձել է վերջին 30 տարվա մեջ ամենախոշորներից մեկը։ Եթե միտումը շարունակվի, ապա ուկրաինացի փախստականների թիվը կարող է գերազանցել սիրիական ցուցանիշը։

12:00

Ի՞նչ է կատարվել ապրիլի 4-ի գիշերը` հակիրճ.

  • Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր և Պուտինի միջև հանդիպումը կարող է չկայանալ։
  • Զելենսկին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո առաջին անգամ, ելույթ կունենա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ կքննարկվի Բուչայում խաղաղ բնակչության սպանությունների հարցը։
  • Եվրամիությունը կարող է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել արդեն ապրիլի 6-ին։
  • The New York Times-ը հրապարակել է Բուչայի արբանյակային լուսանկարները։ Այնտեղ երևում է, որ քաղաքի փողոցներում մարդկանց մարմինները հայտնվել են դեռևս մարտի կեսերին, երբ այնտեղ էին ռուսական զորքերը։
  • ԱՄՆ-ն արդեն այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։ Բայդենը հայտարարել է, որ Բուչայի դեպքերից հետո Պուտինը պետք է կանգնի ռազմական տրիբունալի առաջ։
  • Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ դարձյալ կոչ է արել Ուկրաինայում առկա հակամարտությունը լուծել բանակցությունների ճանապարհով։ Ընդ որում, Պեկինը նախկինի պես հրաժարվում է դատապարտել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։

Լուսանկարը՝ AP Photo/Rodrigo Abd

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter