HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 42 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 7-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

19:57

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքի բնակիչներին, որոնք պատերազմի պատճառով հեռացել էին քաղաքից, կոչ է արել դեռևս չվերադառնալ։

19:49

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյին, Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին, նախկին դատախազ, ներկայումս Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչ Յուրի Չայկային, Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գուցանին, ԱԽ փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիևին և մի շարք այլ բարձրաստիճան պետական ծառայողներ։

Ընդհանուր առմամբ, 18 նոր մասնակից։

19:41

Եվրամիության երկրները դեռևս չեն կարողացել պայմանավորվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։

Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրի, որոնք տեղյակ են քննարկման ընթացքին։ Մասնավորապես, ԵՄ երկրները դեռևս չեն կարողացել պայմանավորվել, թե արդյոք ռուսական ածխի վրա արգելքը կտարածվի արդեն իսկ գործող պայմանագրերի վրա։

Քննարկումը կշարունակվի վաղը ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նոր հանդիպման ժամանակ։

19:33

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հստակեցրել է, որ տարհանման կոչը բացառապես վերաբերում է միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչներին։

19:23

Նոր պատժամիջոցներ է սահմանել նաև Մեծ Բրիտանիան։

Դրանք, մասնավորապես, ներառում են ռուսական տնտեսությունում նոր ներդրումների արգելքը, Ռուսաստան նավթի վերամշակման սարքավորումների արտահանման արգելքը և ՌԴ-ից պողպատե արտադրանքի ներկրումը։

Բացի այդ, կսառեցվեն Сбербанк-ի և Մոսկվայի վարկային բանկի ակտիվները, իսկ պատժամիջոցների ցանկում ներառվել է 8 գործարար՝ Սերգեյ Իվանովը, Անդրեյ Ակիմովը, Ալեքսանդր Դյուկովը, Սերգեյ Կոգոգինը, Անդրեյ Գուրևը, Վյաչեսլավ Կանտորը, Լեոնիդ Միխելսոնը և Բորիս Ռոտենբերգը։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ մինչև 2022 թվականի վերջ Մեծ Բրիտանիան կհրաժարվի ռուսական նավթի և ածխի ներկրումից։

19:16

ԱՄՆ նոր պատժամիջոցները։ Գլխավորը.

  • Ամերիկյան ցանկացած քաղաքացու կողմից Ռուսաստանի տնտեսության մեջ նոր ներդրումների իրականացման արգելք։
  • Ամբողջական արգելափակող պատժամիջոցներ Сбербанк-ի և Альфа-банк-ի միջև։ Ամերիկյան ռեզիդենտներին կարգելվի նրանց հետ գործ ունենալ, իսկ ԱՄՆ-ում նրանց բոլոր ակտիվները կսառեցվեն։
  • Անհատական պատժամիջոցներ Վլադիմիր Պուտինի «չափահաս երեխաների», Սերգեյ Լավրովի դստեր ու կնոջ, ինչպես նաև Դմիտրի Մեդվեդևի և Միխայիլ Միշուստինի նկատմամբ։
  • ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող միջոցներից ռուսական արտաքին պարտքի վճարման արգելք:

Ընդ որում, Սպիտակ տունը ընդգծում է, որ ԱՄՆ-ն չի խոչընդոտի ամերիկյան ընկերությունների գործունեությանը Ռուսաստանի այն ոլորտներում, որոնք կարևոր են հումանիտար գործունեության համար, ինչպես օրինակ սննդամթերքը, դեղամիջոցները, հեռահաղորդակցւթյան ծառայությունների ապահովումը։

18:42

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գումարային առումով ամբողջությամբ արգելափակել է ռուսական բանկային համակարգի ավելի քան 2/3-ը և որ արևմտյան պատժամիջոցների հետևանքով ռուսական տնտեսությունը կդադարի լինել 20 խոշոր տնտեսությունների ցանկում։

18:37

ТАСС-ի տվյալներով՝ ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, Վլադիմիր Պուտինի չափահաս երեխաները, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կինն ու դուստրը։

18:29

ԱՄՆ-ն ամբողջական արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Сбербанк-ի և Альфа-банк-ի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

17:58

ՌԴ ՊՆ նոր ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Ուկրաինական կողմը ավարտել է սադրանքների նախապատրաստումը, որին մասնակցում են Սումիի և Կիևի մարզերի քաղաքների խաղաղ բնակչությունը։
  • Այսօր Կիևի մեղքով տապալվել է ռազմագերիների հերթական փոխանակումը։ Կիևի իշխանությունները երկար ժամանակ խախտում են ռազմագերիների փոխանակումը, ընդ որում ՝ նախապես համաձայնեցված պայմաններով։
  • Կան հիմքեր կարծելու, որ գերության մեջ գտնվող ռուսաստանցի զինծառայողների մոտ ամեն բան կարգին չէ։ Մոսկվան պահանջում է անմիջապես նրանց այցելելու հնարավորություն տրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։
  • Բուչայի դեպքերի հետաքննությանն անհրաժեշտ է ներգրավել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այն, ինչ այնտեղ կատարվել է, ցինիկ սադրանք է, որն իրականացվել է Ուկրաինայի իշխանությունների ամբողջական աջակցությամբ։

17:48

Չեխիայի խորհրդարանը 1932-1933 թվականներին տեղի ունեցած հոլոդոմորը ճանաչել է ուկրաինական ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություն։

17:39

ՌԴ ԱԳՆ. Բուչայում տեղի ունեցած իրադարձություններին Ռուսաստանի կապ չունենալու վերաբերյալ ապացույցները բավարար են, որ մեղադրանքների թեման փակվի

Բուչայում «հանցավոր ֆեյքը» բեմադրվել է, որպեսզի արդարացվի առավել վաղ պատրաստված պատժամիջոցների փաթեթը և տապալվեն ռուս-ուկրաինական բանակցությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

17:15

Բաքվում բողոքի ակցիա կկայանա ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների։

17:12

Ուկրաինայի հայերի միության Չեռնովցիի մարզային կառույցը ավտոմեքենաներ է նվիրատվություն արել Ուկրաինայի զինված ուժերին։

17:10

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան արդեն իսկ Ուկրաինայի հետ քննարկում է անվտանգության երաշխիքները։ «Դրանք գաղտնի են, կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս չկան»,- ասել է Շոլցը։

17:04

Վլադիմիր Պուտինին խաղաղության բանակցությունների են հրավիրել Հունգարիայում։ Նա համաձայնվել է, բայց «որոշակի պայմաններով»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է Բուդապեշտում խաղաղության բանակցություններ կազմակերպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով եվրոպական լրատվամիջոցներին։

Պուտինից ու Զելենսկուց զատ, Օրբանը բանակցությունների է հրավիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։

Օրբանի խոսքով՝ Պուտինի պատասխանը դրական է եղել, սակայն այդպիսի բանակցությունների համար պետք են «որոշակի պայմաններ»։

Բացի այդ, Հունգարիայի վարչապետը Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։

16:43

Բրիտանական Daily Mirror տաբլոիդը նամակ է հղել ռուսաստանցիներին։

«Մեծ Բրիտանիան ռուսական ժողովրդի ընկերն է։ Մենք խաղում ենք ձեր ֆուտբոլային ակումբների հետ և ռուսական օղի խմում։ Մենք գիտենք, որ դուք լավ մարդիկ եք, որոնք ցանկանում են աշխարհում ապրել և տեսնել, թե ինչպես են ձեր երեխաները մեծանում երջանիկ, առողջ և հոգ են տանում միմյանց մասին»,- նշվում է ուղերձի մեջ։ Ընդ որում, նամակում պարբերականը ռուսական զորքերին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ, ինչպես նաև գրում Ռուսաստանում անկախ մամուլի կործանման մասին։

Լրագրողները կոչ են անում մտածել այն մասին, թե ինչի համար ոչնչացվեցին անկախ լրատվամիջոցները, եթե այն ամենն, ինչ ռուսական պետությունն ասում է, ճիշտ է։ Նամակը հրապարակվել է ռուսերենով և անգլերենով։

16:24

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ապրիլի 7-ին քվեարկություն կիրականացնի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի հեռացման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է AFP-ն։

16:19

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը Խարկովի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչներին խնդրել է արագ տարհանվել։

16:10

Ապրիլի 6-ի առավոտյան անհայտ անձինք փորձել են այրել ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի Իտալիայի Կոմո լճի ափին գտնվող Մենաջո քաղաքում գտնվող առանձնատունը։ Դատարկ առանձնատան տարածքում այրել են ավտոմեքենայի անվադողեր։ Հրդեհն արագ մարվել է։ Քաղաքապետը կարծում է, որ տեղի ունեցածը եղել է «ցուցադրական» քայլ։

15:22

Մարիուպոլում սկսել է գործել ռուսական շարժական դիակիզարաններ։ Այդ մասին նշվում է Մարիուպոլի քաղաքային խորհրդի տելեգրամյան ալիքում։ 

«Բուչայում ցեղասպանության միջազգային լայն արձագանքից հետո, Ռուսաստանի բարձր ղեկավարությունը հրամայել է վերացնել Մարիուպոլում իր բանակի հանցագործությունների ցանկացած վկայություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

15:07

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը ներառվել է ՌԴ ահաբեկիչների և ծայրահեղականների ռեեստրում։

14:56

Reddit-ում հրապարակվել են Չեռնոբիլի ճառագայթման գոտում դրոնից արված կադրեր։ Այնտեղ երևում են Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող անտառային հատվածներում ուղղանկյուն փոսերը։ Տեսանյութն այսպես է վերնագրված. «Չեռնոբիլում դրոնից կադրերը հաստատում են, որ ռուսաստանցիները ռադիոակտիվ գրունտում փոսեր են փորել»։

14:37

⚡️Մահացել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։

14:23

Գիշերը Խարկովին հրթիռային 27 հարված է հասցվել։ Այդ մասին հայտարարել է Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նա նաև հայտարարել է, որ Իզյումի մոտ մարտերը շարունակվում են։ 

14:14

Բելգորոդի մոտ սկսել են խրամատներ փորել

Տեղական իշխանությունները պնդում են, որ դա արվում է ապահովության համար և անհանգստանալու կարիք չկա։ Սակայն բնակիչներն սկսել են ինչ-որ բան կասկածել։

14:08

Ուգլեդար քաղաքում հրթիռակոծվել է հումանիտար օգնության բաժանման կետը։ Այդ մասին հայտարարել է Դոնեցկի մարզի ղեկավար Պավել Կիրիլենկոն։

Նրա տվյալներով՝ զոհվել է երկու խաղաղ բնակիչ, ևս հինգը՝ վիրավորվել։

13:55

Հռոմի Ֆրանցիսկոս I պապը պարզել է Բուչայից բերված Ուկրաինայի դրոշը, ապրիլի 6

13:35

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել ֆրանսիական LCI հեռուստաընկերությանը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական իշխանությունները չեն ցանկանում սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Դա ճիշտ չէ։
  • Որպեսզի բանակցությունների համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ, մենք ցանկացանք բարի կամքի ժեստ անել։ Մենք կարող ենք բանակցությունների ժամանակ լուրջ որոշումներ ընդունել, այդ իսկ պատճառով նախագահ Պուտինը մեր զորքերին հրամայել է հեռանալ Կիևի մարզից։
  • Ռուսաստանը հետաքրքրված է նրանում, որ Զելենսկին համաձայնվի բանակցություններին առաջ քաշված պայմաններին, որոնց միջոցով մենք ցանկանում ենք վերջ դնել ռազմական գործողությանը։
  • Մենք ամբողջությամբ հերքում ենք ռուսաստանցի զինծառայողների մասնակցությունը Բուչայում տեղի ունեցածին։ Մենք պնդում ենք, որ ներկայացված լուսանկարները հանդիսանում են բեմադրված կեղծիքի հետևանք։ Ռուսական բանակը խաղաղ բնակիչներին հարվածներ չի հասցնում, չի հրթիռակոծում տներն ու բնակարանները։

13:09

⚡️Հունաստանը հայտարարել է ռուսական դեսպանության 12 աշխատակցի արտաքսման մասին։

13:01

The New York Times-ը և «Суспiльне Новини»-ն հրապարակել են Բուչայում հեծանվորդի սպանության կադրերը։ Արևմուտքն ու Ուկրաինան պնդում են, որ Բուչայում ռուսաստանցի զինվորականները զանգվածաբար խաղաղ բնակիչների են սպանել։ Ռուսական կողմը հերքում է այդ պնդումները։

12:32

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ առավոտյան տեղեկագիրը: Հիմնական մտքերը.

  • Ռուսական բանակը փորձում է ամրապնդվել Ուկրաինայի հարավ-արևմուտքում, հավանաբար, կիրառելով Մերձդնեստրի տարածքն ու իր օդակայանները։
  • Ռուսաստանը շարունակում է հավաքագրել օտարերկրյա վարձկանների։
  • Հրթիռակոծվում են Խարկովը, Մարիուպոլը, իսկ Դոնեցկի մարզի մի քանի բնակավայրերում շարունակվում են մարտերը։
  • Վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինան խոցել է թևավոր ութ հրթիռ։
  • Ուկրաինայում պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ռուսաստանի անձնակազմի շրջանում կորուստների թիվը հասել է մոտավորապես 18 600-ի, խոցվել է 684 տանկ, 1861 զրահատեխնիկա, 332 հրետանային միավոր, համազարկային կրակի 107 ռեակտիվ համակարգ, ՀՕՊ 55 միջոց, 150 ինքնաթիռ, 135 ուղղաթիռ, 1 324 տրանսպորտային միջոց, 7 նավ և նավակ, ՎՔՆ 76 ցիստեռն, 96 անօդաչու, 25 հատուկ տեխնիկա և օպերատիվ-մարտավարական 4 արձակման կայան։

12:26

Դնեպրոպետրովսկի մարզում նավթաբազա է ոչնչացվել։ Այդ մասին հայտնում է շրջանի վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

«Գիշերը տագնապալից և բարդ էր։ Թշնամին օդից հարձակվել էր մեր մարզի վրա և խոցել նավթաբազան ու գործարաններից մեկը։ Վառելիքային նյութերի նավթաբազան ոչնչացվել է»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նա։

Գործարանում հրդեհը շարունակվում է ողջ գիշերը, այն մարել են ավելի քան 8 ժամ։ Տուժածներ չկան։

12:23

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ.

  • Շրջափակված Մարիուպոլում շարունակվում են կատաղի մարտերն ու ռուսական ավիահարվածները։
  • Քաղաքում հումանիտար իրավիճակը վատանում է։ Քաղաքում մնացած ավելի քան 160 000 բնակիչները չունեն լույս, հաղորդակցություն, բժշկական պարագաներ, ջեռուցում և ջուր։
  • Ռուսական զորքերը խոչընդոտում են քաղաք հումանիտար օգնության փոխադրմանը, ամենայն հավանականությամբ, ուկրաինական կողմին հանձնվել ստիպելու համար։

12:19

Եվրամիությունն այսօր կքննարկի պատժամիջոցների ցուցակում Сбербанк-ի կառավարման նախագահ Գերման Գրեֆի, «Русал»-ի ղեկավար Օլեգ Դերիպասկայի, Ozon-ի ղեկավար Ալեքսանդր Շուլգինի, ինչպես նաև Բորիս Ռոտենբերգի և Սայիդա Կերիմովայի ներառման հարցը։ Այդ մասին գրում է Financial Times-ը։

12:15

ՌԴ ՊՆ-ի առավոտյան ճեպազրույցը: Հիմնական մտքերը.

  • Ապրիլի 6-ի առավոտյան բարձր ճշգրտության հրթիռներով Ռադեխով, Կազատին, Պրոսյանայա, Նիկոլաև և Նովոմոսկովսկ բնակավայրերի շրջաններում ոչնչացվել են հինգ առանց պահպանման վառելիքաքսուքային նյութեր։
  • Գիշերվա ընթացքում ռուսական ավիացիան և հրթիռային զորքերը խոցել են Ուկրաինայի 24 ռազմական օբյեկտ, այդ թվում «Оса-АКМ» զենիթահրթիռային համալիր և նյութատեխնիկական ապահովման հինգ պահեստ։
  • ՀՕՊ միջոցները Բերդյանսկի, Գորնյակայի, Ուվյանսկու և Չեռնբոբաևկայի մոտ խոցել են չորս անօդաչու։
  • «Հատուկ գործողության» մեկնարկից ի վեր խոցվել է Ուկրաինայի ԶՈւ 125 ինքնաթիռ, 93 ուղղաթիռ, 407 անօդաչու, զենիթահրթիռային 227 համալիր, 1981 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 215 ռեակտիվ համակարգ, 854 հրետանային և ականանետային միավոր, ինչպես նաև 1882 միավոր հատուկ ռազմական ավտոտեխնիկա։

12:11

Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը BBC-ին հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները քաղաքում սպանել են մոտ 320 խաղաղ բնակչի

Նրա խոսքով՝ ինքն անձամբ է ականատես եղել մի քանի սպանությունների դեպքերի։ «Քաղաքացիական երեք մեքենաներ փորձում էին տարհանվել Կիևի կողմից և նրանց ուղղությամբ դաժանորեն կրակ արձակվեց։ Այնտեղ հղի կին կար, որի ամուսինը գոռում էր և խնդրում նրան չկրակել, բայց նրան ուղղակի դաժանաբար սպանեցին»,- ասել է Բուչայի քաղաքապետը։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Բուչայի բռնազավթման ժամանակ «ոչ մի տեղացի չի տուժել ռուսաստանցի զինծառայողների բռնի գործողության հետևանքով»։

12:08

Կիևի մատույցներում գտնվող Հոստոմել քաղաքատիպ ավանի ղեկավար Տարաս Դումենկոն հայտարարել է, որ Հոստոմելում անհետ կորած է ավելի քան 400 մարդ։

12:05

Նիդերլանդների կառավարությունը ձերբակալել է 14 զբոսանավ, որոնք պատկանում են ռուսաստանցիներին։ Այդ մասին գրում է NOS պարբերականը։ Այդ զբոսանավերից 12-ը դեռևս կառուցվում են, իսկ երկուսն էլ Նիդերլանդներում են՝ տեխնիկական սպասարկման նպատակով։

12:03

Ուկրաինայի Գերագույն ռադայում օրենսդրական նախագիծ է շրջանառվում, որով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները կճանաչվի որպես «ցեղասպանություն»։

12:00

Ի՞նչ է կատարվել ապրիլի 6-ի գիշերը` հակիրճ.

  • Արևմտյան լրագրողներն այցելել են Կիևի Բորոդյանկա քաղաք, որը վերադարձել է ուկրաինական վերահսկողության տակ։ ԶԼՄ-ները հայտնում են քաղաքում մասշտաբային ավերածությունների և խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի մասին։
  • ՌԴ կենտրոնական զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը հայտարարել է Ուկրաինայում «հատուկ գործողության» առաջին փուլի մարտական խնդիրների հաջող իրականացման մասին։
  • Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների մասին, որոնք ներառում են նաև Ռուսաստանում ներդրումների արգելքը։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը մտել է «կրիտիկական փուլ»։ Հյուսիսատլանտյան դաշինքի տվյալներով՝ Ռուսաստանը պատրաստվում է գրավել Դոնբասը և ցամաքային միջանցք ստեղծել մինչև Ղրիմ։

Լուսանկարը՝ Rodrigo Abd/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter