HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2020-ի արցախյան պատերազմից հետո Ռուսաստանի հանդեպ համակրանքը նվազել է

Երեւանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի եւ «Սոցիես» փորձագիտական կենտրոնի մասնագետները 2021-ի մարտ-դեկտեմբեր ամիսներին սոցիոլոգիական հետազոտություն են կատարել «Հայաստանյան հասարակությունը խաչմերուկում. արտաքին քաղաքական կողմնորոշումներ, առաջնահերթություններ եւ ընկալումներ» թեմայով: Հետազոտության արդյունքները հեղինակները ներկայացրին երեկ՝ ապրիլի 5-ին: 

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանի խոսքով՝ հետազոտության մեջ կենտրոնացել են քաղաքական հարցերի եւ խնդիրների վրա, քանի որ   Հայաստանը գլոբալ աշխարհում իր ճիշտ տեղն ու դերը վերաիմաստավորելու, հնարավորությունները եւ պոտենցիալը  սահմանելու կարիք ունի: 

«Այդ առումով շատ կարեւոր է իմանալ, թե հայ հասարակությունն ինչպես է ընկալում այդ արտաքին աշխարհը, այդ աշխարհում գոյություն ունեցող դերակատարների ազդեցությունը եւ ինչ ակնկալիքներ ունի այդ դերակատարներից: Կենտրոնացել ենք խորքային վերլուծության վրա, փորձել ենք  ոչ թե թվերի հետեւից ընկնել, այլ բացահայտել այն կայուն գործոններն ու  ազդակները, որոնք մոտակա տարիներին, կարծում եմ, կգործեն»,-ասաց Արթուր Մկրտիչյանը: 

Հետազոտության նպատակն էր բացահայտել «թավշյա հեղափոխությունից» եւ 2020-ի արցախյան պատերազմից հետո հայաստանյան հասարակության ընկալումները արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ:

ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը, որը կատարել է հետազոտության վերջնական վերլուծությունը, հանդիպմանը ներկայացրեց արդյունքները: Արթուր Աթանեսյանի խոսքով՝ հետազոտության միջոցով փորձել են հասկանալ, թե հայ բնակչությունը ինչպես է տեսնում այսօրվա խաչմերուկային վիճակը, որքանով են դրանք  տարբերվում նախկին խնդիրներից եւ, մասնավորապես, 2020-ի արցախյան պատերազմն ինչ փոխեց: տ կարեւոր էր այն հարցի պատասխանը, թե ո՞վ է մեղավոր արցախյան վերջին պատերազմի մեր պարտության մեջ: Արդյունքները ավելի տխրեցնող էին, ես ավելի լավատես էի մեր ընկալումների մասին, բայց տեսա, որ մենք պատրաստ չենք պատասխանատվություն ստանձնելու  եւ մեղքը գցում ենք էլի ուրիշների վրա»,-ասաց նա: 

Հետազոտության համար որպես երկընտրանք ընտրվել են Արեւմուք եւ Ռուսաստան տիրույթները, իսկ Արթուր Աթանեսյանի խոսքով՝ այսօր այդ երկու ուղղությունները ոչ միայն այլընտրանքային են, այլեւ` միմյանց հակասող: Հեղինակները   գնահատել են Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունները՝ ըստ հարցված բնակիչների պատկերացումների: Հարցումներին պատասխանել են Երեւանի եւ 10 մարզերի քաղաքաբնակ եւ գյուղաբնակ բնակիչները:  

Տարիներ շարունակ սոցիոլոգիական համայնքը չափել է նաեւ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը: Այս հետազոտությամբ պարզվել է, որ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանի հանդեպ համակրանքը նվազել է:  

«Մենք չենք ասում` պատերազմի պատճառով հայերն այլևս այդքան չեն սիրում ռուսաստանյան ուղղությունը, կան բազում պատճառներ, եւ խոսքը միշտ չէ, որ ռացիոնալ պատճառաբանությունների մասին է: Կարող է դա լինել էմոցիոնալ դրսեւորում, որը ժամանակի ընթացքում փոխվելու է, եւ հետազոտությունն իրականացվել է գրեթե անմիջապես պատերազմից հետո, երբ հետեւանքները մենք դեռ զգում էինք էմոցիոնալ շատ սուր ձեւով»,-ասաց Աթանեսյանը: 

Նրա խոսքով` կարեւոր բաժանում կա նաեւ գյուղաբնակների եւ քաղաքաբնակների ընկալումների, մասնավորապես՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների, որոնց մեծ մասը գյուղաբնակ է: Տրամաբանորեն ենթադրվում է, որ գյուղաբնակները պրոռուսական կլինեն` իրենց  արտագնա աշխատանքով զբաղվողների ընտանիքների սեգմենտով պայմանավորված: 

«Հետազոտությունում տեսնում ենք, որ գյուղաբնակները ավելի շատ պրոռուսական են, քան քաղաքաբնակները, իսկ արեւմտյան դիրքորոշման առումով արեւմտյան են գրեթե հավասարապես»,-ասաց Աթանեսյանը: 

«Սոցիես» փորձագիտական կենտրոնի տնօրեն Հարություն Վերմիշյանն էլ ասաց, որ 2020 թվականից հետո հետազոտություն իրականացնելը մարտահրավեր է դարձել. համավարակը սահմանափակել  է դաշտային աշխատանքները, պատերազմը զգայուն թեմաների կոնտեքստն է ավելացրել: 

«Այս հետազոտությունն ամեն դեպքում ունի իր սոցիալական եւ հասարակական տրամադրվածություններն ու զգայունությունը:  Ունենք նաեւ մեր մշակած  գործիք հարցաթերթը, որը, կարծում եմ, բավական ստացված է այս տրամադրություններն ուսումնասիրելու համար, եւ եթե այս հետազոտությունը դառնա թրենդային, ըստ լուրերի՝ մենք կարող ենք տեսնել հասարական տրամադրվածությունների դինամիկա»,-նշեց Հարություն Վերմիշյանը:

Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելն ասաց, որ տարածաշրջանում իր գործունեության վեց տարիների ընթացքում ամենածախսատար ու երկար հետազոտությունն է իրականացվել: 

«Առաջին հանդիպումը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի հետ ունեցել եմ 2019-ին, եւ նա ինձ բերեց այս գաղափարին. այդ կարգի հետազոտություն Հայաստանում չէր եղել: Հայաստանյան գրասենյակի հետ քննարկման արդյունքում որոշեցինք 2020 թվականից սկսել այս ուսումնասիրությունը, սակայն համավարակի եւ պատերազմի հետեւանքով այն հետաձգվեց մինչեւ 2021 թվականը»,-ասաց Թոմաս Շրապելը: 

Անի Թամրազյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter