HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. խախտվել է զինծառայողի կյանքի իրավունքը

Այսօր՝ մարտի 5-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Հայաստանի դեմ՝ զինծառայող Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը խախտելու համար: ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է մահացած զինծառայողի մորը՝ Նանա Մուրադյանին, վճարել 20 հազար եվրո փոխհատուցում:

2009թ. նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ և զինծառայության անցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, ժամը 12:35-ի սահմաններում, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ և որպես ինքնասպանության պաշտոնական պատճառ նշվել է Վալերի Մուրադյանի 3000 դրամ պարտքը:

Վալերիի մայրը՝ Նանա Մուրադյանը, հարուցված քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հարցաքննվելիս Ն. Մուրադյանը նշել է, որ դեպքից մի քանի օր առաջ որդին իրեն պատմել է, որ զորամասում ականատես է եղել վառելիքի գողության։ Նա չի հավատում, որ իր որդին կարող էր ինքնասպան լինել: Փաստել է, որ որդուն սպանել են այն զինծառայողները, որոնց տեսել է վառելիք գողանալիս։ 

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ զինծառայողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նաև մի շարք վնասվածքներ՝ ձախ ձեռքի հատվածում կապտուկ, աջ դաստակի քերծվածք, որոնք հասցվել են դեռ կենդանության ժամանակ՝ մահից մոտ 2-4 օր առաջ:

Այդ վնասվածքների մասով նախաքննական մարմինը եզրակացրել է, որ դեպքին նախորդող օրերին Վ. Մուրադյանը մասնակցել է ավտովերանորոգման աշխատանքներին և այդ ժամանակ կարող էին առաջանալ ձախ ձեռքի հատվածի կապտուկը և աջ դաստակի քերծվածքը։

2010թ. մայիսի 31-ին քննիչը նշանակել է դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն՝ մահվանից առաջ Վ. Մուրադյանի հոգեվիճակը պարզելու նպատակով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ծառայակիցներն ու սպաներն իրենց հայտարարություններում նշել են, որ Վալերին չի բողոքել զինծառայությունից և մահվանը նախորդող ժամանակահատվածում լավ տրամադրություն է ունեցել: Ավելին, նա երջանիկ է եղել, ոչ մի անհանգստություն կամ հուսահատություն չի նկատվել նրա մոտ:

Նանա Մուրադյանը, դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել իշխանություններին՝ պնդելով, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները:

Դրանից հետո նշանակվել են մի շարք այլ փորձաքննություններ, սակայն նախաքննական մարմինը շարունակել է գործը քննել ինքնասպանության վարկածի շրջանակում:

Դատախազի ցուցումով կատարվել են լրացուցիչ քննչական գործողություններ: 2011թ. ապրիլի 30-ին զինծառայող Ա.Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական կարգապահության կանոնները խախտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2010թ. փետրվարի սկզբին Ա.Գ.-ն գումարի պատճառով վիճաբանել է Վ. Մուրադյանի հետ և մի շարք զինծառայողների ներկայությամբ դիտավորյալ ապտակել ու հարձակվել է նրա վրա՝ հրապարակայնորեն նվաստացնելով նրան։

2011թ. հունիսի 29-ի որոշմամբ՝ դադարեցվել է Ա.Գ.-ի հետապնդումը՝ «Համաներման մասին» օրենքի հիման վրա:

Նանա Մուրադյանն այդ ընթացքում փորձել է դատական պաշտպանությամբ հասնել որդու մահվան իրական հանգամանքների բացահայտմանը: Նրա հիմնական բողոքը եղել է այն, որ գործը քննող քննիչը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ իր որդու մահվան հանգամանքները պատշաճ կերպով հետաքննելու համար՝ կանխամտածված կերպով առաջ քաշելով ինքնասպանության վարկածը: Ինքնասպանության վարկածից բացի, դեպքի այլ վարկածներ չեն դիտարկվել։

Ընթացքում պարզվել է, որ իրեղեն ապացույցներից բացակայել են Վալերիի զինվորական ճտքավոր կոշիկները: Իրավապահ մարմիններն այդ հանգամանքը չեն կարևորել:

2015թ. դեկտեմբերի 7-ին որոշում է կայացվել կասեցնել քրեական գործի վարույթը. ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհիմնավորեն, որ Վ. Մուրադյանը ենթարկվել է նվաստացման կամ վատ վերաբերմունքի:

2017թ. հուլիսի 7-ին արդեն նախկին երկու զինծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս):

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, 2010թ. մարտի 14-ին Ն.Գ-ն և Ա.Կ-ն. Վալերի Մուրադյանին ճնշելու և նվաստացնելու դիտավորությամբ իրենց սուտ խոստում տալու և խոստացված գումարը ժամանակին չվերադարձնելու նպատակով հետապնդել են նրան:

Այդ ընթացքում Նանա Մուրադյանը ևս դժգոհել է նախաքննական մարմնի գործողություններից: Զինծառայողի մոր բողոքի հիման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ. հոկտեմբերի 23-ին որոշել է, որ խախտվել է վերջինիս արդյունավետ քննության իրավունքը՝ երկարատև հետաքննության պատճառով: Արձանագրվել է, որ տուժողի իրավահաջորդը հնարավորություն չի ունեցել արդյունավետորեն մասնակցել մի շարք քննչական գործողությունների: Այդ հիմքով որոշել է պարտավորեցնել նախաքննական մարմնին վերսկսել Վ. Մուրադյանի մահվան փաստով քրեական գործի վարույթը և վերացնել նրա իրավունքների խախտումը: Գործի քննությունը վերսկվել է:

Նախկին զինծառայողների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ հայտնի չի եղել նրանց գտնվելու վայրը:

Նանա Մուրադյանը, դիմելով ՄԻԵԴ, առաջ է քաշել Կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ հոդվածների (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Մասնավորապես` այն, որ զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան դեպքով իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել, պետությունը չի պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում:

ՄԻԵԴ-ը որոշել է բողոքը քննարկման առարկա դարձնել միայն կյանքի իրավունքի խախտման մասով:

Կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում պնդել է, որ Վ. Մուրադյանի մահվան հանգամանքների քննությունը դեռ շարունակվում է Հայաստանի իշխանությունների կողմից։

Նանա Մուրադյանը պնդել է, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում իր որդու մահվան համար, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա զինվորական ծառայության մեջ է եղել՝ նրանց բացառիկ հսկողության տակ: Նա վիճարկել է ինքնասպանության վարկածը և պնդել, որ իր որդուն սպանել են։

Ըստ նրա՝ նախաքննությունը, որը շարունակվում է ավելի քան ինը տարի (ՄԻԵԴ դիմելու պահին), չի կարողացել պարզել իր որդու մահվան ստույգ հանգամանքները՝ իշխանությունների կողմից պատասխանատուներին բացահայտելու ջանասիրության բացակայության պատճառով: Նախաքննության հենց սկզբից առաջ քաշված միակ վարկածը եղել է ինքնասպանությունը։ Նախաքննության առաջին հինգ ամիսների ընթացքում ձեռք է բերվել միայն երկու բժշկական փորձաքննական եզրակացություն, և կարևոր ապացույցները, ինչպիսիք են մետաղական աթոռը և որդու զինվորական կոշիկները, կամ ոչնչացվել են, կամ անզգուշությամբ կորել են։

Ավելին, մի շարք կարևոր դատաբժշկական փորձաքննություններ նշանակվել են դեպքից մի քանի ամիս և նույնիսկ տարիներ անց, մինչդեռ նրա հայտարարություններին (իր որդու՝ դեպքից առաջ վառելիքի գողության ականատես լինելու վերաբերյալ) պատշաճ կերպով չեն արձագանքել: Զորամասի երկու նախկին զինծառայողների մեղադրանք է առաջադրվել դեպքից միայն 7 տարի անց, մինչ այդ արդեն անհնար էր դարձել նրանց գտնելը։

Բացի այդ, իշխանությունների կողմից որևէ բովանդակալից քայլ չի կատարվել այն բանից հետո, երբ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը 2018թ. հոկտեմբերի 23-ին որոշել է պարտավորեցնել նախաքննական մարմնին վերսկսել վարույթը:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչը Նանա Մուրադյանի փոխհատուցման պահանջի հարցի վերաբերյալ առարկություն է ներկայացրել: Նախ նշել է, որ քննությունը դեռ շարունակվում է, բայցի այդ, վկայակոչել է Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով արձանագրվել են Ն. Մուրադյանի իրավունքների խախտումները, ինչը հիմք է տալիս Հայաստանի օրենսդրության շրջանակներում ոչ նյութական վնասի հատուցում ստանալու համար: Սակայն Նանա Մուրադյանը նման պահանջ չի ներկայացրել:

Նշենք, որ ներպետական օրենսդրությամբ փոխհատուցման գումարի չափը կազմում է 3 մլն դրամ, որը բացառիկ դեպքերում կարող է ավելանալ:

ՄԻԵԴ-ը չի ընդունել Կառավարության փաստարկներն՝ արձանագրելով, որ «դիմումատուն պահպանել է իր զոհի կարգավիճակը»: Ավելին, արձանագրել է, որ օրենսդրությամբ առաջարկվող գումարի չափը որպես փոխհատուցում ողջամիտ չէ արդարացի բավարարման տեսանկյունից:

«Այս հանգամանքներում Դատարանը եզրակացնում է, որ Կառավարության կողմից ներկայացված փոխհատուցման միջոցն ի վիճակի չի լինի շտկելու վիճարկվող իրավիճակը, քանի որ վերը նշված պատճառներով չի կարող բավարար փոխհատուցում տրամադրվել դիմումատուին»,- նշել է ՄԻԵԴ-ը:

Ինչ վերաբերում է կյանքի իրավունքի խախտմանը, ապա Հայաստանի կառավարությունը այն չի մեկնաբանել:

ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Վալերի Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը:

Կառավարությունը 3 ամսվա ընթացքում Նանա Մուրադյանին պետք է վճարի 20 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ նրա որդու կյանքի իրավունքի խախտման համար:

Նշենք, որ Նանա Մուրադյանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Ռոբերտ Ռևազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter