HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, Երևան քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում։ 

«Հետք»-ը մարտի 31-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ֆիքսել էր, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Լունապարկի» սկզբնամասում՝ «Քուին բուրգեր» սննդի կետի հարևանությամբ, բետոնախառնիչ մեքենա է աշխատում, իսկ սննդի կետի հետնամասում հենասյուներ են կառուցվում։ Արդեն հաջորդ աշխատանքային օրը՝ ապրիլի 1-ին, գրավոր հարցմամբ դիմեցինք Երևանի քաղաքապետարան, խնդրեցինք տրամադրել շինարարությունը թույլատրող քաղաքաշինական փաստաթղթերը։

Երևանի քաղաքապետարանից այսօր՝ ապրիլի 5-ին, ստացած պատասխանից պարզ դարձավ, որ շինարարությունն ապօրինի է իրականացվում, իսկ կառուցապատողն ԱԺ պատագամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է` Ռոբերտ Սուքիասյանը։

«Տեղեկացնում ենք, որ Տիգրան Մեծի պողոտայի հ.17/4 հասցեում, առանց համապատասխան թույլտվության, իրականացվել է շինության վերակառուցման, մասնավորապես քարե պատերի և ծածկի իրականացման աշխատանքներ, որի առնչությամբ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 30.03.2022 թվականին քաղաքացի Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 041196 արձանագրությունը՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,- «Հետք»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Ուշադրության արժանի է այն փաստը, որ մենք ապօրինի շինարարությունն արձանագրել ենք մարտի 31-ին, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մեկ օր առաջ (30.03.2022թ.)։ Այսինքն ապօրինի շինարարության մասին արձանագրությունը կազմելու հաջորդ օրը Ռոբերտ Սուքիասյանը շարունակել է շինարարությունը:

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել՝ արձանագրությունը կազմելուց հետո ապօրինի շինությունը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են հաջորդելու կառուցապատման փաստը հաստատելու վարչարարությանը։

Մեր արդեն բանավոր հարցերին ի պատասխան քաղաքապետարանից փոխանցեցին, որ Ռոբետ Սուքիասյանի կատարած իրավախախտման համար առաջիկայում 200 հազար դրամ տուգանք նախատեսող վարչական ակտ կկազմվի, իսկ շինարարությունը շարունակելու դեպքում՝ 2.5 միլիոն դրամ։

Ըստ քաղաքապետարանի, քանի որ շինարարությունն իրականացվել է անհատներին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, քաղաքապետարանը չի կարող այն ապամոնտաժել։ Բացի դրանից, ապօրինի կառույցը հետագայում հնարավոր չէ սեփականաշնորհել, քանի որ 2022թ․-ից ինքնակամ կառուցված շինությունները ենթակա չեն օրինականացման։

Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 17/4 հասցեի անշարժ գույքը պատկանում է Սուքիասյաններին։ 768 քառակուսի մետր մակերես ունեցող հողակտորը և դրա վրայի շինությունը համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյաններին: Շինությունը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Քուին Բուրգեր» ՍՊԸ-ին, որն էլ շահագործում է նույնանուն սննդի և սպասարկման կետը։ Ի դեպ, Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներից էլ պարզ է դառնում, որ 1994թ․-ին կառուցված շինության որոշ հատվածներ ինքնակամ են կառուցվել։

Հ․Գ․ «Հետքը»-ը հոդվածը հրապարակել էր հիմնվելով Երևանի քաղաքապետարնի տրամադրած գրավոր պատասխանի վրա, որտեղ նշված էր, որ Ալբերտ Սուքիասյանի կողմից է իրականացվել շինարարությունը։ Հոդվածը հրապարակելուց հետո քաղաքապետարանի լրատվական վարչությունից հայտնեցին, որ սխալմամբ են գրել «Ալբերտ Սուքիասյանի» անուն ազգանունը և արձանագրություն կազմվել է Ռոբերտ Սուքիասյանի կողմից առանց քաղաքաշինական փաստաթղթերի կառուցապատում կատարելու համար։ 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter